Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թե ինչպես ես անզգուշաբար կործանեցի ԽՍՀՄ-ը

Թե ինչպես ես անզգուշաբար կործանեցի ԽՍՀՄ-ը
07.06.2019 | 00:55

(Նախորդ մասը)

Վերադառնանք մեր ընթերցողի հարցին՝ ինչո՞վ էին զբաղված «военпред»-ները, մի՞թե նրանք էլ էին ձեռքերը «տաքացրել» ռազմական նշանակության արտադրանքի որակի ու հուսալիության հաշվին: Մի քանի պատմություն «Սիրիուսից»: Երիտասարդ մասնագետ Լ.Մ.-ն աշխատանքի էր անցել «Սիրիուսի» փորձարկման բաժնում, զբաղվում էր արտադրվող ռադիոդետալների գործարանային փորձարկումներով: Աշխատանքի բնույթը այսպիսին էր. «Заказчик»-ի հետ , պատահականության սկզբունքով, վերցնում էին որոշակի քանակի ռադիոդետալներ, որոնք պետք է անցնեին բարձրջերմաստիճանային փորձարկումները՝ ուժեղացված էլեկտրական ռեժիմների պայմաններում: Վերցված խմբաքանակը տեղավորվում էր ջերմային կամերա-թերմոստատի մեջ ու դրվում էր էլեկտրական բեռնվածության տակ: 204 ժամ աշխատելուց հետո անցնում էին ռադիոդետալների պարամետրերի չափումներին, որը իրականացնում էին գործարանի ինժեներները՝ «Заказчик»-ի ներկայացուցիչների հետ: Հաշվարկային ժամանակահատվածում (շաբաթ, ամիս) արտադրանքը համարվում էր ընդունված, եթե բոլոր նմուշները հաջողությամբ անցել էին փորձարկումները: «5»-րդ ընդունման կամ «Թկ» կատեգորիայի սարքերի համար թույլատրվում էր ունենալ ընդամենը մեկ նմուշի խափանում, ընդունելի թիվը C=1, «ОС» կամ «9»-րդ ընդունման դեպքում պայմանները ավելի խիստ էին, բոլոր սարքերը պետք է գտնվեին նորմաների սահմաններում կամ ընդունելի C թիվը պետք է հավասար լիներ զրոյի: Այդ պայմանները բավարարվելու դեպքում գործարանի արդադրանքը համարվում էր որակյալ, հուսալի ու ռազմական էլեկտրոնիկայի համար պիտանի, որը նաև պայման էր արտադրատեսակները «Заказчик»-ին ուղարկելու համար։ Այս մոտեցումը տարածվում էր խորհրդային բոլոր ռազմական գործարանների վրա։ Դրանք կարևոր ու ծանր փորձություններ էին գործարանների տնօրենների ու տեխնիկական անձնակազմի համար, որովհետև փորձարկումների ձախողման դեպքում, պարտադիր կարգով, կասեցվում էր պատրաստի արտադրանքի մատակարարումը, դադարեցվում էին արտադրական պրոցեսները, որոնք կարող էին վերսկսվել միայն արտադրատեխնիկական հատուկ միջոցառումների պլաններ մշակելուց ու դրանք իրականացնելուց հետո։


Արտադրամասերի աշխատանքների դադարեցումը նշանակում էր վտանգի տակ դնել պետական պլանների կատարումը, ինչը մահացու վտանգ էր ռազմական արդյունաբերության գործարանների տնօրենների ու տեխնիկական ղեկավարության համար:
«Սիրիուսի» պատմության մեջ ես չեմ հիշում մի դեպք, որ «Заказчик»-ի փորձարկումներն անցնեին հարթ ու առանց պրոբլեմների, այդ օրախնդրական «c» թվերը միշտ չափից ավելի բարձր էին ստացվում, կարող էին հասնել 5-ի, 10-ի, երբեմն էլ ամբողջական բնույթ էին կրում, երբ ողջ խմբաքանակն էր խոտանվում: Դա աղետալի երևույթ էր դարձել ոչ միայն ռազմական գործարանների, այլ նաև Բրեժնևից մինչև Գորբաչով ընկած խորհրդային ղեկավարության համար:
Ռադիոբաղադրիչների ցածր որակի ու ոչհուսալիության պատճառով (դրանց գումարվում էին նաև ռազմական էլեկտրոնիկայի արտադրություններում թույլ տրված սխալները) խորհրդային ռազմական մեքենան առաջ չէր շարժվում, դոփում էր տեղում, ուղղակի աշխատունակ չէր: Պատճառը մեկն էր. ռազմական արտադրության գործարաններում ահավոր չափերի էին հասել գողությունը, ֆինանսական ու հումքային յուրացումները: Առանձնակի վտանգ էին ներկայացնում որակի ու հուսալիության համար նախատեսված միջոցների համատարած յուրացումները: Որակի խնդիրը մշտապես գտնվել էր ԽՄԿԿ քաղբյուրոյի ուշադրության կենտրոնում: Բրեժնևի ժամանակ կոնկրետ ծրագրեր էին մշակվում, որոնք ուղղված էին խորհրդային ռազմական արտադրանքի որակի ու հուսալիության բարձրացմանը՝ մինչև միջազգային ստանդարտների մակարդակին հասցնելը: Կարևոր էր համարվում միջազգային փորձի կիրառումը: Գիտակազմակերպչական աշխատանքների հիմքում դրված էր Ճապոնիայում լայն տարածում ստացած «որակի օր» և «որակի ամիս» միջոցառումների շարքի իրականացումը: Ճապոնիայի տնտեսական ու տեխնոլոգիական թռիչքային հաջողությունները կապված էին բարձր որակի հասնելու նրանց ռազմավարության հետ: 2-րդ համաշխարհային պատերազմում պարտվելուց հետո ճապոնացիները փրկության ելքեր էին փնտրում և այդ փնտրտունքը բերել էր մի կարևոր եզրահանգման՝ Ճապոնիան կարող է ոտքի կանգնել միայն որակյալ արտադրանք տալով ու որակյալ արտադրանքը միջազգային շուկաներում վաճառելու ճանապարհով: Արվեց օրենսդրական խստագույն քայլ. անորակ արտադրանք արտահանելը համարվում է ազգային դավաճանություն՝ ճապոնիայի գլոբալ շահերի նկատմամբ, մեղավորներին սպասում էր դավաճանության համար նախատեսված հոդվածը:
Փաշինյանին խորհուրդ կտայի օրինակ վերցնել ճապոնացիներից ու լրջորեն վերաբերվել կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարին ու նմանատիպ մի քայլ իրականացնել՝ կոռուպցիան համարելով ազգային դավաճանություն՝ կաշառակերների առաջ դնելով պետական դավաճանության համար նախատեսված հոդվածները:
Տնտեսությունը զարգացնելու, արտասահմանյան ներդրումներ բերելու համար չինացիները լրացուցիչ խստություններ մտցրին, օրինակ, արտասահմանյան ֆիրմաների հետ կնքված պայմանագրերի բոլոր էջերի տակ մեջբերված է գնդակահարության հոդվածը, որ նախատեսված է արտասահմանցի ներդնողին խաբելու համար:
«Որակի օրը» և «որակի ամիսը» Ճապոնիայում հայտնվեցին ամերիկացի ինժեներ Էդվարդ Դյոմինգի միջոցով, որը մշակել էր արտադրանքի որակի ապահովման սեփական հայեցակարգը՝ հիմնված արտադրական անձնակազմի իրազեկվածության, նախաձեռնողականության ու ճշտապահության վրա: Դյոմինգի գաղափարները Ամերիկայում չընդունվեցին, որովհետև այնտեղի արտադրություններում վստահության պակաս կար, բանվորների աշխատանքի որակը ստուգվում էր վերահսկողության միջոցով՝ բարձրակարգ մասնագետների ներգրավմամբ: Ճապոնիայում Դյոմինգի մոտեցումն աշխատեց ու լավագույն արդյունքները ցույց տվեց, որովհետև որակի խնդիրը դրված էր ճապոնիայի արդյունաբերական քաղաքականության հիմքում (ցավոք, Հայաստանում չունենք նման մի քաղաքականություն և, ընդհանրապես, 30 տարի շարունակ մենք չենք ունեցել որևիցե պարզորոշ տնտեսական կամ տեխնիկական քաղաքականություն):
Ճապոնական արտադրանքը, որը մինչև 2-րդ համաշխարհային պատերազմը համարվում էր աշխարհի ամենաանորակը, այսօր դարձել է որակի խորհրդանիշ և այդ «բրենդը» շարունակում է զարգանալ բարձր տեմպերով:
Դյոմինգը լայն ճանաչում ստացավ Ճապոնիայում, ամեն տարի ճապոնացի մասնագետներին շնորհվում է Դյոմինգի անվան բարձրագույն մրցանակը՝ որակի բնագավառում ցուցաբերած ակնառու հաջողությունների համար, որը համարժեք է Նոբելյան մրցանակին:
Ո՞րն էր Դյոմինգի տեսության անկյունաքարը: Այն շատ պարզ էր, պետք էր յուրաքանչյուր բանվորին կամ ինժեներին հասցնել, որ կոնկրետ իր աշխատանքով, իր աշխատանքի որակով են պայմանավորված ճապոնական արտադրանքի ու Ճապոնիայի հաջողությունները: Որակն ապահովելու համար պետք էր սովորել անձամբ ու սովորեցնել մյուսներին, դրանք արվում էին «որակի օրերին», հետագայում Չինաստանում տարածվեց «որակի ամիսների» միջոցառումների շարքը, որն ավելի լայն տարածում ստացավ Չինաստանում:
Խորհրդային Միությունում, ինչպես միշտ, ճապոնական փորձը ընդունեցին կոմունիստական պերճաշուքությամբ, որոշվեց «որակի օրը» և «որակի ամիսը» փոխարինել որակի հնգամյակով: Կուսակցության 25-րդ համագումարն ընդունեց 1976-1980 թվականների 10-րդ հնգամյա պլանը, որի էությունը արտահայտված էր կուսակցության մշակած համապարփակ բանաձևի մեջ. «որակի հնգամյակ՝ ի փառս տնտեսության ու ժողովրդական բարեկեցության հետագա զարգացման: Այդ գաղափարներն ավելի հասկանալի պահելու համար մեջբերենք կուսակցության հույսերը, հույզերն ու կոչերը՝ այդ հերթական կարևոր հնգամյակի վերաբերյալ: «В этих условиях новая техника, научно-технический прогресс приобретают особо важное значение. Вот почему решение всех рассмотренных вопросов должно способствовать еще более высоким темпам развития научных исследований и технического прогресса в нашей стране.

В основных направлениях развития народного хозяйства СССР на 1976-1980 годы сформулирована главная задача десятой пятилетки, состоящая в последовательном осуществлении курса Коммунистической партии на подъем материального и культурного уровня жизни народа на основе динамичного и пропорционального развития общественного производства и повышения его эффективности, ускорения научно-технического прогресса, роста производительности труда, всемерного улучшения качества работы во всех звеньях народного хозяйства. Важная роль в решении этой задачи принадлежит советской экономической науке».


Տեսնենք, թե կուսակցության կարևոր կոչերն ինչպես էին ընդունվում «տեղերում», մասնավորապես, Աբովյանի «Սիրիուս» գործարանում: Որակի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Ս. Շիկանյանը խորհուրդ էր տալիս, որ բոլոր նոր թեմաները անցկացվեն «5»-րդ բաժնով, որը վերաբերում էր նախարարությունում որակի ուղղությամբ տարվող ծրագրերին: Այստեղ լավ պարգևատրումներ էին լինում: Իհարկե, կուսակցության կոչերը կուսակցականների համար մնում էին, բայց փողերի հարցն ավելի կարևոր էր, առաջնային ու թանկ էր՝ արտադրանքի որակից առավել: Թե ինչ հնարքներով էր «սաղացվում» ու ռազմական գործարաններ ուղարկվում «Սիրիուսի» անորակ արտադրանքը, մենք կարող ենք իմանալ ինժեներ Լ. Մ.-ի պատմություններից:
-Որակն այնքան ցածր էր, որ մշտապես ստիպված էինք խաբել, թերմոստատի մեջ դիոդները դնելուց հետո «военпред»-ները դռնակը փակում էին ու պլաստիլինի պլոմբով կնքում, որ առանց իրենց չկարողանանք բացել: Կնիքը հանելու ձև էինք գտել, բամբակը թաթախում էինք հեղուկ ազոտի մեջ (T=77oK կամ -196oC) ու թրջոցը դնում էինք պլաստիլինի վրա, կնիքը տեղից դուրս էր թռչում, չափումները կատարում էինք՝ փչացած դիոդները փոխարինելով նորերով, հետո պլաստիլինը դնում էինք տեղը:
-Ի՞սկ «военпред»-ի ներկայացուցիչներն ինչպե՞ս էին հանդուրժում ձեր արածը, չէ՞, որ դրանով դուք անորակ արտադրանք էիք բաց թողնում՝ ստրատեգիական նշանակության օբեկտների համար:
Դրանց հարցն ավելի հեշտ էր լուծվում, նույնիսկ հաճելի էր, մի անգամ «военпред»-ի ներկայացուցիչը մոտեցավ, որ տեսնի, թե ինչ չափումներ եմ կատարում։ Վորոնեժից եկած մի ջահել տեխնիկ աղջիկ էր։ Շրջվեցի, երեսին նայեցի, հետո կամաց իջեցրի տրուսիկը, ձայն չհանեց....
Գիշերային հերթափոխերի համար տղաները կռիվ էին տալիս, հատուկ հերթ էինք սահմանել: Պատահում էր, որ փոխարինումներից հետո էլ էին խափանումներ լինում, դա արդեն «ճկ» էր, որը լուծվում էր Շիկանյանի ու փոխգնդապետ Տիտովի համաձայնությամբ: Լինում էր, որ գործը հասնում էր «Заказчик»-ի ներկայացուցչին՝ գնդապետ Ժուրավլյովին, այստեղ խնդիրները բարդանում էին ու կարող էին լուծվել միայն գլխավոր տնօրեն Էդիկ Պետրոսյանի միջոցով՝ Ժուրավլյովին փող էր տալիս: Տիտովի գործը հեշտ էր, երդվյալ հարբեցող էր, մի լիտր սպիրտով բավարարվում էր, կինն էլ՝ Նինան, Շիկանյանի մոտ էր ձևակերպված, բարձր աշխատավարձ ու պրեմիա էր ստանում:
1987 թվականին գնդապետ Ժուրավլյովին փոխարինեց առաջին կարգի կապիտան Վլադիմիր Տատարենկոն, որին ճանաչում էի Ռիգայի «Ալֆայից» ու հուսալիության տարեկան սիմպոզիումներից, Մարիա Շուլցի տանն էինք ծանոթացել: Մարիան զանգահարեց, որ օգնեմ՝ Տատարենկոյի ընտանիքի բնակարանի հարցը լուծեմ: Գեղեցիկ կին ու երկու գեղեցկուհի աղջիկ ուներ, տեղավորել էին Աբովյանի բանվորական հանրակացարանում, ընդհանուր զուգարան, խոհանոց և այլ անհարմարություններ: Խնդրանքով դիմեցի Էդիկ Պետրոսյանին, որ առանձին բնակարան տրամադրի, դա օրենքով էր նախատեսված, բայց ձգձգում էր:
-Օրենքով հասնելը հասնում է, բայց շատ չորն է, թող մի քիչ մնա հանրակացարանում, կակղի, հետո կտանք, հլա չեկած չորս ցեխ է փակել տվել, «շուխուրը» Մոսկվա է հասել, իրեն ասա, որ մի քիչ «բոշ» տա:
Իհարկե, Վոլոդյային ոչինչ չասացի, նա սկզբունքային զինվորական էր, նրա անշահախնդիր օգնությամբ Ռիգայում ներդրեցինք մեր ինֆրակարմիր միկրոռադիոմետրը («Պարագրաֆ» տիպի հիբրիդ միկրոսխեմաների ջերմային չափումների ու հուսալիությունը բարձրացնելու համար), նրա շնորհիվ էր, որ «Ալֆայի» արտադրանքի որակն ու հուսալիությունը հասել էին ամենաբարձր ցուցանիշների: Մի քանի ամիս աշխատելուց հետո Տատարենկոյին տեղափոխեցին Լենինգրադ, իմացա, որ նրա տեղափոխումը Պետրոսյանն էր կազմակերպել, հետը լեզու չէր գտել: Տատարենկոյի նման սկզբունքային զինվորականների հետ գործեր եմ ունեցել Մոսկվայում, Տոմիլինոյում, Ալեքսանդրովում, Նովոսիբիրսկում ու Վորոնեժում, նրանց հետ աշխատելը հետաքրքիր ու հաճելի էր, հաճույքով էին ընդունում տեխնիկական նորարարություններն ու նպաստում դրանց ներդրմանը: 1986 թվականին, Մոսկվայի ռազմական տեխնիկայի ցուցահանդեսում մի սարք ցուցադրեցինք, որը, առանց գործարանային երկարատև փորձարկումների, կարողանում էր որոշել կիսահաղորդչային սարքերի հուսալիությունը, ուներ՝ «Классификатор диодов по надежности» պայմանական անունը, սարքը չափում էր p-n անցումների, այսպես կոչված, «m» ֆակտորը, որը բացահայտում էր կիսահաղորդչային բյուրեղը ջերմահեռացուցիչ կորպուսի հետ շփման որակը, որն, իր հերթին, ազդում էր բյուրեղի ջերմաստիճանի ու, համաձայն Արենիուսի բանաձևի, սարքերի հուսալիության վրա:
-Ձեր սարքը ցուցահանդեսում մրցանակ է շահել, 20 հազար ռուբլի պրեմիա են տվել (20 հազար ռուբլին երեք «Ժիգուլու» գին էր), տար բաժանիր քո ժողովրդին, կեսն էլ հետ կբերես, ինձ կտաս,- սրանք «Սիրիուսի» գլխավոր ինժեներ Յուրի Մանվելյանի խոսքերն են:
-Իմ աշխատակիցների հետ այլ հարաբերություններ ունեմ, «ատկատներով» չենք աշխատում, Ձեր պրեմիան թող մնա Ձեզ, բայց թույլ տվեք այդ մեթոդիկան ներդնենք դիոդների ցեխում, Լարիսայի մոտ:
-Համաձայն եմ:
Մինչև ցեխի վարիչ, չարաբաստիկ Լարիսային հասնելը, մեր լաբորատորիայում, «военпред»-ների հետ, համատեղ հետազոտական աշխատանքներ իրականացրինք՝ փոխգնդապետ Տիտովի մասնակցությամբ: Որպես օբյեկտ վերցրինք գործարանային փորձարկումներն անցած «Կհ» կամ «9»-րդ ընդունման 2Ժ-906 դիոդների խմբաքանակը, որոնք նախատեսված էին ատոմակայաններում, հրթիռաշինության մեջ, տիեզերական սարքերի, սուզանավերի ու այլ կարևորագույն ռազմականտեխնիկական օբեկտներում օգտագործելու համար: Չափումների արդյունքները անհավանական մտահոգությունների տեղիք տվեցին: Աբովյանում արտադրված «Կհ» դիոդների ընդամենը 5 տոկոսն էր համապատասխանում նման օբեկտներում աշխատելու պայմաններին՝ որակի ու ցածր հուսալիության պատճառով:
-Ի՞նչ է, դու ցանկանում ես մեզ ռազմական տրիբունալի առա՞ջ կանգնեցնել,- առաջինը արձագանքեց ռազմական արտադրանքի որակի ու հուսալիության հարցերով անմիջական պատասխանատուներից մեկը՝ փոխգնդապետ Տիտովը։- Չե՞ն ասի, թե 10-15 տարի ինչով եք զբաղված եղել, որ այդքան խոտան եք տվել, իսկ եթե պահանջեն, որ բոլոր դիոդները վերադարձվեն գործարա՞ն:
Փորձարկումների արդյունքները կայծակի արագությամբ տարածվեցին գործարանով մեկ, հասան գնդապետ Ժուրավլյովին, «военпред»-ների ռեգիոնալ ինժեներ, գնդապետ Ինոզեմցևին և Էդիկ Պետրոսյանին:
-Վահան ջան, մենք քեզ սիրում ու գնահատում ենք, գիտնական ես, լավ գյուտեր ես անում, բայց խնդրում եմ չափը չանցնես, ի՞նչ ես տարածել, թե մեր դիոդները, այն էլ «Կհ»-ները, բանի պետք չեն, այդ քո կլասիֆիկատորը հանիր ու հեռու տար մեր գործարանից, չեմ հասկանում, դու մե՞ր կողմից ես, թե՞ մեզ թշնամին ես:
-Ես քեզ չասացի՞, որ էս «գիտնականներից» պետք ա հեռու մնալ,- իր խորին համոզմունքն արտահայտեց ցեխի վարիչ Լարիսան:
Իհարկե, ես մշտապես եղել ու մնացել եմ խորհրդային ռազմական տեխնիկայի պատրիոտը, աշխատել եմ անել ամեն ինչ, որ մեր տեխնիկան աշխարհում լինի լավագույնը, բայց դրան խանգարում էին բոլորը՝ գլխավոր տնօրեններից սկսած, «военпред»-ներով վերջացրած: Բրեժնևյան տարիներին գիտնականներն արդեն հարգված մարդիկ չէին համարվում, ինչպես դա կար Ստալինի ժամանակ։ «Գիտնական» բառը դարձել էր վիրավորական հոմանիշ, ինչպես հիմա, Նիկոլի ժամանակ է ընդունվում, որովհետև գիտնականներին հեռու են պահում կարևոր գործերից, որ իրենց տգետ որոշումների համար խոչընդոտ չդառնան: Հիմա էլ է օրենք դարձել, որ գիտնականների գործերը պատշաճ ընդունելության չեն արժանանում, չեն արժևորվում՝ առանց հասկանալու, որ առանց գիտության ու գիտական ներուժի ոչ մի տնտեսական աճ չի ստացվի: Եթե մի կողմ թողնենք հելիոֆիկացիայի երկրաստեղծ իմ ծրագիրը, ապա կտեսնենք, որ Հայաստանում բազմաթիվ այլ ծրագրեր, գուցե ավելի արժեքավոր ծրագրեր ու ուղղություններ կան, որոնք կարող են օգնել տնտեսական ճգնաժամը հաղթահարելու գործերում: Վերցնենք ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ու պեռլիտի հումքային բազայի վրա արդյունաբերության կարևոր ճյուղերի զարգացման ուղղությունը: Այստեղ կարելի է մեծ հաջողությունների հասնել, եթե կազմակերպվեն ջերմամեկուսիչ ու ձայնամեկուսիչ իրերի արտադրությունները: Խնդիրը բազմիցս քննարկվել է հայկական մամուլում ու իշխանական օղակներում, բայց իշխանությունները այս խնդրին ևս ուշադրություն չեն դարձնում, որովհետև խնդրի կարևորությունը չեն հասկանում: Քննարկումներից մեկի ժամանակ պեռլիտի պրոֆեսիոնալ մասնագետներից մեկը բացահայտել էր ճշմարտության իրական գաղտնիքներն ու Տիգրան Ավինյանի դիրքորոշումը բացատրել էր հետևյալ կերպ.
-Ինչ ասում եմ, գլուխը չի մտնում:
Դրանից հետո ԱԺ-ի տնտեսական հանձնաժողովից էլ նման տեսակետ հայտնվեց, որ սրանից հետո քար-պեռլիտի հարցերով իրենց չդիմեն: Այս հրապարակումը կփորձեմ ավարտել իտալացի ինժեների խոսքերով, որն Արագածի պեռլիտի հանքի առաջ ծնկաչոք կանչել էր.
-Տե՛ր Աստված, ինչու՞ ես այս հարստությունը միայն մեկ ազգի տվել:
(շարունակելի)


Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 4674

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ