Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մեր դժվար հուլիսը

Մեր դժվար հուլիսը
16.07.2019 | 01:24

Ամառ է ու ամռան նման չէ. շոգը շոգ է, բայց ամեն օր անձրև, քամի, ու կարկուտի լուրերը ցրում են ամառային անհոգությունը: Մրգի ու բանջարեղենի գինն ու որակը որակազրկում են ամառ-2019-ը: Որակազրկումն ընդհանրապես խնդիր է մնում: Ցանկացած հեղափոխություն ուղեկցվում է կառավարման ճգնաժամով, Հայաստանում ճգնաժամը դառնում է կառավարման ձև: Չգիտակցված ու անտեսվող ճգնաժամը: Արժեքների չստեղծման ճգնաժամը: Հասարակությունը պետք է ունենա իդեալներ ու նպատակներ: Ազգը պետք է ունենա խնդիրներ: Արդեն 100 ու ավելի տարի համահայկական ներուժը ծառայում է ցեղասպանության ճանաչմանը, 1988-ից՝ համահայկական ներուժի մի մասը՝ Ղարաբաղի հարցի լուծմանը, որ վերածվել է «կլինի՞, թե՞ չի լինի պատերազմ» բանաձևի: Կա՞ն այլ խնդիրներ: Հազիվ թե:


Հնարավո՞ր է մահը ճանաչելու ու պատերազմը կանխելու վրա ազգային իդեալ ձևավորել: Փաստացի՝ ոչ: Մարդուն ուրախություն ու հպարտություն է պետք, ինքնահաստատում ու իր գոյության արժևորում: Չես կարող ինքդ քեզ սիրել ու հարգել՝ սպանված ու կողոպտված նախնիներիդ ու նրանցից խլված հայրենիքիդ կերպարով: Անվերջ հիշողության ու ինքնաքրքրման գործընթացում 104 տարում չգերակշռեց իրավիճակ փոխելու ու տեր լինելու անհրաժեշտության գիտակցությունը: Մենք կուլ գնացինք սուգին, ոչ թե սուգը հաղթահարելու ջանքին: Մենք սկսեցինք մեզ վերաբերվել իբրև անցյալի մարդու, որ Տիգրան Մեծ է ունեցել ու Նարեկացի, բայց դադարեցինք հավատալ, որ նորից կարող ենք Տիգրան Մեծ լինել ու Նարեկացի դառնալ: Մշակույթը մեզ համար մագաղաթ է, գերեզման, շենք, գիրք, բայց ոչ կարդալու, գրելու, կառուցելու, երգելու վիճակ:


Պետությունը պետք է մթնոլորտ փոխելու գործընթացում առաջին ջութակը լինի, բայց պետությունը խնդիր չի դնում նոր արժեքներ ստեղծելը, առավելագույնը, որին ունակ է, պահպանելն է: Ի՞նչը: Մենք դարձել ենք վերականգնող, վերապրող, վերադարձնող, բայց՝ ոչ ստեղծող ու ստեղծածով ապրող: Մենք կյանքի տոնը մոռացել ենք, հրաշքը ուրացել, ապրում ենք՝ ոնց ստացվի: Կյանքի որակն ու մակարդակը փոխելու կոնկրետ պատկերացումներ չունենք:


Իսկ կյանքը մնում է կոնկրետ: Հուլիսի 10-ին հանրապետության մի քանի ժամով հոսանքազրկումը՝ վկա: Պատճառները կասեն մասնագետները: Վարկածները շատ չեն: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պարզաբանում էր, որ էլեկտրաէներգետիկական համակարգում տեղի են ունեցել հաճախականության տատանումներ, ինչի պատճառով աշխատել են արտադրող կայանների պաշտպանական համակարգերը։ Սկզբում անջատվել է Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, այնուհետև Երևանի ՋԷԿ-ը և ավելի փոքր արտադրողներ։


Հունիսի 1-ից չի գործում «Մեծամորի» ԱԷԿ-ը: Ժամանակը չէ՞ ընդունելու, որ էներգետիկայի նախարարության լուծարումը սխալ էր: Որ իրականում Հայաստանը պետք է ունենար ատոմային էներգիայի զարգացման նախարարություն: Որ օր առաջ պետք է մտածել նոր ԱԷԿ-ի կառուցման մասին՝ էներգետիկ անկախության ու հուսալիության համար: Օր առաջ պետք է պարզել՝ ինչ հզորության կայան է պետք Հայաստանին, ի՞նչ միջոցներ են անհրաժեշտ, ո՞ր երկրները կարող են ֆինանսական ներդրումներ անել:


Կառավարության ծրագրում նշված է, որ ԱԷԿ-ը անհրաժեշտ է մեր էներգահամակարգին, ընդամենը: Միջուկային էներգետիկայի զարգացումը և ատոմակայանի նոր բլոկի կառուցումը պետք է հայտարարվի ազգային գերնպատակ։ Մենք ընկալեցի՞նք, որ խնդիրը միայն մասնագիտական չէ, այլ՝ քաղաքական: Եվ ազգային անվտանգության տեսակետից սխալ է, որ էներգետիկ համակարգը փաստացի գտնվում է մեկ սեփականատիրոջ ձեռքում և չկա մրցակցություն: Մի քանի ժամում ստեղծված քաոսը ցույց տվեց հարցի կենսականությունը, ցույց է տալիս Հայաստանի խոցելիությունը՝ արտաքին միջամտության առաջ: Հուլիսի 10-ին վթարը մի քանի ժամում վերացվեց, կա՞ երաշխիք, որ այլևս չի կրկնվի: Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը աշխատում են գազով, գուցե պատճառը գազամատակարարմա՞ն խափանումներն են:


Հուլիսի 10-ին հաջողվեց խուսափել blackout-ից՝ վերջին 22 տարվա մեջ ամենամեծ վթարի պարագայում:
Հիմա, երբ Հայաստանը չունի էներգետիկայի նախարարություն և գործում է տարածքային կառավարման նախարարության շրջանակներում, կա՞ն պայմաններ, որ իսկապես կատարվածի ամբողջական ուսումնասիրություն կատարվի: ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը կառավարության նիստում հայտարարեց, որ հետաքննություն է սկսվել:

Ճիշտ արեց՝ ազգային անվտանգության խնդիր կա: Իսկ ԱԱԾ-ն ի՞նչ ուսումնասիրությունների վրա է եզրակացություն տալու: Մասնագետները վթարի պատճառներից են համարում համակարգից ԱԷԿ-ի անջատված լինելը, երբ հիմնական բեռն ընկնում է ՋԷԿ-երի վրա։ Այդպիսին է էներգետիկ համակարգի ֆունկցիոնալ մոդելը։ Ամառը էլէներգիայի սպառման պիկն է, և ՋԷԿ-երը, որ ավանդաբար գեներացման մոտ 40 %-ն են ապահովում, ի վիճակի չեղան կրել բեռը։ Հիդրոէներգահամակարգը մասամբ նվազեցրեց ռիսկերը: Փաստ է, որ ենթակառուցվածքների 40 %-ը 40 տարի չի վերազինվել։ Եվ մենք այս պայմաններում նաև էլէներգիա ենք արտահանում:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը, որ ոլորտի պատասխանատուն է, ի զորու՞ է լուծելու այս խնդիրները, եթե կառավարությունը առաջնորդվում է իրավիճակը կառավարելու, ոչ թե ծրագրելու մտայնությամբ: Հրաշալի է, որ Երևանում նոր 250 ՄՎտ հզորությամբ էլեկտրակայան է կառուցվում՝ Հրազդանի ՋԷԿ-ին փոխարինելու համար, որին 1-2 տարվա ռեսուրս է մնացել: Բայց դա հարցի ընթացիկ լուծում է, մնայունի մասին ո՞վ պիտի մտածի: Գուցե հենց նույն իտալացիները դառնան նոր ԱԷԿ-ի դոնոր: Երբ դուրս գանք քաղաքական blackout-ից ու սկսենք մտածել վաղվա մասին:
Հուլիսի 12-ից Ռուսաստանը սկսեց C-400-ների մատակարարումը Թուրքիային: Մենք կեսբերան բողոքում էինք, որ ՌԴ-ն զինում է Ադրբեջանին և բացարձակապես անտարբեր եղանք հրապարակային մակարդակով, երբ Թուրքիային վաճառեց C-400-ներ, այն էլ՝ տեխնոլոգիաներով: Milliyet-ն անդրադարձել էր հարցին, թե ինչպե՞ս և ումի՞ց են պաշտպանելու C-400-ները: Թուրքիայի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ, պաշտոնաթող գեներալ-գնդապետ Իսմայիլ Հաքի Պեկինը բացատրել էր. «Հնարավոր են օդային հարձակումներ Հունաստանի կողմից, իսրայելական կործանիչների ու բալիստիկ հրթիռների գրոհներ: Կա նաև Իրանը: Թեպետ մեզ հիմա թշնամի չէ, դուք չգիտեք՝ ինչ կլինի վաղը, ի վերջո նրանք 2000-2500 կիլոմետր հեռահարությամբ բալիստիկ հրթիռներ ունեն: Չի կարելի բացառել Հայաստանը»:


Պարզվում է՝ Թուրքիան պատրաստվում է C-400-ները գործի մեջ դնել նաև մեր դեմ, դա դեռ չարիքի փոքրագույնն է, C-400-ների ռադարներով Անկարան ուզում է հսկել տարածաշրջանում զորաշարժը: Հաշվի առնելով թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունը, խորին շնորհակալություն Մոսկվային Թուրքիային Հայաստանի դեմ ոչ միայն զինելու, այլև հետախուզական տվյալների հավաքման հնարավորություն տալու համար: Դա ռազմավարական գործընկերոջ ազնիվ պահվածք է ու, կարևորը, վկայում է նրա հուսալիությունն ու հավատարմությունը:


Վաճառքի բանակցություններում քննարկվե՞լ է հարցը, թե որտեղ են տեղակայվելու C-400-ները: Մոսկվան համաձայնե՞լ է, որ հրթիռներն օգտագործվելու են ոչ թե ռազմավարական, այլ մարտավարական օպերատիվ նպատակներով՝ ռազմական հետախուզության համար և զգայուն ռադարներով հետևելու են տարածաշրջանին: ՆԱՏՕ-ն հայտարարել է. «Դաշինքը խորապես մտահոգված է այս իրավիճակով: Գլխավոր քարտուղարն ավելի վաղ բազմիցս հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ինքնուրույն որոշում կայացնելու օգտագործվելիք զինատեսակների մասին, սակայն ռուսական համակարգերն անհամատեղելի կլինեն ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգերի հետ, և սա խնդիր է»:


Համակարգերը առայժմ տեղակայվում են Անկարայի մերձակա «Մյուրթեդ» ռազմաբազայում, այսինքն՝ ոչ թե Սիրիայի կամ Իրաքի հետ սահմանին, այլ Հայաստանի: Իսկ ՀՀ ՊՆ-ն ու ԱԳՆ-ն լռում են: Հասկանալի պատճառներով՝ հո չեն կարող իրենց անվտանգության շահերից ելնելով վերաբերմունք արտահայտել Թուրքիայի դեմ, որ դառնում է ՌԴ-ի դեմ: Տարօրինակ չէ՞, որ վերջին շրջանում Հայաստանի ու ՆԱՏՕ-ի շահերն ավելի շատ համընկնումներ ունեն, քան Հայաստանի ու ՀԱՊԿ-ի: Ո՞վ կարող է ասել՝ Ռուսաստան-Թուրքիա ռազմական համագործակցության մեջ C-400-ները մեկանգամյա գործա՞րք էին, թե՞ սկիզբ, որին հաջորդելու է այլ սպառազինության վաճառքը: Bloomberg-ը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների մասին կհայտարարի այս շաբաթ: Ինչ էլ հայտարարվի, արդեն իրավիճակ չի փոխում Թուրքիայի համար, իսկ Հայաստանի՞:
Ադրբեջանի խորհրդարանն ուրբաթ օրը օրինագիծ է ընդունել 2019-ի պետական բյուջեի օրենքում փոփոխություններ անելու մասին՝ 150 մլն մանաթ հավելյալ գումար կուղղվի պաշտպանական ծախսերին, ընդանուր ծավալը կկազմի 1,88 մլրդ դոլար: Սա՝ համենայն դեպս: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել կոնգրեսմեն Բրեդ Շերմանի առաջարկին, որով արգելվում է պաշտպանական որոշակի տեխնիկայի փոխանցումը Բաքվին, որը կարող է օգտագործվել Ստեփանակերտի օդանավակայանում գործող քաղաքացիական ինքնաթիռները խոցելու համար: Ներկայացուցիչների պալատն առաջարկն ընդունել է 234 կողմ և 194 դեմ ձայնով: Սա էլ՝ ի դեպ:


Իսկ մենք ԲԴԽ-ի դատավորներ ենք ընտրում, ընտրություն, որ ավելի մեծ կասկածներ է հարուցում դատական համակարգի նկատմամբ: Ամնեզիա չունեցողների համար Նախշուն Տավարացյանի «ընտրությունն» ու երդումը անհասկանալի ու անընդունելի է: Փաստաբանները համոզված են, որ այս կադրերով ԲԴԽ-ն չի վայելելու հանրային վստահություն և չի դառնալու անբասիր կառույց, որը պետք է վեթինգ իրականացնի: Չվեթինգված դատավորներն ընտրում են վեթինգերներին՝ դա է աբսուրդը:
Անցած շաբաթ մենք տեսանք ՍՄԱՐԹ վարչապետ, որ անկեղծ խոսում էր հեղափոխության, հավատի ու… տնտեսության մասին: «Այսպիսի կենտրոնները և ընդհանրապես հեղափոխությունը մեր երեխաներին ասում է մի բան՝ դուք կարող եք փոխել աշխարհը բառիս բուն իմաստով: Եվ այսպիսի նախագծերի գաղափարական իմաստը հենց դա է՝ օգնել բոլորին, որ հավատան, որ իրենք կարող են փոխել աշխարհը և իմանան, որ աշխարհը փոխելուց առաջ պետք է փոխեն իրենց անմիջական շրջապաատն ու միջավայրը, իրենք իրենց: Եվ կառավարության դերը հենց դրանում է, որ կարողանա օգնի մարդկանց, ստեղծի ենթակառուցվածքներ, որ մարդիկ հավատան իրենք իրենց: Հեղափոխությունը սա է, երբ 50 տարեկան մարդը կարող է երեխայի հետ գալ մի սենյակում նստել ու ինչ-որ բան սովորել: Հեղափոխությունը դա է, եթե մեզնից յուրաքանչյուրը ամեն օր մի նոր բան չի սովորում, ինքը կորցնում է ժամանակը, փորում է մեր բոլորիս և առաջին հերթին իր հուսահատության փոսը: Այո, մենք դուրս ենք եկել այդ հուսահատության փոսից, բայց մենք դեռ քայլում ենք հույսի կածաններով, և մեզ անհրաժեշտ է կառուցել հույսի մայրուղին»,- հայտարարեց վարչապետը Լոռու մարզում: Պատկերացնու՞մ եք՝ ինչ կլիներ, եթե խոսքը համընկներ գործին, եթե աշխատեր «Նաիրիտը», եթե գործարկվեր Ամուլսարը, եթե չկանաչեր Սևանը: Ստացվում է՝ մշակույթի զարգացման համար փակում ենք մշակույթի նախարարությունը, արդյունաբերության զարգացման համար փակում ենք արդյունաբերական ձեռնարկությունները… Եվ հայտարարում ենք, որ Հայաստանը ագրարային երկրից պետք է վերածվի արդյունաբերական երկրի: Անկեղծ ու անմիջական: Իրական ու անիրական:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Այս ընթացքով հաջորդ ընտրություններում կամ Գագիկ Ծառուկյանն է դառնալու վարչապետ, կամ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն հասկանալու են, որ քաղաքականության մեջ քանակը որակ չի տալիս և ջանալու են խորհրդարան մտնել ոչ թե 70 տոկոսով, այլ 30, և խնդիր են դնելու կոալիցիոն կառավարություն կազմելն ու համախոհներով երկիր կառավարելը: Հակառակը՝ blackout-ն է:

Դիտվել է՝ 1802

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ