Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պատերազմի առաջին օրը, երբ երևում է նպատակակետը

Պատերազմի առաջին օրը, երբ երևում է նպատակակետը
11.10.2019 | 11:08

Երեկ վերջապես աշխարհը տեղից շարժվեց՝ տասնյակ հայտարարություններ հնչեցին, բայց կռվից հետո զենք չեն թափահարում: Թուրքիան արդեն մտել է Սիրիա ու իր հայտարարությունների համաձայն՝ առաջ է շարժվում:
Տարատեսակ հայտարարությունների մեջ առանձնացավ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը, որ դատապարտում էր ռազմական ներխուժումը Սիրիա ու արձանագրում, որ դա «կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության հետագա վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների, տեղահանվածների մեծ հոսքի և ի վերջո մարդասիրական նոր ճգնաժամի։ Հատկապես մտահոգիչ իրավիճակ է ստեղծվում ազգային և կրոնական փոքրամասնությունների համար»: ՀՀ ԱԳՆ շեշտել է, որ «Այս ռազմական ներխուժումը ստեղծում է նաև ինքնության հիմքով մարդու իրավունքների ծանր և զանգվածային խախտումների անմիջական վտանգ»։


Թուրքիայի ՊՆ-ն ռազմական գործողության առաջին օրը բարեհաջող է համարել՝ թիրախները ոչնչացվել են, ռազմական օդանավերը և հրետանին հարվածել են 180 թիրախների, գյուղական Ղամըշլու և Դերիկ շրջաններին, գրավվել է 10 բնակավայր: Ղամըշլիում ավիահարվածների թիրախն էր բանտը, որտեղ բանտարկված են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումների զինյալները: Սիրիացի քրդերի տեղական իշխանությունները հայտարարել են, որ Թուրքիան ակնհայտորեն փորձել է օգնել ահաբեկիչներին բանտից փախչել: Ըստ թուրքական տեղեկատվության՝ գիշերը թուրքական ուժերը սահմանամերձ սիրիական Թել Աբյադ քաղաքում 7 կիլոմետր առաջ են անցել:
Քրդերից և արաբներից կազմված Սիրիական ժողովրդավարական ուժերը (SDF) հայտարարել են, որ սահմանամերձ գյուղերում ծանր բախումներ են: Նրանք դիմել էին միջազգային հանրությանը՝ հայտարարելով, որ Անկարայի ռազմական գործողությունը կհանգեցնի հումանիտար աղետի, ԻՊ-ի վերակենդանացմանը: Միջազգային կոալիցիային և ՄԱԿ-ին նրանք կոչ են արել Սիրիայի հյուսիս-արևելքում անվտանգության գոտի ստեղծել:


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամների հետ հանդիպմանը հայտարարել է, որ արդեն 109 ահաբեկիչ է չեզոքացվել՝ նկատի ունենալով քուրդ զինյալներին: Նա հակադարձել է միջազգային քննադատությունը՝ պնդելով, որ իր նպատակը Թուրքիայի սահմաններին ահաբեկչության վերացումն է: Էրդողանը սպառնացել է Եվրոպային, որ փախստականների առաջ կբացի դռները դեպի եվրոպական երկրներ և հայտարարել, թե Եվրամիությունը չի կարող Թուրքիայի գործողությունը որակել հարձակում: Հեռուստաուղերձում Էրդողանը Սաուդյան Արաբիային մեղադրել է Եմենում խաղաղ բնակիչների մահվան համար, իսկ Եգիպտոսի նախագահին անվանել «մարդասպան, որը ոչնչացրել է երկրում ժողովրդավարությունը»:
«Եգիպտոսը ամենավճռական կերպով դատապարտում է թուրքական ագրեսիան սիրիական տարածքում: Թուրքական ներխուժումը աղաղակող ու անթույլատրելի հարձակում է եղբայրական արաբական հանրապետության վրա»՝ հայտարարել էր Եգիպտոսի ԱԳՆ-ն՝ զգուշացնելով «թուրքական քայլի հետևանքների մասին Սիրիայի միասնության ու տարածքային ամբողջականության համար»:


EADaily-ին հաղորդել է, որ հոկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փակ դռների հետևում արտահերթ նիստ է հրավիրել՝ քննարկելու իրավիճակը Սիրիայում: Նիստը հրավիրել են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Բելգիան, Լեհաստանը:
Իրանի ԱԳՆ-ն Թուրքիայից պահանջել է զորքերը դուրս բերել Սիրիայից և դադարեցնել հարձակումը: «Իրանի ԱԳՆ-ն, անհանգստություն հայտնելով Սիրիայի տարածքում Թուրքիայի ռազմական գործողությունների կապակցությամբ, և ուշադրության առնելով հումանիտար իրադրության լրջությունը և բախումների շրջանում գտնվող քաղաքացիական անձանց համար մշտապես գոյություն ունեցող վտանգները, ընդգծում է գրոհների շտապ դադարեցման և Սիրիայի տարածքից թուրք զինվորների դուրսբերման անհրաժեշտությունը», - ասված է Իրանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է. «Մենք ըմբռնումով ենք մոտենում Անկարայի մտահոգությանը ազգային անվտանգության հարցի շուրջ, սակայն կան հիմնական միջազգային իրավարար նորմեր, որոնք ընկած են ահաբեկչության դեմ պայքարի և Սիրիայում խաղաղության վերականգնման հարցով համատեղ ջանքերի հիմքում»: Նա հավելել է, որ նախևառաջ «դա հարգանքն է Սիրիայի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության նկատմամբ»:
«Հաշվի առնելով գործողությունների սկիզբը՝ մենք կարևոր ենք համարում, որ բոլոր կողմերը զսպվածություն ցուցաբերեն և վնաս չհասցնեն քաղաքական կարգավորմանը և քաղաքական գործընթացի կարգավորմանը»: Նա ընդգծել է, որ «անփույթ» գործողությունները չպետք է խոչընդոտեն Սահմանադրական հանձնաժողովի նիստին, որ նշանակված է հոկտեմբերի 29-ին:


«Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի ռազմական գործողությունը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ Սիրիայի միասնության համար և բացասաբար ազդել արաբական այդ հանրապետությունում ահաբեկիչների դեմ պայքարի ընթացքի վրա»՝ հայտարարել է Լիբանանի նախագահ Միշել Աունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական գործերով օգնական Ռոզ Մարի դե Կառլոյի հետ հոկտեմբերի 10-ին Բաաբդի պալատում հանդիպմանը: «Նախագահ Աունը ՄԱԿ-ի խորհրդականի ուշադրությունը հրավիրել է, որ սիրիա-թուրքական սահմանին վերջին իրադարձությունները կարող են վտանգավոր հետևանքներ ունենալ Սիրիայում պատերազմի ընթացքի վրա, և Լիբանանը հետևում է իրադարձությունների զարգացմանը՝ հուսալով, որ ոտնձգություններ չեն լինի Սիրիայի միասնության և փախստականների հետ կապված իրողությունների դեմ»,-ասված է Լիբանանի նախագահի մամուլի ծառայության հայտարարության մեջ:


Լիբանանի ԱԳ և էմիգրանտների նախարարությունը ևս դատապարտել է թուրքական բանակի ռազմական գործողությունը՝ անվանելով «ագրեսիա եղբայրական արաբական երկրի դեմ, Սիրիայի հողերի օկուպացիա և ժողովրդի արտաքսում դեպի մահ ու բռնագաղթ»: Լիբանանի ԱԳՆ-ն կոչ է արել Թուրքիայի ղեկավարությանը փոխել որոշումը և կոչ է արել համագործակցել շահագրգիռ երկրների հետ՝ վերականգնելու կայունությունը Սիրիայում և միջազգային բանաձևերի կատարումը՝ շեշտը դնելով սիրիական ժողովրդի ու հողերի միասնության վրա:
Սիրիայի դեմոկրատական ուժերի (SDF) համանախագահ Իլհամ Ահմեդը հայտարարել է, որ պետք է ԵՄ-ի երկրները Թուրքիայից հետ կանչեն դեսպաններին: «Մենք խնդրում ենք ԵՄ-ի պետություններին, համաշխարհային հանրակցությանը Անկարայից հետ կանչել իրենց դեսպաններին»,- լրագրողներին ասել է Ահմեդը՝ գտնվելով Եվրախորհրդարանում:
Ֆրանսիայի ԱԳՆ-ն Սիրիայում Անկարայի ռազմական գործողության կապակցությամբ հրավիրել է Փարիզում Թուրքիայի դեսպանին՝ տեղեկացնում է Agence France-Presse-ը: Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ լե Դրիանը Twitter-ում գրել էր, որ Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունը կարող է խախտել եվրոպական անվտանգությունը, անհրաժեշտ է դադարեցնել: Հարձակումից առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույցներ էր ունեցել ԱՄՆ-ի և ՌԴ նախագահների հետ: Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո Սպիտակ տունը հայտարարեց Սիրիայի հյուսիսից ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին, իսկ Վլադիմիր Պուտինի հետ Էրդողանը խոսել է հարձակումը սկսվելուց ժամեր առաջ: ԱՄՆ-ում հանրապետականներ ու դեմոկրատներ ներառող մի խումբ սենատորներ առաջարկում են պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի, բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Էրդողանի հանդեպ: Դեմոկրատները Թրամփին մեղադրում են քրդերին դավաճանելու համար: Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը Սիրիայի հյուսիսից ամերիկյան զորքերը դուրս բերելու Թրամփի որոշումը համարել է նրա նախագահության ամենամեծ սխալը: Թրամփը պաշտպանել է իր որոշումը՝ ասելով, թե ամենամեծ սխալը ԱՄՆ-ի միջամտությունն էր Մերձավոր Արևելքի հակամարտությանը, և ինքը ձգտում է այնտեղից դուրս բերել ամերիկացի զինվորներին: Նա «վատ գաղափար» է համարել Սիրիա ներխուժելու Թուրքիայի գործողությունը: Պետքարտուղար Մայք Պոմպեոն պնդել է, որ Վաշինգտոնը երբեք հավանություն չի տվել այդ գործողությանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ինչ էլ ասվի, ինչ էլ հաստատվի ու հերքվի, ակնհայտ է, որ Անկարան գործողությունների որոշակի ազատություն է ստացել, փոքրիկ պատերազմի իրավունք, որ բխում է իր շահերից և չի հակասում այն երկրների շահերին, որոնց հետ Թուրքիան հաշվի է նստում կամ որոնց ուզում է իր մեծությունը ցույց տալ և հաստատել տարածաշրջանում իր առաջատար դերը: Ձեռքի հետ էլ՝ թուրքերը կկոտորեն քրդերին ու կմաքրեն տարածքը՝ ազատություն տալով ԻՊ-ի կալանավորված զինյալներին, նրանց ընտանիքներին՝ պահելով իր ազդեցության տակ, ու շանտաժի գավազան դարձնելով տարածաշրջանում նրանց դեմ, որ կհակառակվեն իրեն: Արաբական երկրների համընդհանուր դատապարտումի մեջ չի լսվում Իսրայելի ձայնը, որ Թուրքիայի ջերմ բարեկամը չէ, բայց չի կարող հարվածի տակ դնել ԱՄՆ-ին: Չափազանց դժգույն լույսի մեջ է հայտնվում Ռուսաստանը, որ թե քաղաքական, թե ռազմական հնարավորություններ ուներ կանխել քրդերի կոտորածը, բայց, թերևս, գերադասեց աշխարհին ցույց տալ, թե ով է իրականում ԱՄՆ նախագահը ու ինչպես է վարվում դաշնակիցների հետ: Թեպետ իր արածը նույնն է՝ թույլ տալով Էրդողանին արդեն երրորդ անգամ ինքնիշխան պետության՝ Սիրիայի տարածքում ռազմական գործողությունների դիմել՝ Պուտինը դավաճանում է Ասադին՝ հիանալի հասկանալով, որ որտեղ Էրդողանը մտավ, այնտեղից դուրս չի գա: Այդքան քննադատելով Արևմուտքին՝ Ռուսաստանը վաղուց գործում է իբրև «ամենաարևմտյան պետություն»՝ վատագույն իմաստով: Իսկ եթե հիշենք անցյալ դարասկիզբը, կփաստենք, որ Ռուսաստանն ու Թուրքիան միշտ են իրար հետ լեզու գտել՝ ով էլ եղել է իշխանություն, և իբրև կանոն՝ այլ պետությունների տարածքների հաշվին: Անկարայի համար ամենաբարդը սկսվում է երկրորդ քայլից: Էրդողանի բուն նպատակը ոչ միայն քրդական ինքնավարության ստեղծումը արգելակելն է, այլև՝ Սիրիայի մասնատումն է ու իր գրաված տարածքներում թուրքերին վերաբնակեցնելով՝ սիրիացի փախստականների անվան տակ՝, հետագայում այդ հողերի կցումը իր տարածքին: Ու դա հասկանում են բոլորը: Իսկ թույլ կտա՞ն: Անկարան առաջին քայլը չէր անի, եթե վստահ չլիներ, որ երկրորդն էլ է ստացվելու: Ապացույցը Իդլիբն է, որտեղ Թուրքիան չկատարեց իր պարտավորությունները և որտեղից նույնպես չի հեռանում: Կա նաև ներքաղաքական խնդիր՝ մարդու իրավունքների ոտնահարումները, համատարած ձերբակալությունները, տնտեսական անկումը այն թիրախներն են, որոնցից պետք է շեղել հասարակության ուշադրությունը: Էրդողանը հույս ունի նորից նստել սպիտակ նժույգի վրա՝ հայրենակիցներին «մոռացնելով» առօրյա խնդիրները և համախմբել արտաքին քաղաքական օրակարգի պատճառով: Նա բացառում է, որ կարող է ձախողվել:

Դիտվել է՝ 3397

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ