Ժողովրդական ժողովի՝ ագորայի ժամանակներում հին հույներն ամեն օր հավաքվում էին Եփեսոսի հրապարակում` արքայի հրամանով ու պատասխանում «մոռանալ` ու՞մ» հարցին. ագորան հոգեխռովքի մեջ պատասխանում էր` Հերոստրատին, Հերոստրատին, Հերոստրատին: ՈՒ այդպես` երեք անգամ «մոռանում» էին Հերոստրատին, քանզի նա այրել էր աշխարհի յոթերորդ հրաշալիքը համարվող Արտեմիսի տաճարը:
Իսկ այրել էր, որպեսզի իր անունը պատմության մեջ հիշվի… որպես ապիկար մեկը:
Հայաստանյան նորօրյա քրմերը, իրականում` քուրմը (Արայիկ Հարությունյանից ի՞նչ քուրմ` չնայած ձեռքի ճիպոտին) ժամանակ չի կորցնում. մինչ Արցախում տեղի կունենան նախագահական ընտրություններ, ու այնտեղ ևս հայաստանյան իշխանությունները, ամերիկյան «բաք-օֆիսների» թեթև ձեռքով նախագահի աթոռին կբազմեցնեն այնպիսի մեկին, որի համար Հայաստանից արձակված թեզը` մոռանալ Ղարաբաղը, զի այն «Հայաստան է և վերջ», համարժեք կլինի Նիկոլ Փաշինյանի ոգորումներին, և Նիկոլ Փ-ն կկատարի իր վերջին «այրումը»` «կլուծի» Ղարաբաղյան թնջուկը` վասն որու փողոցից «դրվեց» տաճարի աթոռին։ Այո, ժամանակն իզուր չի վատնում. տաճարի բոլոր արժեքները փռում է ասֆալտին, ծեփում պատերին, դանակն առած «քյալլա կտրում»` ուտում, խիստ սիմվոլիկ ցուցանքով` «քյալլայի տակ»` նշանային համակարգով գրառումներ անում` սատանաների մասին:
Սա ոչ միայն բուն օրակարգից անվերջ շեղելու իր «պլան Ա»-ն է, այլև նույն այդ օրակարգը կյանքի կոչելու ճարպիկ ձեռնածություն: Իսկ օրակարգն այս պահին, մինչ Ղարաբաղյան խնդիր, մեկն է` հանուն «ժամանակակից» լինելու, աշխարհից հետ չմնալու` ոչնչացնել, մոխրացնել ազգը պահպանող արժեքները, որից հետո Ղարաբաղն «ի պատկերի յուրում» կերտելու գործն ուղղակի տեխնիկական հարցի կվերածվի:
Այլ պատճառ` եկեղեցին հալածելու, ծնկի բերելու, հայոց լեզու, գրականություն, պատմություն առարկաների վրա դամոկլյան սուր կախելու, նիկոլա-արայիկյան թրենդը չունի: Ինչը զարմացնում է իր խոր, հակահայ ցինիզմի դրսևորումներով, և զուր են կարծում շատերը, թե հնարավոր է ժողովրդական, ուսանողա-դասախոսական զայրույթի զոհասեղանին, որպես զոհ, Նիկոլ Փ-ն կմատուցանի Արայիկ Հարությունյանի` բանակում չծառայած, Թումանյանից կես տող չիմացող, սեռափոխի ֆիլմին փող տվող, եկեղեցականին դպրոցում տեսնելիս նկատողություն անող «պարարտ» մարմինը:
Երբեք: Նախ` գիտենք, Արայիկ Հ-ն եղել է և կարծես կա միակ «մարմինը», եղել է միակը, որն «իրավունք» է ունեցել բացելու Փաշինյանների առանձնատան դուռը. ոչ մեկը, անգամ այնտեղ ապրող ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը չեն ունեցել նման իրավունք:
Ընդ որում, նկատենք շղթան…. բայց մի պահ ձգենք պաուզան, նոր ԿԳՄՍ նախարարություն ստեղծելը ևս հենց այնպես չէր. նախ՝ մի տանիքի տակ էր հավաքվում հոգևոր-մշակութային-կրթական-«մարմնային»` սպորտի ոլորտը, որի տեր ու տիրակալը ոչ այլ ոք, քան սորոսական «շինելից» դուրս թռած, հեղափոխության օրերին սեփական կրթօջախը` համալսարանը «օկուպացրած» (այրած), սորոսական ծրագրից ոչ մի քայլ նահանջ չարձանագրած, մշակույթից, կրթությունից ոչինչ չհասկացող, առաջին օրերին մետրոյով գործի գնացող, դպրոցի տնօրեններին հետապնդող, հայ ոգուն օտար Արայիկ Հ-ն պետք է դառնար: Սա ևս ծրագիր էր:
Եվ եթե հաշվի ենք առնում ոչ պակաս կարևոր այն հանգամանքը, որ հայոց արժեքների համար գրեթե ճակատագրական այդ նախարարությունում նա միակը չէ, ոլորտի մյուս «պահակը» նույնպես մոլի սորոսական փոխնախարար Արևիկ Անափիոսյանն էր, որի գիտակցական կյանքը մաշվել է հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարելով, սորոսներին զեկույցներ գրելով, իսկ դրանից առաջ էլ մեկ այլ հայտնի սորոսական` Հովհաննես Հովհաննիսյանն էր կրթության և գիտության փոխնախարարը… պաուզան էլի պետք է ձգել. սույն ՀՀ-ն արդեն պատգամավոր է և «տազ արած» սպասում է «տաճարի» հերթական «այրմանը»։
Այդ նա է դառնալու ԵՊՀ ռեկտորը` առաջիկայում, այդ նրա համար են «թեթևացնում» բուհը, որպեսզի նա մեծ աղմուկների մեջ չհայտնվի, կարողանա հայոց ոգու ոչնչացում-այրումի շարունակական գործընթացն իրականացնել:
Հիմա խոսքը հայոց սեգմենտինն է: Եթե այդ սեգմենտը թույլ տվեց այս ամենը կյանքի կոչել, ինչպես թույլ տվեց, որ Փաշինյան Ն-ն շանտաժով հեղաշրջում կատարի ագորայի` օխլոսի միջոցով, տիրանա «տաճարին», պետք չէ մեղադրել ո՛չ իշխանության եկած հերոստրատների կուսակցությանը, ո՛չ բուն, հարակից և դրսի հերոստրատներին:
ՈՒրեմն Հերոստրատը մենք ենք:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ