Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սենատոր Լինդսի Գրեմը արգելափակեց հայերի ցեղասպանության ճանաչման բանաձևը

Սենատոր Լինդսի Գրեմը արգելափակեց հայերի ցեղասպանության ճանաչման բանաձևը
15.11.2019 | 11:59

ԱՄՆ հնարապետական սենատոր Լինդսի Գրեմը արգելափակեց Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ճանաչման բանաձևը: Նա գտնում է, որ օրենսդիրները չպետք է զարդարեն կամ փորձեն պատմությունը նորից գրել: Սենատոր Գրեմը դա հայտարարեց Դոնալդ Թրամփի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումից հետո, որին ներկա է եղել: Էրդողանը գտնում է, որ Կոնգրեսի քվեարկությունը ծայրահեղ վիճելի քաղաքական քայլ է: Որպեսզի հայերի ցեղասպանության ճանաչումը դառնա ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը, բանաձևին պետք է հավանություն տան Կոնգրեսի երկու պալատները և ստորագրի նախագահը: Հոկտեմբերին Ներկայացուցիչների պալատը (405 կողմ. 11 դեմ) բանաձևն ընդունեց: Դա սիրիացի քրդերի դեմ թուրքական ռազմական գործողությունից հետո էր: Էրդողանը որոշումն անվանեց անօգուտ ու ծայրահեղ վիրավորական թուրք ժողովրդի համար: Հայաստանի վարչապետը, հակառակը, ասաց, որ քվեարկության արդյունքը ճշմարտությանը ծառայելու և պատմական արդարության խիզախ քայլ է:


Լինդսի Գրեմն օգտագործեց օրենքը, որով մեկ սենատոր կարող է վետո դնել ամբողջ պալատի որոշման ընդունման վրա: ՙԵս հենց նոր հանդիպեցի նախագահներ Էրդողանի ու Թրամփի հետ: Մենք քննարկեցինք խնդիրները, որոնց հետ ստիպված ենք բախվել Սիրիայում թուրքական ներխուժման հետևանքով: Հույս ունեմ, որ Թուրքիան ու Հայաստանը կարող են իրենք քննարկել և որոշել իրենց խնդիրները՚՝ ասաց Գրեմը Սենատում: Լինդսի Գրեմը Դոնալդ Թրամփի հայտնի կողմնակիցն է, բայց նա քննադատեց նախագահի՝ զորքերը Սիրիայի հյուսիս-արևելքից դուրս բերելու որոշումը, որ Անկարային հնարավորություն տվեց քրդերի դեմ ռազմական գործողություն սկսել:


1915-16-ին Օսմանյան կայսրության տարածքում հարյուր հազարավոր հայեր զոհվեցին: Շատերը սպանվեցին, շատերը մահացան սովից ու հիվանդություններից Թուրքիայից սիրիական անապատ աքսորի ճանապարհին: Զոհվածների ճշգրիտ թիվը վիճելի է՝ հայկական կողմը պնդում է, որ կյանքից զրկվել է մեկուկես միլիոն հայ, Թուրքիան պնդում է 300 000-ը: Ցեղասպանության հետազոտության միջազգային ասոցիացիայի համաձայն՝ զոհերի թիվն անցել է մեկ միլիոնը: Թուրքիան հայտարարում է, որ երկրի այն ժամանակվա կառավարությունը հայերի՝ իբրև էթնիկ խմբի նպատակային ոչնչացման արշավ չի վարել, հետևաբար՝ այդ իրադարձությունները չի կարելի ցեղասպանություն անվանել: Ցեղասպանություն է համարվում բնակչության որոշակի խմբի կանխամտածված սպանությունը: Շատ պատմաբաններ ու երկրներ գտնում են, որ այդպես էլ եղել է, սակայն որոշ հետազոտողներ կասկածում են Թուրքիայի իշխանությունների գործողությունների կանխամտածվածությանը: Թուրքիայի իշխանությունները ընդունուն են, որ սպանությունները հաճախ գազանային են եղել, բայց ժխտում են, որ նպատակը հայ քրիստոնյա ժողովրդի ոչնչացումն էր: Նրանք ասում են, որ 1915-16-ին զոհվել են նաև բազում մուսուլման թուրքեր:
BBC


Հ.Գ. Միշտ էլ գտնվելու է մի Լինդսի Գրեմ, որ պաշտպանի իր երկրի ազգային շահը, իսկ ԱՄՆ-ի այսօրվա ազգային շահը Թուրքիային իր կողքին պահելն է, որ չնետվի Ռուսաստանի գիրկը: Դեռ հոկտեմբերին պարզ էր, որ ԱՄՆ-ը նպատակ ուներ Թուրքիային պատժել, հարմար պատժամիջոցներից էր հայերի ցեղասպանության ճանաչումը: Ի՞նչ փոխվեց: Ոչինչ: Դեռ այն ժամանակ Դոնալդ Թրամփը որևէ կերպ չարձագանքեց, որ նշանակում էր, եթե Սենատն էլ բանաձև ընդունի, ԱՄՆ-ը նախագահը չի ստորագրի: Ու դա չէ կարևորը, կարևորը այս իրավիճակում Լինդսի Գրեմի հայտարարությունն է՝ Թուրքիան ու Հայաստանը կարող են իրենք քննարկել և որոշել իրենց խնդիրները: Նա հիանալի գիտի Թուրքիայի տեսակետը և հիանալի գիտի, որ քննարկելու ու որոշելու քաղաքական կամք Էրդողանը չունի ու չի ունենա՝ քանի իշխանություն է: Եվ նման հայտարարություն Սենատում անելը շարքային ստորություն է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3280

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ