Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Փայլեք ու հրճվեք

Փայլեք ու հրճվեք
19.12.2019 | 12:54

Երբեք Մոսկվան ավելի գեղեցիկ չի լինում, քան տարեմուտին: Քաղաքը ցուցադրում է իր փայլփլուն հակասականությունը՝ գրում է Ալիսե Բոտան Die Zeit-ում: Հավանաբար ոչ մի տեղ Եվրոպայում ու Ամերիկայում մայրաքաղաքը չի ստեղծում իր կերպարը այդքան սնապարծ:

Նյու Յորքում կամ Լոնդոնում պետությունը պետք է բացատրի՝ ի՞նչի վրա է ծախսում փողերը, Մոսկվայում՝ ոչ: Քաղաքապետն անում է, քաղաքացիները զարմանում են, նախագահ Պուտինն ուրախանում է: 230 միլիոն ռուբլի՝ համարյա 3,5 միլիոն եվրո է Մոսկվան ծախսում միայն ամանորյա փալփլուն դեկորացիաների վրա, ավելին, քան ռուսական շատ քաղաքների տարեկան բյուջեն: Կա Ռուսաստան ու կա Մոսկվա՝ այդպես եղել է միշտ: Սովետական տարիներին Մոսկվայում էր ապրում նոմենկլատուրան, իրականացվում էին ստալինյան նախագծերը, կառուցվեցին 7 ծանրանիստ բարձրահարկեր, Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսը՝ գիգանտոմանիայի գլուխգործոց, որտեղ սովետական ամեն մի հանրապետություն ուներ իր առանձին պալատը: Մարդը պետք է իրեն փոքր ու համակերպված զգար սոցիալիզմի նվաճումների առաջ: Ռուսաստանն աղքատ է, բայց Մոսկվան հարուստ է ու շարունակում է հարստանալ: Քաղաքը նման է հզոր ութոտնուկի, որ կուլ է տալիս ամեն ինչ: Սիբիրի կամ Կարելիայի ընկերությունների աշխատակիցներն աշխատում են նահանգներում, բայց կենտրոնական գրասենյակները Մոսկվայում են, այսինքն՝ այնտեղ են հարկեր վճարում: Այդպես մայրաքաղաքը ավելի շատ ֆինանսներ է ստանում: 1,5 տրիլիոն ռուբլի, որ հավասար է 23 միլիարդ դոլարի՝ այդքան է քաղաքը վերջին 9 տարում ծախսել բարեկարգման վրա, համարյա նույնքան հատկացվել է ամբողջ Ռուսաստանին: Այդ պատճառով ռուսաստանցիները մի քիչ ատում են մայրաքաղաքը, մի քիչ հիանում, հետո տեղափոխվում այնտեղ՝ երջանկություն ու բարեկեցություն գտնելու: Պաշտոնապես Մոսկվայում ապրում է 12,8 միլիոն մարդ, բայց որոշ տվյալներով՝ վաղուց արդեն 20 միլիոնն անցել են: Բեռլինում կարող ես սպասել 3 տարի՝ մինչև հետիոտնի անցումը կառուցվի: Մոսկվայում կարող ես գնալ արձակուրդ ու վերադարձիդ ոչ անմիջապես տունդ գտնել: Այս քաղաքը երբեք չի քնում: Միշտ ինչ-որ մեկը ճանապարհին է, միշտ ինչ-որ մեկը գնումներ է անում, միշտ ինչ-որ տեղ զարդարվում է, նորոգվում, մաքրվում, բարեկարգվում: Ի՞նչ են խոսում փոփոխությունների մասին նրանք, որ սիրում են Մոսկվան: Ռուս հայտնի բլոգեր, ճարտարապետ Իլյա Վառլամովի խոսքով, որ ամբողջ կյանքն ապրել է Մոսկվայում, փոփոխությունների անհրաժեշտությունը վաղուց կար, բայց փոփոխությունները չափազանց մակերեսային են, չափազանց կենտրոնացած գեղեցիկ արտաքին տեսքին: «Ինչու՞ ամբողջ քաղաքը վերակառուցելիս, չհարմարեցնել հաշմանդամների կամ մանկասայլակների համար: Ինչու՞ հիմա այնպես չկառուցել, որ 2 տարի հետո նորից ճանապարհներ ու մայթեր չկառուցվեն, ծառեր չտնկվեն: Մոսկվայի բարեկարգումը վիթխարի պիառ ակցիա է իշխանությունների համար»՝ ասում է Վառլամովը: Մոսկվացիները, նրա խոսքով, «չեն հասկանում, որ քաղաքը ծախսում է իրենց փողերը: Դա է ավտոկրատ համակարգերի առավելությունը՝ այստեղ հարցեր չեն տալիս»:


Այս տարի Մոսկվայում բարեկարգվել է 420 փողոց, 56 կիլոմետր գետափ, կառուցվել է մետրոյի 14 նոր կայարան, գնվել են 220 էլեկտրաբուսներ: 9 տարի առաջ Մոսկվայում կար 130 զբոսայգի, այսօր՝ 742: Թվերը հեքիաթային կթվային, եթե չլինեին նրանք, որ խախտում են անդորրը: Նրանցից է Յուլիա Գալյամինան՝ Մոսկվայի շրջաններից մեկի խորհրդի անկախ պատգամավոր: Նա գտնում է, որ քաղաքապետը ոչնչացնում է հին Մոսկվան, նրա խոսքով՝ քանդվել են 180 շենք-հուշարձաններ, Մոսկվայի ծայրամասերում բազմահարկ գետտոներ են կառուցվում, որ մարդկանց մրջյունների են վերածում, 30 միլիոն տոննա շինաղբ է թափվել: Նա կոչ էր անում բողոքել «Մոսկվայի ավերման» դեմ, բայց ոչ ոք նրան չմիացավ: Ինչու՞: Մոսկվացիները լիովին գոհ են իրենց քաղաքից:


Ընդհանրապես՝ աղբի մասին, մոսկվացիները խողդվում են աղբի մեջ: Նրանք աղբը չեն վերամշակում, դուրս են բերում քաղաքից: Նախկինում փոխադրում էին ծայրամասեր, բայց բողոքներ բարձրացան: Հիմա միլիոնավոր տոննաների աղբը ծրագրում են գնացքով փոխադրել մայրաքաղաքից հարյուրավեր կիլոմետրեր հեռու, բայց այնտեղ էլ են մարդիկ ապրում ու փողոց դուրս գալիս: Իսկ մոսկվացինե՞րը: Զարմանքով իմանում են լուրերից ու զայրանում՝ ինչու՞ այդ մարդիկ չեն ցանկանում իրենց աղբը ընդունել: Չէ՞ որ նրանց վճարում են: Նա, ով առաջին անգամ է Մոսկվայում, հատկապես ձմռանը, քաղաքում բերանբաց է շրջում: Կարող ես հիանալ զարդարված եղևնիներով ու բազմագույն լույսերից սարքված քաղաքների մանրակերտերով: Կարմիր հրապարակում Սանտա Կլաուսի փոխարեն շրջում են Ձմեռ պապին կամ Ձյունանուշը: Հազվադեպ զբոսաշրջիկներ են փայլատակող մայրաքաղաքից հայտնվում գավառներում, որտեղ ոչինչ չի փայլում, բայց քանդվում է: Այդպես Մոսկվայի կերպարը սխալմամբ դառնում է Ռուսաստանի կերպար՝ կազմված՝ բարեկեցությունից, շքեղությունից ու ուրախությունից: Մի՞թե Պուտինի պիառը կարող էր ավելին լինել:
Ալիսե Բոտա, Die Zeit


Հ.Գ. Մասշտաբները փոխեք, ու՝ նույն պատմությունն է: Իհարկե, Երևանը մետրոյի կայարան չի կառուցում, անգամ ԿԱՄԱԶ-ներն է նվեր ստանում, զբոսայգիներ չի կառուցում, չի գնում էլեկտրաբուսներ, բայց հին Երևանը քանդում ու ավերում է նույն տեմպերով: Երևանն էլ իր մասշտաբի ութոտնուկ է, որ կուլ է տալիս մարզերը: Եվ արդեն բացարձակապես նույն պատմությունն է տարեմուտի գիշերվա՝ միլիոններ են ծախսվում՝ մի քանի ժամի համար, իսկ հետո տարին անցնելու է պասի մեջ: Ինչու՞:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5442

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ