Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արամ Սարգսյան. Մեր միակ ռեալ հույսը մեր սեփական ռեսուրսներն են, կամ՝ իմ պատասխանը կորոնաճգնաժամին

Արամ Սարգսյան. Մեր միակ ռեալ հույսը մեր սեփական ռեսուրսներն են, կամ՝ իմ պատասխանը կորոնաճգնաժամին
10.04.2020 | 16:06

Որոշեցի գրել, որովհետև համաճարակը ստիպեց հետևություններ անել ոչ թե ինչ չենք արել կամ սխալ ենք արել, այլ՝ ստեղծված իրավիճակում ի՞նչ անենք, որ արդյունավետ լինի տեսանկյունից։


Եվ ուրեմն. ի՞նչ դասեր մենք քաղեցինք այս համաճարակից.
1) Առողջապահական համակարգը՝ կազմակերպումը, կառավարումը և ներգրավված մարդիկ ավելի լուրջ ուշադրության են արժանի։
2) Լոկալ և համաշխարհային աղետների պարագայում սպասարկման և զբոսաշրջության ոլորտը առաջինն է կաթվածահար լինում։
3) Ցանկացած աղետի պարագայում սննդամթերքով ապահովումը դառնում է գերկարևոր, հետևաբար՝ գյուղատնտեսության զարգացումը ռազմավարական խնդիր է։
4) Խուճապային տրամադրությունները և ընկճախտը հաղթահարելու միակ մեթոդը, որ կիրառեց աշխարհը, պատշգամբային և օնլայն համերգներն էին, մարդկանց կարգապահությունն ու էթնոմշակութային ընկալումը։
5) Աշխարհով մեկ աշխատող ՀՀ քաղաքացիներին տուն վերադարձնելու անհրաժեշտությունը, որ բոլոր երկրների համար խնդիր դարձավ:
6) Փոքր ու միջին բիզնեսին օժանդակելը ընդհանրական խնդիր է բոլոր պետություններում, Հայաստանում՝ հատկապես:
7) Հանքարդյունաբերության ոլորտի կայունությունը և ստեղծված իրավիճակում բյուջե երաշխավորված մուտքեր ապահովելը:


Հետևություն. տնտեսական ճգնաժամը արդյունավետ ու արագ հաղթահարելու նպատակով վերանայել կառավարության կառուցվածքը և ձևավորել՝
1) գյուղատնտեսության նախարարություն,
2) մշակույթի նախարարություն,
3) ատոմային էներգետիկայի նախարարություն,
4) որպես առաջնային դիտարկել գոյություն ունեցող ատոմակայանից կրկնակի հզոր ատոմակայան կառուցելու խնդիրը: Ատոմակայանը մեզ համար ոչ միայն ամենահուսալի և մատչելի էլեկտրաէներգիա ապահովող կառույցն է, այլև վարկանիշային ու ռազմավարական նշանակություն ունի։
5) նախաձեռնել ու խրախուսել հայրենական ավիափոխադրող ունենալու խնդիրը, թեկուզ լիզինգային տարբերակով,
6) ստեղծել արդյունաբերության նախարարություն՝ լեռնամետալուրգիական վարչությամբ, որպես տնտեսության հուսալիությունը ապահովող և համակարգաստեղծ ճյուղ ճանաչել հանքարդյունաբերությունը հիդրոմետալուրգիական տեխնոլոգիայով լեռնամետալուրգիայի վերածելու գործառույթը, ինչի համար, բարեբախտաբար, թե ներքին, թե արտաքին ներդրումներ առաջարկող ընկերությունների պակաս չկա: Հանքարդյունաբերության ոլորտը ցույց տվեց, որ լինելով կայուն՝ նման իրավիճակներում բյուջե երաշխավորված մուտքեր ապահովող միակ ոլորտն է։ Մեր ունեցած ռեսուրսները մենք ինքներս պետք է վերածենք ապրանքի և ավելացնենք մեր ՀՆԱ-ն՝ զուգահեռ զարկ տալով քիչ նյութատար, շատ աշխատատար և գիտատար տնտեսությանը։ Օրենքի ուժով արգելել Ամուլսարի շահագործումը խոչընդոտող գործընթացները և այսուհետ բոլոր բնապահպանական խնդիրները լուծել արտադրական ձեռնարկությունների պայմանագրային պարտավորությունները խստագույնս վերահսկելով,
7) ստեղծել ջրային ռեսուսների կառավարման վարչություն՝ վարչապետին ուղիղ ենթակայությամբ,
8) Հյուսիս-հարավ ավտոճանապարհին տալ ռազմավարականի կարգավիճակ,
9) ռազմաարդյունաբերական վարչությունը դարձնել վարչապետին կից՝ գործընթացները արագացնելու և կարևորությունը շեշտելու նպատակով,
10) որպես ՀՀ հիմնական և գերակա զարգացման ուղղություն հայտարարել գիտությունը և պետական շահույթների հիմնական մասը ուղղորդել այս ոլորտ՝ ամբողջությամբ վերանայելով բարձրագույն կրթական համակարգը և վերածելով Սիլիկոնյան հովտի օրինակով գիտելիք արտադրող կառույցի։


Փորձեցի հնարավորինս հակիրճ ներկայացնել իմ դիտարկումները, որ, բնականաբար, ենթակա են քննարկման։ Չեմ համարում, թե սա վերջին ճշմարտությունն է, սիրով կընդունեմ թե քննադատությունը, թե նոր առաջարկները: Բայց որ համաճարակը ևս մեկ անգամ հիմնավորեց, որ ՄԵՐ ՄԻԱԿ ՌԵԱԼ ՀՈՒՅՍԸ ՄԵՐ ՍԵՓԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐՆ ԵՆ բոլոր ոլորտներում և բոլոր առումներով, սա անհերքելի է։ Ինչպես անհերքելի է, որ մեզ անհրաժեշտ է՝
1) ինքնիշխանության ամրապնդում՝ քաղաքական, տնտեսական, պատմամշակութային,
2) ինքնանույնականացման և ազգային արժեքային համակարգի ձևավորում,
3) աշխարհիկ և հոգևոր իշխանության միասնություն՝ հասարակության համերաշխության ու ներդաշնակ զարգացման համար:


Արամ ՍԱՐԳՍՅԱՆ
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ

Դիտվել է՝ 2789

Մեկնաբանություններ