Օձունի եկեղեցու արտաքին սրահների տանիքի բացակայությունը վտանգում է համալիրի սեյսմակայունությունը
28.04.2020 | 00:24
Թեև Օձունի սուրբ Աստվածածին եկեղեցին վերջերս է հիմնանորոգվել ու ամրակայվել, բայց արտաքին եռակողմ սրահները, որոնք ամենաշատ պահպանվածությունն ունեն նմանատիպ կառույցներից, դեռևս ամբողջական տեսքով չեն ներկայանում այցելուներին։ Օձունի հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանն ասում է, որ դրանց ամբողջացումը կմեծացնի եկեղեցու հենման մակերեսն ու առավել սեյսմակայուն կդարձնի եկեղեցին։ «Այդ թվում կլուծի ծածկասալերից որմնակամարներին թափվող ու որմնակամարներն ու պատերը քայքայող անձրևաջրերի հիմնախնդիրը։ Հուսով ենք, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտամեթոդական խորհրդի անդամները կառուցողական մոտեցում կցուցաբերեն, անհրաժեշտ գումարը կհայթայթվի, ու Օձունի վսեմաշուք տաճարն ամբողջական տեսքով կներկայանա տեղացի և օտարազգի այցելուներին»,- «Իրատեսի» հետ զրույցում ասում է տեր Վրթանեսը:
Սուրբ Աստվածածնից կես կիլոմետր արևելք է գտնվում 5-րդ դարի Ծիրանավոր Ծաղկավանքը: Դեբեդի կիրճի վրա կախված եկեղեցին մեզ է հասել կիսավեր վիճակում, նրա արտաքինը հուշում է՝ դարերի ընթացքում այն նորոգվել ու փոփոխությունների է ենթարկվել:
«Եթե ուշադիր նայենք, կտեսնենք եկեղեցու ծիրանագույն քարերով կամարները: Ըստ Կիրակոս Գանձակեցու՝ այս կամարները կապել է Հովհան Օձնեցին, հետագա դարերում կամարները փակվել են, ու այն դարձել է ավանդատուն»,- նշում է քահանան:
Ծիրանավոր Ծաղկավանքի մասին, ցավոք, հիշատակումները քիչ են, զուսպ ճարտարապետությամբ այս կոթողը, որ գիժ Դեբեդի լուռ զրուցակիցն է, սպասում է վերանորոգման իր օրվան:
Ծաղկավանքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա էլ Արդվու Կարմիր ժամն է՝ միջնադարյան Հայաստանի եկեղեցական ճարտարապետության գոհարներից: 5-9-րդ դարերին թվագրվող միանավ բազիլիկ եկեղեցին նույնպես կարոտ է վերանորոգման ու ամրակայման: Եկեղեցու պատերը յուրաքանչյուր պահի կարող են փլուզվել, վիճակն օրհասական է: Թե՛ Ծաղկավանքը, թե՛ Կարմիր ժամը պետության հոգածության ներքո են, ու լիահույս ենք, որ այս հրապարակումից հետո համապատասխան գերատեսչություններն ու հուշարձանների պահպանությամբ մտահոգ մարդիկ ականջալուր կլինեն արժեքավոր մշակութային կոթողների պահպանության և հանրահռչակման հարցին:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Ինչու՞ և ինչպե՞ս
- Աղոթք
- «Հունվարին պարենային մի շարք ապրանքատեսակների գծով երկնիշ գնաճ է գրանցվել»
- Իշխանությունը պայքարում է իր իսկ ծնած երևույթի դեմ
- Բուհի ռեկտոր ընտրողը նախարարն է լինելու
- Աղջիկներս Շուշիում տուն են կորցրել, բայց ամենամեծ կսկիծն այնտեղ մնացած մյուս դստերս շիրիմն է
- Երազել ու թռչել, այո, պետք է, բայց ձեր իշխանությունը բոլորին է թևաթափ անում
- Պատերազմի պատրաստվելը դպրոցական հանդես չէ, որ չհասցնեիք
- Արծրուն Հովհաննիսյանը մեկ բառ պետք է ասեր՝ ներողություն
- «Հայաստանի ու Ադրբեջանի մասով Իրանը փոխել է հռետորաբանությունը»
- Իշխանությունն արտահերթ ընտրության թեման 2-րդ պլան է մղում
- Փաշինյանն ու Ալիևն Շուշիի մասին նույն բանն են ասում
- Լենա Նազարյանին գործուղեք Մառնեուլի
- Ինքնաթագադրված «թաղապետը»
- Դավիթ Տոնոյան՝ մեծ-մեծ «փրթողը»
- Փաշինյանի որևէ նշանակում ո՛չ հուզում, ո՛չ անհանգստացնում է ինձ
- Կոդ Բ-Դ-Խ, վարձով է տրվում 3 հարկանի գոմ Մոնումենտում
- Իշխանությունը Ջհանգիրյանին, աներկբայորեն, ԲԴԽ անդամ կընտրի
- Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստին իշխանությունից որևէ ներկայացուցիչ չէր եկել
- Գժվելու բան է՝ իշխանությանն ազգովին 2 օր է համոզում ենք, որ Շուշին հայկական է
Մեկնաբանություններ