«Մարդ ա վատացել»
01.05.2020 | 00:08
Օրինաչափ է այն ամենը, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, երկրի, մեր ու Փաշինյան Նիկոլի շուրջ: Մի քիչ անհարմար է, մի քիչ ամոթ, մի քիչ վտանգավոր: Բայց սա է փաստական վիճակը: ՈՒ թե անկեղծ` այդ ամենում նաև լավ բան կա, նույն այն հանգույն, որ չկա բան, որ չգա լույսի մեջ, ու հիմա, ինչպես հայելում, ամեն բան երևում է` ի պատկեր յուրում:
ՀԱՐՑ. հնարավո՞ր է իրավիճակն ընդհանրապես դուրս գա վերահսկողությունից: Դատելով խորքային խաղացողների նախապատրաստություններից` դժվար, սակայն խաղը միայն նրանք չեն մոդերացնում, գեոքաղաքական վեկտորում տեղի ունեցողը կարող է առավել որոշիչ լինել, մանավանդ ռուս-հայկական հարաբերությունների մասով. խաղն այնտեղ ընթանում է բաց խաղաքարտերով. Ամեն րոպե կարող է խաղը փոխվել, սակայն Ռուսաստանը դեռ սպասում է, Նիկոլը` լռում:
Իրականում Նիկոլը չի լռում, նրա միջի աղմուկն սկսել է խցանել իր իսկ իշխանությունը, ամեն բան, ինչ կա նրա շուրջը, որովհետև գործիքակազմը, որով նա առաջնորդվում էր, արդեն ժանգոտել է, զորու չէ օգնելու Նիկոլին: Չխոսենք կորոնավիրուսով պայմանավորված սոցիալ-տնտեսական սպասվող կոլապսի մասին, որի առաջին ծիծեռնակները «թևեցին» գազի ու լույսի վարձավճարների տեսքով, զուգահեռ էլ սկսվեց սեփականության վերաբաշխման բացահայտ, տեղ-տեղ անչափ գռեհիկ, շատ դեպքերում իրավական որևէ օրինաչափության չենթարկվող քաոտիկ դրսևորումներով, «սամասուդի»` դեպ փողոց հորդումը, և որքան էլ Գեղարքունիքում տեղի ունեցածը նաև խորքային այլ շերտեր ուներ, այն Նիկոլ Փաշինյանի բերած` «փռեմ, ծեփեմ, կտրեմ, սամասուդ անեմ»-ի հավաքական «կերպարն» էր այն պարզ աքսիոմի հանգույն, որ մտքով կամեցար, մարմնով կատարվեց:
Մի խոսքով` Փաշինյան երևույթը, որպես սուբստանց, քայքայվում է արդեն, պետք է կարողանալ «դիմանալ» այդ քայքայումին: Քայքայումից երկու տիպի ալքիմիա կարող է գոյանալ` նոր քաոս` անվերադառնալի կորուստներով. նկատի ունենք քաղաքացիական բախման հնարավորությունը (Աստված մի արասցե), բայց և նկատառելով համաշխարհային խաղում գլոբալիստների գծած կանոնները, բացառել պետք չէ. նման դեպքերում նրանք քաոսն ավելի են ուժեղացնում, հանգեցնում են բախման, որպեսզի վերահսկողության թելերը պահեն իրենց ձեռքում, ընդ որում, այդ առոմով Փաշինյանն ուղղակի գտնված կատալիզատոր է, թե իր բնույթով` միջուկով ու ընդերքով, և թե այն ծրագրավորմամբ, որով հայտնվել է իշխանության գլխին:
Մեծ հաշվով` Փաշինյանը հիմա իր իրական տարերքի մեջ է. նա կոնֆլիկտի մեջ է իր թիմի հետ, կոնֆլիկտի մեջ է կառավարության անդամների հետ, խորհրդարանի հետ, ընդդիմադիրների հետ, գործարարների հետ, իրավապահների հետ… ինքն իր հետ: Այսօր բոլորը խոսում են նրա ոչ ադեկվատ լինելու վտանգների մասին:
Մյուս կողմից` Հայաստանում ընթանում է նաև ուժերի կոնսոլիդացիա, ընդ որում, ոչ այնքան կոնյունկտուրային, որքան բնական մակարդակում։ ՈՒժերը հասկանում են` այլևս «նեկուդա»: Ինչն անչափ կարևոր է, որովհետև կոնյունկտուրայինը շատ արագ է ոչնչանում. գործընթացը նոր է սկսվում, միս ու արյուն կստանա, թե ոչ` կախված է խաղը մոդերացնողների կամքից, մինչև վերջ գնալու պատրաստակամությունից, գրագետ մանևրելու հմտությունից:
Նկատելի է` վերջիններս ձվերը դրել են տարբեր զամբյուղներում, փորձելով տարբեր տեխնոլոգիաներով մոդելավորել ցանցային պայքարը: Վաղ է կարծել, որ հաջողում են, որովհետև, ճիշտ է, Նիկոլն այլևս չկա և աշխատում է ինքն իր դեմ, սակայն Նիկոլին մոդելավորողները տրանսկորպորացիաներ են, որոնք ցանկացած զարգացման դեպքում սցենար ունեն խաղը շահելու համար:
Մեր խորքային խաղացողները, ի դեպ, որոշակի «երակ» ապահովում են այդ առումով, սակայն խաղը նրանց համար բարդ է այնքանով, որ մեծ խաղը չի ավարտվել, ավելին` խաղի ելքերը խիստ անորոշ են. դիցուք` ահագին «վրա եկող»։ Չինաստանը, որը խիստ ակտիվացել է Հյուսիսային Կորեայի զարգացումներում, ինչն ուղղակի «մահ» է ԱՄՆ-ի համար, ի՞նչ կանի։
Սի Ցինզպինն այս օրերին պատրաստվում է լիբերալների հետ խաղեր տվող չին կառավարությանն ու նրա ղեկավարին հրաժարական պարտադրելու։ Ռուսաստանում զարգացումները նույնպես խիստ անորոշ են, այնպես որ այստեղի խորքային խաղացողները (չնայած Միքայել Մինասյանի վերջին` խիստ ազդանշանային «կրակոց»-ստատուսին), զգուշավոր դանդաղ են առաջ գնում: Ի դեպ, նրանց ամենևին պետք չէ Փաշինյան Նիկոլի այս աստիճան արագ իրենց «ոտներն ընկնելու» կոնֆիգուրացիան, քանի դեռ գեոքաղաքական զարգացումներն այդպես անորոշ են:
Բայց դե, փաստն առկա է. Նիկոլը վատ է, և ամեն րոպե կարող է «փշրվել դափնին»։
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ