Ով կփոխարինի Նիկոլին
22.05.2020 | 00:09
Նիկոլի հեռացումը, իշխանափոխությունից զատ, քննություն է` դիպե՞լ է նա մեր հատակին, բջջի մակարդակում ոչնչացրե՞լ է միաբանվելու ազգային մարմնի կարողականությունը. «Փոքր ածու, նսեմ ապրուստ» այս տեսակը կարևոր պահերին քով քովի գալու տիեզերական համակարողություն ունի. Նիկոլը քանդել է նաև ա՞յդ կոդը: ՈՒ որքան էլ պարադոքսալ` դրանից է կախված լինելու հաջորդ ամենակարևորը` Արցախի ճակատագիրը. եթե էթնոսն իր մեջ ուժ գտավ տուն ուղարկելու «օտար տարր» օրվա իշխողին, մեզ հետ սկսելու են կրկին հաշվի նստել, այլ մոտեցում հանդես բերել. նոր էջից սկսել` առաջին հերթին Արցախյան հարցում, որովհետև հասկանալու են` էթնոսը մերժեց իրենց «պրոեկտը»:
Անցնելով առաջ` անդրադառնանք Նիկոլի հեռացման տեխնիկային ու անձերին: Ասել ենք` գործընթացները միանշանակորեն ծավալվելու են խորհրդարանում: Ինչ խորքային, չևերացող զարգացումներ են ընթանում այդ ուղղությամբ՝ չանդրադառնանք, լոկ արձանագրենք՝ գործընթացները, ըստ ամենայնի, կընթանան երկու էտապով. անցումային իրավիճակ՝ կախված զարգացումներից, արտահերթ խորհրդարանական ընտրություններ` խաղացողների նոր ֆորմատով:
Պայքարը կընթանա հետևյալ անձերի շուրջ. անցումային էշելոն` Մարուքյան-Ավինյան, չբացառենք՝ «իքս» թեկնածու (այստեղ կարող են ներառվել Ծառուկյան, Վանեցյան, ինչու ոչ՝ Արարատ Միրզոյան, կախված իրադրային զարգացումներից):
Երկրորդ` բուն էշելոն, պահեստային նստարանի վրա են Միքայել Մինասյանը, որը խաղը տանում է մի քանի արարով, բավականին ակտիվ, նաև` գրագետ: Կարեն Կարապետյան, որը խաղ չի «տանում», իրեն մտածում են ու խաղում, ինչ արդյունքներով` կդիտարկենք հերթով:
Դիտարկենք առաջին էշելոնը (Էդմոն-Ավինյան): Մեկ վերջնական արձանագրմամբ` «կադրերը» չեն որոշում ոչինչ, սակայն նրանցից շատ բան է կախված, մանավանդ այսօրվա խաղի ու սպասումների պայմաններում:
Էդմոն Մարուքյան: Անկեղծ լինենք` չսեթևեթենք. նա ամենահավանական անցումայինն է: Որպես տեսակ` վզին նստող ու ցած չիջնող, մերօրյա Գիքորի «հաջողության պատմություն»: Ինտուիտիվի, ավանտյուրիզմի, անցած ուղու ու փորձի շաղախ: Նրա երկու շերտը (իրականում չերևացող տափուկ շերտեր էլ ունի) գոնե խիստ տեսանելի է. խորամանկ, «բալը թանկ է»-ի գնային մենեջեր` Բազազ Արտեմի խորքով: Նրա «հաջողության պատմությունը» բաղկացած է «մուզմուզ»-անվտանգ թվալու կարողությունից, զի ներսում ուժեղ «կապկան» ունի, բռնում է, ու իրենն է: Հարված պահող է: Պարապած: Երբեք հենց այնպես իր անգույն կերպով չի թաթախվի որևէ բանի մեջ, որից պրագմատիկ օգուտ չկա: Մեծ թռիչքների թռչուն չէ, փոքր տարածքներում շնչառությունը հերիքում է մինչև նպատակակետ:
Անալիտիկ է, ցանկացած բարդ վիճակից դուրս թռնելու մեծ ներուժ ունի: Ցայս աստղերը դասավորվել են իր օգտին, և, որպես «պրոեկտ», շատ ջանք չի պահանջվել:
ՈՒժեղ ու թույլ կողմերը. ասացինք` բնազդով զգում է որտեղ «ձվադրի», մանավանդ՝ լրատվամիջոցների մասով. երբեք տեղական լրատվամիջոցներին, էլ առավել իր ընդդիմադիր, կանչերին չի արձագանքում, չի ցանկանում Նիկոլի ջրին «անիմաստ» քար նետել, իրեն դա պետք չէ: Արագ ու շատ նուրբ է զգում` «որտեղ են ձմեռում խեցգետինները»: Երբեմն կարող է սիրտ կեղեքել իր գիքորիզմով (ով ասես` «բալ» չի առել նրա համար, կերել ու մոռացել է). ամենաթանկ քարոզարշավը 2018-ի խորհրդարանական ընտրություններին էր:
Չեղած տեղից «իլյումինատների» մի ողջ թիմ է խցկել պառլամենտ, հիմա արդեն քարերը հավաքելու ժամն է, ընդ որում, ախորժակն ուտելուց բացվելու հանգույն, նրան նախագծածները հաստատապես փայտը ձեռքները պետք է պահեն, որովհետև կարող է իշխանությունը հետո ձեռքից չկարողանան առնել (գիտենք` իշխանությունը այլասերելու, ավելին` բացարձակ այլասերելու «փիս խասիաթ» ունի):
Հա, մի բան էլ. իրենց տանը կամ էդմոն է կամ Քրիստ, կամ էդուարդ՝ նշանային համակարգի հետաքրքիր համույթ: Չանդրադառնանք նրա «ոսկերիզ» կենսագրությանը` աշխարհաքաղաքական կորի առումով»` Մոսկվա, «գունավոր հեղափոխություններ արտահանող» Լեհաստան-Վարշավա, ԱՄՆ, մի շարք միջազգային իրավաբանական ցանցերին անդամակցում: Մի խոսքով, կկարողանա՞ Էդմոնը իրականացնել իր «լուսավոր» խոսքը` տրված Նիկոլին. «Դուք իշխանության չեք լինելու, նախկինները` նույնպես, իշխանության լինելու ենք մենք»: Կդիտարկենք հաջորդիվ` Տիգրան Ավինյանի «հմայքների» ու «չրերի» ներքո:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ