Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հայաստանցիների գրեթե 3/4-ը գտնում է՝ հեղափոխությունից սպասումներն ամբողջովին կամ մասամբ իրականացել են

Հայաստանցիների գրեթե 3/4-ը գտնում է՝ հեղափոխությունից սպասումներն ամբողջովին կամ մասամբ իրականացել են
04.07.2020 | 22:03

Հայաստանցիների 80 տոկոսը լիահույս է, որ իրավիճակը երկրում կբարելավվի, և միայն 15 տոկոսն է վատատես, թե իրադրությունը երբեք չի լավանա՝ փաստում է «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն - Հայաստան» հիմնադրամի անցկացրած սոցհարցումը, որն ամփոփ ներկայացված է «Կովկասյան բարոմետր» հետազոտությունում։ Հարցման մասնակիցների 84 տոկոսը նշել է, որ դրական սպասումներ է ունեցել 2018-ի ապրիլին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից, 3 տոկոսը՝ բացասական։ Հարցին՝ «2018-ի ապրիլյան իրադարձությունների հետ կապված որքանո՞վ են ձեր սպասումները կյանքի կոչվել», 14 տոկոսն արձագանքել է՝ ամբողջովին, 59 տոկոսը, թե մասամբ են իրականություն դարձել, 20 տոկոսի կարծիքով՝ մի քիչ, և 6 տոկոսն էլ գտնում է, որ բոլորովին չեն իրականացել: 19 տոկոսի համոզմամբ՝ ներքաղաքական զարգացումները հաստատապես ընթանում են ճիշտ ուղղությամբ, իսկ 49 տոկոսի կարծիքով՝ այդ զարգացումները հիմնականում են ընթանում են ճիշտ ուղղությամբ։


Սոցհարցումն իրականացվել է փետրվարի 21-ից մարտի 15-ը։ Կառավարությունը հաջորդ օրն արտակարգ դրություն հայտարարեց երկրում՝ կորոնավիրուսով պայմանավորված։
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը (CRRC) հիմնադրվել է 2003-ին ամերիկյան Eurasia Partnership Foundation-ի կողմից՝ Նյու Յորքում ավելի քան մեկ դար գործող Carnegie Corporation-ի ֆինանսական աջակցությամբ։ 2013-ից կազմակերպությունը ֆորմալ բաժանվեց երեք՝ Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում գործող մասերի։ Երևանում գործող կառույցը կոչվում է «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն - Հայաստան» հիմնադրամ։


«Կովկասյան բարոմետր» անվամբ հետազոտությունն իրականացվում է 2004-ից և սոցհարցումների միջոցով ներկայացնում է, թե հարավկովկասյան երկրներում ինչ են մտածում քաղաքական, տնտեսական ու սոցիալական հարցերի մասին։
Ըստ հետազոտության, հայաստանցիները ամենից շատ վստահում են բանակին՝ 57 տոկոսը լիովին է վստահում, 31 տոկոսը՝ հիմնականում է վստահում։ Հաջորդը կրոնական կառույցներն են. լիովին վստահում է 46 տոկոսը, հիմնականում վստահում է 34 տոկոսը։ Հանրապետության նախագահին լիովին վստահում է հարցվածների 35 տոկոսը, հիմնականում վստահում է 41 տոկոսը։ Կառավարությանը լիովին վստահում է 27 տոկոսը, հիմնականում՝ 44 տոկոսը։ Այնուհետև, վստահության թվերը կտրուկ իջնում են։ Օրինակ, խորհրդարանին լիովին վստահում է հարցվածների 6 տոկոսը, հիմնականում վստահում է 33 տոկոսը։ Քաղաքական կուսակցություններին լիովին վստահում է 3 տոկոսը, հիմնականում՝ 17 տոկոսը։
Այս թվերի ֆոնին հարցվածների մեծ մասը՝ 35 տոկոսը իրեն ամենամոտն է համարել իշխող ՔՊ-ին, 10 տոկոսը ԲՀԿ-ին, 4 տոկոսը՝ ԼՀԿ-ին։ Խորհրդարանից դուրս գտնվող բոլոր քաղաքական ուժերին մոտ է համարել հարցվածների 4 տոկոսը՝ ՀՅԴ-ին 1 տոկոսը, «Սասնա ծռեր»-ին՝ 1 տոկոսը, նույնքան էլ՝ ՀՀԿ-ին, մնացած 1 տոկոսն իրեն ամենամոտն է համարել մյուս ուժերին։


63 տոկոսի համոզմամբ՝ Հայաստանում ընտրություններն այլևս լիովին արդար են, 24 տոկոսի կարծիքով՝ որոշ չափով են արդար, և միայն 3 տոկոսն է գտնում, որ բոլորովին արդար չեն։ Հարցվածների 29 տոկոսի կարծիքով, Հայաստանի առջև ծառացած հիմնական խնդիրը գործազրկությունն է, 13 տոկոսը գտնում է, որ հիմնական խնդիրը աղքատությունն է, իսկ 11 տոկոսը համոզված է, որ հիմնական խնդիրը չկարգավորված տարածքային հակամարտությունն է։

Դիտվել է՝ 1062

Մեկնաբանություններ