ա) Որովհետև որքան էլ ցավալի, միջազգային հանրությունը համապատասխան ջանքեր չի ներդնում, հայտարարություններից այն կողմ չի անցնում, քայլեր չի ձեռնարկում, սանկցիաներ չի կիրառում նախահարձակ կողմի, հրադադարի ու զինադադարի պայմանավորվածությունները դեֆակտո խախտող կողմի նկատմամբ: Ավելին, շատ լավ իմանալով, որ խախտողը հենց Ադրբեջանն է, չի նշում մեղավորի անունը` կիրառում է հավասարության սկզբունքը, ինչն է՛լ ավելի ահավոր է դարձնում այս պատերազմը:
բ) Իսկ չի նշում մեղավորին (սանկցիաների մասին խոսելը շռայլություն է), որովհետև «միջազգայինը» մտքում գաղտնի պլան «բ» ունի. այն է` թող հակամարտող կողմերը հյուծվեն, որևէ մեկը մեծ առավելության չհասնի, հոգեբանորեն` ռազմական, կորուստների բեռի ներքո կքած` հյուծող պատրաստվեն բանակցությունների սեղանի շուրջ նստելու, այն է` փոխզիջումների… Մինչ այդ էլ «միջազգայինը» լիարժեք կկողմնորոշվի:
գ) Կարող է պարադոքսալ թվալ, սակայն բանն այն է, որ, բոլոր դեպքերում, դաժան այս գոյամարտը ձգձգվում է նաև ամերիկյան ընտրություններին «ընդառաջ»: Հասկանալի է, չէ՞, որ նոյեմբերի 3-ին ավելի հստակված աշխարհ կունենանք` գլոբալիստներ-պատրիոտներ` Բայդեն-Թրամփ պայքարում (չնայած ի տարբերություն գլոբալիստ Բայդենի, որն ՈՒկրաինայում ունի «ակտիվներ», «պատրիոտ» Թրամփն ակտիվներ ունի հենց Ադրբեջանում): Գաղտնիք չէ` ամերիկյան խաղացողները, առանց ցուցանելու` միանշանակորեն թուրք-ազերիական համակրանքների ծիրում են. հենց միայն ամեն ինչ արժեին պետքարտուղար Պոմպեոյի վերջին բարձրաձայնումները Ղարաբաղյան պատերազմի, չկայացած հրա-զինադադարների առումով. ինչը մեղմ ասած` ամերիկյան «ժողովրդավարության», այն է` ցինիզմի արտահայտության կոչնակ էր` նախորդ դարում Էրդողանի ու Ալիևի նախնիների կողմից ցեղասպանություն ապրած հայ ժողովրդի հանդեպ:
Կարելի էր նշել նաև Թրամփին, որն ԱՄՆ-ում ունի պատկառելի քանակով հայ ընտրողներ, նրան նույնպես չի հուզում Ղարաբաղյանը, բացի հատուկենտ ոչինչ չասող նախադասություններից, նա գրեթե չի անդրադառնում հումանիտար այդ աղետին: Սակայն այստեղ իր մեղքի բաժինն ունի նաև ամերիկյան հայ համայնքը, որը փողոց փակելու, հայտնի լրատվամիջոցների դեմ բողոքի ակցիաներ կազմակերպելու փոխարեն, պետք է շատ հստակ պահանջի թե՛ Թրամփի վարչակազմից, թե՛ դեմոկրատ Բայդենից. քվե` Ղարաբաղի նկատմամբ ճշգրիտ, դատապարտող մոտեցման դիմաց: Էլ առավել չկայացած` հրա-զինադադարների մասով:
դ) Նուրբ իրավիճակում է նաև Ռուսաստանը: Հայաստանյան լանդշաֆտում Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը ակնհայտորեն փոխվել է վերջին օրերին. հայոց մեծ սպասումները «մայր-Ռուսիայից» են, չնայած այստեղ ևս սառույցը չի հալվում: Ռուսաստանն իր հերթին խիստ նրբագեղ է վարում խաղը` ռազմական, դիվանագիտական հարթակներում` փորձելով պահպանել պարիտետը Հայաստանի և Ադրբեջանի միջև. նախորդ օրը ռուսաստանյան առաջնակարգ լրատվամիջոցների վերլուծականներից եզրակացության էիր հանգում, որ Ռուսաստանը առավել «խաղաղության» կողմնակիցն է, քան ի անհրաժեշտություն, որպես ռազմավարական գործընկեր, միջամտողի, որպես ՀԱՊԿ անդամ, ինչի մասին հիշեցրել է անձամբ Վ. Պուտինը: Ի դեպ, ըստ հայ-ռուսական մեծ պայմանագրի, Ռուսաստանը ստանձնումներ ունի Հայաստանի զենքի մատակարարման, անվտանգության պահպանման: Այստեղ բազմակետեր դնենք` առաջ չգնալու համար, սակայն արձանագրենք, որ Վ. Պուտինի խոսքը` Ռուսաստանն ի անհրաժեշտություն կկատարի իր պարտականությունները, լուրջ զգուշացում էր Ղրիմը ռուսական տարածք չհամարող Էրդողանին ռուսական խաղաքարտերը չխառնել, մանավանդ երբ ինքը` Ռուսիան, մի ձեռքով Կասպից ծովում լուրջ զորավարժությունների է, մյուս ձեռքով Իդլիբում Ղարաբաղ տեղափոխվելիք ահաբեկիչներին է վերացնում:
Ռուսաստանը խիստ նրբագեղ Ալիևին ու յուր «պատրոնին» հասկացնում է` մտքներովդ չանցնի տարածաշրջանի հետ կապված մեզ հետ փաթեթով խոսել, էլ առավել` Գոբլի ամերիկյան ծրագիրը` Մեղրիով Նախիջևան «մտնելու» մասին իսկ մտածել:
Իսկ որ փաթեթով տարածաշրջանը վերցնելու իդեա-ֆիքս ունեցող Էրդողանը իր պուճուր բալա Ալիևի ձեռքով փորձում է խաղաքարտերը խառնել, նոր պարտիա սկսել, մանավանդ որ ոչ կայծակնային պատերազմը հաջողվեց, ոչ էլ Նախիջևան «մտնելը» (իսկ նախորդ օրն էլ փորձեց Իրանը ներքաշել գործընթացի մեջ` Արցախի և Իրանի սահմանային Խուդաֆերինի ջրամբարի ուղղությամբ), ինքնին հասկանալի է:
Նյու-ցեղասպաններ` «հայր ու որդի»` Էրդողանն ու Ալիևը հասկանում են, որ այսպես երկար շարունակվել չի կարող, փորձում են իրենց գենետիկ ստորությանը հավատարիմ` հրադադարի-զինադադարի քողի տակ, հասնել իրենց այդպես էլ բլիցկրիգով (կայծակնային պատերազմով) իրականություն չդարձող նպատակներին, ինչը ցայս անհնար էր ու հետայսու ևս կլինի անհնար:
Ահա թե ինչու չի կայանում զինադադարը:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ