Թուրքն արդեն Սյունիքն է իր թիրախում պահել, քաղաքական ուժերը դեռ միավորման սահմանադրական ու հակասահմանադրական ձևերի փնտրտուքի մեջ են։
Նախօրեին 13 կուսակցությունների հայտարարությունը քննադատությունների և շահարկումների առիթ տվեց։ Այս իրավիճակում մարդիկ չխորշեցին էլի հին ու նոր անելուց, դավաճաններ փնտրելուց, պատերազմի օրերին աթոռակռվի մասին խոսելուց։ Իսկ ինչ է «հին» կուսակցությունների առաջարկը. հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ՝ օժտելով նրան որոշումներ ընդունելու, օպերատիվ գործողություններ ծրագրելու և համակարգելու իրավասություններով, հայրենքի պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար ներգրավել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նախկին և գործող նախագահներին, վարչապետներին, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, ռազմական և քաղաքական փորձառություն ունեցող անձանց:
Սա համարվեց հակասահմանադրական, վտանգավոր ձեռնարկում, ոչ ավել-ոչ պակաս՝ դավաճանություն։ Այս պահին հայ ժողովրդին քիչ է հետաքրքրում, թե նախկիններն ու նորերը ինչ չեն կարողանում կիսել իրար մեջ, մարդիկ, աչք ու ականջ դարձած, հետևում են սահմանից եկող լուրերին։ Մեզ միայն մեկ բան է պետք՝ օր առաջ կանգնեցնել այս ահասարսուռ պատերազմը։ ՈՒ եթե քաղաքական ցանկացած միավորում, ինչ անուն էլ այն կրի, կկարողանա գրագետ և բանիմաց գործիքակազմով այս ամենին վերջ տալ, ուրեմն պիտի գործի դրվի։ Հիմա ողջ ժողովրդի ճակատագիրն է զոհասեղանին դրված։
Օրհասական այս օրերին չկա, չպիտի՛ լինի իշխանություն-ընդդիմություն տարանջատում, կա մեկ ընդհանուր ճակատ թշնամու դեմ, որի միակ նպատակը երկրի ու ժողովրդի փրկությունը պետք է լինի։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ