Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԿԱՐԵՎՈՐՆ ԱՍՏԾՈՒ ԾԱՌԱՆ ԿԱՄ ՈՐԴԵԳԻՐԸ ԼԻՆԵԼՆ Է, ՈՐ ԿԱՅԱՆՈՒՄ Է ՀԱՎԱՏՈՎ, ԱՄՐԱՆՈՒՄ` ՀՈՒՅՍՈՎ, ԵՎ ԾԱՂԿՈՒՄ` ՍԻՐՈՎ

ԿԱՐԵՎՈՐՆ ԱՍՏԾՈՒ ԾԱՌԱՆ ԿԱՄ ՈՐԴԵԳԻՐԸ ԼԻՆԵԼՆ Է, ՈՐ ԿԱՅԱՆՈՒՄ Է ՀԱՎԱՏՈՎ, ԱՄՐԱՆՈՒՄ` ՀՈՒՅՍՈՎ, ԵՎ ԾԱՂԿՈՒՄ` ՍԻՐՈՎ
17.09.2010 | 00:00

Այսօր ավելի շատ հոգևոր վտանգներ կան, քան երբևէ։ Քրիստոսի անունով բազում հոգեորսներ, որ, ըստ էության, սատանայի կամքն են կատարում, ցույց տալով իրենց անմեղ, արդար ու անդատապարտելի, ովքեր իրենց ընկերակիցների վրա երևացնում են իրենց եղծ ու ներքինից հրեշավոր անձերը, որպես թե աստվածություն, իրենք իրենցով կեղծ մի Քրիստոս ի հայտ անելով, այդպես հոգիներ ստրկացնելով ու հեռացնելով նրանց կենդանի Քրիստոսից, որ զոհագործվեց մեղավորների ու նրանց կյանքի համար:
Հովհաննես առաքյալն առաքյալ լինելով ոչ թե հավատի ճամփան բռնածի դատաստանը որոնեց, այլ մեղքից մաքրվելու ուղին նշեց` յուրաքանչյուրի համար. «Իսկ եթե լույսի մեջ ենք քայլում, ինչպես ինքն է լույսի մեջ, հաղորդության մեջ ենք լինում միմյանց հետ, և նրա Որդու՝ Հիսուսի արյունը մաքրում է մեզ ամեն մեղքից: Եթե ասենք՝ մենք ոչ մի մեղք չունենք, մենք մեզ ենք խաբում, և ճշմարտություն չկա մեր մեջ»: Մինչդեռ ոմանք զոհագործված Փրկիչ Աստծուն որպես բոբո են ներկայացնում, որ ասես սպասելիս լինի որևէ մեկի սխալին, ու չարախնդալով վերջը տա և ո՛չ թե փրկի, և ո՛չ թե հանի փորձությունից: Նման շեղ հավատ քարոզելով` ամայացնում են շնորհից որքան կարող են, դարձնելով անապատ: Այսպես սպանում են հավատդ, հույսդ, սերդ, մատնելով քեզ խոր ամայության ու ամլության: Որովհետև ամենքս էլ մեղավոր ադամորդի լինելով, ամեն օր և հաճախ` ամեն ժամ, կարիքն ունենք Քրիստոսի միջոցով մեր արդարացման, ըստ Հովհաննեսի վերը հիշատակված խոսքի: Սակայն սուտ հովիվները, որ ամենաարդարն են ձևացնում իրենք իրենց, կամ իբրև` «կեղծ մեղավոր», բայց իրենք իրենցով հիացած մնալով, հաճախ հիմարական բաներ են կնքում, թե` իրենցով շեղը հրահանգված է Աստծուց ու հրատարակում են` պղտորելով շատերի միամիտ ու հստակ հավատը Քրիստոսի` Աստծո Որդու փրկագործության հանդեպ: Դավիթ մարգարեն իր սաղմոսում, որ ադամորդի ոչ մի արդար մարդ չկա, ասում է.
«Քո ծառա՛ն եմ ես,
դատաստանի մեջ մի՛ մտնիր ինձ հետ,
որովհետև որ՝
չի՛ արդարանա երբեք Քո առջև ոչ մի արարած:
...Հանուն անվան Քո՝ ապրեցրո՜ւ ինձ, Տե՜ր,
նեղություններից անձն իմ փրկելով՝
Քո՜ արդարությամբ:
Ողորմությամբ Քո՝ թշնամիներիս Դո՜ւ սատակեցնես,
անձս նեղության մեջ կապողներին դնե՜ս կորստի,
որովհետև որ՝ ես ծառա՜ն եմ Քո»:

Սաղմոս 142-ից
Այսինքն` կարևորն այստեղ Աստծու ծառան կամ որդեգիրը լինելն է, որ կայանում է հավատով, ամրանում` հույսով, և ծաղկում` սիրով: Այդ բանի համար հոգեորսների հանդեպ պատիժ է խնդրում Դավիթ մարգարեն, որոնք իբր թե շատ գիտություն ունենալով, սակայն, ի բնե խորամանկությամբ կամ խարդավանքով, ներքնապես լկտի հրեշ լինելով, կապանքի են ենթարկում Քրիստոսին հուսադրած հոգիներին: Խաբում են նրանց հավատը, և արդեն մարդն ինքն է ընկնում կորստի մեջ, որովհետև Տիրոջ հոտի ոչխարները փրկվում են ոչ թե շատ գիտությամբ կամ անհոգի ու խառնակ գործերի շատությամբ, այլ հավատով, հույսով և սիրով, որոնք են միայն, որ հոգևոր են ու ճանապարհը քրիստոնյայի, որի մեջ մնալն է Ավետարանում «Նեղ դուռ» անվանվում:
«Օձերի նման լեզուներն իրենց սրեցին սաստիկ՝
իրենց շրթերում թույն հավաքելով:
Պահպանի՜ր ինձ, Տե՜ր՝ մեղավորների մահարար ձեռքից,
փրկի՜ր իմ հոգին չա՛ր մարդու լարած որոգայթներից:
Խորհուրդ արեցին, որ իմ ընթացքը կոտրե՛ն, խափանե՛ն,
և ամբարտավան մարդիկ լարեցին գաղտնի որոգայթ,
և որոգայթի պարաններն իրենց ոտքերիս գցած՝
քաշեցի՛ն հատու,
շուրջս գտնվող իմ շավիղներում
գայթակղության վարմե՛ր դնելով:
Ես Քեզ ասացի՝ իմ Աստվա՜ծն ես Դու,
ակա՜նջ արա, Տե՜ր, աղոթքիս ձայնին:
Տե՜ր, Տե՜ր, այդ Քո՛նն է
զորությունը ինձ փրկություն բերող,
պատերազմի մեջ գլխիս հովանին:
Մեղավորների ցանկությանը, Տե՛ր, մի՛ մատնիր հոգիս,
քանի որ նրանք իմ առջև անվերջ դավն այդ խորհեցին,
վա՜յր մի՛ գցիր ինձ,
որպեսզի նրանց խորհուրդները վեր չբարձրանա՛ն
ու չկատարվե՛ն.
նրանց վախճանը թող այսպե՛ս լինի՝
իրենց շրթերի վաստակները թող հավաքվե՛ն, ելնե՛ն
ու ծածկե՛ն իրենց:
Կրակի կայծե՛ր բեր նրանց վրա՝ կործանի՛ր նրանց,
նրանց այնպե՛ս դիր տառապանքի մեջ,
որ չկարենա՛ն այլևս ապրել»:

Սաղմոս 139-ից

Այս նեղ դռան մեջ մնալու խաչակիր կայունության մասին Նարեկացին ողջ մի մատյանի հեծեծանքների, մաղթանքների, օրհնանքների, բանավոր ընտիր ընծաների կենսագրությամբ արտահայտեց.
«Ընդունի՛ր, օրհնյա՛լ, կարճառոտ արած հյուսվածքը խոսքիս`
բարեհաճությա՛մբ, ո՛չ թե բարկությամբ:
Որովհետև որ` խոսքս է վեր ելնում
իմ զգայության խորերից, ինչպես
Քո սուրբ տաճարին խորհրդապատկեր անձիս սենյակից,
որ վայրկյան առաջ բանական զոհիս կամավոր ընծան,
գա՛ ու հասնի՛ Քեզ,
որպես ողջակեզ ճարպի լիությամբ,
որով ահա ես դարձել եմ պարարտ:
Եվ երբ որ ինձ հետ դատի մեջ մտնես, Հզորդ ամենա,
զոհն այս խառնվի իմ աղերսներին...»:

Մատյան ողբերգության, ԲԱՆ Ա

Մեծ հոգևորներից որևէ մեկն իր աղոթքներում չհպարտացավ, այլ իր մեղքերի շատությունը հեծեծանքով պախարակեց և Աստծո Որդու ողորմածության մեծությունը տեսավ: Իսկ այս նոր քարոզիչներից մեկն իր գրքում ինքն իրեն այնքան է արդար տեսնում կամ երևակայում, որ իր մարմնավոր մեղքերից առաջացած հիվանդությունը լրջորեն համեմատում է Գողգոթայի հետ, ուր Աստծո Որդին խաչվեց: Ասես չարքի դպրոցի ինքնասիրատածման դասընթացն ավարտած լինի: Այդպես ի հայտ անելով նոր մի կեղծ քրիստոսի վայ կերպար: Ա՜յ քեզ ինքնագնահատական, իր մեղքերից հիվանդացած մարմինը համեմատելով, գրեթե նույնական դիտելով մարդկության մեղքերի համար անարատ Զոհագործվածին, որ ամենքին է անխարդավ հույսի հենարան ու խարիսխ: Պարզվում է` մի նոր փրկիչ է ծնվել, որի մասին ոչ մարգարեներն են զգուշացրել, և ոչ էլ միամիտ քրիստոնյաներն են տեղյակ: Աստծո առաջ անմեղ մարդ չկա, ամենքս ենք մեղավոր, բայց սեփական մեղքն այլոց վաճառելը, որպես պարկեշտության անօրինակ դրսևորում, միայն երես տված և այլասերված հոգին կարող է անել: Այդպես իսկ հիշեցնելով աշխարհը գլոբալացնող մեծամիտ ու սին, այլասերված ուժերին, որոնք կարծում են, թե իրենք տերերն են, իսկ Քրիստոսին հուսադրածները` գոյեր, որ նշանակում է թե` մարդանման անասուններ, սոսկ արժան միայն վերացնելու, կեղեքվելու կամ ստրուկ լինելու, պատժվելու: Տա՛ Աստված, ուշադիր լինենք ու չխաբվենք Դավիթ մարգարեի հիշատակած իրենք իրենց չար շահը փնտրող հոգեորսներից, ովքեր ներքնապես կենդանի Քրիստոսին դրուժան ապրելն ընտրեցին, սակայն «բերաններն իրենց երկնքում շրջեցնելով», որոնցից ազատվելու համար Դավիթը Աստծուց այսպես է խնդրում.
«Հույսս Քո վրա դրեցի, Աստվա՛ծ,
իմ բոլոր-բոլո՜ր հալածիչներից հասի՛ր-փրկի՜ր ինձ
և ինձ ապրեցրո՜ւ:
Չլինի հանկարծ առյուծի նման գան հափշտակեն,
և չգտնվի որևէ մեկը, որ ինձ ազատի,
և մեկ ուրիշը, որ ապրեցնի՛ ինձ»:

Սաղմոս 7-ից
Եվ կամ.
«ՈՒշադի՜ր եղիր իմ աղոթքներին,
որովհետև ես խիստ խոնարհ եղա,
մահս որոնող հալածիչներից՝ ապրեցրո՜ւ, Աստվա՜ծ,
որովհետև որ՝ հզորացե՜լ են ինձնից ավելի»:

Սաղմոս 141-ից

Այսինքն, նրանք, որ սատանային պատճառ չեն դիտում սկզբնական մեղքի, այլ միայն մարդուն, որպեսզի նրանց վրա արդար ցուցանվեն ու նստեն նրանց գլխին, որպես բռնակալ հոգևոր դատ ու դատաստանի, աչքին դեռ անտես, բայց ակնհայտ մարդասպանություններով ու մնացածի հույսը կտրելով Տերունական ներումից ու փրկությունից, պիտի ի հայտ լինեն, և որ սևն ու սպիտակը, չարն ու բարին պիտի ի հայտ լինեն, և ո՛չ թե խառնակվի, ինչպես այս չար արվեստի երկրպագուների թերմիտ հրապարակումներում է հաճախ արվում:
Այսպես, ժամանակակից հոգեորսները, ինչպես բոլոր ժամանակներում, Աստծո խոսքից օգտվում են` ըստ իրենց ներքին խարդավանքների, այնպես, ինչպես անազնիվ բիզնեսի մեջ գտնվողները, այլոց հոգևոր սպանդն են որոնում` նրանց ժառանգությունը բռնադատելով այլոց խժռելուց գիրանալով ու պարծենալով, թե խառն է ժամանակը, ո՞վ կնկատի, որ իրենք, Տիրոջից էլ դեռ ավելին` տերեր են իրենց համարում և երևակայում, և ոչ թե ազնվասիրտ են, այլ «Անպիտան ծառաներ», ինչպես Գիրքն է ասում:
Սակայն մենք այսօր խոսում ենք պարզ ու հստակ, սկզբից մարդուն որպես շնորհ տրված անխարդավ հավատի մասին, որին ոչ մի բան չի կարող փոխարինել, որտեղ ինքնասիրահարված մարդկանց խարդավանքի համաշխարհային գործոնը, որ չարից է հրահանգավորվում, կեղծ արդարության իր գահին նստած, իր փուշը որպես նուշ ներկայացնելով ու վաճառելով, տեղ չունի:
Ըստ այդ պարզ և հստակ հավատի են մեր եկեղեցու կարգերն ու Տաղավար տոները, որոնք Քրիստոսի կենդանարար ներկայության հետ են հարաբերում նրան հուսադրածներին, բաժանելով նրանց մխիթարություն և մտքի լուսավորություն, հոգու առողջություն:
Ըստ մեր ավանդական հավատի, եկեղեցին Քրիստոսի մարմինն է, և մարմնի գլուխը Քրիստոսն է, ուստի, Տաղավար տոները և բոլոր մյուս Տերունական տոներն ու սուրբ պատարագը, Քրիստոսի բանավոր մարմնին մեր անդամակցելն է անընդհատ նորոգում, Քրիստոսի իսկ կենդանի գլխավորությամբ: Այդ պատճառով, մանավանդ մեզ նման փոքր ժողովրդի համար, որ շրջապատված ենք անբարի մի քանի հարևաններով, հարկ է, որ այդ տոները ժողովրդայնացնենք, ազգովին նորոգվելով ու լուսավորվելով և զորավորվելով Քրիստոսի հովվությամբ, Աստծո Որդու, որով են արդարության և իրավունքի բոլոր պատվարժան հաղթանակները: Տաղավար տոների մեջ լինենք և կամ ներառենք այդ տոները մեր մեջ, որպես մեր կենսագրությունը բժշկող ու կենդանացնող պարգև պատգամներ, աղոթելով Դավիթ Սաղմոսերգուի այս խոսքերով.
«...ինձ ընդունողը Դու՛ ես,
իմ Տե՛ր ու ապավե՛ն Աստված,
և իմ հույսը միշտ Քե՛զ է բարձրանում:
Ինձ որս անողի դրած թակարդից Նա՛ պիտի փրկի
և ազատի ինձ այն խոսքերից, որ
հոգին դնում են խռովության մեջ:
Հարկ եղած պահին կշալակի՛ քեզ,
և Նրա հաղթող թևերի վրա պիտի հո՛ւյս դնես:
Ճշմարտությունը Նրա որպես զենք շուրջդ կլինի:
Գիշերվա ահից դու չե՛ս վախենա,
ոչ էլ ցերեկով թռչող սուր նետից:
Խավարում շրջող որևէ բանից դու չես խռովվի,
ոչ էլ կեսօրին, երբ որ դևերը գայթակղության որոգայթ դնեն:
Հազար հազարներ քո կողմից կընկնեն,
տասնյակ հազարներ՝ աջի հարվածից,
թե մոտենան քեզ չար նպատակով:
Միայն աչքովդ դու պիտի տեսնես անկումը նրանց՝
հատուցումները մեղավորների,
որովհետև, Տե՛ր, իմ հույսը Դո՛ւ ես...»:

Սաղմոս 90-ից

Դավթի սաղմոսները մյուս բոլոր աղոթքներից տարբերվում են, որովհետև անմիջականորեն են խոսում հոգու ամենակարևոր խնդիրների ու հոգևոր դեղերի մասին: Սաղմոսները նաև Սուրբ Հոգով հուշված մարգարեություններ են: Սաղմոսներով աղոթել է և Տեր Հիսուսը, նաև իր քարոզներում մեջբերումներ անելով: Այդ է պատճառը, որ առաքյալները հրահանգեցին եկեղեցու պաշտամունքների ժամանակ Դավթի սաղմոսներն ընթերցել, Դավթի սաղմոսներով աղոթել: Մենք այսօր ձգտեցինք առաքյալների հրահանգած այդ ավանդը պահել:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1461

Մեկնաբանություններ