Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՏԵՂԵԿԱ՞ՆՔՆ ԷՐ ՄԵՂԱՎՈՐ

ՏԵՂԵԿԱ՞ՆՔՆ ԷՐ ՄԵՂԱՎՈՐ
01.07.2011 | 00:00

Վերջին մեկ-երկու ամսում կառավարությունը հաստատեց մի շարք որոշումներ ոստիկանության, առողջապահության ոլորտներում, որոնց նպատակը բարեփոխումներն են ի շահ ժողովրդի։ Ինչ խոսք, բարեփոխման ծրագրերը շատ հարցերում թեթևացնում են ժողովրդի հոգսերը` ձերբազատելով ավելորդ թղթաբանական քաշքշուկներից։ Սակայն երբ խորապես ուսումնասիրում ենք այդ բարեփոխումները, ապա պարզվում է, որ դրանցում կան հարցեր, որոնց կանոնակարգումն անհրաժեշտություն է, քանի որ առկախ են մնում մարդու առողջության պահպանման և անվտանգության հարցերը։
Պարզվում է` նշված ոլորտներում բարեփոխումներից հետո մարդու առողջության մասին վկայող փաստաթուղթը` տեղեկանքը, ավելորդ է։ Օրինակ, այսուհետ ավտոմեքենա վարելու իրավունք ստանալու համար «փսիխո» ասված տեղեկանքն այլևս պետք չէ։ Քաղաքացու առողջության մասին տվյալները ոստիկանության տեղեկատվական բազա կփոխանցվեն առողջապահության նախարարության կամ համապատասխան տեղամասային պոլիկլինիկայից։ Մի կողմից` կառավարությունը փորձում է մեղմել կոռուպցիոն ռիսկերը` վերացնելով քաղաքացի-բուժհիմնարկ շփումը, սակայն, մյուս կողմից, ո՞րն է երաշխիքը, որ տեղամասային պոլիկլինիկան կամ առողջապահության նախարարությունը քաղաքացու առողջության վերաբերյալ իրական պատկերն են ներկայացնում։ Այս ենթադրությունը դատարկ մտավարժանք չէ, այլ հիմնավորված մտավախություն։ Գաղտնիք չէ, որ քաղաքացին հաճախ դիմում է իր ծանոթ բժշկին և ոչ տեղամասային կամ ընտանեկան բժշկին։ Արդյունքում ստացվում է, որ տեղամասային պոլիկլինիկայում նա միայն հաշվառված է, իսկ իրականում կարող է բազմաթիվ հիվանդություններ ունենալ` սկսած դալտոնիզմից, վերջացրած նյարդային հիվանդություններով։ Նկատենք, որ ստացիոնար բուժհիմնարկներում առանց հոսպիտալացվելու բուժվող քաղաքացու մասին առանձին տեղեկություն չի հավաքագրվում։ Բացի այդ, շատ են դեպքերը, երբ մարդն առողջական բազմաթիվ խնդիրներ ունի, սակայն մինչև դանակը ոսկորին չի հասնում, բժշկի չի դիմում։ Այս դեպքերում չի բացառվում, որ վարորդական իրավունք կարող է տրվել մի մարդու, որն առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունի, և ավտոմեքենայի ղեկը նրա ձեռքում ուղղակի «պայթուցիկ» կարող է լինել։
Նույն խնդրին ենք առնչվում նաև, երբ խոսքը լողավազանների մասին է։ Հիշեցնենք, որ մինչ վերջերս լողավազանից օգտվելու համար անհրաժեշտ էր բժշկական տեղեկանք, սակայն կառավարության որոշմամբ այդ պահանջը հանվեց։ Այս դեպքում ևս, նպատակ ունենալով թեթևացնել բնակչության հոգսը, չի բացառվում, որ նրանք ավելի լուրջ խնդրի առջև կարող են կանգնել։ Այն պարզ տրամաբանությամբ, որ մաշկային, վեներական հիվանդության հարուցիչները չեն «խեղդվում» լողավազանում։ Նկատենք, որ բժշկական տեղեկանք չի պահանջվում նաև մանկապարտեզներում։ Այսինքն, երեխան կարող է ցանկացած վիրուսով հիվանդ լինել կամ քրոնիկ լուրջ հիվանդություն ունենալ, բայց դա հոգ չէ, մանկապարտեզի անձնակազմը կարող է և տեղյակ չլինել դրա մասին։ Եվ ոչինչ, որ հանկարծ հիվանդ երեխան առողջական խնդիրներ ունենա մանկապարտեզում, միևնույն է, մանկավարժը հո բժիշկ չէ՞, ի՞նչ կարող է անել։ Ինչ խոսք, մանկավարժը բժիշկ չէ, սակայն տեղեկություն իր սանի մասին պետք է ունենա` անհրաժեշտության դեպքում շտապօգնությանը լիարժեք տեղեկություն տալու համար։
Շատերը կասեն` ի՞նչ տարբերություն` բժշկական տեղեկանքը պարտադիր էր, բայց միևնույն է, այն հաճախ տրամադրվում էր քաղաքացու բանավոր «առողջ է» խոսքի հիման վրա։ Չենք վիճի, նման երևույթ կար, և դա լուրջ խնդիր էր։ Նման դեպքերում տեղեկանքը կար, թե չկար, միևնույն էր։ Սակայն արդյո՞ք այդ բացթողումը վերացնելու փոխարեն ճիշտ էր ընդհանրապես այդ տեղեկանքը գործառությունից հանելը։ Կարծում ենք` ճիշտ կլիներ աշխատել այդ տեղեկանքների արժանահավատության ապահովման ուղղությամբ, խստացնել մոտեցումներն ու պահանջները։ Իսկ դրանք գործածությունից հանելը, կարծում ենք, նպաստելու է հիվանդությունների, հատկապես վարակիչ հիվանդությունների տարածմանը և մյուս ոլորտներում նոր խնդիրների առաջացմանը։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1479

Մեկնաբանություններ