Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՆԵՐԻ՛Ր ԻՆՁ, ՏԵ՛Ր, ՈՐ ՉԿԱՐՈՂԱՑԱ ԸՍՏ ԱՐԺԱՆՎՈՒՅՆ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼ ՔԵԶ ՔՈ ՇՆՈՐՀՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՆԵՐԻ՛Ր ԻՆՁ, ՏԵ՛Ր, ՈՐ ՉԿԱՐՈՂԱՑԱ ԸՍՏ ԱՐԺԱՆՎՈՒՅՆ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼ ՔԵԶ ՔՈ ՇՆՈՐՀՆԵՐԻ ՀԱՄԱՐ
08.10.2010 | 00:00

Իվան ԻԼՅԻՆ

Եվ գոհություն Աստծուն` նրա անպատում շնորհների համար։
Բ. Կորնթ. 9, 15

Անտարակույս է, որ մարդկությունը կգտնի այն ուղիները, որոնք տանում են սեփական մշակույթի նորոգման, խորացման և թևավորման։ Սակայն դրա համար նա պետք է սովորի երախտապարտ լինել և հենց դրա վրա կառուցել սեփական հոգևոր կյանքը։ Ժամանակակից մարդկությունը չի գնահատում այն, ինչը տրվում է իրեն, չի տեսնում սեփական բնական և հոգևոր հարստությունը, դուրս չի հանում սեփական ներքին աշխարհից այն, ինչը զետեղված է իր մեջ։ Նա գնահատում է ոչ թե հոգու ներքին զորությունը, այլ արտաքին իշխանությունը` տեխնիկական և պետական։ Նա ցանկանում է ոչ թե ստեղծագործել, ստեղծել ու կատարելագործել, այլ իշխել, հրամայել ու վայելել։ Եվ այդ պատճառով նրա համար միշտ ամեն ինչ չափազանց քիչ է. նա անվերջ հաշվում է իր «կորուստներն» ու տրտնջում։ Նա համակված է ագահությամբ և նախանձով, իսկ երախտագիտության մասին չգիտի ոչինչ։ Եվ մեզնից յուրաքանչյուրը պետք է նախ և առաջ սովորի լինել երախտապարտ։ Մեզ բավական է միայն բանալ մեր հոգևոր աչքը և ուշադրությամբ նայել կյանքի խորքը, ու մենք կտեսնենք, որ ամեն մի պահը կարծես քննում է մեզ` հասունացե՞լ ենք արդյոք մենք երախտապարտ լինելու համար և արդյոք կարո՞ղ ենք շնորհակալություն հայտնել։ Եվ նա, ով դիմանում է այդ քննությանը, իրեն կարող է համարել ապագայի մարդ։ Նա կոչված է ստեղծելու նոր աշխարհը և նրա մշակույթը, արդեն կրում է դրանք իր մեջ, նա ստեղծագործող մարդն է։ Իսկ նա, ով չի դիմանում այդ քննությանը, բռնված է հոգևոր կուրությամբ և նախանձով, կրում է իր մեջ կործանվող մշակույթի քայքայումը, նա ապրած-պրծած անցյալի մարդ է։
Ահա հոգևոր լինելու չափանիշը, ահա օրենքը և չափը, որոնց մասին շատ քչերն են մտածում, սակայն որոնց միջոցով անհրաժեշտ է տարբերել մարդկանց։
Հենց որ մարդը բանա սեփական հոգևոր աչքը և ըմբռնի իրեն շրջապատող տիեզերքը` առօրյա այդ դաժան կեղևի և սովորական դարձած անկենդան ճղճիմության միջով, ապա կբացահայտի մեծաթիվ շնորհներ, որոնք շրջապատում են իրեն։ Սովորաբար մենք ընդունում ենք այդ շնորհներն անձնավստահորեն և անտարբեր, որպես ինքնին հասկանալի մի բան, որը մեզ հասնում է։ Մենք չափում ենք այդ պարգևները մեր անձնական շահի չափով և տրտնջում ու զայրանում ենք, եթե ինչ-որ բան մեզ չի բավարարում կամ չի համապատասխանում...
Մենք անցնում ենք այս կյանքի միջով տիրատենչ ու ինքնագոհ տերերի պես, որոնք լիակատար իրավունք ունեն նկատելու և ուշադրություն չդարձնելու, ընդունելու և մերժելու, հավանություն տալու և կշտամբելու, օգտվելու և մոռանալու։ Մենք ընտրում ենք պետքականը և օգտակարը, նախընտրում ենք հարմարն ու հաճելին և թողնում մնացածն առանց ուշադրության։ Ապերախտ ժառանգորդների պես մենք բոլորովին չենք մտածում Նրա մասին, Ով թողել է մեզ այդ կենսական հարստությունը և Ով ներդրել է յուրաքանչյուր ամենափոքրիկ ընծայի մեջ Իր Ոգու հետքերը։
Հենց որ բանանք մեր հոգևոր աչքը, ապա ամենուրեք կտեսնենք այդպիսի պարգևների մի ամբողջ հարստություն, որոնք տրված են մեզ ոչ թե կենսական օգտագործման կամ չարաշահման, այլ ուսումնասիրելու, մեկնելու, զմայլվելու և ուրախանալու համար։ Մենք հետ ենք սովորել Աստծու այդ իսկական հրաշքներով հիանալուց, մենք անցնում ենք նրանց կողքով քարացած ու սառը սրտով, ու եթե որևէ մեկը զմայլվում է դրանց խորհրդավորությամբ, ապա մենք փորձում ենք հիասթափեցնել ու «հանգստացնել» նրան մեխանիկական-տափակ «բացատրությունների» օգնությամբ և համարում ենք դա մեր «կրթվածության» և «լուսավորվածության» հատկանիշ։ Բայց դա հենց վկայում է մեր հոգևոր անպտղության և մեկ էլ մեր նախանձի ու ապերախտության մասին։ Քանզի նա, ով ստանում է ինչ-որ թանկագին պարգև, սկսում է անգթորեն շահարկել այն, զուրկ է երախտագիտության զգացումից. նա պատասխանում է առատաձեռնությանն անգթությամբ և բարեգթությանը` արհամարհանքով, ինչը բացահայտում է նախանձողին։ Իսկ նախանձը նրան դարձնում է կույր։ Աշխարհը լի է Աստծո հրաշքներով. ահա հին իմաստությունը, որը երբեք չի խամրի։ Ոչ մի գիտական հետազոտություն և հայտնագործում չեն խլի նրանից ոչինչ. նրանք միայն կնորոգեն և կհաստատեն այն։ Այդպես եղել է, այդպես էլ կլինի։ Ոչ մի հետազոտում չի զրկի աստվածատուր հրաշքն իր խորությունից և նշանակալիությունից. ոչ մի տեսություն ու բացատրություն չեն հանգցնի նրա անբացատրելի առեղծվածը։
Մենք ծնվում ու տեսնում ենք մեզ այդ շնորհներով շրջապատված, կարծես ներամփոփված տարածության, ժամանակի, կենդանի նյութի, հոգևոր ընդունակությունների, հոգևոր զորությունների մեջ։ Մենք ապրում ենք այդ շնորհների մեջ, նրանցով ու նրանց միջոցով. մենք ստեղծագործում ենք ու կարող ենք ստեղծել հիանալի և զարմանալի բաներ։ Մենք բավականություն ենք ստանում նրանցից նույնիսկ այն ժամանակ, երբ չարաշահում ենք, երբ հեռանում ենք կյանքից։ Հաճախ հեռանում ենք այն զգացումով, որ մեզ տրված էր անծայրածիր հարստություն, իսկ մենք չափազանց քիչ օգտվեցինք նրանից։
Ինչպիսի՜ թանկագին պարգև է ունենալ սեփական, անձնապես բացառիկ, իր տեսակի մեջ միակ, հնազանդ-չենթարկվող մարմին, ամբողջ կյանքի ընթացքում ականջ դնել նրան` տիրապետելու համար նրա խորհրդավոր օրենքները և ենթարկելու այն ոգու օրենքներին։ Ինչպիսի՜ թանկագին իրավունք` դարձնել այն սեփական հոգեղենության իսկական խորհրդանիշ, ու վերջապես, երբ նա ուժասպառ է լինում, թողնել այն ավելի՜ լավ, ավելի՜ ազատ ու հոգևոր կյանքի համար։ Իսկ Աստծո այդ ապշեցուցիչ պարգևը, որը կոչվում է տարածություն, նրա լույսով ու ստվերով, նրա անդադար զարկերակով, նրա անծայրածիր աստղային հեռուներով, նրա ձևերի և գույների հարստությամբ, շարժման և հարաբերական անդորրի բոլոր ուրախություններով, արվեստի ստեղծագործ հեռապատկերներով։ Ինչպիսի՜ հայեցում, ինչքա՜ն գաղտնիքներ, ի՜նչ իմաստություն... Իսկ ժամանակի հրաշալի ընծան` չհետախուզված սկզբով և անիմանալի ավարտով... Տևականության չափազանց կարճ, լուսավոր մի պահ, որը սահում է ապագայից դեպի անցյալ և բացում մեր առաջ միանգամից երկու հեռապատկեր` կորուսյալ հարստությունն անցյալում և ավետված հարստությունն ապագայում։ Պահերի վսեմ ընթացք, որը մենք կարող ենք լցնել ստեղծագործ աշխատանքով, սիրով, Աստծո խորհուրդների հայեցողությամբ, աղոթքով և գեղեցկությամբ, բայց իրականում մենք մեծավ մասամբ սրընթաց անցնում ենք այդ ուղին կրքերով ու չարագործություններով, կամ քարշ ենք գալիս գռեհիկ զվարճալիքների գրկում։ Իսկ բնության այդ անսպառ հարստությունը` նրա օրգանական միասնության մեջ, նրա նվիրական օրինաչափության մեջ, նրա անդորրի ու փոթորիկների ժամանակ, նրա բարեգութ պատրաստակամության մեջ ծառայելու մարդուն, ցույց տալու նրան սեփական գեղեցկությունը, բաց անելու նրա առաջ սեփական բանական լինելը և մեղմորեն ընդունելու իր գիրկը նրա աճյունը։
Յուրաքանչյուր պարգև հրաշալի է և թանկագին, ամեն մեկը դրանցից ցույց է տալիս մարդուն իր խնդիրները և երբեք չկատարվող իր հեռանկարները։ Յուրաքանչյուրն ասում է մեզ նվիրական բարեգթության, իմաստության և սիրո մասին մարդու նկատմամբ, յուրաքանչյուրը կանչում է նրան դեպի իսկական երջանկություն։
Այո՛, երջանկություն է իշխել սեփական մարմնի ու սեփական հոգու վրա, կառուցել ու ամրապնդել սեփական բնավորությունը, կուտակել հոգևոր հարստությունները, կատարելագործել սեփական հոգևոր ակտերը։
Երջանկություն է` ստեղծագործաբար աշխատել, ստեղծել աշխարհում նոր գեղեցկություն, սեփական ոգեշնչմամբ և սեփական ճիգերով տիեզերքում ստեղծել Աստծո գործվածքը։
Երջանկություն է` շփվել մարդկանց հետ, խորաթափանց լինել նրանց կյանքի մեջ և ըմբռնել դրա իմաստը, տալ նրանց սեփական լավագույնը և ընդունել նրանց ընծաները, ներել նրանց ու ներում ստանալ նրանցից, ունենալ հայր և մայր, նաև դառնալ հայր կամ մայր, ունենալ հավատարիմ ընկերներ, պաշտպանել սեփական հայրենիքը և ծառայել սեփական ժողովրդին։
Երջանկություն է` սիրել ու լինել սիրելի, սիրալիր հայացքներ փոխանակել ու արտահայտել սիրելի կնոջը սեփական զգացմունքի լիակատարությունը` ամբողջականորեն ու գորովալից։
Երջանկություն է` ընկալել ոգու ներգործությունը և ոգեշնչել սեփական հոգին ու կյանքը։
Երջանկություն է` ապրումներ ունենալ աղոթքի պահին, հետազոտելիս, գեղարվեստական հայեցության ժամանակ երկրի վրա ծառայել արդարության գործին։
Բայց բարձրագույն երջանկությունն այն է, որ սեփական սրտում գտնես Աստծո շողը, հետևես նրան և՛ աղոթքի պահին, և՛ գործելիս, ըմբռնես նրան ամեն ինչում և ամենուրեք, և տաս ուրիշ մարդկանց նրա մոտ մտնելու հնարավորությունը։
ՈՒ երբ մեր հոգևոր աչքը բացվում է, տեսնում է այդ թանկագին և անհատնում պարգևները, և երբ մեր սիրտը զգում է նրանց հետևում թաքնված բարությունն ու սերը, ապա հասնում է ժամը պատասխանելու այդ ամենին` տեսածին ու ստացածին։ ՈՒ եթե մենք չենք պատասխանում երախտագիտության աղոթքով, ապա դառնում ենք այդ ընծաներին անարժան։ Բայց մենք այդ դեպքում արդեն չենք կարող արդարանալ մեր առաջվա կուրությամբ։ Եթե մեր սիրտը չի արձագանքում, չի ցնցվում ու չի այրվում, նա չի համակվում երախտագիտությամբ, ապա նշանակում է, որ նա նախանձից անողոք է դարձել։
Իսկ ի՞նչ է երախտագիտությունը։ Դա պատասխանն է կենդանի, սիրող սրտի` իրեն ցուցաբերված բարերարության համար։ Նա պատասխանում է սիրուն սիրով, բարությանը` ուրախությամբ, ճառագայթումով լույսին և ջերմությանը, հավատարիմ ծառայությամբ պարգևած շնորհի համար։ Երախտագիտությունը կարիք չունի խոսքերի ու երբեմն ավելի լավ է, երբ մարդն զգա այն և հոգունն արտահայտի անբարբառ։
Երախտապարտությունը ոչ էլ լոկ ուրիշի բարերարության ընդունումն է, քանզի չարացած սիրտն ուղեկցում է այդպիսի ընդունումը վիրավորվածության, նսեմանալու զգացումով կամ էլ նույնիսկ վրեժ լուծելու տենչանքով։ Ո՛չ, իսկական երախտագիտությունը միշտ ուրախություն է և սեր, հետագայում` բարությանը բարությամբ պատասխանելու պահանջ։ Այդ ուրախությունը բռնկում է ինքնին, ազատ, առանց հարկադրանքի ու բերում է իր հետ սերը` ազատ ու անկեղծ։ Մարդն ընդունում է պարգևը և ուրախանում ոչ միայն ստացած պարգևի, այլև նվիրողի բարության համար։ Նրա սիրո և Նրա գոյության համար և վերջապես այն բանի համար, որ այդ բարությունն արթնացնում է սերը հենց նվեր ստացողի հոգում։
Պարգևը կանչ է, որն աղերսում է բարի պատասխան։
Պարգևը շող է, որը պահանջում է պատասխան ճառագայթում։ Նա դիմում է միանգամից և՛ սրտին, և՛ կամքին։ Կամքն ընդունում է որոշումներ. նա ցանկանում է պատասխանել ու սկսում է գործել, և այդ գործողությունը նորոգում է կյանքը սիրով ու բարությամբ։ Երբ մարդը տեսնում է իր առաջ Աստծո անհատնում պարգևները, ապա նրա մեջ առաջանում է մի զգացողություն, թե ինքը երբեք չի կարողանալու լիովին պատասխանել այդ անսպառ բարերարությանը։ Որքան երկար և մշտապես է նա խորասուզվում այդ ընծաների հայեցության մեջ, այնքան վստահորեն է կարդում ամենուրեք Բարձրյալի սիմվոլիկ գրերը, և ավելի է սաստկանում իր մեջ զգացումը, որ նա երբեք չի կարողանալու ո՛չ կարդալ դրանք, ո՛չ էլ հատուցել Տիրոջն արժանի երախտապարտությամբ և փառաբանությամբ։
Եվ, իրոք, մենք ինչո՞վ կարող ենք պատասխանել այդ պարգևները Տվողին։ Ինչպիսի՞ երախտագիտություն կհամապատասխաներ Նրա բարեգթությանը։ Այդ պատճառով արդարացի են նրանք, ովքեր, անցկացնելով ամբողջ կյանքը հայեցության և գոհունակության մեջ, ավարտում են այն աղոթքով. «Ների՛ր ինձ, Տե՛ր, որ չկարողացա ըստ արժանվույն շնորհակալություն հայտնել Քեզ Քո շնորհների համար, որ ինձ չհերիքեց ո՛չ սեր, ո՛չ էլ ուրախություն նրա համար, որ սիրեմ Քեզ շատ ավելի բարձր, քան ընդունակ եմ, և ուրախանամ` տեսնելով Քո հիասքանչ ստեղծագործությունները»...
Այդպես է Ոգու բաց արած աչքն ընկալում Արարչի շնորհները, այդպես է իսկական երախտապարտությունը դնում մեզ Աստծո շողի մեջ և վեր բարձրացնում մեզ Նրան տեսնելու համար։
Կյանքի ամեն մի ակնթարթը ստուգում է մարդկային սիրտը. ընդունա՞կ է նա, արդյոք, շնորհակալ լինելու, հասունացե՞լ է երախտագիտության համար, քանզի ամեն վայրկյանը պարգևում է նրան նորանոր շնորհներ, որոնցից բարեգթորեն բխում են գերագույն իմաստությունն ու սերը։ ՈՒստի երախտագիտության խորագույն իմաստն այն է, որ նա բաց է անում մարդու առաջ մուտքն առ Աստված, որովհետև նա ոչ այլ ինչ է, քան անձնական կրակի բորբոքում ի պատասխան հավիտենական Հայրական բոցի տիեզերքի առանցքակետից։ Այդպես կրոնական երախտապարտությունը մաքրում է հոգին նախանձից և ատելությունից։ Եվ մարդկության ապագան պատկանում է հենց շնորհապարտ սրտերին։
Տպագրության պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1330

Մեկնաբանություններ