Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԿԳԱ ԱՐԱՐԻՉ ԱՅԳԵՊԱՆԸ ԵՎ ԿՏԱ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՆ ԸՍՏ ԱՐԺԱՆՎՈՒՅՆ

ԿԳԱ ԱՐԱՐԻՉ ԱՅԳԵՊԱՆԸ ԵՎ ԿՏԱ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՆ ԸՍՏ ԱՐԺԱՆՎՈՒՅՆ
28.09.2010 | 00:00

Մի անհավանական պատմություն է սա հավետ թափառական հրեայի մասին, որն առնչության եզրեր ունի նաև հայոց հետ։
Որպես այս հոդվածի սկիզբ վկայակոչենք 1602 թ. Լեյդենի Քրիստոֆեր Կրոյցերի տպարանում լույս տեսած, ընդամենը չորսթերթանի մի գրքույկի վերնագիրը. «Ահասվեր անունով մի հրեայի մասին, որն անձամբ ներկա է եղել Քրիստոսի խաչելությանը և ուրիշների հետ Քրիստոսի հասցեին «խաչեսցի՜» է բղավել... և այն օրից մնացել է կենդանի և մի քանի տարի առաջ հայտնվել է Համբուրգում, իսկ 1599 թ. եկել է Դանցիգ»:
Չանցած մի քանի տարի, կիսաառասպելական այդ պատմությունը տարածվել է ողջ Եվրոպայով` տեղ գտնելով տարբեր ժողովուրդների բանահյուսության մեջ: Բայց այն տեղ չէր գտնի «Իրատես de facto»-ի էջերում, եթե չվերաբերեր արծարծվող նյութին: Նախ` սկսենք այդ Ահասվեր անունով հրեայի պատմությունից։ Ըստ հեղինակի նկարագրության, նա մի կոշկակար է, որն ապրել է Երուսաղեմում: Լինելով մոլեռանդ մեկը, նա ամեն գնով ջանացել է արմատախիլ անել Քրիստոսին որպես Մեսիա դավանողների աղանդ: Երբ Պիղատոսը կայացրեց Հիսուսին խաչելու վճիռը, նա իր տան կողքին կանգնած սպասում էր, թե երբ կտանեն Մահապարտին դեպի Գողգոթա, որ իր աչքով տեսներ այդ ամենը: Երբ ծանր խաչի տակ կքած Հիսուսը կոշկակարի տանը հասավ, ուզեց հենվել նրա տան պատին, որ մի փոքր դադար առնի, նա, իր նման մոլեռանդ հայրենակիցների աչքում բարեպաշտ երևալու համար, չթողեց, որ Հիսուսն իր տան մոտ շունչ առնի, այլ գոռաց Նրա վրա. «Կորի՛ր, գնա, ուր հարկն է»: Հիսուսը, սևեռուն նայելով նրան, ասաց. «Ես կգնամ ուր հարկն է, բայց դու կմնաս այստեղ մինչև դատաստանը»:
Այս խոսքերից հետո կոշկակարն ամբոխի հետ գնում է մինչև Գողգոթա, իր աչքերով տեսնում խաչելությունը, բայց այլևս չի վերադառնում իր տուն, այլ հավերժ ուխտավորի նման սկսում է թափառել մի երկրից մյուսը: Երկար տարիների թափառումից հետո նա վերադառնում է Երուսաղեմ ու տեսնում քանդված-ամայացած քաղաքը, Հիսուսի մարգարեացած խոսքի կատարումը՝ որ Սողոմոնի տաճարից քարը քարի վրա պիտի չմնա: Դրանից հետո նա դառնում է մոլորված հրեաների և մնացած անհավատների համար դարձի և ապաշխարության կենդանի վկան: Հետագայում այս պատմության սկզբնաղբյուրը վերագրում են մի հայ եպիսկոպոսի, որն Անգլիայով ճանապարհորդելիս հյուրընկալվել է մի կաթոլիկ վանքում և պատմել տեղի հոգևորականներին, որ իբր ինքն անձամբ տեսել և զրուցել է մի ոմն թափառական հրեայի հետ, որի անունն է Կարտափիլոս, որն իր սեփական աչքերով տեսել է Հիսուսին կառափնարան տանելիս և բռունցքով հարվածել է Տիրոջ մեջքին և ասել. «Գնա՛, Հիսուս, շո՛ւտ-շո՛ւտ գնա, ի՞նչ ես դանդաղում»: Հիսուսը շրջվելով նայել է նրան ու ասել. «Ես գնում եմ, իսկ դու կսպասես մինչև Ես գամ»: Այդ ժամանակ Կարտափիլոսը երեսուն տարեկան էր, և ամեն անգամ, երբ լրանում է նրա հարյուր տարին, նա նորից վերադառնում է իր նախկին տարիքին: Այդ հրեան ապրում էր զույգ Հայաստաններում (երևի Մեծ ու Փոքր Հայքերում, կամ էլ Կիլիկիայում և Արևելյան Հայաստանում- հեղ.) կրոնավորների հետ, որպես մի սակավախոս ու սրբակենցաղ մարդ, երբեմն-երբեմն ուրիշների խնդրանքով պատմելով իր հետ կատարված եղելությունը: Նրա երկյուղած վարքը, հնադարյան պատմության ապշեցուցիչ մանրամասները լսողներին հավաստիացրել են իր խոսքի ճշմարտացիությունը: Մանավանդ որ նա ոչ մեկից նվիրատվություն չէր ընդունում, այլ բավարարվում էր խստակենցաղ սակավապետությամբ: Եվ իր փրկության հույսը դրել է խաչի վրայից Հիսուսի կատարած վերջին աղոթքի վրա. «Հա՛յր, ների՛ր դրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում» (Ղուկ. 23.34):
Հետագայում հայոց պատմաբանները, քննելով այս պատմությունը, գալիս են այն եզրակացության, որ այդ հայ հոգևորականը նույն ինքը՝ Հովհաննես Գառնեցի վարդապետն է եղել, որը, շրջելով, եվրոպական երկրներում տարածված հայ քրիստոնյաներին հորդորում, խրատում ու նորոգում էր լուսավորչական հավատը, որից հետո այդ նույն տարիներին ուխտի է գնում սուրբ Երուսաղեմ, որտեղ և ականատես է լինում Սուրբ Հակոբում կատարված հրաշքին։ Նույն Գառնեցի վարդապետն է, որ Աշորնիս ձորի իր խցում ճգնելիս տեսիլքի մեջ տեսել է ահեղ դատաստանի օրը, թե ինչպես է Հիսուսն իջել Երուսաղեմ և հրեշտակների բերանով կանչել Գրիգոր Լուսավորչին՝ ողջ հայ ազգի հետ բազմել Իր աջակողմում (Աբեղյանի անվ. գրականության ինստիտուտի 1987 թ. հրատարակած «Հայ գրականության միջազգային կապերը» գրքից):
Ահասվերի պատմության հենքից օգտվել են համարյա բոլոր քրիստոնյա ազգերի գրողները՝ Գյոթեն, Շուբարտը, Շելլին, Բերանժեն, Ժուկովսկին, Պուշկինը և այլք, իսկ հայ գրականության մեջ` Ավետիք Իսահակյանը՝ իր «Շիդհար» գործով, և Համաստեղը՝ «Հավիտենական ճամփորդը» վիպակով:
Չնայած այս ամբողջ պատմությունը մի անձի մասին է, բայց այն կարելի է լիովին վերագրել նաև հրեա ազգին: Ազգ, որը մերժեց Հիսուսին ու խաչեց անարգ մահով, բայց դեռևս կա և զորանում է, չնայած աստանդական կյանքի բազմաթիվ հալածանքներին ու դաժան եղեռնին: ՈՒ վերջին ժամանակներում նորից հառնել է իր նախնիների հայրենիքում, արմատ է ձգել, մինչև կգա Տեր Հիսուսը, և վերստին կպատվաստվեն իրենց հարազատ ձիթենուն՝ հայր Աբրահամի ճշմարիտ հավատքին:
Իսկ մեզ՝ հայորդիներիս, մնում է վերստին հավատքով ընձյուղվել մեր սուրբ նախնիների ընտիր արմատներին և պտղաբերել բարի ու քաղցրահամ պտուղներով, մինչև կգա Արարիչ Այգեպանը և կտա յուրաքանչյուրին ըստ արժանվույն։
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1343

Մեկնաբանություններ