Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Թող լույս իջնի բոլորիս վրա

Թող լույս իջնի բոլորիս վրա
26.09.2008 | 00:00

ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆԵՔ
Հնուց եկած ավանդույթ է, որ դեռ Խաչվերացի տոնի երեկոյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվի անդաստանի արարողությունը, այնուհետ օրհնվեն Սրբալույս Մյուռոնի ծաղկանց նյութերը, ու սկսվի դրանց եփման ընթացքը: Այսպես է Հայ առաքելական եկեղեցին պատրաստվում Մյուռոնօրհնեքին: Ամենահուզիչը, սակայն, այն է, որ մյուռոնի եփման ողջ ընթացքում Մայր Աթոռի միաբաններն անդադար սաղմոսերգությամբ հսկում են կաթսայի մոտ, որպեսզի նոր մյուռոնը պատշաճ կերպով գնա խառնվի Լուսավորչական Սրբալույս Մյուռոնին` այդկերպ ամենքիս միացնելով ոչ միայն այսօրվա, այլև դարերի մեջ: Այս տարին ևս, փառք Աստծո, բացառություն չեղավ վերը նշվածի իմաստով, և արդեն այս կիրակի` սեպտեմբերի 28-ին, հավատացյալ ժողովուրդն ականատես կլինի Տոնին, որ մեզանում Մյուռոնօրհնեք անունն ունի…
Ի դեպ, մյուռոնը հունարեն բառ է, որ նշանակում է «հոտավետ յուղ» կամ «բույսից հոսող յուղ»: Արևելյան ազգերը և մանավանդ հրեաները ժամանակին դա շատ-շատ էին գործածում: Հարգի էր հատկապես խնկեղենին` այլևայլ ծաղիկների և համեմունքների միախառնումով, իսկ ձիթայուղով օծումը նվիրագործ նշանակություն ուներ, որով մինչև իսկ թագավորներն էին օծվում: Օծման խորհուրդը քրիստոնեության հետ փոխվեց, անշուշտ, և քանի որ մեր Օծյալը կամ Մեսիան Քրիստոսը դարձավ, քանի որ դեռևս քրիստոնեության արշալույսին էին առաքյալները յուղով օծելու սովորույթն իբրև Սուրբ Հոգին ընդունելու, քրիստոնյա լինելու նվիրական նշան ընկալել, մենք էլ այսօր Սրբազան յուղի դրոշմն իբրև նախնյաց մկրտության հետ հաղորդություն, Աստծո զավակը լինելու հավաստիք և քրիստոնեական օծմամբ բարեզարդում ենք ընկալում:
Հետաքրքիր է, որ, ավանդույթի համաձայն, Սրբալույս Մյուռոնն իրականում ոչ թե կամ ոչ միայն Գրիգոր Լուսավորչի ձեռամբ և օրհնությամբ է «մեզ հասել», այլև քրիստոնեության Առաջին լուսավորիչ և առաքյալ Սուրբ Թադեոսի, ով Քրիստոսի ձեռամբ օրհնված մյուռոնով նախ օծել ու բժշկել է հայոց Աբգար թագավորին, ապա բուն Հայաստան հասնելուց հետո այն թաղել Տարոնի կողմերում գտնվող մի եղերդենու տակ: Այստեղ հետագայում Գրիգոր Լուսավորիչը գտավ այդ շիշը` դրանից արձակվող լույսի միջոցով և տեսիլքով, հանեց այն հողից, խառնեց իր օրհնած մյուռոնին և այդ տեղում վանք կառուցեց, որը չնայած Հովհաննես կոչվեց, բայց Եղրդուտի կամ «Սուրբ Շիշ իւղոյ վանք» անվանվեց ժողովրդի կողմից` եղերդենու պատճառով:
ՈՒրեմն, իրավ է, որ լուսավորչավանդ հին մյուռոնի առաքելական սրբազան շնորհն արդեն 1708 տարի և ավելի ժամանակ է, որ խառնվում է ամեն տարի եփվող նոր մյուռոնին, և այս սքանչելի կապն է, որ երբեք չի խափանվում, իսկ մյուռոնի օրհնությունն էլ, կաթողիկոսից և 12 բարձրաստիճան հոգևորականներից բացի, որևէ այլ մեկի չի վստահվում:
Կոնկրետ մեր մյուռոնի հիմնական բաղադրիչը ձիթենու անարատ յուղն է (որը, ի դեպ, դեռ Մյուռոնօրհնեքից 40 օր առաջ կաթսայով դրվում է Մայր Տաճարի Ավագ Սուրբ խորանին, ծածկվում նրբահյուս շղարշով և 40 օր շարունակ, ժամերգությունից հետո, երեկոյան ձեթի շուրջ հոգևոր պաշտոն է կատարվում շարականով, ընթերցվածքով ու սաղմոսերգությամբ), որին բալասան է խառնվում, 40 և 50 տեսակի հոտավետ խունկ, ծաղիկներ, անուշահոտ բույսերի արմտիք, ծաղկաջրեր ու նեկտարներ, տերևների միաշաղախ հեղուկ:
Երբ Մյուռոնօրհնեքն արդեն հայտարարված է, Հայրապետը` զգեստավորված հայրապետական շուքով, այն օրհնում է Սուրբ Գեղարդով, Կենաց Փայտի մասունքը կրող Սուրբ Խաչով և Սուրբ Գրիգորի աջով: Շղարշով ծածկված կաթսան 7 օր շարունակ մնում է Մայր Տաճարի Ավագ Սուրբ խորանին` ի համբույր և ի տես հավատացյալների և ուխտավորների: Դե, իսկ դրանից հետո արդեն մյուռոնը մեզանում գործածվում է Ջրօրհնեքի, Դրոշմի խորհրդի, քահանայական, եպիսկոպոսական ու կաթողիկոսական օծման, եկեղեցու օծման ընթացքում:
Ի դեպ, հայոց սրբալույս մյուռոնի ներկայիս կաթսան Մայր Աթոռին է նվիրաբերել նորնախիջևանցի վաճառական աղա Գասպար Հարությունյան-Կարապետօղլյանը` 1895-ին: Այն պատրաստվել է Մոսկվայում` Պ. Օվչիննիկովի արհեստանոցում, վրայի խորհրդավոր պատկերների ձուլածո կաղապարները` Սերովբե Հարությունյանի տպարան-գործարանում, իսկ առաջին անգամ դրանում Մյուռոնօրհնեք է կատարել Մկրտիչ Խրիմյան Հայոց Հայրապետը` 1897-ի սեպտեմբերի 14-ին…
Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 3880

Մեկնաբանություններ