Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԱՀԿ-Ի ՊԱՀԱՆՋՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԴԱՌՆՈՒՄ

ԱՀԿ-Ի ՊԱՀԱՆՋՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԴԱՌՆՈՒՄ
08.10.2010 | 00:00

Պարզվում է` Հայաստանում վտանգավոր չափերի հասած սրտանոթային, թոքային և ուռուցքային հիվանդությունների պատճառը ծխախոտի ցածր գինն է։ Երևի թե այսուհետ այդ հիվանդությունները «գլուխները բռնած» կփախչեն, քանի որ գործադիրը որոշել է բարձրացնել արտադրվող ծխախոտի ակցիզային հարկը։
Այն, որ հայրենի կառավարությունը մտահոգված է մարդկանց առողջության պահպանման հարցով, կարելի է ենթադրել կառավարության 2010-ի ծրագրից, որտեղ, չնայած տնտեսական ճգնաժամին, զգալի տեղ է հատկացված առողջապահությանը։ Սակայն արդյո՞ք ծխախոտի ակցիզային հարկի բարձրացման որոշումը բխում է զուտ մարդկանց առողջության պահպանման անհրաժեշտությունից, և ո՞րն է երաշխիքը, որ եթե ծխախոտի գինը բարձրանա, այն համարժեքորեն ազդելու է ծխողների թվի վրա։ Արդյո՞ք խնդիրն իսկապես մարդասիրական հենքի վրա է խարսխված, թե՞ կա մեկ ուրիշ պատճառ։ Այս հարցին պատասխանելու համար փոքրիկ էքսկուրս կատարենք` վերհիշելով մի քանի գործոն։ Ընդամենը երկու ամիս առաջ` հուլիսին, կառավարությունում փակ քննարկվել էր (գործարարների ներկայությամբ) տեղական արտադրության օղու և ծխախոտի ակցիզային հարկը բարձրացնելու հարցը, որի ընթացքում ոլորտի գործարարները քրտնաջանորեն փորձել են ապացուցել, որ նման որոշումից տեղական արտադրությունը միայն կտուժի։ Հիշեցնենք նաև, որ այս հարցը դարձավ քննարկման առարկա այն բանից հետո, երբ ՌԴ-ն, ՈՒկրաինան և ԱՀԿ-ն, ի պաշտպանություն իրենց արտադրողի, դիմել էին Հայաստանին, որպեսզի վերանայվի ակցիզային հարկի չափը` հավասարեցվի տեղական արտադրանքի և ներմուծվածների համար։ Այս խնդրի լուծման ընթացքը, ինչպես նաև գործադրի մոտեցումները հստակեցնելու համար մենք դեռևս հուլիսի վերջերին դիմեցինք և՛ ֆինանսների, և՛ էկոնոմիկայի նախարարություն, քանի որ վերը նշված փակ քննարկմանը երկու նախարարներն էլ ներկա էին։ Սակայն զուր ջանքեր թափեցինք, երկու նախարարություններն էլ հարցն իրար վրա գցեցին։
Անցած ուրբաթ կառավարությունը հաստատեց ակցիզային հարկի և ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին օրենքներում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ որոշումը։ Ըստ այդ նախագծերի` ակնկալվում է ծխախոտի արտադրանքի գծով անցում կատարել հարկման առավել արդարացի` արժեքային համակարգին, ապահովել ԱՀԿ-ի առջև ՀՀ-ի ստանձնած պարտավորության կատարումը, բարելավել ծխախոտի արտադրանքի ոլորտից պետական բյուջե մտնող հարկային եկամտի մակարդակը։ Մեկ հետաքրքիր դիտարկում ևս։ Անդրադառնալով այս հարցին` վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ անհրաժեշտ է հավասար մրցակցային պայմաններ ստեղծել ներմուծողների և արտադրողների համար։ Եթե հետևենք նախագծում նշված հետևյալ արտահայտությանը` «ապահովել ԱՀԿ-ի առջև ՀՀ-ի ստանձնած պարտավորությունների կատարումը», և այն համադրենք վարչապետի խոսքի հետ` «անհրաժեշտ է հավասար մրցակցային պայմաններ ստեղծել ներմուծողների և արտադրողների միջև», ապա կարելի է ասել, որ վերը նշված օրինագծերի փոփոխությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ հուլիսին կառավարությունում տեղի ունեցած փակ քննարկման տրամաբանական շարունակությունը։ Այնպես որ, կարելի է ասել, ծխախոտի հարցում ԱՀԿ-ն իր նպատակին հասնում է։
Այն, որ տեղական արտադրության օղու և ծխախոտի համար ակցիզային հարկն ավելի պակաս էր ներմուծվողների նկատմամբ, գաղտնիք չէ։ Ավելին, պետք է նկատենք, որ տարիներ առաջ այս որոշումը հայրենի կառավարությունն ընդունել էր` ելնելով տեղական արտադրողների շահերից։ Այլ կերպ ասած, այն ժամանակ իրականացվեց պետական քաղաքականություն տեղական արտադրանքը զարգացնելու ուղղությամբ։ Եվ, բնականաբար, ինչպես ԱՀԿ-ին, այնպես էլ Ռուսաստանին և ՈՒկրաինային բոլորովին ձեռնտու չէ, որ Հայաստանում տեղական արտադրության ծխախոտն ավելի էժան լինի իրենց արտադրանքի համեմատ։ ՈՒղղակի հետաքրքիր է, արդյո՞ք նույն երկրները Հայաստանի արտադրողների իրավունքների պաշտպանության, ասել է թե` հավասար մրցակցային պայմաններ ստեղծելու համար կբարձրացնեի՞ն իրենց արտադրողների հարկերի չափը։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2209

Մեկնաբանություններ