Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԴՈԼԱՐԸ ԴՐԱՄԻ ԳԼԽԻՆ Է ՆՍՏԵԼ

ԴՈԼԱՐԸ ԴՐԱՄԻ ԳԼԽԻՆ Է ՆՍՏԵԼ
13.12.2011 | 00:00

Վերջին մեկ ամսվա ընթացքում դոլարը դրամի նկատմամբ արժևորվեց ևս 6 դրամով։ Նոյեմբերի 7-ին դոլարի փոխարժեքը կազմում էր 380, իսկ դեկտեմբերի 7-ին` արդեն 386 դրամ։ Եվ այս միտումը Նոր տարվա նախաշեմին, կարծես, շարունակվելու է։ Համենայն դեպս, ֆինանսական շուկայում կանխատեսումներ կան, որ դոլարն իր դիրքերը մի փոքր կարող է զիջել հունվարի կեսերից հետո, թեև, ըստ փորձագետների, դա կարճ կտևի։
Այն, որ դոլարի փոխարժեքը հնարավոր է ևս 2 դրամով բարձրանա մինչև տարեվերջ, չեն բացառում տարադրամի փոխանակման կետերում։ Ըստ էության, նոր տարվա նախաշեմին, այսինքն` նոյեմբերի վերջից մինչև դեկտեմբերի վերջ, ավանդաբար դոլարի փոխարժեքը նվազում է, և գործարարները, կարելի է ասել, սպասում են հենց այս ամսվան։ Սակայն այս տարի պատկերն այլ է։ Նախատոնական գնումներին զուգահեռ, երբ շուկայում բավականին ակտիվ շրջանառության մեջ է դրամը, անհասկանալիորեն բարձրանում է դոլարի գինը։ Նկատենք, որ տարիներ շարունակ պատկերը ճիշտ հակառակն է եղել։ Մյուս կողմից նկատվում է պարենային ապրանքների գնաճ։ Նման իրավիճակը չի կարող դրական ազդեցություն ունենալ բնակչության սպառողական զամբյուղի վրա։ Եվ եթե նկատենք, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում դոլարի գինը դրամի նկատմամբ գնալով ամրապնդվում է` 335 դրամից այն այժմ հասել է 386 դրամի, ապա կարելի է եզրակացնել, որ տնտեսությունում լուրջ խնդիրներ կան։ Սա նշանակում է նաև, որ դոլարը Հայաստանում վատ սովորություն է ձեռք բերում կտրուկ աշխուժանալու առումով։ Երկրի գլխավոր դրամատան մասնագետներից նման միտումի պարզաբանումն ակնկալելն առնվազն միամտություն է։ Այն պարզ պատճառով, որ տարիներ շարունակ, ներկայացնելով իր դիրքորոշումը փոխարժեքի վերաբերյալ, ԿԲ-ն միևնույն միտքն է արտահայտում. «Կենտրոնական բանկը չի միջամտում փոխարժեքի ձևավորման հարցում, այն լողացող է»։
Սակայն արդյո՞ք դա այդպես է։ Արդյո՞ք գլխավոր դրամատունը փոխարժեքի հիմնական քաղաքականության թելադրողը չէ։ Այդ հարցին պատասխանելու համար վատ չէր լինի հիշել, որ երբ 2009-ի գլոբալ ճգնաժամի ժամանակ ԿԲ-ն հայտարարեց դրամի ուժեղացման անհրաժեշտության մասին, դոլարն անմիջապես իր տեղը զիջեց դրամին։ Ազգային արժույթը վերելք ապրեց, իսկ դոլարը համեստորեն սկսեց նվազել։ 2011-ի առաջին կիսամյակից հետո նկատվեց փոփոխություն հօգուտ դոլարի, և սա նույնպես պատահականություն չէր։ Կառավարությունն այս տարի որդեգրեց արտահանումը խթանելու քաղաքականություն։ ՈՒշագրավ էր նաև նախագահ Սերժ Սարգսյանի գարնանային հանդիպումը արտահանող գործարարների հետ. ասվեց, որ ազգային արժույթը տարիներ շարունակ հանիրավի եղել է արժևորված և պետք է տանել արժեզրկման քաղաքականություն, ինչը, բնականաբար, կնպաստի արտահանման ծավալների աճին։ Համաձայնեք, նման քաղաքական հայտարարությունների կողքին ԿԲ-ի այն պնդումները, թե իրենք գործ չունեն փոխարժեքի ձևավորման հետ, առնվազն անհասկանալի է։ Միևնույն ժամանակ պարզ է դառնում դոլարի դիրքերի զգալի ամրապնդումը դրամի նկատմամբ, որն արձանագրվեց այս տարվա երկրորդ կիսամյակից սկսած և առավել կտրուկ աճեց սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից։
Իսկ եթե նկատենք, որ, ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի նախատոնական եռուզեռի շեմին ԿԲ-ն դեռևս շուկայից դոլար ներքաշելու գործընթացը ձգձգում է, ապա կարելի է ենթադրել, որ այդպիսով խրախուսվում է շուկայում դոլարի գնի բարձրացումը։ Նկատենք, որ ամեն տարի այս ժամանակահատվածում ԿԲ-ն շուկայից դոլար է ներքաշում, մի կողմից, դոլարի ավելի մեծ անկում թույլ չտալու և դրամի լրացուցիչ պահանջարկը բավարարելու, մյուս կողմից` սեփական պահուստային պաշարները համալրելու համար։
Ըստ ֆինանսական շուկայի գործարարների, կան օրեր, երբ բորսայում ընդհանրապես առքուվաճառք չի իրականացվում։ Բնականաբար, սա չի կարող ազդեցություն չունենալ ֆինանսական շուկայի, մասնավորապես, դրամ-դոլար փոխարժեքի վրա։ Մասնագետների հավաստմամբ` սա նույնպես նպաստում է դոլարի արժևորմանը։ Այլ կերպ ասած, ֆինանսական շուկան փաստում է, որ ԿԲ-ի լողացող քայլերով է պայմանավորված փոխարժեքի ձևավորումը։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1916

Մեկնաբանություններ