Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«ՆԱԻՐԻՏԻ» ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ ԲԼԵ՞Ֆ Է, ԹԵ՞ ԲԱՐԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ

«ՆԱԻՐԻՏԻ» ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ ԲԼԵ՞Ֆ Է, ԹԵ՞ ԲԱՐԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ
08.07.2011 | 00:00

Հունիսի 30-ին էներգետիկայի նախարարությունում հայտնի դարձավ, որ «Նաիրիտի» վերաբերյալ հետաքրքրությունների հայտ է ներկայացրել միայն մեկ` CAC գերմանական ընկերությունը։ Էներգետիկայի նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացանք, որ հայտը դեռ կուսումնասիրվի։
Կհաջողվի՞ աշխատեցնել «Նաիրիտը»։ Սա հարց է, որին դժվարանում ենք պատասխանել։ Ընդհանրապես, քիմիական ոլորտի այս հսկան, 1991-ից անընդհատ ենթարկվելով քաղաքական և տնտեսական ճնշումների, գնալով խեղճացավ։
Նախ, ձեռքից ձեռք անցավ։ Ոչ հեռու անցյալում` 17-18 տարի առաջ, «Նաիրիտի» ճակատագիրը ՀՀՇ-ի անդամները որոշեցին նստացույցի միջոցով` պահանջելով այն անհապաղ փակել, քանի որ, ըստ նրանց, այն էկոլոգիական աղետի «բոցն» է։ Հենց այդ ժամանակ էլ սկսվեց գերհզոր այս գործարանի քայքայման գործընթացը, որը Հայաստանի արդյունաբերության թուլացման քաղաքականության բաղադրիչներից մեկն էր։ Տարիներ շարունակ քիմիական արդյունաբերական համալիրը անգործության մատնվեց։ Ամենահետաքրքիրն այն է, թե երբ գործարանը վերսկսեց իր աշխատանքը։ Այն ժամանակ, երբ էկոլոգիական աղետից չվախեցող Չինաստանը կաուչուկի արտադրության իրավունքը ՀՀ-ից ձեռք բերեց։ Այսինքն, չինական «Նաիրիտն» սկսեց արտադրական իր ողջ հզորությամբ աշխատել։ Եվ միայն այդ ժամանակ հայրենի կառավարությունը հասկացավ, որ «Նաիրիտն» այնքան էլ «վախենալու» չէ։ Դե, եթե գործարանը վնասակար չէ, ապա ինչո՞ւ հետ մնալ և միջազգային շուկա չարտահանել սեփական արտադրանքը։ Երևի թե այսպես մտածեցին ու անմիջապես սկսեցին «Նաիրիտի» վերագործարկումը և, որպեսզի այն նոր թափով զարգանա, հայտարարվեց ներդրումային մրցույթ։ ՀՀ կառավարության մտքի այս փայլատակման պահից սկսած «Նաիրիտի» գործունեությունը մտավ ձեռքից ձեռք անցնելու մի նոր փուլ։
Մասնավորեցման երեք անհաջող փուլերից հետո 2006-ին այն հերթական անգամ վաճառվեց «Ռանովիլ փրոփերթի լիմիթեդ» բրիտանական ընկերությանը, որն ընդհանրապես համալիրին վերաբերվեց խորթ զավակի նման։ Ինչպես նշվել էր մամուլում, այս ընկերությունը «Նաիրիտի» բաժնետոմսերը գրավադրել է միջպետական բանկում` վերցնելով 95 մլն դոլար 8,5 տոկոսով։ Հետաքրքիրն այն է, որ «Ռանովիլ փրոփերթի լիմիթեդ»-ը ներդրումներ իրականացնելու և քիմարդյունաբերական համալիրի զարգացման փոխարեն օգտագործեց այն, կարելի է ասել, սեփական շահ ստանալու նկատառումով, քանի որ, լրատվամիջոցների հավաստմամբ, այդ գումարներից կոնկրետ ներդրումներ «Նաիրիտում» չեն իրականացվել։ Գուցե և ընկերության ղեկավարությունը փորձի հակառակն ապացուցել, սակայն թղթով ամեն ինչ կարելի է և՛ ապացուցել, և՛ հերքել` թուղթը չի կարմրում։ Սակայն գործարանն ինքնին արդեն իսկ խոսուն վկա է, և ցանկացած այլ պնդում անիմաստ է։ Նկատենք, որ նշված վարկը գնալով մեծացնում է ընկերության պարտքը։
Հարկ է նկատել, որ «Նաիրիտի» վերաբացումից հետո երբևիցե այն չի գործել արտադրական իր ողջ հզորությամբ, սրա հետ մեկտեղ, պարբերաբար ունեցել է հարկադիր պարապուրդներ, ինչն առաջացրել է պարտքերի կուտակում։ Պարտքեր ոչ միայն էներգետիկային և այլ սպասարկող ծառայություններին, այլև աշխատողներին։ Իսկ ամենազավեշտալին այն է, որ չորս սեփականատերերից և ոչ մեկը չի կատարել իր ներդրումային պարտավորությունները, ավելին, ոչ մի պատասխանատվություն չի կրել դրա համար, այլ «շվշվացնելով» հեռացել է Հայաստանից։
Ստեղծված իրավիճակում հարց է առաջանում` արդյո՞ք խնդիրը օտարերկրյա ընկերություններն են։ Նկատենք, որ «Նաիրիտի» շահագործման, ինչպես նաև սեփականատիրոջ ներդրումային և այլ պարտավորությունների մասին տեղեկությունն ընտրովիության սկզբունքով է տրամադրվել մամուլին, չորս սեփականատերերից և ոչ մեկի ժամանակ տնօրենությունը երբեք բարյացակամ չի արձագանքել մամուլի հարցադրումներին։ Այնպիսի տպավորություն էր, կարծես գործ ունենք ոչ թե քիմիական, այլ խիստ գաղտնի ռազմարդյունաբերական համալիրի հետ։ Սակայն քանի որ դա այդպես չէ, պետք է ենթադրել, որ սեփականատերերին միշտ էլ ձեռնտու է եղել լռություն պահպանելը` իրենց մութ գործարքներն ավելի հեշտ իրականացնելու համար։ Սակայն արդյո՞ք արտերկրի, այսպես կոչված, ներդրողներն այդքան խիզախություն կունենային, եթե պարտավորված լինեին ՀՀ կառավարության առջև։ Եթե որևէ օտարերկրյա ընկերություն իրեն վատ է դրսևորում ցանկացած երկրում, դա նշանակում է, որ նման վարքագծի թողտվություն ունի տվյալ երկրի իշխանություններից։
Այսօր արդեն հինգերորդ կառավարողն է մուտք գործելու «Նաիրիտ»։ Ոլորտում գործող մասնագետների վստահությունը, որ այն կգործի ողջ հզորությամբ, փոքր է։ Ի վերջո, ինչո՞ւ չի հաջողվում խելքի բերել «Նաիրիտը», գուցե խնդիրը շատ ավելի խորքայի՞ն է։ Մի կողմից այն քաղաքական է` պատահական չէ, որ հենց սկզբում նշեցինք «Նաիրիտը» որպես արդյունաբերական հզոր ճյուղ ոչնչացնելու քաղաքականության մասին, որը թելադրված էր միջազգային կառույցների կողմից։ Երկրորդ գործոնը տնտեսական է։ Չինաստանում նույն «Նաիրիտի» արտադրությունն արդեն գրավել է միջազգային շուկան, և բնական է, որ Հայաստանի «Նաիրիտի» արտադրանքը չի կարող այս պահին մրցունակ լինել այդ շուկայում։ Ստացվել է այնպես, որ քիմիական արդյունաբերական հզոր ճյուղերից մեկը նպատակադրված ոչնչացվում է, ինչը խիստ համահունչ է Հայաստանը գյուղատնտեսական և սպասարկման երկիր դարձնելու քաղաքականությանը։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1301

Մեկնաբանություններ