Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԱՍՔ ԱՌ ԾԻՐԱՆ, ՁՈՆ ԱՌ ՊՈՄԻԴՈՐ (պոմիդորա և ծիրանաչրային ողբերգություն)

ԱՍՔ ԱՌ ԾԻՐԱՆ, ՁՈՆ ԱՌ ՊՈՄԻԴՈՐ (պոմիդորա և ծիրանաչրային ողբերգություն)
01.07.2011 | 00:00

ԼՃԻՑ ԼԻՃ ՀԱՅԱՍՏԱՆ


«Այդ շրջանում երկրում ընդհանրապես զարմանալի և տարաշխարհիկ բաներ էին կատարվում. զգայուն հոգիներն անհասկանալի երազներ էին տեսնում, իսկ երազահանները չէին կարողանում մեկնաբանել, բացատրել դրանք»։
Մերուժան ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ, «Ընկած թուղթը»

ԼՈՒՑԿԻՆ` ԲԱՐՈՅԱՀՈԳԵՎՈՐ ԶԵՆՔ
(խոտորնակի ֆելիետոն)

Այս շրջանում նորանկախ ի հայտ եկան տարաշխարհիկ անհամար հրաշքներ։ Անհարմար է հիշելն անգամ։ ՈՒ ահա հանրապետության «ՈՒղեղային կենտրոնի ազգային զվարճասերները» (այսուհետև կարդալ հապավումը` ՈՒԿԱԶ) գտան ելքը։ Որի համաձայն` քայլ առ քայլ կոփվում է ժողովրդի մարմնականը, օր օրի պրկվում հանրային հոտառությունը։ Պրկվում, այսինքն` դիմանում ցանկացած բուրմունքահոտային փորձության։
Ահավասիկ շարքային սպառողին միշտ հասանելի, ճգնաժամի և տնտեսական երկնիշ աճի հանդեպ անտարբեր, Բագրատյանի բայղուշությունն արհամարհող, Բոստանջյանի բեղուն բառաշփոթներն անտեսող 10 դրամ նոմինալ գնով լուցկին։ Վրան երեք աստղ է պատկերված։ Տուփի գունախաղը, մեղմ ասած, սարյանական չէ, խամրած կարմիր, թունոտ դեղինի համադրությամբ։ Հետևի մասի գրությունները հուշում են, որ այն պարունակում է 40 հատիկ և արտադրված է Պակիստանում։ Բայց ահա առաջին իսկ փորձարկումը հիմնավորում է կասկածներդ, այն նոր զինատեսակ է, նպատակաուղղված խուճապ, անկումային տրամադրություն և հուսալքություն առաջացնելու ապագայի հանդեպ։
Ինչո՞ւ, զայրանում են լճիցլճյան զովաշունչ լողափերում առաջին վրանները խփած մեր հարգարժան ընթերցողները։
Անզայրացկոտ պատասխանում ենք, քանի որ լուցկու հատիկը «չրթացնելիս» նախ լեղակագույն ծուխ է ժայթքում, այնուհետև յուրաքանչյուր «չրթացնող» ակամա ժամանակային թռիչք է իրականացնում և հայտնվում «Նաիրիտի» ամենաթունավոր արտադրամասի կիզակետում։ Որովհետև բուրմունքահոտային գամման, մեղմ ասած, կարբիդային լիցքեր է պարունակում, զուգահեռ հիշեցնելով զոքանչա-սկեսուրային։
Ամենայն հավանականությամբ «THREE STARS» մակնիշի լուցկին չափազանց ձեռնտու միջոց է ՈՒԿԱԶ-ի ձեռքում իր հանրային և ժողովրդավարական ծրագրերն իրականացնելիս։
Քանզի հաջորդում է հաջորդ փուլը, հուսալքությունդ փոխարկվում է խանդավառության, անկումային տրամադրությունդ` ապրիլմեկյան հրճվանքի։
Ինչո՞ւ և ինչպե՞ս, զայրացկոտ արևկող եք անում, գարեջրի արկղը սուզում լճափնյա խորշը և ձեռքներդ առնում մեր ու ձեր թերթի ամենաթարմ համարը։
Ահա այսպես, պատասխանում ենք համբերատար և մատնացույց անում սպասվող զբոսանքը մեր եռակայմ առագաստանավով։

ԹԹԱԾԻՐԱՆԱ-ՊՈՄԻԴՈՐԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
(ֆելիետոնը թափ է առնում)

Այ, իսկապես որ մղկտացրինք ճգնաժամի տատմորը։
Զօր ու գիշեր թութ ու ծիրան է բեռնվում բեռնատարներն ու ճանապարհ ընկնում` մեկը Ռուսաստան և այլուր, մյուսը` օղու ու գինու հայրենական կոմբինատներ։
Խմեցինք հայրենական արտադրության թթի (նույն թոթի) օղին, զվարթացան մեր սիրտն ու հոգին, ցրվեցին հուսալքության թուխպերը։ Միաժամանակ շահեցինք բարոյապես։ Զի մեր հարգևոր տանտիկնայք ժամերով այլևս չեն դաբաղվում հուրհրան կաթսայի առջև կանգնած դոշաբ ու մուրաբա պատրաստելիս։ Այս ամենը հոգում է հայրենական արտադրողը։ Չենք շոգում, գազն ենք խնայում և ազատվում տանտիկնոջ վերամբարձ քրթմնջոցից, օղի ենք ըմպում և երգում օրհներգեր վասն հայրենյաց։ Իսկ ծիրանը։ Խնդիրը լուծվել է գեղական կարգով և միջազգային սանդղակով։ Աշխարհիս լավագույն ծիրանն աճում-բարգավաճում է Հայաստանում։ Ծիրանը, այսպիսով, համազգային բրենդ է։ Ինչպես Վիկի նոկաուտները, ինչպես Զարուհու տրանսգլոբալիզացիոն «հոգնաներն» աջ ու ձախ, համահավասար և՛ մերոնց, և՛ ձերոնց, և՛ ազերիին, և՛ վրացուն, և՛ կոալիցիային, և՛ հանրահավաքի խալխին։
Ինչպես Թաթայի էթնիկ վիբրացիան։ Եվ այլն։
Ծիրանը նաև «Ոսկե ծիրան» փառատոնի ատաղձն է։
Ծիրանը ծիրանագույնի նախահայրն է և դամբուլի ու շլորի նախատինքը։
ՈՒ ի՞նչ, այն պիտի ոտքի հետ աջ ու ձա՞խ գլորվի, պիտի ջրի գին ու ձվի մատչելիությո՞ւն ունենա։
Ո՛չ, բնա՛վ, ամենևի՛ն ու երբե՛ք։
Ծիրանը պիտի շքեղ գնահատանքի արժանանա իր նախահայրենիք մայր ոստանում։ Ասացեք խնդրեմ, ինչպե՛ս կվերաբերվեք Իսպանիային, եթե ցլամարտի տոմսը տրամվայի փոխադրատոմսին հավասարվի գնով ու մատչելիությամբ։
Անշուշտ, ոչ այնքան հարգալից։
Եվրոպայում լրջախոհ ամբողջականությամբ մերոնց պարզաբանել են, որ եթե ծիրանը ոսկյա խնձոր է, ամենահամեղն աշխարհում, ապա պատշաճ գնահատանքի պիտի արժանանա նախ հայրենիքում։ Այսինքն, լինի ինչ-որ առումով անհասանելի, քիչ ու միչ խորհրդավոր, փոքր-ինչ սեթևեթ։ Թե չէ Հայաստանում այն հասանելի է հանրային բոլոր խավերին, անգամ բոմժերին և արտախորհրդարանական ընդդիմության շարքայիններին։ ՈՒ ի՞նչ, այն պիտի գնահատվի բարձր ու վսեմ Ամստերդամի, Պետերբուրգի և Փարիզի սուպերմարկետներո՞ւմ։ Անհնար է։
Միմյանց հասկանում ենք երկու-երեք պարբերությունից։ «Հայկական ոսկե խնձոր» ծիրանը Հայաստանում արժանի հարգանք պիտի վայելի նախ անմատչելիությամբ։ Ինչպես բրաբիոնը կամ Վանա տառեխը։ Ինչպես, ինչու չէ, նախաամանորյան հավկիթն ու պանիրը։
ՈՒ ահա ցնծություն ամենեցուն։ Աշխարհիս նորագույն սարքավորումներով հագեցած շարժակազմերն անմիջապես այգուց, ուղիղ ծառի ճյուղից ոսկեշող պտուղը ներկայացնում են աշխարհին։ Կտրելով երկա՜ր-երկար մի ճանապարհ։

ՊՈՄԻԴՈՐԻ ՉԻՐԸ` ԶԳԱՅՈՒՆ ՀՈԳԻՆԵՐԻ ԲԱԼԱՍԱՆ
(պամֆլետ` պոմիդորային ենթատեքստով)

Պոմիդո՜րը հայկական։ Լավագույններից մեկն աշխարհում։ Ինչպես ջուրն ու Իջևանի ջեմը։ Ջուրը, հասկացանք, համաձայն Միմինոյի զուգընկեր Խաչիկյանի գովազդի։ Ջեմի մասին խոսք չկա։ Հայաստանում այն կպչուն-մեղրածոր է ինչպես նախընտրական խոստումնալից ժպիտ։ Հետևապես ամենուր է։
Իսկ ահա պոմիդորի չրի մասին, հավանաբար, գիտեն քչերը։ Այն անզուգական է։ Արևածաղկի յուղի մեջ շերտ-շերտ տապակվելով` հրաշալի ուտեստ է դառնում տարին բոլոր։ Սակայն թողնենք ոլոր-մոլոր ճանապարհներն ու ի հայտ բերենք պոմիդորաչրի մենաշնորհատիրոջը։ Թաքցնում են ազգանունը, բացահայտում` ազգությունը։ Կռահեցիք։ Մեր հայրենակիցն է։ ՈՒ պատրաստ անսահմանափակ քանակությամբ պոմիդոր ընդունելու պապերի նախահայրենիքից։ Եվ եթե Արտաշատի լոլիկը նույն գնով ներկայացվի նրան, ինչպես որ Չիլիի, Հնդկաստանի կամ Պորտուգալիայի համանուն տեսականին, հայրենասիրական մղումները լրջագույն հակահարված կտան առևտրային մյուս բոլոր նախապատվություններին, ու հաղթական քայլերգը կթնդա Բուրաստանից Բոմբեյ, Մրգանուշից Մոզամբիկ, Այգեստանից էլ` Արգենտինա։ Այսուհետ նոր տող ազգային հրաշապատում-օրհներգում` տնտեսամեծամտական անսահմանությամբ.
l Մեր Ջերմուկով ու Բջնիով կպահենք հանրապետությունը։
l Մեր սուջուխով և ալանիով կդառնանք համահավասար գործընկեր Մեծ Եռյակին։
l Մեր ծիրանով կդասվենք տարածաշրջանային գերտերությունների շարքին։
l Վերջապես, մեր պոմիդորով ու պոմիդորաչրով կտապալենք ազերիների, օսմանլու և այլոց հակահայկական հրթիռային կայանները։
Հրաշալի է, փառահեղ, անզուգական։ Միայն թե...
Միայն թե պիտի ուս ուսի ու ծունկ ծնկի համահունչ լինեն ԱԺ-ն և կառավարությունը, համահունչ` կառավարությունն ու մենաշնորհատերը։ Ինչպե՞ս։ Շատ պարզ։ Նախ կառավարությունը, համազգային շահով առաջնորդվելով, «Ազգային պոմիդորի և ժողովրդական լոլիկի» մշակման և արտահանման հայեցակարգն է ուղղորդում խորհրդարան։ Հետո խորհրդարանը միաձայն (դեմ է միայն անկախ-ապակուսակցական պատգամավոր Պ.-ն) ընդունում է սույն օրենքը։ Հետ ուղարկում լրամշակման` ընդդիմության ճնշման ներքո։ Լրամշակումից հետո, որն իրականացվում է գյուղնախարարության, սփյուռքի և մշակույթի նախարարությունների միացյալ փորձակայանում, օրենքն ընդունվում է։ Ի փառս տնտեսական եռանիշ ցատկի։ Ի հեճուկս ՀԱԿ-ի տնտեսական բլոկի։
Սակայն մոռացանք, անտեսեցինք և արհամարհեցինք գլխավորը` ով է ազգային պոմիդորին միջմայրցամաքային ճամփորդության մղում։ Կառավարությո՞ւնը։ Անհնար է, զի մենք ազատ տնտեսության համար մղվող մարտերում վաղուց ենք հետնապահ դիրքեր մղել ԱՄՆ-ին, Լյուքսեմբուրգին և Թաթարստանին։
Ի դեպ, ձեր հուզախռով մտքով անցնո՞ւմ է, թե ինչն է Հայաստանում պետական, անշուշտ, առայժմ։ Ճիշտ եք երիցս։ ՀՀ-ում մինչ օրս պետական են մետրոպոլիտենը, ավտոճանապարհային ոստիկանությունը, Սևանի ջուրն ու Աղվերանի օդը։ Հա, նաև տրոլեյբուսները, կառավարական տան ժամացույցը և մայթերը պճնող աղբամանները։
Մի խոսքով, պոմիդորի չրի մրցույթին չմասնակցեցինք։
Կներեք, էդ ում դարդն է կտրել օվկիանոսն անցնել ու մի երկու արկղ պոմիդորով խալխին զարմացնել։ Շատ ավելի խելացի միջոց կա։ Որը և հրաշալի կիրառվում է։ Մեր պոմիդորը տոմատի է վերածվում և բավարարում ներքին պահանջարկը։ Իսկ այնպիսի միամիտ ուտեստ, ինչպիսին լոլիկաչիրն է, հարյուրումեկ տարի պետք չէ։

ՎԵՐՋԱԲԱՆ` ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳՐՈՀՈՎ
(պոչամբարային զեղում)

Եթե խոսքը մեր արժանի ուշադրությանը չարժանանա, ուրեմն գիտցեք, անժամկետ գրանցում եք ստանում լճիցլճյան վրաններում, ամառ թե ձմեռ առանց սեփականության իրավունքի։
Տիարք և տիկնայք բնապահպաններ, գեթ մի պահ ձեռք քաշեք պոչամբարներից, Գետառի առնետներից և Զանգուն բռնաբարած օլիգարխիկ օբյեկտներից։ Եվ դեմքով (քթարմատով, ծնոտով, աչուկներով) շրջվեք դեպի ավտոճանապարհային ոստիկանությունը։ Եվ դարձի բերեք նրանց, վարակեք մարդասիրությամբ, մասնագիտական պատվախնդրությամբ (հավակնոտ ծրագրեր, կշեփորեր մեծարգո վարչապետը) և ուղղեք դեպի որոշ անփույթ վարորդների արձակած փութաջան ծուխն ու մուրը։ Նրանց չէ, նրանց մեքենաների։
Թե չէ առավոտ ծեգին քաղաքի փողոցները և կանաչ գոտիները նորահարսի ամոթխած եռանդով «իստակվում են», երևանցիները (նաև ձեր ոչ այնքան խոնարհ ծառան) սրտաբաց ընդառաջ են գնում երկրի կայունացմանն ու բարգավաճմանը, և «մուրազներս մնում է փորներս», ծուխն ու մուրը փաղաքշում են աչք-հոնքդ, խուտուտ տալիս կերակրափողդ, շոյում են... սա էլ դուք որոշեք։
Այնպես որ, տիարք և կանայք բնապահպաններ, առաջ դեպի ազատագրյալ թոքեր և աչքեր։
Եվ խնդրի լուծման գերնպատակով «մարաղ մտեք» լայնահուն պողոտաների և փողոցների խաչմերուկներում, օդազտիչ սարքը թափահարեք աջ ու ձախ և չափագրման ենթարկեք արտավիժող ծխի որակը, սեփական թոք ու լյարդի անաղարտությունը և ճանապարհային ոստիկանի անտարբերությունը։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հ. Գ. -Իսկ մսամթերքը թանկացավ ու չի նվազելու էլ երբեք։ Հայոց շուկա-ջունգլիի հերթական աքացին է մեր հանրային գիտակցությանն ու ամորձիներին։ Ոչինչ անել չես կարող։ Շեր-խանն ու Շակալախումբը կրկին որսագողության են դուրս եկել։

Դիտվել է՝ 1683

Մեկնաբանություններ