Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ամերիկացիները ոչ մի տարբերակ չեն բացառում

Ամերիկացիները ոչ մի տարբերակ չեն բացառում
04.07.2008 | 00:00

ԱՄՆ-ի և Իրանի միջև մերթ հարաբերականորեն հանդարտվող, մերթ կրկին հրահրվող տեղեկատվական պատերազմը վերջին շրջանում բորբոքվում է նոր ուժով։ Եվ գլխավոր միտումն այդ տեղեկատվական պատերազմում այն է, որ շեշտադրվում է իրանական ատոմային ռեակտորներից իբր արտադրված և արտադրության մեջ գտնվող ատոմային ռումբերի և մարտագլխիկների պոտենցիալ վտանգը, նկատի ունենալով, որ իրանական հրթիռներն ընդունակ են հասնելու մինչև Թել Ավիվ։
Տեղեկատվական հոսքերում հատուկ ուշադրության է արժանանում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հայտնի խոստումը՝ սրբել Իսրայելը երկրի երեսից և իրանական ատոմային ծրագրի ողջ ներուժը տարածել տարածաշրջանի ու արևմտյան աշխարհի վրա։ Համապատասխանաբար իսրայելական պատասխանատու գործիչներն էլ ակտիվորեն ընդգրկվում են այս լայնամասշտաբ տեղեկատվական պատերազմում ընդդեմ իրանական «սատանայի» և հայտարարում, որ Իսրայելն ինքն է ընդունակ ոչնչացնելու իրանական ատոմային ռեակտորները, եթե ԱՄՆ-ը չդիմի այդ քայլին։
Առայժմ, բարեբախտաբար, պատերազմը միայն տեղեկատվական բնույթ ունի, սակայն պետք չէ մոռանալ, որ իսկական պատերազմներն էլ միշտ սկսվում են բարձրագոչ տեղեկատվական կամպանիաների արդյունքում։ Մի կողմից Իրանի, իսկ մյուս կողմից ԱՄՆ-ի և Իսրայելի փոխադարձ հարձակումները հիմք են տալիս ենթադրելու, որ բոլորովին էլ չի բացառվում, թե վերջիններս որոշակիորեն նախապատրաստված են իրանական տարբեր օբյեկտներին հարված հասցնելու։ Մանավանդ, որ դրան զուգահեռ ԱՄՆ-ը մեծացնում է իր ռազմածովային ուժերի թվակազմը Պարսից ծոցում, իսկ Իրաքի զինաթափման հարցում ՄԱԿ-ի կողմից վերահսկողություն իրականացնող հատուկ հանձնաժողովի նախագահ Սկոտ Ռիտերը հայտարարում է մինչև սեպտեմբեր Իրանի վրա գրոհ ձեռնարկելու հնարավորության մասին։ Ըստ որում, խոսքը վերաբերում է ոչ թե Իսրայելի, այլ ԱՄՆ-ի կողմից ձեռնարկվող գրոհին՝ օդային ռմբահարումների ձևով։ Մեկ այլ «ամերիկյան բազե»՝ Ջոն Բոլտոնը, որը ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպանն է և իրաքյան պատերազմը նախապատրաստողներից մեկը, պահանջում է ամերիկյան վարչակազմից՝ ռմբային հարվածներ հասցնել Թեհրանին, հատկապես ատոմային ռեակտորները շարքից հանելու նպատակով։ Բոլտոնի պնդմամբ, պատերազմը վատթարագույն միտումը չէ իրանա-ամերիկյան ներկա փոխհարաբերություններում, նա նույնիսկ վստահություն է հայտնել, որ պատերազմը կսկսվի ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ավարտից հետո։
Միաժամանակ Միացյալ Նահանգներն աշխատում են զրկել Իրանին արաբական աշխարհում ունեցած ազդեցությունից։ Տարածաշրջանում փակ հանդիպումներ և կոնֆերանսներ անցկացնելու ճանապարհով Բուշի վարչակազմը ձգտում է վերակենդանացնել իսրայելա-պաղեստինյան խաղաղ բանակցությունների գործընթացը և դրանով իսկ տարածաշրջանի շահագրգիռ երկրների ուշադրությունը բևեռել Իրանից բխող վտանգների վրա։ Այս խնդրի լուծման ուղղությամբ աշխատելով՝ Սպիտակ տունը ձգտում է ամրացնել Պարսից ծոցի դաշնակից պետությունների ռազմական պոտենցիալը` Սաուդյան Արաբիային և Ծոցի այլ արաբական երկրների տրամադրելով 20 մլրդ դոլարի զենք և զինամթերք։ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նիկոլաս Բեռնսի պնդմամբ, այդ հատկացումների հիմնական նպատակն այն է, որ «այդ պետություններին հնարավորություն տրվի ամրապնդել իրենց պաշտպանունակությունը, և դրանով իսկ պայմաններ ստեղծվեն իրանական էքսպանսիայի, իսկ ապագայում` հնարավոր ագրեսիայի զսպման համար»։
Միևնույն ժամանակ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմադ Ալի Ջաֆարին հայտարարեց, որ իր երկրի նկատմամբ ագրեսիայի դեպքում «Իրանը վճռական գործողություններ կձեռնարկի Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի վրա վերահսկողություն ապահովելու նպատակով»։ Տվյալ պարագայում խոսքն ակնհայտորեն վերաբերում է Հոմուզի նեղուցը «փակելուն», քանի որ այդ ծովային հանգույցով են իրականացվում համաշխարհային նավթի շուրջ 40%-ի փոխադրումները։ Իրանցի զինվորականն այս համատեքստում սպառնացել է, որ նման ակցիայի արդյունքում ածխաջրածնային ռեսուրսների գներն աննախադեպ կաճեն, և այդ հանգամանքը հանդիսանում է հակառակորդին զսպող գործոններից մեկը։ Իրանցի գեներալը նաև Իսրայելին զգուշացրեց Իրանի դեմ հետագա ագրեսիայի հետևանքներից, նկատել տալով, որ Իսրայելը գտնվում է իրանական հրթիռների հարվածի շրջագծի մեջ։ Սակայն տեղեկատվական պատերազմի դրսևորումների մեջ հատուկ տեղ կարելի է հատկացնել իրանցի գեներալ Բաղերզադեի այն հայտարարությանը, թե իրենք սահմանամերձ հատվածում արդեն սկսել են 320 հազար գերեզման փորել, որտեղ էլ պատրաստվում են թաղել Իրանի տարածք ներխուժած ագրեսորներին։
ՈՒժի ցուցադրության վերոնշյալ դրսևորումները լուրջ մտահոգություն են ներկայացրել ոչ միայն մեր տարածաշրջանում ու Ռուսաստանում, այլև Եվրոպայում։ Հունիսի 14-ին Եվրամիության արտաքին և պաշտպանական քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Խավիեր Սոլանան Թեհրանում հանձնեց, այսպես ասած, խթանիչ առաջարկությունների նոր փաթեթը, որոնք, եվրոպացիների կարծիքով, կարող են ազդել Իրանում ուրանի հարստացման գործընթացը կասեցնելու առումով դրական որոշում կայացնելու վրա։ Ըստ որում, ընդգծվեց, որ Իրանի կողմից հիշյալ հարցի դրական արձագանքի դեպքում Եվրամիությունը երաշխավորում է էներգետիկ համագործակցության և առևտրա-տնտեսական համագործակցության ընդլայնումը Իրանի հետ, աջակցություն կցուցաբերվի Թեհրանին առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու հարցում և այլն։
Միաժամանակ Թեհրանն էլ քայլեր է ձեռնարկում դաշնակից և մերձավոր հարևան պետությունների աջակցությունն ապահովելու համար։ Այսպես, Իրանը հայտարարեց, թե հույս ունի դառնալ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) լիիրավ անդամ՝ այս տարի Դուշանբեում կայանալիք ՇՀԿ հերթական գագաթաժողովում։ Ղազախստանի և Իրանի երկկողմ հարաբերություններին վերաբերող հատուկ կոնֆերանսի ժամանակ հայտարարվեց մոտ ապագայում արտաքին առևտրի շրջանառությունը երկու երկրների միջև 10 մլրդ դոլարի հասցնելու մասին։ Իսկ Իրանի արդյունաբերության և բնական ռեսուրսների փոխնախարար Սամինեժադը, ավարտելով բանակցություններն Աֆղանստանում, հայտարարեց, թե ստեղծվելու է իրանա-աֆղանական համագործակցության հատուկ կոմիտե, որը, մասնավորապես, զբաղվելու է Աֆղանստանի լեռնահանքային արդյունաբերության զարգացումն առաջ մղելու հարցերով։ Նույն կերպ Թեհրանը քայլեր է կատարում ռազմական վտանգը քաղաքական միջոցներով կանխարգելելու ուղղությամբ։ Հետաքրքրական է այն, որ Իրանի խորհրդարանի փոխնախագահ Մուհամմեդ Հասան Աբուդուլաբին վերջերս հատուկ ընդգծեց Բաքվի աջակցության կարևորությունն Իրանի ատոմային ծրագրին։ «Մենք շնորհակալ ենք նախագահ Իլհամ Ալիևին այն դիրքորոշման համար, որ խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի ստացումն, անկասկած, Իրանի միանշանակ իրավունքն է»,- հայտարարել է իրանական պաշտոնյան, միաժամանակ ընդգծելով, թե երկիրն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։ Հասկանալի է, որ նման հայտարարություններն առանց պատճառի չեն լինում։ Իրանն ակնհայտորեն անհանգիստ է այն հանգամանքով, որ ԱՄՆ կառավարությունը մշակել է 75 մլն դոլար արժողությամբ ժողովրդավարության տարածման ծրագիր, որի համատեքստում իշխանափոխություն է ենթադրվում Թեհրանում։ Հայտնի է, որ Իրանը ներսից թուլացնելու նպատակով մի անգամ չէ, որ փորձ է արվել օգտագործել այնտեղ բնակվող էթնիկ ադրբեջանցիներին, և այդ համատեքստում Թեհրանի համար շատ կարևոր է, որ պատերազմի դեպքում Ադրբեջանը չվերածվի ամերիկյան պլացդարմի։
Ի հակակշիռ Թեհրանի այս ջանքերի, Վաշինգտոնն այս ամիսներին կարողացավ ՄԱԿ-ում բացասական բանաձև անցկացնել Իրանի ատոմային ծրագրի վերաբերյալ և կիրառել ոչ պաշտոնական, բայց կոշտ ֆինանսական պատժամիջոցներ, ինչի արդյունքում Իրանը գրեթե ամբողջությամբ մեկուսացվեց ֆինանսական շուկաներից։ Իրանին զսպելու գաղափարը, անշուշտ, նոր չէ։ Այդ երկրում իսլամական հեղափոխությունից հետո ԱՄՆ-ում իրար հաջորդող հանրապետական և դեմոկրատական կառավարություններն Իրանի դեմ տարբեր ծրագրեր են մշակել և փորձել իրագործել։ Խնդիրն այն է, սակայն, որ Վաշինգտոնի կողմից հայտարարված Իրանի զսպման քաղաքականությունը ներկայիս իրականում բազմաբևեռ աշխարհում արդյունավետ լինել չի կարող։ Այդ խնդրի լուծման համար բավարար բաղադրիչներ չկան, և ԱՄՆ-ը կարող է ընդամենն ավելի ապակայունացնել իրավիճակը առանց այն էլ անհանգիստ այս տարածաշրջանում։ Համապատասխանաբար՝ Միացյալ Նահանգներում աստիճանաբար ավելանում է նրանց թիվը, ովքեր կարծում են, թե Իրանի հետ անհրաժեշտ է համագործակցել տարածաշրջանային անվտանգության համաձայնագիր ստորագրելով և դրա շրջանակներում Իրանի ազդեցության աճը չափավորելով։ Մի շարք փորձագետների կարծիքով` սա Իրաքում իրավիճակը կայունացնելու, ԱՄՆ-ի արաբական դաշնակիցներին հանգստացնելու, արաբա-իսրայելական հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացին նպաստելու լավագույն հնարավորությունն է։ Շատերը գտնում են, որ այդ համատեքստում նույնիսկ հնարավոր է հասնել իրանական ատոմային ծրագրի շուրջ բանակցություններին նոր ուղղություն տալու քաղաքականության։ Եվ քանի որ այս մոտեցմանը համամիտ են գործընթացի բոլոր հիմնական խաղացողները, ապա դա էլ կարող է դառնալ Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմավարության հիմնական ուղղությունը, որը միաժամանակ անհամեմատ ավելի ջանքեր և միջոցներ կպահանջի։ Այս հանգամանքը, ի դեպ, լիովին համադրվում է ԶԼՄ-ներով Վաշինգտոնի ծրագրերի մասին տարածված «արտահոսքի» հետ, թե այնտեղ նույնիսկ ծրագրում են Թեհրանում ԱՄՆ ներկայացուցչություն բացել։ Պատերազմի կողմնակիցների և չափավոր քաղաքական գործիչների միջև յուրօրինակ սահմանագիծ անցկացրեց ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը, որը նախօրեին հայտարարեց, թե ինքը չի բացառում Իրանի հետ հարաբերությունների զարգացման ոչ մի սցենար, սակայն, այնուհանդերձ, առաջնություն է տալիս հակամարտության կարգավորման դիվանագիտական միջոցներին։

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4284

Մեկնաբանություններ