Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԱՆԱՌԱԿ ՄԱՐԻԱՄ ԵԳԻՊՏԱՑԻՆ, ՈՐ ԴԱՐՁԱՎ ՍՐԲՈՒՀԻ

ԱՆԱՌԱԿ ՄԱՐԻԱՄ ԵԳԻՊՏԱՑԻՆ, ՈՐ ԴԱՐՁԱՎ ՍՐԲՈՒՀԻ
19.10.2010 | 00:00

Պաղեստինի վանքերից մեկում ապրում էր մի այր՝ զարդարված առաքինի վարքով և իմաստուն խոսքով։ Վաղ մանկությունից մենակյացի կյանքով էր ապրում։ Ծերունու անունը Զոսիմոս էր։ Պահեց առաքինության բոլոր աստիճանները և կրոնավորության ողջ կարգը։ Եվ, հավատարմելով սաղմոսերգության ու սուրբ գրոց մեջ, բազում անգամ ի վերուստ արժանացավ աստվածատեսության։ Եվ մի անգամ, երբ ներամփոփված խորհում էր, թե երկրի վրա գուցե լինի մի մենակյաց, որ իր համար օգտակար նոր բաներ ասի ու ճգնության տեսակներ սովորեցնի, հայտնվեց նրան Տիրոջ հրեշտակն ու ասաց.
-Զոսիմո՛ս, մարդու հնարավորությունների սահմաններում ազնվորեն ու գեղեցիկ ճգնեցիր։ Բայց մարդկանցից ոչ ոք չի կարող կատարյալ համարվել, քանզի առաջիկա ճգնությունը նախորդից մեծ է լինելու, և դուք թերևս չգիտեք ապառնին։ Բայց որպեսզի իմանաս, թե որքան ճանապարհներ են տանում դեպի փրկություն, դուրս եկ քո երկրից ու գնա Հորդանանի ափին հիմնված վանքը։
Եվ ծերունին, իսկույն ևեթ, հետևելով հրահանգին, գնաց Հորդանան ու հասավ այն վանքը, ուր առաքել էր նրան Աստված։ Վանահայրը, լսելով ծերունու գալու նպատակը, սիրահոժար ընդունեց նրան։ Վանքում կերակրվում էին ամենաանհրաժեշտով՝ հացով ու ջրով, և այնքան, որ նրանցից յուրաքանչյուրին աստվածային սերն էր շարժում։ Մոտեցավ քրիստոնյաներին ավանդված Մեծ պահքը վայելչորեն պահելու ժամանակը։ Պահքի նախորդ կիրակի օրը, Սուրբ պատարագի ժամանակ, բոլորը հաղորդվում էին անապական և կենդանարար Խորհրդին։ Այնուհետև փոքր-ինչ կերակրվելուց հետո, միաբան աղոթում և «Տե՛րն է լույսն իմ ու փրկիչն իմ» սաղմոսը երգելով, գնում էին ճգնության։
Յուրաքանչյուրն իր կարիքներին համապատասխան պահոց ուտելիքներ էր վերցնում՝ հաց, թուզ, արմավ, թրջված ունդ, իսկ ոմանք էլ ոչինչ չէին վերցնում ու կերակրվում էին անապատում բուսած խոտերով։ Առանձին կանոն ունեին՝ չհետաքրքրվել, թե մյուսն ինչպես է իր պահքը պահում։ Եվ ոմանք Հորդանանն անցնելով՝ բնակվում էին անապատում։ Վերադառնում էին Փրկչի Հարությունից մեկ շաբաթ առաջ՝ Ծաղկազարդի տոնին։ Զոսիմոսն ինքը ևս անցավ Հորդանանն ու խորացավ անապատի մեջ։ Կերակրվում էր ըստ անհրաժեշտության, քնում չափավոր և առավոտյան արթնանալով` արագ ընթանում էր առաջ՝ հույս ունենալով գտնել մի ճգնավոր Հոր, որից իր հոգու փափագի համաձայն, օգուտ քաղեր։ Այս պատճառով էլ շատ արագ էր ընթանում։ Եվ քսան օրվա ճանապարհ անցնելուց հետո, երբ վեցերորդ ժամն էր, և նա իր սովորության հաաձայն աղոթք էր անում՝ սաղմոսելով ու երկրպագելով, աջ կողմում մի ստվեր տեսավ, սկզբում կարծեց, թե դիվական երևույթ է, խաչակնքեց ու երկյուղը վանեց, ապա տեսավ, որ մեկը դեպի հարավ է գնում։ Երկնքից կրակ ու բոց թափող արեգակի տակ մերկ մարմինը սևացած էր, մինչև պարանոցը հասնող վարսերը սպիտակ էին։ Զոսիմոսն ուրախանալով, որ վերջապես անծանոթ ճգնավորի է տեսնում, շտապեց հասնել նրան, բայց մարդը, նկատելով հետևից եկողին, սկսեց փախչել։ Զոսիմոսը ևս վազեց՝ ձայն տալով ու արտասվելով՝ սպասի՛ր ծերիս ու անարժանիս բաշխիր աղոթքներդ ու օրհնություններդ։
Մինչև որ վազքով հասան մի հովիտ, որ չորացած գետի հուն էր հիշեցնում։ Մարդն անցավ այն ափը, իսկ Զոսիմոս ծերը, որ հոգնել էր, մնաց այս ափին։ Եվ փախչողն այսպես ձայնեց.
-Հա՛յր Զոսիմոս, թողությու՛ն շնորհիր, հանու՛ն Աստծո, չե՛մ կարող վերադառնալ և երևալ քեզ այսպիսի տեսքով, քանզի թշվառական ու մերկ մի կին եմ, մարմնիս ամոթույքն անծածկ։ Բայց եթե իրոք ցանկանում ես մեղավոր կնոջս շնորհել քո աղոթքները, գցի՛ր ուսնոցդ, որպեսզի դրանով ծածկեմ իմ կանացի տկարությունները և դառնալով դեպի քեզ, ընդունեմ աղոթքներդ։
Զոսիմոս ծերը երկյուղած խորհեց, թե ինչպե՛ս կարող էր այդ կինն իր անունն իմանալ, եթե նախաիմացությամբ, երկնային տեսիլքով կամ հայտնությամբ քաջահայտ չլիներ իր մասին, ապա անվամբ չէր կոչի, երբ ո՛չ տեսել էր իրեն և ո՛չ էլ լսած կարող էր լինել իր մասին, քանզի ինքն օտարերկրացի էր, անծանոթ այս վայրերի մարդկանց։ Ապա ուսնոցը հանելով նետեց մյուս ափը։ Կինը ծածկելով իր ամոթույքները՝ մոտ եկավ։
-Ի՞նչ էիր ուզում իմանալ կամ սովորել ինձնից, հա՛յր Զոսիմոս,- հարցրեց ճգնուհին, և հայր Զոսիմոսը համոզվեց, որ ճգնուհին նախօրոք գիտեր իր գալու նպատակը և Աստված նրան հանդիպեցնելու համար է իրեն այս հեռավոր անապատն առաջնորդել: Եվ երբ Զոսիմոսի խնդրանքով կինն սկսեց աղոթել ողջ աշխարհի և իր՝ ծերունու համար, հանկարծ աբբան նկատեց, որ աղոթքի ժամանակ կինն ահա մեկ կանգուն օդ է բարձրացել, և միայն շուրթերն են շարժվում, քանի որ լռելյայն էր աղոթում։ Եվ ահաբեկված ծերունին կարծելով, թե ճգնուհին իրական չէ, այլ մի ոգի, ահից փռվեց գետնին և իր անարժանությունը տեսնելով՝ «Տեր ողորմյա»-ն էր կրկնում: Կինը մոտեցավ, վեր բարձրացրեց նրան ու ծերունու մտքերը բարձրաձայն ի հայտ անելով, ասաց. «Իզուր ես կարծում, թե ոգի եմ, հա՛յր, ես մի մեղավոր կին եմ, սակայն պարսպված եմ Սուրբ Հոգու մկրտությամբ։ Եվ եթե իմ անցյալի չարագործություններն իմանայիր, հեռու կփախչեիր ինձնից, ինչպես օձից»։ Եվ ահա հայր Զոսիմոսի աղերսանքով, անապատական կինը սկսում է պատմել իր մասին։ Այն, որ ինքը եգիպտացի է, տասներկու տարեկանից գնացել է Ալեքսանդրիա, փչացել այնտեղ, տասնյոթ տարեկանում արդեն հրապարակայնորեն պոռնիկ է եղել, ոչ թե վարձով, ինչպես մյուսները, այլ ինքն է լցված եղել դևերով, իսկ հացն աշխատել է վուշ մանելով։ Այնուհետև, երբ մի խմբի հետ անառակելով՝ նավով հասել է Երուսաղեմ, Խաչի վերացման տոնի նախօրյակին, սուրբ քաղաքում ևս անառակագործել է, իսկ տոնի օրը ամենքի հետ գնացել է խաչափայտը տեսնելու։ Եվ ամենքը կարողացել են եկեղեցի մտնել, բացի իրենից։ Եվ հասկացել է, որ իր անառակագործությունների պատճառով մի աներևույթ ուժ արգելում է իրեն տաճար մտնել: Այդժամ հասկացել է, թե անառակելը որքան է զզվելի Աստծո առջև: Ահա, ամենքը գալիս, մտնում են տաճար, իսկ ինքը որերորդ փորձն է, որ տաճարի դռանն էլ չի կարողանում հասնել: Աներևույթ զորությունը տիրականորեն հեռու էր շպրտում, երբ անչափ փափագում էր սրբազան Խաչափայտը տեսնել: Ապա Աստվածամոր պատկերի առաջ սկսեց արտասվել ու աղերսել, որ եթե Աստվածամայրը երաշխավոր կանգնի իրեն, որ ինքը ևս կարողանա տաճար մտնել, ուխտ կանի՝ այլևս չանառակել և իր մարմինը մշտապես սուրբ պահել և լսել Աստվածամորը ամե՛ն մի հարցում։ Եվ ապա, այս աղոթք-խոստումից հետո, երբ մոտեցել է տաճարին, այլևս արգելք չի զգացել ու ներս մտնելով տեսել է Փրկչի Խաչափայտը։ Եվ երբ կրկին դուրս է եկել Աստվածամոր՝ իր երաշխավորի նկարի առջև շնորհակալ լինելու, հեռավոր մի ձայն է լսել, թե՝ կգնա՛ս Հորդանանի կողմերը։ Ապա եկել է Հորդանանի ափը և Հովհաննես Մկրտչի Սուրբ եկեղեցում ընդունել կենարար հաղորդությունը։ Հետո, Հորդանանի ափին մի նավակ գտնելով, անցել է մյուս ափ՝ անապատ։ Եվ ահա քառասունյոթ տարի է՝ անապատում է։ Հագուստները մաշվել գնացել են, վերջին իր մարմնավոր կերակուրը քառասունյոթ տարի առաջ ընդունած սուրբ հաղորդությունն է եղել, անգամ ջուր չի խմել, սնվել է միայն Աստծո խոսքերով, քանի որ «Մարդ հացով չէ միայն, որ ապրում է, այլ Աստծո ամենայն խոսքով նաև»։ Անապատում ոչ մի մարդու մինչ այդ օրը չի տեսել և ոչ էլ երբևէ հանդիպել է որևէ գազանի։ Ճգնուհին Սուրբ գրքից ընտիր մեջբերումներ էր բերում և ապշահար հայր Զոսիմոսի հարցին պատասխանում է, թե՝ գիրքը չի ընթերցել, բայց Աստծո Խոսքը կենդանի է ու ներգործուն, նա է մարդկանց ուսուցանում ամենայն գիտություն։ Ճգնուհին այնուհետև խնդրեց ծերունի երեցին հաջորդ տարի Խորհրդավոր Ընթրիքի օրը գալ Հորդանանի ափ և հաղորդություն տալ իրեն։ Հաջորդ տարի, երբ ծերունի երեցը սպասում էր Հորդանանի ափին ու մտածում, թե ինչպես պիտի կինը Հորդանանն անցներ, երբ հակառակ ափին նավակ չկար, տեսավ Աստծո սրբուհուն, որ Քրիստոսի խաչով ահա խաչակնքեց Հորդանանն ու անցավ... քայլելով ջրերի վրայով։ Ապշահար ծերունին տեսնելով, թե ինչպես է ջրերի վրայով մոտենում սրբուհին, ընկավ ծնկների վրա, որպեսզի երկրպագի նրան: Սակայն սրբուհին, ձեռքն առաջ մեկնեց և զորավոր ձայնով ասաց. «Չհամարձակվե՛ս ինձ՝ մեղավոր կնոջս երկրպագել, հա՛յր, հիշի՛ր, որ դու քահանա ես և արժան է միայն Աստծուն երկրպագել, որից է ամենայն կյանք ու սրբություն»: Ապա Կենարար Սուրբ Հաղորդությունն ընդունելով, ճգնուհի անապատականն ասաց «Այժմ, Տե՛ր, ըստ Քո խոսքի` խաղաղությա՛մբ արձակիր հոգիս, որովհետև աչքերս տեսան Քո փրկությունը» (Ղուկաս Բ 29)։ Այնուհետև կինը երեցին խնդրեց հաջորդ տարի կրկին գալ հովիտ՝ առաջին հանդիպման վայրը և դարձյալ, Փրկչի Խաչով խաչակնքելով գետը՝ հեռացավ... ջրերի վրայով։ Հաջորդ տարի, երբ ծերունին քսան օր քայլելով հասավ առաջին հանդիպատեղին՝ հովիտ, տեսավ սրբուհուն՝ գետնատարած, մարմինը ննջեցյալներին տրվող՝ ձեռնամած, արևելահայաց դիրքով։ Դիակի գլխի կողմը, հողի վրա կարդաց սրբուհու թողած գրությունը. «Հա՛յր Զոսիմոս, Մարիամ տառապյալիս մարմինը թաղիր այստեղ՝ հողը հանձնելով հողին։ Եվ հարաժամ աղոթի՛ր ինձ համար՝ Մարիամի, որ վախճանվեց ապրիլ ամսին՝ Փրկչի չարչարանքների գիշերը, նվիրական ու Աստվածային Ընթրիքի ճաշակումից հետո»։ Հայր Զոսիմոսը հասկացավ, որ Մարիամը վախճանվել է մեկ տարի առաջ և Սուրբ Հաղորդություն ընդունելուց հետո, Սուրբ Հոգու միջոցով, մեկ ժամում անցել էր ոտքով քայլելու իր քսան օրվա ճանապարհը և ապա վախճանվել ի Տեր։ Եվ երբ ծերունին մի փոքր փայտ գտնելով զուր ջանաց գերեզմանը փորել, հանկարծ նկատեց, որ մի առյուծ է մոտենում։ Եվ առյուծը հեզությամբ մոտենում էր ծերին: Ծերը թեպետ սկզբում ահաբեկվեց, բայց Քրիստոսի վրա հույս դրած, հասկացավ, որ Հիսուս Տերն է գազանին ուղարկել։ Եվ խնդրեց առյուծին փորել գերեզմանի տեղը՝ սրբուհու դին թաղելու։ Առյուծը առջևի թաթերով հեզությամբ փորեց։ Եվ երբ ծերը դին դրեց փոսում, գազանը նույն հեզությամբ թաթերով հողը փոսը լցրեց: Եվ թաղելուց հետո գազանը գառան նման հեռացավ անապատ: Իսկ ծերունին, օրհնություններ երգելով, հետ դարձավ վանք։ Եվ իր լսածներն ու տեսածներն ամբողջությամբ, ոչինչ չթաքցնելով, պատմեց վանականներին, որ նախ բանավոր պատումով և հետո գրի առնվելով՝ հասավ մեզ, մենք էլ փոխադրեցինք արևելահայերենի։
ԱՂՈԹՔ ԱՆԱՌԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏ ԴԱՐՁՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ահա Տեր, ճշմարիտ է Քո խոսքը, թե . «Ես եկա ոչ թե արդարների համար, այլ մեղավորներին ապաշխարության հրավիրելու», որովհետև այս մեղսապարտ անառակները Քո կանչով գալով Քեզ՝ այս ո՜ւր են հասել: Մեկն ահա՝ Մարիամ Եգիպտացին, քայլում էր անգամ ջրերի վրայով, ավելի աներկմիտ էր, քան հավատի վեմ Պետրոսը, մյուսն անդուռ շարված դռնով խցիկում «ողորմի՜ր» էր աղերսում երեք տարի շարունակ, իսկ ահա Քո կանչը լսող այս մի անառակ կինը Փրկավետ խոսքի գանձեր է թողնում մեզ ժառանգություն, և որքա՜ն ուսանելի: Ահա որքան մեր հավատի ու ապաշխարության կյանքն ամրացնող դարձրին այս պոռնիկները Քո կանչը լսելու իրենց հետդարձով: Եվ ինչ է մնում մեզ՝ մեղավորներիս, Տե՛ր, որ այս անառակ կանանց ապաշխարության հաղթանակի խրատից սթափվելով, սիրելով նրանց դարձի սքանչելի խիզախությունը, մենք ևս թողնենք այս աշխարհի ախտն ու կորուստը և հավիտենականն ընտրենք՝ անխամրելին, անխառնը, երանաբերն ու հավատի գործերով հաղթականը: Տուր մեզ, Տե՛ր, որ մեր սիրտն ազատվի այս աշխարհի կորստաբեր շղթաներից և որ մինչև վերջ իջնենք ապաշխարության նեղ դռան մեջ և Քո սուրբ գանձերն այլևս չմատնենք սատանային, այլ Քոնինների համար լինեն դրանք, քանի որ անգամ անառակ որդիներդ ավելին են, երբ Քո կանչն ապաշխարության լսում են և իրականություն դարձնում, քան նրանք, ովքեր չճանաչեցին, որ Աստվա՛ծ Քեզ ուղարկեց մեղավորներիս փրկության համար և հպարտացան իրենք իրենց մեջ, ընդդիմացան և կորցրին հավիտենականը: Օրհնյա՜լ լինես, Տե՛ր, Քո բերած գթությամբդ, կորստականներին անգամ Քո վերստեղծող Աստծո ձեռքերիդ և կատարյալ աներկբայելի սիրուդ: Քաջությո՛ւն տուր, և հնար ախտաժետներիս՝ սիրուդ ըմբռնու՛մին լինել արժանիներ, թող մենք ևս շուռ գանք՝ խարազանելու ինքներս մեզ, մինչև լիիրավ կատարելությանդ լույսը՝ բազմացող շնորհներովդ աշխատելով և մեր անհատական խաչերը կրելը դարձնես մեզ ևս մխիթարություն և թող որ՝ ճշմարիտ մեր երանության, հավիտյան ապրելու բանալին: Հավիտյան թող օրհնյալ ու օրհնյալ լինի Քո որոնելը մեզ՝ մեղավորներիս, Քո քավչարար արյամբ լվացվելու համար Քո նեղ դռան մեջ մտնելու և մեր խաչը տանելով ապաշխարությամբ հաստատվելու մեջ՝ Քո առաջ: Քանի որ միայն Քոնն է կյանքը և Փառքն հավիտյան: Ամե՛ն:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2092

Մեկնաբանություններ