Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Այդ մի թիզ պետության՝ Իսրայելի մայրաքաղաքում դաժան պայքար է գնում արևի տակ տեղ ունենալու համար»

«Այդ մի թիզ պետության՝ Իսրայելի մայրաքաղաքում դաժան պայքար է գնում արևի տակ տեղ ունենալու համար»
05.12.2008 | 00:00

«ՔՐԻՍՏՈՍՆ ԱՊՐԵՑ, ՔԱՐՈԶԵՑ ՈՒ ԽԱՉՎԵՑ ՄԱՍՈՒՆՔԻ ՆՄԱՆ ՍՈՒՐԲ ԱՅՍ ՀՈՂԻ ՎՐԱ»
(սկիզբը` թիվ 52-ում)
Բայց դուրս գանք մարդկության մեղքի մահաբեր կնիքը կրող այս վայրից և քայլենք դեպի տաճարների տաճարը` Քրիստոսի եկեղեցու սիրտը հանդիսացող վայրը. այն համայն աշխարհին հայտնի սուրբ Հարության տաճարն է:
Մինչ տաճարին մոտիկից ծանոթանալը, որպես պատմական կարևոր փաստ, իմանանք հետևյալը:
Խաչակիրների ժամանակ, որոնց տիրապետությունը տևեց մեկ դարից էլ քիչ, թագավորել են մի քանի իշխանազուններ, որոնց կանայք ունեցել են հայկական ծագում: Սրանցից առավել հայտնին վերջինն է, որի իշխանությունն ուղիղ 30 տարի տևեց:
Ըստ պատմական տեղեկությունների, Մելիսանտ թագուհու պապը մայրական կողմից Մալաթիայի հայ իշխան Գաբրիելն է եղել:
Հայոց այդ դուստրը 1129 թվին ամուսնացել է ֆրանսիացի իշխան Ֆուլք Անժուի հետ, որը գահ բարձրացավ 1131-ին: Ֆրանսիացի խաչակիր պատմաբան Գիյոմ Տիվրացին գրում է, որ այդ «գեղեցիկ, իմաստուն, քաղցր, գթասիրտ և առաքինի» հայուհին այնքան հարգելի ու սիրելի էր իր ամուսնուն, որ առանց նրա խորհուրդների ոչինչ չէր ձեռնարկում, իսկ ամենաբարձրաստիճան ընդունելություններն առանց կնոջ ներկայության չէին կայանում:
Բայց 1143 թվին մի դժբախտ դեպքի պատճառով նրա ամուսինը` Անժուն, ձիուց ընկնելով` մեռնում է: Բոլորի կողմից հարգված ու սիրված հայոց դուստրը 1143 թվից մինչև 1155 թիվը երկիրը միայնակ է կառավարում, իսկ երբ իր որդին` Պաղտինը, դառնում է չափահաս, ապա գահը փոխանցում է նրան, որն իր հերթին թագավորում է մինչև 1162 թիվը:
Պատմաբանների կարծիքով, այս սուրբ երկրում խաչակրաց իշխանության ժամանակ ամենաաչքի ընկնող տարիները Մելիսանտ թագուհու ժամանակներն էին։
Այս շնորհաշատ հայուհու ամենանշանակալից գործը դարձավ սուրբ Հարության տաճարի բարենորոգումը, որովհետև մինչ այդ սրբավայրը բաղկացած էր երեք առանձին մասերից` ս. Գողգոթան, ս. Գերեզմանը և Խաչի գյուտի վայրը, որոնք պարզ ու անպաճույճ, այդ օրհնյալ տեղերին արդեն ոչ վայել մատուռներ էին: Թագուհու ձեռնարկած գործը տևում է 20 տարի և ճիշտ խաչակիրների իշխանության 50-րդ տարում ավարտվում է: Իսկ այդ հսկայածավալ գործի նպատակն այն էր, որ բոլոր սրբավայրերն ամփոփվեն մեկ տանիքի ներքո: Շնորհիվ հայ թագուհու դա հաջողվում է, և տաճարի այժմյան տեսքն իր նրբահյուս կամարներով ու ճարտարապետական կառույցով մնացել է դեռ այդ ժամանակներից:
Ահա Աստծո կամքով և այս թագուհու ջանքերով հայերը սուրբ Հարության տաճարում կամաց-կամաց հաստատուն դիրք են գրավում, որը մեծ զոհողությունների գնով պահպանվել է մինչև մեր օրերը: Բայց վերջին տարիներին հույների նորընտիր պատրիարքները չեն ուզում հանդուրժել «Ստատիկոնով», այսինքն` առաջնորդող եկեղեցիների ընդունած կանոնակարգով հաստատված` հայերի ունեցած իրավունքները, և ամեն գնով ուզում են չունեցած իշխանությամբ իրավունք բանեցնել մեզ վրա։ Վերջին մի քանի տարիների դատական քաշքշուկներն արդյունք չեն տվել, այդ պատճառով տաճարի ծառայողներն այն լուծում են յուրովի, այսինքն` քրիստոնյային ոչ վայել ձեռնամարտությամբ։
Հիմա եկեք միասին մի փոքրիկ շրջագայություն անենք շատ և շատ քրիստոնյաների հոգու երազանքն այս օրհնյալ սրբավայրում: Բայց մինչև ներս մտնելն ուշադիր նայենք հինավուրց ու փայտաշեն դռներից վեր, որտեղ գտնվում են այս տաճարի միակ կամարակապ լուսամուտները, որոնցից մեկի տակ հասարակ փայտյա աստիճաններ են դրված, որոնք արդեն 145 տարի անշարժ են, որովհետև դա Հայ եկեղեցու իրավունքներից մեկն է, որն այստեղ մանրամասն ու խստությամբ պահպանվում է ըստ «Ստատիկոնի»: Իսկ այդ երևացող երկու լուսամուտները պատկանում են հայերին:
Մինչ տաճարի փայտե, դարերի կնիքն ու հետքերը կրող դարպասներով ներս կմտնենք, նայենք, նախ, դեպի աջ, որտեղ հայի աչքին ու հոգուն հարազատ, շատ ծանոթ մի խաչանիշ գեղեցկազարդ դուռ կա, վրան մեսրոպյան տառերով գրված` «Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցի», իսկ վերևում` երեք կամարաձև պատուհաններ, նույնպես զարդարված հայկական խաղողի, նռան զարդանախշերով: Այո,՛ դա այդպես է, գավիթում գտնվող մեր սեփականությունը ոչ մեծ` երեք փոքրիկ խորաններով եկեղեցին է, որն անհիշելի ժամանակներից պատկանել է մեր ազգին, և գիտակներն ասում են, թե այն նախնյաց եկեղեցու խորանն է եղել, որի սուրբ սեղանի մեջ կա Քրիստոսի չարչարանքների սյունից մի բեկոր: Եվ, ըստ ավանդության, սա այն տեղն է, որտեղ կանգնած է եղել Հովհաննես Ավետարանիչը, երբ մեր Տերը խաչի վրա մարդկության փրկագործությունն էր ավարտում: Այս խորանի դռները տարին երկու անգամ են բացվում. մեկը` չորս ավետարանիչների, հաջորդը` Հովհաննես Ավետարանիչի տոնակատարության օրերին, որը մեզ իրավունք է տալիս բացօթյա պատարագ մատուցելու հենց տաճարի գավիթում: Ասեմ, որ նման բան այլևս ոչ մի ազգ իրավունք չունի կատարելու, և այդ բացառիկ պատիվը մեզ է միայն վերագրված։ Եթե այդ օրն այստեղ ներկա լինեք, ապա կտեսնեք գավիթը` ծածկված նախշազարդ գորգերով, որի վրա հայորդի զավակները շարականներով, սաղմոսներով և աղոթքներով բարձրաձայն օրհնում ու փառաբանում են Բարձրյալ Աստծուն, իսկ աշխարհի մնացած զորավոր ու տկար ազգերը մեր շուրջը կանգնած կամ աստիճաններին նստած, դիտում ու ըմբոշխնում են երկնքից աղոթքներով իջեցրած մեր սուրբ հայրերի հոգեպարար շարականների երաժշտությունը:
Հետո դեպի ձախ նայենք, որտեղ փայտյա դարպասներին կից, մուգ սպիտակավուն երանգով մարմարյա մի սյուն կա, որի ներքևի մասը կարծես ճեղքված լինի: Այդ տարօրինակ բացվածքը դարերով թշնամական շատ ասեկոսեների առիթ է տվել, մանավանդ հայերիս հասցեին: Բանն այն է, որ, ըստ մեր ունեցած ավանդությունների, այդ ճեղքվածքն առաջացել է այն ժամանակ, երբ իսլամները գրավեցին Երուսաղեմը և արգելեցին քրիստոնյաներին սուրբ Հարության տաճար մտնել, մանավանդ սուրբ Զատկի տոնը կատարելու: Այդ պատճառով, երբ մոտենում է ս. Զատկի Ճրագալույցը, հավատացյալները ժողովվում են տաճարի դռան առջև և դառնացած սրտով աղոթում Աստծուն, որ այս անօրենության լուծն իրենց վրայից հեռացնի, հանկարծ ժամը 9-ին մեծ որոտում եղավ, ու տաճարի վերոհիշյալ սյունից կրակի պայծառ լույս ժայթքեց` ի պատասխան և ի մխիթարություն հավատավոր քրիստոնյաների: Իսլամները, ականատես լինելով այդ երկնային հրաշքին, դրանից հետո թույլ են տալիս բացել տաճարի դռները և կատարել սուրբ Զատիկը: Կան նաև այլ տարբերակներ, բայց իմաստը նույնն է: Բայց ահա ուղղափառ եկեղեցու անհեռատես առաջնորդները մի երրորդ տարբերակ են հնարել, որ իբրև թե մի ժամանակ կար, որ հայերն այնքան իրավունք են ունեցել սուրբ Հարության տաճարում, որ ուղղափառներին արգելել են սուրբ Զատկին ներս մտնել, և վերջիններիս աղոթքի ժամանակ իբր հանկարծ զատկական օրհնաբեր կրակը դուրս է եկել այդ սյան միջով և հասել նրանց: Ահա նման ոչ քրիստոնեավայել գաղափարախոսություններով նրանք տարեցտարի բորբոքում են միջեկեղեցական թշնամանքը։
Իսկ այժմ խաչի կնիքը դրոշմենք մեր վրա ու մտնենք սուրբ Հարության տաճարից ներս:
ՈՒղիղ մեր դիմաց Հիսուսի տապանատեղին է, որը մի մարդահասակ, մոտ մեկ մետր լայնությամբ վարդագույն մարմարյա քար է, որն ամբողջովին ճաքճքել է հնությունից: Իսկ դրա վերևում կախված են ութ մշտավառ, մեծ կանթեղներ, որոնք պատկանում են չորս ազգերի` հայերին, հույներին, լատիններին և ղպտիներին, ինչը և հաստատում են դրանց վրա ամրացված պատկանելության գրերը: Մոտենանք և մենք էլ խոնարհվենք այդ քարի առջև, որովհետև խաչից իջեցնելուց հետո ճիշտ այդ տեղում են դրել մեր Տիրոջ խոշտանգված ու անշնչացած մարմինը:
ՈՒխտավորները մի գեղեցիկ սովորություն ունեն. այստեղ այցելություն կատարելիս հետներն անուշահոտ յուղեր և օծանելիքներ բերել ու շաղ տալ այս քարի վրա` ի նշան Հիսուսի մարմնի օծության: ՈՒ եթե կռանալու լինեք տապանատեղին համբուրելու, իսկույն կզգաք այդ անուշ բուրմունքը, իսկ շատերն էլ, բուրումնավետ օծանելիքներով թրջելով տապանաքարը, իրենց թաշկինակները քսում են այդ քարին, որ տանեն իրենց հիվանդների վրա դնեն բժշկելու համար, ինչպես որ Պետրոսի թաշկինակով շատերը բժշկվեցին:
Այս սրբատեղի աջ և ձախ կողմերում երեք զույգ բարձր աշտանակներ կան, որոնք հավասարապես պատկանում են երեք ազգերի` հայերին, հույներին, և լատիններին: Տապանատեղի հետևի պատի վրա մի հսկայական ու գեղեցիկ խճանկարային հունական պատկեր կա, որը հիշեցնում է Հիսուսին Խաչից իջեցնելու պահը:
Իսկ Գողգոթան, որից իջեցրել են մեր Տիրոջը, գտնվում է այդ տապանատեղից աջ, ուր տանում է թեք աստիճաններով վեր բարձրացող մի կամարաձև դուռ: Բարձրանանք և մենք դեպի Գողգոթայի այդ սրահը։
Մարդիկ միշտ Գողգոթան պատկերացրել են առանձին կանգնած մի սար, բայց իրականում այն ընդամենը սուրբ Հարության տաճարի դահլիճներից մեկն է, որը բաղկացած է երկու առանձին սրահներից. աջ կողմինը լատիններինն է և կոչվում է «Տարածման տեղ», իսկ մյուսը, որտեղ մեր Տերը խաչվեց, պատկանում է հույներին: Այն տեղը, որտեղ Հիսուսի Խաչի պատվանդանն է եղել, չի երևում, բայց այցելուն կարող է ծնկի գալ այդ վայրում և ձեռքը տանել ժայռափոր հիմնափոսի մեջ, որտեղ Տիրոջ Խաչն է կանգնեցվել, և շոշափելով հպվել քարին: Իսկ Գողգոթայի բուն ժայռը հաստ ապակեպատ ակվարիում հիշեցնող ցուցափեղկի տակ է, որովհետև բազում ուխտավորներ կան, որոնք փափագում են այդ վայրից մի փշրանք հուշաբեկոր տանել իրենց հետ:
«Գողգոթան» թարգմանվում է «Գանգի տեղ», որովհետև, ըստ ավանդության, ճիշտ այս տեղում է թաղված եղել մեր Ադամ նախահոր գանգը, որի վրա հոսեց մեր Տիրոջ փրկարար արյունը: Իսկ Եփրեմ Խուրի Ասորին կարծում է, որ Ադամը թաղված է երկրի կենտրոնում, և հենց Գողգոթան է այդ կենտրոնը: Առավել ևս շատերի համար այս տեղը համայն տիեզերքի կենտրոնն է համարվում, այդ պատճառով էլ մի ժամանակ աշխարհի հին քարտեզներում Երուսաղեմը նշված է եղել որպես աշխարհի կենտրոն:
Իսկ ըստ ավանդության, երբ Հիսուսի անշնչացած մարմինը Խաչից իջեցնում են, իր մոր գիրկն են դնում, և սուրբ Աստվածածինը սեղմելով Որդու արյունլվա, չարչարված մարմինն իր մայրական կրծքին, որով մի ժամանակ կերակրել էր նորածին մանուկ Հիսուսին, ողբում է իր Միածնի մահը, այդ իսկ պահին կատարվում է Սիմոն ծերունու այն մարգարեությունը, որ ասաց Մարիամին. «Իսկ քո սրտով թուր պիտի անցնի» (Ղուկ. 2:35), այսինքն` մի ցավ պիտի կրես, որ համանման է սրտիդ մեջ սուր խրելուն: Ահա այդ ավետարանական խոսքի հիման վրա լատինները Տիրամոր մոմե արձանն են դրել այստեղ` մի կամարակապ պահարանի մեջ, որտեղ Աստվածածնի արցունքախառն աչքերը խիստ բնական արտահայտություն ունեն, մանավանդ որ տեսնում ես` նրա սրտում սուր է խրված:
Օրհնյալ լինի մեր բոլորի Սուրբ Մայրը, որ սիրով և հոժարությամբ իր Որդու հետ տառապել է բոլորիս փրկության համար:
Գողգոթայից իջնելով` մեր քայլերն ուղղենք դեպի ձախ, որովհետև այն մեզ պիտի տանի այնտեղ, ուր բոլորն են գալիս` մեր Տիրոջ սուրբ Հարության գերեզմանը: Բայց չշտապենք, որովհետև մինչ այդտեղ հասնելը, ճանապարհին գողտրիկ ու դեղնագույն մարմարով, հայկական ոճով կառուցված մի գեղեցիկ մատուռի պիտի հանդիպենք, որի վրա հայոց այբուբենով գրված է. «ՈՒշաթափումն սուրբ Տիրամօր»: Այսինքն, սա նշան է, որ մատուռը հայոց սեփականությունն է, որտեղից ականատես լինելով իր Որդու չարչարանքներին ու մահվանը, Տիրամայրն ուշաթափվել է` չտանելով խաչելության ահավոր տեսարանը:
Այդ մատուռի գմբեթի տակ միշտ գեղեցիկ ու արծաթյա մի կանթեղ է վառվում, իսկ անմիջապես դրա տակ` գետնից մի քիչ բարձր, մեկ ուրիշ կանթեղ կա, որից շատերն են օգտվում` օծելով իրենց մարմնի հիվանդ մասերը:
Շարունակենք մեր շրջայցը։ Խճանկարի կողքին փայտյա քանդակազարդ բարձր մի դուռ կա, որը տանում է դեպի ընդարձակ սենյակ, որ հայոց սուրբ Հարության տաճարի տեսչարանն է և միաժամանակ ծառայում է որպես հուշանվերների ու մոմերի վաճառատեղի: Դռներին հարակից աստիճանները տանում են «Երկրորդ Գողգոթա» կոչվող հայոց վերնատունը: Այն բաղկացած է երկու մեծ դահլիճներից ու երեք պատարագամատույց սեղաններից: Սրահում մենք երկու շաբաթը մեկ անարգել իրավունք ունենք սուրբ պատարագ մատուցելու: Այս սրահը մեզ է տրվել իրական Գողգոթայի սրահի փոխարեն, որը մեր ձեռքից անօրինաբար խլելով տվեցին վրացիներին, որոնք մեծ կաշառքներով Եգիպտոսի սուլթանին համոզեցին գործելու այս անօրենությունը: Սրահի վերջին մասում գտնվում են տաճարում ծառայող մեր հայ միաբանների հանգստասենյակները, որոնք ամեն գիշեր ժամը երեքին իջնում են պատարագ մատուցելու Քրիստոսի սուրբ գերեզմանի հենց ներսում, անմիջապես Հիսուսի պառկած, հետո հարություն առած տեղում:
Այժմ մենք էլ իջնենք ներքև, որովհետև այդ մասում հայերս ունենք ևս մեկ իրավունք, և այդ տեղը կոչվում է «Յուղաբերից սեղան», որն «ՈՒշաթափման» տեղից քիչ հեռու է ու գտնվում է սուրբ գերեզմանի դիմաց: Ինչպես կռահեցիք արդեն, դա ճիշտ այն նույն տեղն է, որտեղ կանգնած են եղել Հիսուսի գերեզման այցելած յուղաբեր կանայք, բայց ավելի լավ է կարդանք ավետարանական այդ հատվածը. «Երբ շաբաթն անցավ, Մարիամ Մագթաղինացին և Յակոբոսի մայր Մարիամը և Սողոմեն խունկեր գնեցին, որպեսզի գնան օծեն Նրան: Մեկշաբթի օրը, առավոտյան շատ շուտ, երբ արևը ծագում էր, գնացին գերեզման» (Մարկ. 16:1,2):
Եվ, վերջապես, շրջվենք դեպի հետ ու մեր կանգնած տեղից դեպի արևմուտք նայենք, որտեղ մեր օրհնյալ Տիրոջ հարության սուրբ գերեզմանն է, որը տեսնելով էր, որ Պողոս սրբազան առաքյալը բացականչեց. «Մահը յաղթության մեջ ընկղմվեց: Ո՞Ւր է, ով մահ, քո խայթոցդ, ո՞ւր է, ո՛վ գերեզման, քո յաղթությունդ»: (Կորնթ. 15.55):
(շարունակությունը` հաջորդիվ)
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Երուսաղեմի սուրբ Հակոբյանց վարժարանի կրոնի նախկին ուսուցիչ

Դիտվել է՝ 2391

Մեկնաբանություններ