Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Այն, ինչ կյանք և սեր ենք ասում, հոգուց է բխում և ոչ մարմնականից

Այն, ինչ կյանք և սեր ենք ասում, հոգուց է բխում և ոչ մարմնականից
18.04.2022 | 07:31

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՍԵՎ ԲԻԶՆԵՍ


Աստղերը կամ մոլորակները, բնական է, որ աննյութական չեն և, նյութական լինելով էլ, ազդեցություն պիտի ունենան նյութական այլ մարմինների վրա, ինչպես տաքությամբ ու սառնությամբ, նույնպես էլ, եթե զանգվածով մեծ են` ձգողականությամբ: Ինչպես ծովի մակընթացությունն ու տեղատվությունը, որոնք կապված են լուսնի ձգողականության հետ: Նույնն է և շունը, որը լիալուսնի ժամանակ բնազդով սառը ձգողականություն զգալով, սկսում է ոռնալ: Եվ ասես բնական է թվում, որ աստղերի և մոլորակների նման ազդեցությունը հետաքրքրասեր մարդկանց մեջ գիտության նման մի բան առաջացներ, այն գերգաղափարով, թե այդ ազդեցություններն ինչպիսի բարենպաստ կամ անբարենպաստ ներգործություն կարող են ունենալ մարդկանց ճակատագրի վրա: Սակայն, մեր համոզմամբ, այդ գիտությունը նանիր է, բանական մարդու համար խաբեական: Որովհետև, ի սկզբանե, Աստված իշխանություն տվեց իր հոգին կրողներին անգամ լուսատուներին իշխել և ոչ թե նրանցից իշխվել:
Բայց արդյոք շատերս տարորոշո՞ւմ ենք հոգին և մարմինը: Երբ Հոգին տեր է, մարմինը ենթակա պիտի լինի հոգուն այնպես, ինչպես «հագուստն է կարևորը, քան մարմինը»: Իսկ տարորոշելու համար հարկ է հոգու և մարմնի տված պտուղները տարորոշել` միմյանց հետ համեմատելով:

Պողոս առաքյալը դա լավագույնս է արել՝ մարմնի պտուղները նշելով սրանք. «շնություն, պոռնկություն, անմաքրություն, ցոփություն, կռապաշտություն, կախարդություն, թշնամություն, երկպառակություն, մրցակցություններ, զայրույթ, հակառակություն, խռովություն, հերձվածներ, չար նախանձներ, մարդասպանություններ, արբեցություններ, զեխություններ» և ինչ որ սրանց նման է: Հիմնականում սրանք չե՞ն, որ փորձում են կազմալուծել յուրաքանչյուր երկիր` քաղաքական խռովումների ժամանակ: Բառացիորեն դրանք են:


Եվ առաքյալը ներկայացնում է նաև հոգու պտուղները՝ «սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, քաղցրություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն, այսպիսի բաների դեմ օրենք չկա»։ Այսինքն՝ հոգով ընթացողը չար բան չի խորհում և, բնականաբար, ոչ էլ անում և այդպես վեր է օրենքից՝ գտնվելով մարդասիրության մեջ: Եվ ամեն երկիր կշենանա, երբ նման պտուղներ ունեցող մարդկանցով առատ լինի:
Աստղագուշակը և ամենայն գուշակություններ մտնում են ենթակա մարմնի` առաքյալի նշած կախարդության բնագավառի մեջ, որովհետև այդ արդեն հոգևոր բնագավառ չէ, այլ մարմնի զգացողության: Բանական լինելով՝ պարտավոր ենք մեր մարմնականին իշխելով նրան օգտակարորեն ծառայեցնել մեզ և ոչ թե Աստվածային բանականությունը, որ մեր հոգու արտահայտությունն է, պտուղը, դարձնենք մեր մարմինների ենթակաները: Եվ եթե քննենք մարդկության պատմությունը, ապա կտեսնենք, որ բոլոր ապստամբությունների, խռովությունների հիմքը առաքյալի նշած մարմնական պտուղների ծագումն ունի, իսկ երկրի շենացումն ու մեծ հաղթանակները` Հոգու պտուղների:


Որովհետև այն, ինչ կյանք և սեր ենք ասում, նաև մարմնի առավել կյանքը և առողջությունը, միմիայն հոգուց է բխում և ոչ մարմնականից: Այսինքն թե՝ նյութը, ինչպես և մարդու մարմինը, ենթակա պիտի լինեն հոգուն և ոչ հակառակը: Մարդն է արտը մշակում և բարի պտուղ հավաքում, և ոչ արտը՝ մարդուն: Եվ քանի որ Աստված ոչ թե ազդվում է իր ստեղծած աստղերից կամ մոլորակներից, կամ իր բոլոր ստեղծածներից, այլ դրանք բոլորը և աստղերն ու մոլորակները իշխվում են իրենց ստեղծող Աստծուց և նրա կամքին են ենթակա, նույնպես և աստղերն ու մոլորակները չեն իշխում Աստծո Հոգին ներկրող մարդկանց վրա, որոնք հոգով և հավատով իրենց մարմինն օգտակարին ծառայեցնելով են ապրում, և զգայարաններով ենթակա չեն դառնում լուսատուների ազդեցությանը:

Քրիստոսը, որպես մարդու Որդի, իշխում էր և իշխում է ոչ միայն մոլորակների ու աստղերի, այլ, ինչպես Գրքից ու գիտությամբ գիտենք, բնության թե՛ նյութական, թե՛ ոչ նյութական ամեն երևույթի վրա էլ. ալեկոծվող ծովին հրամայում էր, և ծովը միանգամից հանդարտվում էր, ջերմից տառապող մարդու մեջ եղած ջերմին հրամայում էր, ջերմը հեռանում էր մարդուց, և մարդն առողջանում էր, ի ծնե կաղի մեջ կաղության պատճառին հրամայում էր հեռանալ մարդուց, կաղության պատճառը հեռանում էր, և մարդն սկսում էր այլևս վայելուչ քայլել: Այս և ավելի շնորհները տալիս էր Իրեն հավատացողներին էլ, ասելով` եթե հավատաք և բարին կամենաք, ինքներդ կարող եք ավելին էլ անել։ Եվ Տիրոջ նման բարեբեր գործեր գործեցին բոլոր նրա առաքյալներն ու աշակերտները և նրանց հետնորդներն էլ` ոչ միայն հրաշագործ բժշկություններ անելով, այլ նաև մեռելներին հարություն տալով: Տերն այդպես սովորեցրեց և ասաց, թե Ինքն է ճանապարհը և ճշմարտությունը: Իսկ թե այսօր որքանով սակավ են նման հոգևոր շնորհները, դա բացատրվում է նույն չափով էլ մեր ոչ խոր, այլ, ցավոք, մակերեսային քրիստոնյա լինելու հանգամանքով: ՈՒստի այս բժշկությունները աստղային կամ մոլորակային «բժշկությունների» ժամանակավոր ճարպկությունների հետ չի կարելի համեմատել. վերջիններս սնոտի և խավարամիտ կախարդություններ են՝ մարդու հոգևոր առողջությունն աղճատող, խեղճացնող:
Եթե ճշմարիտ առողջ տրամաբանություն ունենք, հիշենք ոչ հեռու անցյալում կրած մեր մեծ ու դառն աղետներից մեկը` երկրաշարժը, որը հարվածեց Հայաստանի 1/3-րդ մասին: Եվ երբ, ըստ աստղագուշակության, տասնյակ հազարավոր զոհվածների այդ օրվա ճակատագրերը դիտենք, ապա շատ շատերի համար, ըստ գուշակության, աղետի այդ դառն օրը բազում փայլուն խոստումներ ուներ, մինչդեռ ահա այդ փայլուն, անգամ երանելի սուտ խոստումներ ունեցողները չար դժբախտության մեջ ընկան և դաժանորեն մեռան, հիշեցնելով նմանօրինակ զոհերի մասին Տիրոջ Խոսքը. «Եթե չապաշխարեք, ամենքդ էլ պիտի կորչեք» (Ղուկաս ԺԳ- 1-5):


Հիշենք՝ եթե զբաղվում ենք գուշակությամբ, և քանի հոգի մեր միջոցով մոլորվեց, այդքան մոլորության հատուցումները մի օր մեզանից փնտրելու է Աստված, ինչպես որ յուրաքանչյուր հանցանքի պարագայում է։ «Քո պոռնկության ամոթի, կախարդությունների և հմայությունների պատճառով մեկ օրում պիտի հանկարծակի ավերեմ քեզ, դե թող աստղագուշակները քեզ փրկեն, սակայն նրանք խռիվի պես կրակի մեջ պիտի այրվեն»,- ասում է Աստված Եսայի մարգարեի միջոցով: ՈՒրեմն՝ հարցի լավագույն լուծումը, ինչպես Հիսուսն է ասել, մեր ապաշխարության մեջ է և հեռանալը նման չար զբաղումներից: Այսօր արդեն մարդկությունը, թվում է, անհանգիստ է երկրագնդի բարերար ջերմության շարունակ աճի համար, որն արդեն սկսել է չարիք դառնալ, հիշեցնելով Տիրոջ՝ կրակի դատաստան անելու օրվա մասին: Տեղեկատվության դաշտից հայտնի է, որ արևի տապից մահացողների թիվը տարեցտարի ավելանում է և տարեկան տասնյակ հազարների ու ավելիի է արդեն հասնում: Կախարդությունների և պոռնկությունների հանդեպ Աստված երբևէ զիջող չի եղել և չի լինելու: Հիշենք համաշխարհային ջրհեղեղը, որը համատարած պոռնկության ու կախարդությունների պատճառով եղավ, երբ ընդամենը ութ մարդ փրկվեց: ՈՒրեմն, պիտի լրջորեն խորհել Աստծո տված կյանքի դեմ մարմնականի ցածով ապստամբ չդառնալու մասին: Այլ պիտի ջանանք ապրել բանականությամբ և ոչ թե մարմնի ցած զգացողություններով:


Մեր այս վկայությունը շարունակենք գրականությամբ: Սերվանտեսը, որ լավ կարդացած և ճանաչողական գիտություններով զինված մարդ էր, իր «Դոն Կիխոտում» հերոսի շուրթերով աստղագետների (լուսատուներով գուշակներին են այդպես անվանում) ստաբանությունն ի հայտ է անում հետևյալ պատմությամբ. «Մեր հարևան գյուղում մի աստղագետ կար, երևելի անուն հանած: Ահա մեկը, որ մի էգ շնիկ ուներ, վերցրեց ու գնաց նրա մոտ, իմանալու համար, թե իր շնիկը ե՞րբ կհղիանա, քանի՞ ձագ կունենա, և նրանք ինչպիսի՞ք կլինեն: Աստղագետն իր աստղացույցը գծում և հետևյալ եզրահանգմանն է գալիս, թե շնիկը երկու ամիս անց կհղիանա, կունենա չորս ձագ և նշում է անգամ ձագերի գույները: Բայց,- շարունակում է մեծ մարդասեր գրողը,- գուշակությունից երկու օր անց շնիկը սատկեց անմարսողությունից»: ՈՒստի, և՛ աստղագուշակների, և՛ բոլոր գուշակների ստաբանություններին ԶԼՄ-ներն ու գրքերն իզուր են տեղի տալիս, և իզուր այս հարցը հոգևոր անվտանգության հարց չի դիտվում։
Աստղագուշակը չար է անգամ, երբ հուշածը կատարվում է՝ այդպես իսկ խայծ դառնալով մոլորման, ինչպես որ սուտ մարգարեների մասին է գրված. «Եթե նրանց ասածները կատարվեն էլ, մոլորեցնողներ են և պիտի դատապարտվեն», որովհետև դրանցով հետաքրքրասիրություն գրգռելով մեր մեջ, մեր ժամանակն անհեթեթորեն վատնել տալով, կառչելով մեզ, հեռու են հրապուրում ճշմարիտ գիտությունից, բանականությունից և մեր ապաշխարության ժամանակն են սպանում:


Սողոմոն Իմաստունն իր ժամանակին այս մոլորությունը քննել, մարդ է, ինքն էլ մի պահ սայթաքել, վարակվել է դրանով, ապա իմաստությամբ վերագտել է իրեն և հիշատակ է թողել հետևյալ ճշմարտությունը. «Իսկապես, բնությամբ հիմար էին այն մարդիկ, որոնք աստվածագիտություն չունեին և անկարող էին տեսանելի բարի բաներից գիտենալ, թե որն է Գոյը և ոչ էլ նայելով գործերին` ճանաչեցին նրանց Ճարտարապետին: Այլ նրա փոխարեն աստվածներ համարեցին կամ կրակը, կամ հողմը, կամ աստղերի շրջանները, կամ երկնային լուսատուները, որ այս աշխարհի արբանյակներն են: Եվ նրանց գեղեցկությամբ հրճվելով... պիտի իմանային, թե որքա՜ն առավել է Նա, ով դրանք արարչագործեց: ...Թվում է՝ Արարչական ձեռքի գործերի գեղեցկությամբ գրավվելով, այս մարդիկ մեղադրելի չեն, բայց նրանց դատաստան է սպասում, քանի որ չճանաչեցին, թե որն է Գոյը և Գոյի Ակունքը` Աստծուն»: (Իմաստություն Սողոմոնի):


Այն պնդմանը, որ աստղագետներն ասում են, թե մոլորակներից սրա կամ մյուսի տակ ծնվողները բարի կամ չար են լինում, ըստ այդ մոլորակների ազդեցության, Տաթևացին պատասխանում է. «Այդ ևս սուտ է, որովհետև բազում անգամներ տեսնում ենք, որ մեկ աստղի տակ նույն պահին ծնվածներից մեկը բարի է լինում, մյուսը` չար: ՈՒրեմն՝ մարդկանց բարի ու չար սովորույթներն աստղերից չեն»: Եվ բերում է երկվորյակ եղբայրներ Եսավի, որ չար էր ու պիղծ, և Հակոբի, որ բարի էր և Աստծո կամքին նախանձավոր, օրինակը: Նաև այս միտքն է հայտնում, թե. «Աստղերի ազդեցությունն արտահայտվում է տաքությամբ և սառնությամբ, ինչպես որ այլ նյութական մարմինների ազդեցությունն է, և հոգևոր տեսանկյունից անկարող են երբևէ կանխորոշիչ լինել կամ ճակատագիր որոշել»: Բանն այն է, որ եթե խաբվես՝ ստին հավատաս, ապա շեղված հավատով կսկսես խաբել ինքդ քեզ դեպի անհեթեթություն ու ճանաչողության անկում և քո խաբված հավատով կարող ես անմտորեն փորձանք բերել գլխիդ: Իսկ ում թվում է, թե աստղերն ազդեցություն ունեն իրենց ճակատագրերի վրա, նրանք իրենք իրենց ենթարկեցնում են տարերքի պատահությանը: Աստղագուշակի կախարդությանը փոքր-ինչ ենթարկվելն անգամ անպատվություն է Աստծո պատկերով ստեղծված մարդու համար: Ըստ Սուրբ Գրքի այն խոսքերի, թե՝ «Աստծո առջև աստղերն էլ մաքուր չեն» (ՀՈԲ, ԻԵ-5) և թե՝ «Մի վիշապ իր պոչով աստղերի 3-րդ մասը քաշում էր» (Հայտն. ԺԲ-4), պարզվում է, որ սատանան աստղերի 3-րդ մասին հասցրել է արատավորել, և դրանց 1/3-ը մոտ ապագայում պիտի զարկվեն (Հայտն. Հովհաննեսի):
Շատ գուշակներ կամ նրանց մոլորեցրածներ արդարանալու համար Ավետարանի այն երեք Մոգերի օրինակն են բերում, ովքեր Ծննդյան աստղին հետևելով, եկան երկրպագեցին աշխարհի Փրկչին: Ասենք, որ Ծննդյան աստղին հետևելով, նրանք եկան, գտան մարդացած Արարչին և երկրպագեցին Նրան: Ասել ուզելով, թե, վերջապես, գտանք Ճշմարտությունը: Մոգերը երեքն էլ թագավորներ էին: Եվ թագավորները երկրպագեցին թագավորների Թագավորին, այդ երկրպագմամբ ընդունելով այլևս Նրա, այն է՝ Բանականության Արարչագործ Գերագույն, Տիեզերական իշխանությունը:


Իսկ երկինքը բնակեցվա՞ծ է, թե՞ ոչ, քանի որ երբ բնակեցված է, ապա ավելի զորընդեղների ազդեցությունը մի՞թե չի ազդի մարդկանցս վրա: Այս ևս «օգտագործում» են գուշակները: Աստվածաշնչի բազում հուշումներից և Հովհաննեսի պարականոն երկու ավետարաններից մեկից՝ «Գաղտնիքների գրքից», համոզվում ենք, որ` այո, երկնքում շատ բնակավայրեր կան: Հովհաննեսի Ավետարանում Հիսուս բառացի էլ այդ մասին ասում է. «Իմ Հոր տանը բազում բնակավայրեր կան, եթե ոչ կասեի թե` գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու»: Եվ «Երկնքի բնակարաններում տեղ պատրաստելու» գործընթացները տեսնում ենք նույն Հովհաննեսի Հայտնության գրքում, երբ երկնքում պատերազմ է լինում, և Սատանային իր զորքերով պարտության մատնում ու գցում են վար: Այսինքն թե` անարժաններ էլ էին ապրում երկնքի բնակավայրերում, և գուշակների միջոցով մարդիկ կարող են հարաբերվել այդ բացասական ուժերի հետ, որոնք խեղում են մարդկանց ճակատագրերը, վատ բարքերի մեջ գցում, գեղեցիկ ստեր սիրող մարդկանց հավատն իրենց իսկ դեմ գործադրել տալով, կործանող հարված դարձնելով: Հիսուս սուրբ հրեշտակների զորքերի միջոցով մաքրում, ազատում է խեղ ու չար ուժերից երկնքի բնակավայրերը և «արժանավորների համար տեղ է պատրաստում»: Այս պատերազմը երկրում էլ կա, որտեղից, գրվածքի վկայությամբ, Սատանան իրենների հետ նետվելու է ավելի վար` դժոխք:
Մարդ ենք, Ադամի զարմ: Դյուրին է մոլորվելը, բայց յուրաքանչյուրիս համար քաջություն է մոլորումից ժամանակին հետդարձը, մանավանդ հիշելով, որ Աստված կատակի համար չի դատաստանների մասին զգուշացնում: Այլ դրանք անթիվ վկայություններով ակնհայտ, ճշմարիտ բաներ են:


Եթե ոմանք բիզնես են անվանում գուշակների կախարդության այդ բնագավառը, հոգևոր գիտությամբ այսքան բաներ հիշատակելուց հետո մի՞թե այդ կախարդությունը սև բիզնես չի կարելի կոչել: Իսկ եթե և՛ Աստծուն ենք ընդունում, և՛ սև բիզնեսը, արդյո՞ք Հիսուսի ասածը պարտավոր չենք լինի հիշել, թե՝ «անհնար է երկու տարբեր տիրոջ միաժամանակ ծառայել: ...Չես կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ մամոնային»: Մեծ Նժդեհն ասում էր. «Մեր հայրենիքի բախտի համար ես բռնել եմ Աստծո փեշից»: «Հայրենասեր եմ» ասողը և թերթերով ու հեռուստացույցով գուշակության կախարդությամբ զբաղվողը արդյոք չի՞ դրդում Աստծո փեշն իր կախարդության չափով բաց թողնել: Եվ երբ օգուտը բանականության ու սիրո մշակութային արժեքն է, ապա ոչ խելամիտ կամ ոչ բանական լինելուց երբևէ և ոչ մեկս օգուտ չի քաղել: Մանավանդ երբ «Աստղագուշակը» մեզ համար ապազգային երևույթ է: Ցավն այն է, որ բազմաթիվ, շատ և շատ արժանավոր մարդիկ են գայթակղված այդ սև կախարդությամբ, իսկ երբ արժանավոր են, ապա արժանավորներին նայելով, մոլորվողների թիվն ավելի մեծ է լինում:


Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 8619

Մեկնաբանություններ