Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ՅՈԼԱ ԳՆԱԼՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՏՏ ՈԼՈՐՏԸ ՉԵՍ ԶԱՐԳԱՑՆԻ

ՅՈԼԱ ԳՆԱԼՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՏՏ ՈԼՈՐՏԸ ՉԵՍ ԶԱՐԳԱՑՆԻ
01.10.2010 | 00:00

ՀՀ կառավարությունը տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը 2000 թ. հռչակել է տնտեսության գերակա ճյուղ։ Ոլորտի կարևորությունը գիտակցում են աշխարհի բոլոր երկրները՝ հսկայական ջանքեր ներդնելով բարձր տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ։ Մասնավորապես Հայաստանի հարևան բոլոր պետությունները, ինչպես նաև Ռուսաստանը, հատուկ ջանքեր են գործադրում գիտահետազոտական և ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման առումով: Այդ ջանքերը կրում են թե՛ հարկային, թե՛ ֆինանսական, թե՛ մասնագիտական աջակցության բնույթ: ՏՏ ոլորտում նշված երկրների կողմից իրականացվող ծրագրերը բավականին տպավորիչ են։ Մենք կփորձենք ներկայացնել դրանք և համեմատել մեր երկրում իրականացվող ծրագրերի հետ։
ՄԵՐ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ
Իրանի Իսլամական Հանրապետությունում ՏՏ ոլորտը կանոնակարգում է տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների նախարարությունը։
Իրանի հեռահաղորդակցման արդյունաբերությունը գրեթե ամբողջովին պետական սեփականություն է։ 2008 թ. տվյալներով` Իրանում գործում էր մոտ 52000 գյուղական գրասենյակ, որոնք ապահովում էին հեռահաղորդակցման ծառայություններ երկրի գյուղական համայնքներում: Ֆիքսված հեռախոսակապի քանակն ավելի քան 24 միլիոն է: Բացի այդ, Իրանում ինտերնետից օգտվողների թիվն ավելի քան 20 միլիոն է, իսկ ինտերնետ-սրճարաններից օգտվողների հետ՝ 23 միլիոն։ Այս ցուցանիշով երկիրն առաջինն է Միջին Արևելքում:
Իրանն այն 5 երկրների թվում է, որոնք հեռահաղորդակցման ոլորտում ունեցել են ավելի քան 20 տոկոս աճ։ 2009 թ. վերջին Իրանի հեռահաղորդակցման շուկան տարածաշրջանում 4-րդն էր: Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտը 2002թ. կազմում էր երկրի ՀՆԱ-ի 1,1-1,3 տոկոսը, տնտեսության այս ճյուղում զբաղվածների թիվն ավելի քան 150000 էր, որից միայն 20000-ը` ծրագրային ապահովման բնագավառում: 2002 թ. տվյալների համաձայն՝ ոլորտում գրանցված էր 1200 կազմակերպություն, որից 200-ը ծրագրային ապահովման ընկերություններ էին: 2008-ին վերջիններիս արտահանման ծավալները շուրջ 50 միլիոն ԱՄՆ դոլար էին:
Վրաստանում ՏՀՏ ոլորտը կարգավորում է տնտեսական զարգացման նախարարությունը: Այս երկրի կառավարությունը նպատակ ունի ՏՀՏ ոլորտում գործող ընկերությունների համար Վրաստանը վերածել բարենպաստ գոտու։ Այդ իսկ հեռանկարից ելնելով՝ այստեղ պատրաստվում են ընդունել «Տեղեկատվական տեխնոլոգիաների մասին» օրենք։ Ոլորտի համար կկիրառվեն նաև մի շարք արտոնություններ, այդ թվում՝ հարկերը կհաշվարկվեն նվազագույն չափերով: Նման քաղաքականության նպատակն է ՏՀՏ ոլորտի սահուն և արագ զարգացումը և Վրաստանը ՏՀՏ կենտրոն դարձնելը: Մշակված օրենքի նախագիծը ենթադրում է, որ Վրաստանի տարածքում գործող տեղեկատվական տեխնոլոգիաների և հատուկ ծրագրային ապահովում արտադրող ընկերությունների համար կգործի հարկերից ազատված գոտի, որտեղ վրացական և արտասահմանյան ընկերությունները կկարողանան գործունեություն ծավալել՝ առանց վճարելու եկամտահարկ, ակցիզային հարկ, մաքսատուրքեր, հարկ շրջանառությունից և շահութահարկ: Հարկային արտոնությունները կտարածվեն արտասահմանյան ընկերությունների վրա այն նպատակով, որ վերջիններս իրենց ներկայացուցչություններն ունենան Վրաստանում:
Ադրբեջանում ՏՀՏ ոլորտը կարգավորում է կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: Այս երկրում, ի թիվս տեղեկատվական-հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ազգային զարգացման ռազմավարությամբ ամրագրված միջոցառումների, մի շարք այլ տեղական և միջազգային ծրագրեր են իրականացվում, որոնք ուղղված են ՏՀՏ-ները պետական կառավարման և կրթական համակարգում ներդնելու նպատակին։ Ադրբեջանում օրակարգում է տարածաշրջանային ինովացիոն գոտու ստեղծման նախագիծը, որը նախատեսում է ՏՀՏ բնագավառում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանն ուղղված տեխնոպարկերի ստեղծում, էլեկտրոնային սարքավորումների և ծրագրերի արտադրություն ու արտահանում, տվյալների կենտրոնի կազմավորում, ինչը երկիրը կդարձնի տարածաշրջանային տարանցիկ ինֆորմացիոն կենտրոն: Որպես ՏՀՏ ոլորտում ներդրումներ իրականացնելու հիմնական խթան` Ադրբեջանում առաջնահերթ դիտարկվում է հատուկ հարկային արտոնությունների տրամադրման գաղափարը, որը մանրամասն ներկայացվում է «Հատուկ տնտեսական գոտիների» մասին օրենքով։ Բացի այն, որ բոլոր հարկատեսակների տոկոսները հնարավորինս կնվազեցվեն, նախատեսվում է, որ այս գոտիներում գործունեությամբ զբաղվող ընկերությունները չեն վճարի ԱԱՀ: Հարկ է նշել, որ Ադրբեջանի կապի և ՏՀՏ նախարարությունը ֆինանսական էական օժանդակություն է ցուցաբերում միջազգային տարբեր ցուցահանդեսներին մասնակցող կազմակերպություններին։
Թուրքիայում ՏՀՏ ոլորտը կանոնակարգում է տրանսպորտի նախարարությունը։ Երկրում գործում են ՏՀՏ համակարգող և քաղաքականություն մշակող մի շարք այլ խորհուրդներ և կառույցներ, ՀԿ-ներ, որոնք էական դեր են խաղում ՏՀՏ զարգացման գործընթացում։ Մասնավորապես տեղեկատվության և տեղեկատվական տեխնոլոգիաների խորհուրդն զբաղվում է նոր և կատարելագործված օրենսդրության մշակմամբ և նախագծերի իրականացմամբ: Թուրքիայում 1998-ից առայսօր իրականացվում են էլեկտրոնային առևտրի փորձնական մի շարք ծրագրեր:
Վերջին տարիներին Թուրքիայում իրականացվում է ծրագրային արտադրանքի թողարկման խթանմանն ուղղված պետական ծրագիր: Այս ծրագրի շրջանակներում Թուրքիայի կառավարությունը ՏՀՏ շուկայում գործունեություն ծավալող ընկերություններին տրամադրում է մի շարք էական արտոնություններ։
Ռուսաստանում ՏՀՏ ոլորտը կարգավորում է կապի և զանգվածային հաղորդակցման նախարարությունը: ԱՊՀ երկրներից Ռուսաստանն առաջինն էր, որ որոշում կայացրեց Ռուսաստանի ՏՀՏ ոլորտում հարկերը նվազեցնելու մասին: Ներկայումս ակտիվորեն քննարկվում են երկրում ինովացիոն գործունեության խթանման միջոցով ՌԴ տնտեսության արդիականացման հնարավորությունները: Պետդուման արդեն իսկ սկսել է հարկային օրենսգրքում ՏՀՏ ոլորտին հարկային արտոնություններ տրամադրելու նպատակով փոփոխություններ կատարելու վերաբերյալ քննարկումները, որոնք նախատեսում են, որ ՏՀՏ ընկերությունները գույքահարկի, միասնական սոցիալական հարկերի, ԱԱՀ-ի և շահութահարկի փոխարեն կվճարեն միասնական հարկ, որի դրույքը կկազմի 6 տոկոս: Հարկային արտոնությունների ռեժիմին անցնելու համար ընկերությունները պետք է համապատասխանեն մի շարք չափորոշիչների. մասնավորապես՝ աշխատողների թիվը 100-ից պակաս չպետք է լինի, իսկ ծրագրերի և ծրագրային սարքավորումների իրացումը պետք է կազմի ոչ պակաս, քան ընդհանուր եկամտի 70 տոկոսը:
Ինչպես տեսնում ենք, հարևան բոլոր երկրներում գործում են կամ շուտով կսկսեն գործել լուրջ հարկային և այլ արտոնություններ ինովացիոն, գիտահետազոտական և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում: Մեր հարևանները հայտարարում են իրենց հավակնություններն այս կամ այն տարածաշրջանային առաջնորդությունը ստանձնելու վերաբերյալ, և նշված արտոնություններն ու աջակցությունները հենց այդ առաջնորդությունը ստանձնելու համատեքստում են։
ՄԵՆՔ
Իսկ ի՞նչ է կատարվում Հայաստանում։ Չնայած մեր երկիրը դեռևս 2000-ին հայտարարել է ինֆորմացիոն տեխնոլոգիաները որպես տնտեսության գերակա ճյուղ, սակայն այդ գերակայությանն ուղղված որևէ գործողություն գրեթե չի իրականացվում: Միակ նախաձեռնությունը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ստեղծումն էր, որի նպատակը՝ ՏՀՏ բիզնեսի զարգացումը Հայաստանում, կրում է հատվածային և ծայրահեղ սահմանափակ բնույթ:
ՏՏ ոլորտը Հայաստանում կանոնակարգում է էկոնոմիկայի նախարարությունը։ Մեր երկրում հասարակական և պետական զարգացումներն ընթանում են «մի կերպ հարմարվելու» գիտակցության ներքո, ինչն անհամատեղելի է տեխնոլոգիական զարգացման և առաջընթացի հետ: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ կարծում է, որ ոլորտը ՏՀՏ խնդիրներով զբաղվող առանձին նախարարությամբ կառավարելն ավելի նպատակահարմար է, որովհետև այն ենթակառուցվածքային ոլորտ է։ Կառավարությունում առանձին նախարարությամբ ներկայացված լինելը նա կարևորում է նաև այն պատճառով, որ այսօրվա իշխանական բուրգի՝ ուղղահայաց չաշխատելու պայմաններում ամեն նախարարություն համապատասխան տեխնոլոգիական «վերմակը» քաշում է իր վրա՝ հաճախ խանգարելով մյուսներին։ «Շատ սխալ մոտեցում է որդեգրվել, որ էլեկտրոնային կառավարման համակարգը միայն վարկային միջոցներով պետք է ֆինանսավորվի, և դա բերում է նրան, որ ոլորտը մեծ կորուստներ է ունենում,- ասում է ԻՏՁՄ ղեկավարը։- Բանն այն է, որ որևէ պահանջ չի դրվում Համաշխարհային բանկի և մյուս դոնորների առջև, և այն պատվերները, որ կարող էին հայաստանյան շուկան զարգացնել, գնում են արտասահման։ Արդյունքում ներքին շուկան տարեկան կորցնում է մի քանի տասնյակ միլիոն դոլար։ Բայց այս ամենն այդքան կարևոր և կրիտիկական չէ։ Կրիտիկականն այն է, որ մենք այդպես էլ չորոշեցինք, թե ինչ երկրում ենք ուզում ապրել՝ տեխնոլոգիակա՞ն, տուրիստակա՞ն, թե՞ սպասարկող։ Օրինակ, Խորհրդային Հայաստանում շարժիչ ուժը տեխնոլոգիական ոլորտում աշխատող ինժեներն էր։ Այսօր, սակայն, այդ լոկոմոտիվը՝ ո՛չ որպես ինդուստրիա, ո՛չ որպես մարդու տեսակ, որոշված չէ։ Երբ 1990-ականներին սոցիալական բուրգը շուռ եկավ, այն մարդիկ, ովքեր ԽՍՀՄ տարիներին երբևէ չէին առնչվել տեխնոլոգիաների հետ, հայտնվեցին ամենաբարձր դիրքերում։ Եվ, բնականաբար, այդ մարդիկ նախ չեն հասկանում տեխնոլոգիաների հնարավորությունները, երկրորդն էլ՝ չեն հավատում, որ հայ մարդը կարող է տեխնոլոգիական նորարարության հեղինակ դառնալ։ Այսօր առաջնահերթ խնդիր է գտնել, բացահայտել այն մարդկանց, ում վրա երկիրը կարող է հենվել։ Կարևոր է նաև կողմնորոշման հարցը, ինչն այսօր բավականին բարդ է, քանի որ 1992-94 թթ. մեզանում աշխարհընկալումը որոշակիորեն փոխվել է, և գերակա է դարձել յոլա գնալու աշխարհընկալումը, ինչը տեխնոլոգիական զարգացման հետ որևէ կապ չունի։ Մեր հարևան երկրները ձգտում են դառնալ տարածաշրջանային առաջնորդ, այսինքն՝ նրանք շարժվում են առաջնորդության կանխավարկածով։ Եվ քանի որ Հայաստանը թե՛ քաղաքական, թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ տնտեսական առումներով յոլա գնալու պարադիգմայի մեջ է, ապա ՏՏ ոլորտն էլ զարգանում է նույն յոլա գնալու համատեքստում և միաժամանակ ապահովում է PR հնարավորություններ ղեկավարության համար։ Մենք տեխնոլոգիական ժողովուրդ ենք և սիրում ենք ՏՏ բնագավառը, որը քարոզչության լայն հնարավորություններ է տալիս. մի օր «Սինոփսիսն» են ճանաչում լավագույն ընկերություն, մյուս օրը Sourcio-ի տնօրենն է ստանում «Տարվա Java մարդ» մրցանակը և այլն։ Այսինքն՝ ՏՏ-ն դառնում է զուտ PR-ի համար օգտագործվող ճյուղ, այլ ոչ թե ոլորտ, որը ծառայում է ամբողջ տնտեսության արդիականացման ու զարգացման համար»։
Տարածաշրջանային բոլոր պետությունները, այդ թվում՝ Ադրբեջանը, այսօր հայտարարել են սեփական տիեզերական ծրագրերի մասին։ Կարեն Վարդանյանը կարծում է, որ այդ երկրները հասկանում են, որ եթե քո առջև մեծ նպատակ ես դնում, այն դառնում է շարժիչ ուժ։ «Անկեղծ ասած, ես իշխանություններից որևէ լուծում չեմ սպասում։ Կա հավանականություն, որ կառավարությունում կամ իշխանության այլ թևերում ինչ-որ մարդիկ կարթնանան և, պատասխանատվություն վերցնելով, կառաջնորդեն։ Բայց այդ հավանականությունը բավականին փոքր է։ Խնդիրը ներքևից պետք է լուծվի։ Կարծում եմ` կառաջանան տարբեր բիզնես միավորումներ, հասարակական կազմակերպություններ, կծնվեն մարդիկ, որոնց նպատակը կլինեն ոչ թե PR-ը կամ վարկեր ստանալը, այլ այս երկրի զարգացումը։ Հուսով եմ, որ այդ մարդկանց մեջ ի վերջո կխոսեն հայրենասիրությունն ու արժանապատվությունը, կխոսի նաև պարտքը հայրերի նկատմամբ, որովհետև այդ մարդիկ մեզ թողել են շեն երկիր, որտեղ 100 հազար մարդ աշխատում էր հաշվողական տեխնիկայի, 100 հազարը՝ էլեկտրատեխնիկայի բնագավառներում, տասնյակ հազարավորներ՝ քիմիական արդյունաբերության ոլորտում։ Իսկ մենք 20 տարում այդ շեն երկիրը վերածեցինք ձևականությունների և թուրքական երաժշտության երկրի»։
Կարեն Վարդանյանը կարծում է նաև, որ ՏՏ կազմակերպությունների կողմից իշխանությունների վրա ճնշումը ծառացած խնդիրներին համարժեք չէ, քանի որ ոլորտը փոքր է՝ ընդամենը 200 ընկերություն՝ 5 հազար աշխատողներով. «Շատ կարևոր է նոր ընկերությունների ստեղծումը խրախուսելը, նոր կադրերով ոլորտը համալրելը, որոնք կփոխեն իրավիճակը։ Սա այն ճանապարհն է, որով պետք է գնալ»։
Տարածաշրջանի բոլոր պետությունները հարկային արտոնություններ են սահմանել ՏՀՏ ոլորտի համար։ Հայաստանում նույնը չի արվում։ Ի՞նչն է պատճառը, որ մեր կառավարությունն օրակարգ չի մտցնում հարկային արտոնությունների խնդիրը։ «Երբ այդ թեմայով խոսում ես կառավարության ներկայացուցիչների հետ, նրանք սկսում են շաբլոններով խոսել, ինչպես կոմունիստական կուսակցության օրոք։ Այն ժամանակ շրջկոմի շաբլոններն էին արդիական, այժմ՝ Միջազգային արժութային հիմնադրամի։ Եվ այդ շաբլոններից մեկն էլ այն է, որ արտոնություններ տալ չի կարելի։ Իսկ արտոնությունները բացառելը նշանակում է չունենալ տնտեսական հստակ քաղաքականություն։ Ստացվում է, որ մեր ղեկավարները Հռոմի պապից ավելի կաթոլիկ են, շատ ավելի լիբերալ, քան ԱՄՆ-ի կառավարիչները։ Եվ քանի որ զարգացման տեսլականը բացակայում է, նրանք թույլ չեն տալիս արտոնություններ մտցնել։ Մեր հարևան բոլոր երկրները ՏՏ ոլորտում արտոնություններ սահմանել են, և ռայկոմական կարգախոսներով շարժվելն արդեն դժվար է։ Բայց խնդիրը մեր նպատակը հասկանալն է։ Եթե այն տեխնոլոգիական երկիր կառուցելն է, ապա պետք է ուրվագծել այն քայլերը, որոնք կօգնեն ավելի արագ հասնելու այդ նշանակետին։ Այն սղաճը, հետընթացը, որ կան Հայաստանում, տարածաշրջանի մյուս երկրների համեմատ, սպառնում են ոչ միայն երկրի ազգային անվտանգությանը, այլև յուրաքանչյուրիս անվտանգությանը։ Ֆիզիկոս Տեսլան էր ասում, որ երկրների միջև պատերազմները սկսվում են այն ժամանակ, երբ նրանց պոտենցիալները շատ են իրարից տարբերվում։ Իսկ այսօր մեր կարողությունները հարևան երկրների համեմատությամբ շատ նվազ են, ու գնալով այդ ճեղքվածքը մեծանում է։ Չի կարող այսպես շարունակվել, իրավիճակը հրատապ լուծում է պահանջում»,- ասում է ԻՏՁՄ գործադիր տնօրենը։
Նշենք, որ վերջին տարիներին հայաստանյան ՏՏ ոլորտն արձանագրել է ներդրողների խոշոր ներհոսք։ Ոլորտի թողարկած արտադրանքի մոտ 62 տոկոսն արտահանվում է ավելի քան 20 երկիր։ 2008-ին Հայաստանի ՀՆԱ-ում ՏՏ ոլորտի մասնաբաժինը մոտ 1,2 տոկոս էր։ Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում 2009-ին մեր երկրի ՏՏ ոլորտում գրանցվել է 17 տոկոս աճ։ Եվ այս ամենը՝ առանց որևէ աջակցության։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2398

Մեկնաբանություններ