«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Հովհաննես առաքյալի Հայտնության շարունակությունը...

Հովհաննես առաքյալի Հայտնության շարունակությունը...
22.04.2022 | 07:33

ՏԻՐԱՄՈՐ ՊԱՏԳԱՄԸ


Հայտնի է, որ Տիրամայրը սրբերից ամենագործունն է ու ամենանվիրականը: Մեր հայրերը գրեթե ամենքն էլ մեծ ակնածությամբ ու պատկառանքով են արտահայտվել նրա մասին, անվանելով Աթոռ փրկության, Աղբյուր անսպառ լույսի, Անապական կույս և Անապական տաճար, Առաքելություն կատարյալ, և հարյուրավորներ են այն սքանչելի բնորոշումները, որ տրվել են Տիրամորը:

Հայերիս համար, մանավանդ, Տիրամոր առաջնորդական գործուն սերն առանձնահատուկ է, որովհետև հայերս Տիրամորն ենք պարտական մեր ազգային ընդհանուր դարձի համար, քանի որ մեր ազգային ընդհանուր դարձը եղավ հռիփսիմյան կույսերի Հայաստան գալու և նրանց այստեղ նահատակվելու շնորհիվ: Իսկ հռիփսիմյան կույսերին Տիրամայրն էր, որ տեսիլքի մեջ երևալով պատվիրեց. «Կգնաք Հայաստան»։ Իզուր չէ, որ հայոց առաքելական եկեղեցիների կեսից ավելին Աստվածածին է կոչվում, և մեր գրեթե բոլոր եկեղեցիների բեմերում Տիրամոր պատկերն է` Հիսուս մանուկը գրկին, եկեղեցիները հավելյալ առանձին խորան ունեն Տիրամոր անվամբ, քանի որ Աստվածամոր բարեխոսությամբ շատերն են իրենց հոգևոր բժշկությունը գտել ու շարունակում են գտնել:


ՈՒստիև Տիրամոր պատգամը նրա մայրական սիրով մեծացած հայի համար ևս պիտի առանձնահատուկ լինի` այդ պատգամով պահելու իր անձը, իր եկեղեցին ու հայրենին, քանի որ պատգամը նաև մեծ փոթորիկների նախադուռ այս օրերի և ավելի հետոյի մասին էլ է:
1846 թվականի սեպտեմբերի 19-ին Սուրբ Կույսը երևաց ֆրանսիացի երկու փոքրիկ հովիվների, որոնցից մեկը 15-ամյա մի աղջնակ էր՝ Մելանիան, իսկ մյուսը 11 տարեկան մի տղա՝ Մաքսիմեն։ Մելանիան խիստ աղքատ ընտանիքից էր, այդ պատճառով դպրոց չէր գնում և վարձով հովվություն էր անում: Մաքսիմեն ևս դպրոց չէր գնում, և հոր ընկերոջ հովվի հիվանդության պատճառով իրեն էին հովվության ուղարկել: Թեպետ նույն գյուղից էին, բայց միմյանց չէին տեսել և արոտավայրում ծանոթացան: Յուրաքանչյուրը չորս կով էր արածեցնում: Կովերին ջուր տալու ժամն էր: Տարան առվի մոտ, իրենք էլ հաց կերան ու ալպյան կանաչների մեջ ննջեցին: Քիչ անց, երբ երեխաներն արթնացան ու կովերին գտան, Մելանիան գնդի նման մի պայծառ լույս ցույց տվեց, որ անսովոր ուժեղ էր և աչք էր շլացնում: Ասես արևի երկվորյակը լիներ: Մի քանի ակնթարթից ավելի հնարավոր չէր լույսի այդ գնդին նայել: Երկուսով մոտեցան: Լույսն այն տեղում էր, ուր քիչ առաջ իրենք քնած էին: Լույսի ներքո մի կին էր երևում: Կինը բարձրահասակ էր, գլխին սպիտակ գլխաշոր՝ երիզված դեղին, կապույտ ու կարմիր վարդերի պսակով: Հագուստն սպիտակ էր ու վրայից դեղին գոգնոց ուներ: Պարանոցից նուրբ շղթայով երկու խաչ էր կախված: Դեմքն անչափ տխուր էր: Նա մոտ կանչեց երեխաներին: Եվ երեխաների միջոցով էլ մարդկությանը հայտնի դարձավ մարգարեական մի շողացող ոսկի, որը, ըստ էության, Հովհաննես առաքյալի Հայտնության շարունակությունն է:


Սա պատահեց Լա Սալեթ կոչված բնակավայրում, որ գտնվում է Ալպյան լեռներում, Ֆրանսիայի հարավ-արևելքում, ծովի մակերևույթից 1800 մետր բարձրության վրա։
«Այսօրվա մեր աչքերի առջև կատարվող դեպքերը, ըստ սրբուհի Մարիամի տված պատգամների կարող են և դյուրությամբ հասկացվել։ Պատգամը հայտնատեսական է և հաճախ է ակնարկում Հովհաննեսի Հայտնության գիրքը. «Գազանը» (Հայտ. 13) շուտով պիտի երևա։ Սուրբ Կույսը մեզ զգուշացնում է նաև Նեռից, որ պիտի գա և ինքն իրեն որպես Փրկիչ ներկայացնի մարդկության առաջ»,- գրում է դոկտոր Թամար Տասնապետյանը, որն առաջինն է հայերեն (արևմտահայերեն) հրատարակել Տիրամոր պատգամը, որ և մենք փոխադրեցինք արևելահայերենի։


«Մեծ Տիկինն իր տխրությունն ու բարկությունն է հայտնում եկեղեցու ղեկավարների հանդեպ, որոնց իմացականությունը չարով է մթագնած, և որոնք անգործունյա են դարձել Նեռի դեմ, որին հստակորեն չեն էլ ճանաչում, և որն էլ, սակայն, հենց իրենց իսկ աչքերի դեմ Աստծո ժողովրդին ցավերի է ենթարկում։ Այս բանի համար Սուրբ Կույսն իր բոլոր ճշմարիտ հավատացյալներին պատվիրում է ոտքի ելնել՝ պայքարելու Քրիստոսի հակառակորդի դեմ»,- շարունակում է պարզաբանել տիկին Տասնապետյանը:
Պատգամը 1879-ին հրատարակեց Մելանիան՝ եպիսկոպոս Գեր. Ջոլայի օգնությամբ։ Հռոմն այդ պատգամը պաշտոնապես ճանաչեց միայն 1922-ի հունվարի 6-ին։
Այսօր, երբ աշխարհը գտնվում է այն նույն իրավիճակների մեջ, որ Հայտնության Գիրքն է զգուշացնում, լավ ու ճիշտ ժամանակին է Տիրամոր այդ պատգամը հանձնել հասցեատիրոջը` հավատացյալ ժողովրդին ու Տիրամոր սիրելիներին: Բացի դոկտոր Թամար Տասնապետյանից, Տիրամոր այս և այլ երևումների մասին գրել է նաև Տիգրանուհի Էքմեքճյանը։ Տիգրանուհու աշխատանքը թարգմանություն է միայն անմիջական բնագրից, իսկ Թամար Տասնապետյանը պատգամը ներկայացնում է իր մեկնություններով։


Մենք օգտվում ենք երկուսի աշխատանքներից էլ՝ միայն մեջ բերելով հատվածներ թերթի հնարավորության սահմանների համեմատ:
Տիրամայրը Մելանիային պատվիրում է պատգամը հրատարակել 1858 թվականին: Ասել է՝ պատգամում խոսվող երևույթները վերաբերում են այդ թվից սկսյալ մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը, որ, բնականաբար, ներառում է նաև մեր օրերը: Պատգամում խոսվում է այդ ժամանակվա Հռոմի պապի աստվածասեր լինելու, Նապոլեոնի անկման և այլ դեպքերի մասին, որոնք մարգարեաբար կատարվել են, և տեղի ու ժամանակի պատճառով հարկ չէ, որ հիշատակենք: Սակայն այդ ժամանակահատվածներից մեջբերենք ընդհանրական հոգևոր հայտնություններ, որոնք, կարծում ենք, ժամանակ չեն ճանաչում և միշտ էլ օգտակար են:
«Կրոնավորները Որդուս նախարարներն են երկրի վրա, սակայն նրանց վատաբնույթ կյանքի և սուրբ խորհուրդների կատարման մեջ ցուցաբերած անտարբերության և անհավատարմության, դրամասիրության և փառասիրության, հաճոյասիրության պատճառով դարձել են անմաքուր լվացարաններ։ Վա՛յ այդ կրոնավորներին, քանի որ Աստծուն նվիրած իրենց անձերի դավաճանություններով և չարաբարո կյանքով կրկին խաչում են Որդուս։ Նրանք վրեժխնդրություն են պահանջում, սակայն վրեժխնդրությունն արդեն իսկ այստեղ է, հենց դռների մոտ, իրենց գլխին կախված, որովհետև ոչ ոք նրանցից ժողովրդի համար ողորմություն և ներողամտություն չի հայցում։ Ողորմած հոգիներ չկան, որպեսզի Անարատ Զոհը Հավերժական Աստծուն նվիրաբերեն հօգուտ աշխարհի։


Աստված պիտի պատժի նրանց անօրինակ եղանակով։
Վա՛յ երկրի բնակիչներին. Աստված բարկությամբ պիտի լցվի նրանց կամակորությունների, մեղքերի պատճառով, և ոչ ոք չպիտի կարողանա զերծ մնալ այսքան մեծ չափով հավաքագրված չարից» (տե՛ս Հայտ., 15,1)։
Պետերը, որ ղեկավարներն են Աստծո ժողովրդի, արհամարհում են աղոթքն ու ապաշխարությունը, և չարը նրանց մտքերն արդեն մթագնել է (անկարող են ճանաչել Նեռին, Հայտ., 13, 18-ի «Գազանի» ինքնությունը)։


Նրանք այն մթնած աստղերն են դարձել, որոնց հին վիշապը քարշ է տալիս կորստի (Հայտն., 12,4)։
Ոչ միայն եկեղեցականների, այլ նաև աշխարհիկներիս համար էլ օգտակար է նման հանդիմանանքները լսել, որովհետև ի սեր արված հանդիմանություններն ակնածանք ու խոնարհում են արթնացնում Աստծո զորության հանդեպ և հավատացյալին մղում են լինելու ավելի զգոն ու արթնամիտ: Փակագծերում բոլոր նշված հղումները դոկտոր Տասնապետյանի ուսումնասիրությունից են:


Հիշենք, որ Նեռի աշխարհ գալն ուսումնասիրած ռուս մեծ հոգևորական Պլատոնովն ասում է, թե 1776 թվականին չարի արբանյակները 70 արձանագրություն կազմեցին գետնի տակ գտնվող իրենց հավաքատեղիում: Այդ արձանագրություններն աշխարհը գլոբալացնելով չարին աշխարհի թագավոր դարձնելու ծրագրերն են, որոնցից 22 արձանագրությունները, Աստծո կամոք, հայտնի դարձան մարդկությանը: 1800-ականի կեսերից այդ ավերիչ ծրագրերը սիոնականներն սկսել էին ավելի լայն կիրառել արդեն ողջ աշխարհում: ՈՒստիև, ըստ Տիրամոր տված Հայտնության դրվագների, չարի կողմից աշխարհի մարդկության վրա եղած լայնածավալ, ավերիչ հարձակումը ներառում է 1864 թվից մինչև Երկրորդ Գալուստը Հիսուս Քրիստոսի, մինչև ավարտն աշխարհի:
-Պիտի մեծ քանակությամբ չարագործ գրքեր հրապարակվեն երկրի վրա, և խավարի հոգիները դրանցով Աստծո ծառայության վերաբերյալ եղած դրույթների նկատմամբ ընդհանուր մոլորեցնող մոտեցում բերեն։ Այս խավարի հոգիները մեծ զորություն պիտի ունենան մարդկային խաբվող բնության վրա։ Որոշ եկեղեցիներ Աստծունը թողած՝ այս ոգիներին պիտի պաշտեն (Սատանայի եկեղեցին ԱՄՆ-ում և այլն)։ Անձեր պիտի լինեն, անգամ կրոնավորներ, որ այս պիղծ ոգիներից ազատվելու պատճառով տեղից տեղ փոխադրվեն, որովհետև նրանք առաջնորդված պիտի լինեն Ավետարանի լավ Հոգով որ հեզության, սիրո և Աստծո փառքին նախանձախնդրության Հոգին է։


Իսկ ինչ այժմ ենք մեջբերում` վերաբերում է թե՛ անցյալ, թե՛ մեր ժամանակին, թե՛ ապագայում չապաշխարող աշխարհի սպասելիքներին, եկեղեցու հանդեպ լարված որոգայթներին:
-Աշխարհի բոլոր կառավարությունները նույն ծրագիրը կունենան, որի նպատակը կրոնական սկզբունքների վերացումն ու ոչնչացումը կլինի՝ դրանք փոխարինելով նյութապաշտությամբ, անաստվածությամբ և ամեն տեսակի անառակության հոգեբանությամբ:
-Բազմաթիվ մեծ քաղաքներ երկրաշարժերից կցնցվեն ու կուլ կգնան: Մարդիկ կհավատան, որ ամեն բան ավարտված է, մարդասպանությունից բացի, ուրիշ ոչինչ չեն տեսնի, կլսեն միայն զենքերի շաչյուն և հայհոյանք:
-Հանկարծ Հիսուս Քրիստոսի եկեղեցին հալածողները և մեղքին տրված մարդիկ կմեռնեն, և աշխարհը կնմանվի անապատի: Խաղաղություն կտիրի, սերը կծաղկի, ամեն տեղ կքարոզվի Քրիստոսի Ավետարանը:


-Սակայն մարդկանց մեջ խաղաղությունը երկար չի տևի: Քսանհինգ տարվա առատությունը մարդկանց կմոռացնի, որ աշխարհում բոլոր ցավերի պատճառը մեղքն է:
-Հակաքրիստոսի նախակարապետը զանազան ազգություններից հավաքած իր խմբերով կպայքարի ճշմարիտ Քրիստոսի` աշխարհի միակ Փրկչի դեմ: Շատ արյունահեղություն կգործի` կամենալով վերացնել Աստվածապաշտությունը, որպեսզի ինքը մարդկանցից Աստված համարվի:
-Բացի ընդհանուր ժանտախտից և սովից, բազմաթիվ վերքեր կխոցեն աշխարհը, պատերազմներ կլինեն մինչև վերջին պատերազմը, որը կծագի տասը հակաքրիստոնյա թագավորների միաբանության պատճառով: Եվ նրանք բոլորը նույն նպատակը կունենան: Նրանք կտիրեն աշխարհին: Իսկ մինչ այս` թվացյալ խաղաղության ժամանակը կլինի, երբ բոլորը միայն զվարճալիքների մասին կմտածեն: Չարերը կնվիրվեն իրենց մեղքերին:
Մեր կարծիքով՝ մեր ժամանակը նաև գտնվում է «Իսկ մինչ այս...»-ով սկսվող նախադասության փուլում, երբ աշխարհը մոլորվում է՝ զվարճալիքների հետևից ընկնելով, իսկ գերտերությունները միաբանվում են: Եվ պայքարն աշխարհի Փրկիչ Քրիստոսի դեմ արդեն ակնհայտ է, ըստ համաշխարհային կառավարության մոլորեցնող ու չար ծրագրերի, որ զանազան ապականող արատներով ողջ աշխարհում է տարածում գտնում, հեռուստացույցով ու ինտերնետով, մերկանդամ պարերի պիղծ տներով (ստրիպտիզ ակումբներով)՝ այլանդակություններ գործելն անվանելով առօրյա օրինական զվարճանքներ, երբ Աստծո ճշմարիտ օրենքը նման բաների դեմ պատիժներ ունի նաև երկրում նման բաներ թույլատրողների համար:


-Դողա՛, երկիր, և դու՛ք, որ Հիսուսին ծառայելու եք հավակնում, բայց ներքնապես ինքներդ ձեզ եք պաշտում, դու՛ք նույնպես դողացեք։ Դողացե՛ք, որովհետև Աստված ձեզ պիտի մատնի իր թշնամուն (պիտի ձեր պղծասիրությամբ դառնաք Նեռի դաշնակիցները, նաև նրա պատժի մասնակիցները. Հայտ., 18,4)։ Դողացե՛ք, որովհետև Սուրբ տեղերն արդեն նեխած են (Հայտ., 20,9)։ Շատ վանքեր այլևս Աստծո տները չեն, այլ Ազմոդ դևի և նրա հետևորդների վայրը։
-Նեռն այս ժամանակ պիտի ծնվի հրեա հոգևոր մի կնոջից` մի կեղծ (կրոնավոր) կույսից, որ հին օձի, անմաքրության վարպետի հետ հպումներ պիտի ունենա: Նրա հայրը մի եպիսկոպոս պիտի լինի։ Իր ծննդի ժամանակ նա սրբապղծություններ պիտի դուրս տա, նա (տձև) ատամներ պիտի ունենա (բարոյական իր տխեղծությանն իբրև ակնհայտ խորհրդանիշ). մի խոսքով, նա սատանայի մարմնացումը պիտի լինի։ Նա տգեղ ձայներ պիտի հանի, հրաշքներ պիտի գործի և միայն աղտեղություններ պիտի ուտի, նա ստերով պիտի ապրի։ Նա եղբայրներ պիտի ունենա (10-ը թագավորները), որոնք իրեն նման մարդեղացած սատանաներ պիտի չլինեն, բայց պիտի լինեն դեռևս չարի զավակները։ Երբ նա 12 տարեկան դառնա, նրանց տարած հաղթանակները մեծապես պիտի նկատվեն։ Նրանք շուտով զորքերի գլուխ պիտի անցնեն՝ դժոխքի շքախմբերի կողմից պահպանություն ունենալով։


-Եղանակները պիտի փոխվեն (գլոբալ տաքացում)։ Երկիրը պիտի տա միայն գարշացված պտուղներ։ Աստղերը (ղեկավարները) իրենց սովորական շարժումները պիտի կորցնեն (նրանց արժանապատվությունը պիտի կորչի Նեռի պատճառով)։ Լուսինը պիտի ցոլա, բայց թեթև, կարմրագույն լույսով։ Ջուրը և կրակը աշխարհին հատուկ շարժումներ պիտի անեն, և սարսափելի երկրաշարժեր պիտի լինեն՝ կուլ տալով լեռներ, քաղաքներ և գյուղեր (Հայտ., 6, 12-16)։
-Հռոմը հավատքը պիտի կորցնի և Նեռի աթոռը պիտի դառնա։
-Դևերը, Նեռի հետ միասին, մեծ հրաշքներ պիտի գործեն երկրի վրա և օդի մեջ։ Գնալով մարդիկ բնությամբ ավելի կեղտոտ պիտի դառնան։
-Աշխարհին կարևոր մի կանչ եմ ուղղում։ Կանչում եմ իսկական աշակերտներին կենդանի Աստծո, որ երկնքում է իշխում։ Կանչում եմ Քրիստոսի իսկական հետևորդներին, Քրիստոսի, որ մարդացավ և մարդկանց միակ Փրկիչն է։ Կանչում եմ երեխաներին, նրանց, ովքեր իրապես հավատարիմ են ինձ, ովքեր իրենք իրենց հանձնել են ինձ, որպեսզի իրենց առաջնորդեմ դեպի իմ աստվածային Որդին, նրա՛նց, որոնք իմ գրկում, իմ ձեռքերում են մեծանում և իմ հոգով են ապրել։ Վերջապես կանչում եմ վերջին ժամանակների առաքյալներին (Մատթ., 24,31), Հիսուսի հավատավոր աշակերտներին, որոնք ապրեցին աշխարհն արհամարհելով և իրենք իրենց խեղճության ու հեզության մեջ արհամարհված և լռության մեջ աղոթելով ու իրենց մարմնի ցանկության անդամները մեռցնելով, ողջախոհության և Աստծո հետ միացման մեջ եղան, շարունակ տառապելով և աշխարհի կողմից անգիտակցված են։ Ժամն է, որ նրանք առաջ գան և լուսավորեն աշխարհը։ Գնացե՛ք, և դուք ձեզ ցույց տվեք իբրև զավակներն իմ սիրելի (Հայտ., 12,17)։ Ձեզ հետ եմ և ձեր մեջ, և ձեր հավատքը պիտի լուսավորի ձեզ այս անբախտ օրերում, որպեսզի Լույսի կամքը գործեք։ Թող ձեր նախանձախնդրությունը ձեզ աշխուժացնի Հիսուսի Փառքի և պատվի համար։ Մարտնչեցե՛ք, լույսի՛ զավակներ, դուք քիչ թվով եք թեպետ, բայց հստակորեն եք տեսնում։ Որովհետև հիմա ժամանակների ժամանակն է, ավարտների ավարտը։


-Եկեղեցին պիտի խավարի։ Աշխարհը զարհուրանքի մեջ պիտի լինի։ Բայց, ահավասիկ, Ենովքը և Եղիան գալիս են Աստծո և բարի կամքով մարդկանց ուժով լեցուն, մարդիկ, որոնք պիտի հավատան Աստծուն։ Եվ շատ հոգիներ պիտի մխիթարվեն նրանց միջոցով։ Նրանք մեծապես պիտի առաջանան Սուրբ Հոգու առաքինությունների մեջ, և Նեռի սատանայական սխալները պիտի դատապարտվեն (Հայտ., 11,3)։
-Վա՛յ երկրի բնակիչներին։ Արյունոտ պատերազմներ և սովեր, ախտեր և փոխանցվող հիվանդություններ պիտի պատահեն։ Սարսափելի կարկուտ պիտի տեղա (Հայտ., 18, 21), (Հայտ., 9, 3-11), և երկրաշարժը պիտի երկրներ ավերի։ Ձայներ պիտի լսվեն օդում։ Մարդիկ իրենց գլուխները պատից պատ պիտի զարկեն։ Նրանք մահը պիտի փնտրեն, մինչդեռ մահը նրանց պիտի չարչարի։ Արյունն ամեն կողմի վրա պիտի թափվի, ո՞վ կարող է սա տանել, եթե Աստված այս փորձության ժամանակը չնվազեցնի։ Արյան համար, արդարի արցունքների և աղոթքների համար Աստված պիտի ողորմած լինի։ Ենովքը և Եղիան մահվան պիտի դատապարտվեն։


-Հեթանոս Հռոմը պիտի կորչի։ Երկնքից կրակ պիտի իջնի և այրի երեք քաղաքներ։ Ամբողջ աշխարհը պիտի սարսափի ենթարկվի, և մարդիկ պիտի արհամարհվեն իրենց իսկ կողմից, որովհետև չեն պաշտել Քրիստոսին, որ իրենց հոգու մեջ է ապրում։
Սուրբ Մոր պատգամը թող մղի մեզ Լեռան քարոզն ու Հայտնության Գիրքն առավել հասկանալով կարդալու, իսկ ով մտածում է, թե պատգամում ծանր խոսքեր են տանելու համար, ապա հիշենք, որ երեխաների միջոցով տրվեց, որ ոչ թե հասակը կամ զիզի-բիզի ամեն բան ընթերցելը մի բան համարվի, այլ հավատն ու նվիրվածությունը: Որ թեկուզ ունևորը պահք ու աղոթքով այսօր ինքն իրեն այնպես դաստիարակի, իր պահքի օրերին աղքատներին ապրուստի միջոցներ տալով ապրի ու այդպես ամրանա, որ երբ վաղը նեղության օր լինի, հանկարծակի չհայտնվի անհուսության ու կորստի մեջ: Նաև հավատով ու աստվածասիրությամբ մարդն այնքան զորեղանա, որ երբ անգամ եկեղեցին հայտնվի նեղության, մեծ հալածանքի կամ գայթակղության մեջ, ապա բանավոր եկեղեցին ոչ միայն կայուն ու աներեր մնա, այլև, ըստ պատգամի, մտնի բանավոր հաղթանակների մեջ: Որովհետև բանավոր, կայուն եկեղեցին կրկին կարող է մարմնավոր եկեղեցի կառուցել, իսկ հակառակ պարագայում երկուսն էլ կավերակվեն: Մենք մեզ ու մեր ժողովրդին ըստ Աստծո կամքի հաղթանակներ մաղթենք: Ամենայն ժամ: Ամե՜ն:


Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 8726

Մեկնաբանություններ