Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հերթական մուսուլմանական «քանակական» հաղթարշավը

Հերթական մուսուլմանական «քանակական» հաղթարշավը
14.06.2019 | 12:04

Ռուսաստանյան լրատվամիջոցներում ժամանակ առ ժամանակ հրապարակվում են վերլուծական նյութեր՝ նվիրված Խորհրդային Միության նախկին 15 հանրապետությունների կյանքի տարբեր կողմերին՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և այլն: Ինչ էին և ինչի են վերածվել, ինչ հեռանկարներ են սպասում նրանց: Հերթական ընդարձակ հրապարակումը վերաբերում էր այդ պետություններին տարբեր առումներով ու չափերով հուզող խնդրին՝ ժողովրդագրական (դեմոգրաֆիական) գործոնին: Ի վերջո, պետության զարգացման կարևորագույն ցուցանիշներից մեկը հենց բնակչության ընդհանուր թվաքանակն է:
Վերլուծության համար հիմք են ծառայել նորանկախ պետությունների վերաբերյալ վիճակագրական տվյալները 1990-2018 թթ. ժամանակահատվածում: Բնակչության աճին վերաբերող աղյուսակին ծանոթանալուց առաջ արժե հիշեցնել, որ խորհրդային տարիներին բոլոր հանրապետություններում բնակչության աճի դինամիկան դրական էր, տարբեր էին տեմպերը:


Ինչպես տեսնում եք, ըստ դինամիկայի 1990 թվականի համեմատ առանձնանում են երեք խմբի պետություններ.
1. Բնակչության բուռն աճ ունեցող երկրներ՝ Տաջիկստան, Թուրքմենստան, ՈՒզբեկստան, Ղրղզստան, Ադրբեջան:
2. Համեմատաբար կայուն բնակչությամբ երկրներ՝ Ղազախստան, Ռուսաստան, Բելառուս:
3. Նվազող բնակչությամբ երկրներ՝ Հայաստան, Էստոնիա, ՈՒկրաինա, Մոլդովա, Լիտվա, Լատվիա, Վրաստան:
Առկա է մուսուլմանական երկրների հաղթարշավը նշված ասպարեզում: Ցավոք, Հայաստանը ևս հայտնվել է վտանգավոր գոտում: Հայտնի է՝ եթե բնակչության կորուստը հասնում է մեկ քառորդին կամ գրեթե մեկ երրորդին, ապա երկրի վերացման սպառնալիքը դառնում է իրական: Այդ իմաստով Լիտվան, Լատվիան և Վրաստանը կանգնած են աղետի առաջ: Հայաստանի փրկությունը արտագաղթի առնվազն նվազեցման մեջ է:
Նախկին խորհրդայինները հիմնականում ունեն արտագաղթի երկու ուղղություն՝ Եվրամիություն և Ռուսաստան: Այս երկու սուբյեկտներում էլ բնակչության վերարտադրության ցուցանիշները բացասական են, և եվրոպական երկրները կարիք ունեն միգրանտների մշտական հոսքի: Պարադոքսն այստեղ այն է, որ անմնացորդ կրքոտությամբ ձգտելով դեպի «քաղաքակիրթ» ԵՄ (և ոչ «վայրենի» Ռուսաստան), նախկին մերձբալթյան հանրապետությունները ժողովրդագրական առումով փաստորեն կնքել են, ինչքան էլ տհաճ է ասել, իրենց մահկանացուն: Նախկին ինդուստրիալ բարգավաճ երկրներից ոչինչ չի մնացել. արտագաղթում են գլուխներն առած: Ընդ որում, եթե Եվրամիության կազմում մինչև այժմ նրանք ստացել են պետբյուջեի դոտացիաներ, ինչը նրանց հնարավորություն է տվել գոյատևելու, ապա 2020 թվականից դրանք շեշտակիորեն կնվազեն, առաջացնելով սոցիալական համակարգի էական կրճատում և հարկերի աճ:


Բնակչության թվաքանակն ինքնին բազմաբարդ խնդիր է: Դա մարդկային տարաբնույթ ռեսուրս է, ինքնաբավ շուկա՝ գրավիչ ներդրողի համար, սուր մրցակցության ասպարեզ, ինքնապաշտպանական վահան և այլն: Նախկին խորհրդային հանրապետությունների բնակչության ինչպես աճը, այնպես էլ կորուստը փոխում են արտաքին քաղաքական իրողությունները, ստեղծում աշխարհագրական ու աշխարհատնտեսական նոր պայմաններ: Տեսեք, 1991 թվականին ՈՒկրաինայում բնակվում էր 51 միլիոն մարդ: Միլիոնավոր ուկրաինացիներ ապրուստի որոնումներով արդեն հայտնվել են եվրոպական երկրներում: ՈՒկրաինայի 1,5 միլիոն քաղաքացիներ ապրում են Ռուսաստանում: Դոնբասի երկու ինքնահռչակ հանրապետություններում բնակվում է 4,5 միլիոն մարդ, որոնք սկսել են ստանալ Ռուսաստանի քաղաքացու անձնագիր: Ասել է` ՈՒկրաինան միանգամից զրկվում է 6 միլիոն մարդուց, և նրա քաղաքացիների ընդհանուր թվաքանակը դառնում է սոսկ 42 միլիոն:


Մյուս կողմից վերցնենք ՈՒզբեկստանի օրինակը: Ըստ վիճակագրության, նույն 1991 թվականին նրա բնակչությունը կազմում էր 20 միլիոն մարդ, այսօր՝ մինչև 34 միլիոն, այսինքն, մի քանի տարի հետո ՈՒզբեկստանի բնակչությունը կգերազանցի ՈՒկրաինայի բնակչությանը, ինչը էապես կփոխի ՈՒզբեկստանի ներդրումային ու առևտրական դիրքերի գրավչությունը:
Դառնանք իր կենդանական աճով անկրկնելի Ադրբեջանին: Արդեն մոտ 10-միլիոնանոց երկիրը շուտով իր ժողովրդագրական ցուցանիշով կգերազանցի Բելառուսին: Ահա և. «Միանգամայն հնարավոր է,- գրում է ռուսաստանյան լրատվամիջոցներից մեկը,- որ այնժամ Ռուսաստանը իր կողմնորոշիչները ՈՒկրաինայից տեղափոխի ՈՒզբեկստան ու Ադրբեջան: Ի վերջո, այս երկու երկրները միասին կընդգրկեն 45-48 միլիոն մարդ, ինչը հեռանկարային կդառնա ներդրողի համար: Թեև, մյուս կողմից, հավանական կողմնորոշումը դեպի այդ մուսուլմանական երկրները վախ է առաջացնում ռուսական վերնախավի մեջ, քանզի իր մենթալիտետով և էթնիկական կազմով Ռուսաստանը շատ հեռու է դրանցից»:


Եվ այսպես, հետխորհրդային տարածքի ժողովրդագրական իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ արդեն հստակորեն տարբերակված են երբեմնի «ընդհանուր ճակատագրով» միավորված երկրների հետագա առաջընթացի ուղիները, և ժողովրդագրական կենտրոնը մեր ժամանակներում անշեղորեն տեղափոխվում է դեպի արևելք: Ինչպես ասվեց, հերթական մուսուլմանական «քանակական» հաղթարշավը:
Նորանկախ Հայաստանի ո՞ր բարձրագույն ղեկավարն է սրտի ցավ հայտնել երկրի հետընթաց ժողովրդագրական իրավիճակի, ավելի կոնկրետ՝ արտագաղթի նկատմամբ:


Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 4516

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ