Ամեն օրվա պես ապրելուն մի բան խանգարում է։ Սովորականից շատ են զգուշությունը, լարվածությունը, հեռավորությունը։ Համավարակ է։ Մարդիկ փորձում են ապրել արտակարգ իրավիճակի թելադրած կանոններով։
Ֆիզիոթերապևտ-մանուալիստ, ակադեմիկոս ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ կարծիքով՝ համավարակը մարդկանց վրա ազդելու, վախի մթնոլորտ տարածելու և աշխարհը վերահսկելու միջոց է։ Նրա խոսքով՝ նոր վիրուսը արհեստական ծագում ունի և առաջին հերթին ազդում է մարդկանց նյարդային համակարգի վրա, նյարդային դասի խնդիրներից էլ սկսվում են բոլոր տեսակի հիվանդությունները։
Հայտնի պատմությունն է հիշեցնում։ Ժանտախտը հանդիպում է իմաստունին։ Իմաստունը հարցնում է՝ ու՞ր ես գնում։ Ասում է՝ գնում եմ Հնդկաստան 2 միլիոն մարդու կյանք խլելու։ Հետդարձի ճանապարհին իմաստունը ժանտախտին ասում է՝ դու խաբեցիր, ասել էիր՝ 2 միլիոն մարդու կյանք ես խլելու, 2,5 միլիոն մարդ է մահացել։ Ժանտախտն ասում է, որ չի խաբել, ինքը 2 միլիոն մարդու կյանք է խլել, կես միլիոնը վախից են մահացել։
Այսպիսով, համավարակի դեմ պայքարելու առաջին հիմնական պայմանը, ըստ Գագիկ Կարապետյանի, վախը հաղթահարելն է. «Վախն ազդում է նյարդային համակարգի վրա, փոխվում է մկանային, օրգան-համակարգերի աշխատանքը, այդ փոփոխությունները հանգեցնում են դիմադրողականության անկման և հեշտացնում վիրուսի ընկալումը։ Երկրորդ կարևոր պայմանը հիգիենայի պահպանումն է։ Ինչ կանոններ որ հիմա հրահանգում են, նորություն չեն, միշտ է պետք հետևել դրանց։ Հիգիենայի, գեղեցկության պահպանումը ամենօրյա տքնաջան աշխատանք և ծախս է պահանջում»։ Մեր զրուցակիցը ի լրումն խորհուրդ է տալիս օգտագործել նաև վիտամինային կոմպլեքսներ, բույսերից պատրաստած թուրմեր (ուրց, անանուխ, հազարաթերթիկ, երիցուկ, արևքուրիկ), մեղր, ցիտրուսներ։
Կրե՞լ, թե՞ չկրել դիմակ։
«Դիմակների կիրառումը վիրուսից պաշտպանում է 20 տոկոսով, թեկուզ 10 տոկոսով էլ պաշտպանի, եթե կա նման պահանջ, պետք է հետևել»,- ասում է Գագիկ Կարապետյանը, միաժամանակ հավելելով, որ վիրուսը շատ արագ ոչնչանում է մաքուր օդի և թթվածնի ազդեցությունից, ուստի, եթե քայլում ես բացօթյա տարածքում և մարդկանց հետ չես շփվում, բժշկական տեսանկյունից դիմակ կրելու պահանջը անհեթեթություն է։ Ավելին, եթե անընդհատ շնչում ես, ու այդ խոնավությունը չի գոլորշանում, թոքերը վնասվում են, կարող է նաև սնկային հիվանդություն առաջանալ։
Գագիկ Կարապետյանը, որ ներկայումս բնակվում է Լոս Անջելեսում, ասում է, որ մարդիկ քայլում են փողոցում՝ իրարից խուսափելով, ճանապարհը փոխելով։ Փողոցում դիմակով քիթը ծածկում են այն ժամանակ, երբ շատ մարդկանց են հանդիպում։
Ակադեմիկոսը զգուշացնում է փռշտալու վտանգների մասին։ Փռշտոցի ժամանակ մոտավորապես 45 մետր/ վայրկյան արագությամբ բերանից 40 հազար միկրոբ է տարածվում, ու եթե փռշտացողը հիվանդ է, կարող է 150 մարդու վարակել։ Պետք է փռշտալ՝ բերանը փակելով ափով կամ ծալած արմունկով։ Փռշտոցի ժամանակ հարվածն այնքան ուժեղ է, որ վիրուսը դուրս կգա նաև դիմակի միջից, բայց գոնե կիսով չափ կոչնչանա։ Սակայն չի կարելի ամուր փակել բերանը կամ կանխել փռշտոցը, որովհետև, նախ, դա հզոր միջոց է իմունային համակարգը պահպանելու, բացի այդ, առաջացնում է սրտի կարճատև կանգ, և բերանը ամուր փակելու դեպքում կարող են պատռվել ականջի թմբկաթաղանթը, վնասվել արյան անոթները, նույնիսկ կուրության պատճառ դառնալ։
«Մարդիկ մահանում են քովիդի՞ց, թե՞ ուղեկցող հիվանդություններից» հաճախ շահարկվող այս հարցին ի պատասխան մեր զրուցակիցը վիճակագրությունն է մատնանշում. «Սովորական գրիպից մահացությունը 7-8 տոկոս է, քովիդից՝ 2,5 տոկոս. մարդիկ պաշտպանվում են։ Գրիպի դեպքում աղմուկ չկա, որովհետև չեն բարձրաձայնում ու հաշվում մահերը։ Հաշվարկված է, որ մեկ միլիոն մարդ ամբողջ աշխարհում քնում, չի զարթնում, հիմա ինչ անենք, չքնե՞նք։ Եթե մարդու իմունային համակարգը թույլ է, ուղեկցող հիվանդություններ ունի, քովիդն էլ իր հերթին կարող է մահվան պատճառ դառնալ»։
Մեր զրուցակիցն ընդգծում է՝ մարդն առանձին մեխանիզմ է. իր անհատականությունն ու մեխանիզմը պահպանելու համար պետք է իմանա՝ ինչն է լավ օրգանիզմի համար, ինչը՝ վատ. «Քովիդ տարած մարդիկ գալիս են ինձ մոտ վերականգնման փուլ անցնելու: Երբ պատմում են, տեսնում ես, որ ամեն մեկը տարբեր կերպ է տարել հիվանդությունը։ Իմ եզրակացությունը հետևյալն է. այս վիրուսի ազդեցությունը բազմապրոֆիլ է, կախված նրանից, թե ինչ խնդիր կա օրգանիզմում։ Կան մարդիկ, որ վարակվել են, բայց ախտանշաններ չեն ունեցել։ Մեկն էլ պատմում էր, որ գնացել է ախտորոշվելու, հերթի կեսից վատ է զգացել և տուն գնացել։ Երկու օր հետո զանգել են, թե՝ դուք քովիդ ունեք։ Հիվանդներն ինչ ասես պատմում են։ Երբեմն խելքից վեր բաներ են լինում։ Ամբողջ աշխարհում նույն բանն է կատարվում։ ՈՒրեմն ինչ- որ տեղից թելադրվում է այս ամենը»։
Գագիկ Կարապետյանի դիտարկմամբ՝ այս ամենը տանում է նրան, որ մարդիկ պատրաստ լինեն պատվաստվելու։ Նրա խոսքով՝ մինչ մշակում, պատրաստում են պատվաստանյութը, վիրուսը ձևափոխվում է, կամ մեկ ուրիշ վիրուս են բաց թողնում։ Չի բացառում նաև այն վարկածը, որ պատվաստանյութն էլ իր հերթին լուծում է մարդկանց թվաքանակի նվազեցման համաշխարհային խնդիրը։
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ