«Ես ցավում եմ Գրիզմանի համար»
03.07.2020 | 01:02
«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Կիկե Սետիենն «Աթլետիկոյի» հետ խաղից հետո, որն ավարտվել է ոչ-ոքի (2-2), խոսել է Անտուան Գրիզմանին քիչ խաղաժամանակ տրամադրելու մասին: Վերջին անգամ ֆրանսիացին թիմի կազմում լիարժեք հանդիպում անցկացրել է հունիսի 16-ին, երբ կատալոնական ակումբը խաղում էր «Լեգանեսի» դեմ (2-0): Դրանից հետո Գրիզմանը 14 րոպե է խաղացել «Սևիլիայի» (0-0), 65 րոպե՝ «Աթլետիկի» (1:0) 10 րոպե՝ «Սելտայի» դեմ (2:2): «Աթլետիկոյի» դեմ երեկ կայացած խաղում Գրիզմանը դաշտ է դուրս եկել միայն 90-րդ րոպեին։
«Կխոսեմ Գրիզմանի հետ: Ներողություն չեմ խնդրի նրանից, բայց հասկանում եմ, որ նա իրեն կարող է վատ զգալ: Ես ևս ցավում եմ Գրիզմանի համար, քանի որ նա հիանալի պրոֆեսիոնալ ու հրաշալի մարդ է, -ասել է մարզիչը ու շարունակել։- Ռիկի Պուչը լավ աշխատեց: Սուարեսին պետք է միշտ դաշտում պահել, Մեսիին՝ ևս: Հեշտ չէ Գրիզմանի համար տեղ գտնել՝ առանց թիմն ապակայունացնելու»:
Ընթացիկ մրցաշրջանում Գրիզմանը «Բարսելոնի» կազմում մասնակցել է 32 հանդիպման, դարձել 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ