«Ադրբեջանն ու Թուրքիան ահաբեկչությունը պետականորեն որդեգրած պետություններ են»
09.10.2020 | 00:03
Միջազգային հանրությունը, տարբեր երկրների հետախուզական ծառայություններ ևս փաստում են, որ Թուրքիան Ադրբեջան է բերել բազմաթիվ վարձկանների, ահաբեկիչների, ինչը նշանակում է, որ դա լուրջ վտանգ է ոչ միայն մեր երկրի, այլև տարածաշրջանի բոլոր երկրների համար։ Տպավորությունն այնպիսին է, որ աշխարհին ավելի շատ մտահոգում է ոչ այնքան արցախյան հիմնախնդիրը, որքան այս տարածաշրջանում ահաբեկիչների հաստատվելն ու այլ ուղղություններով տարածվելը։ Քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆԻ համոզմամբ` այսօր Հայաստանի թիվ մեկ խնդիրն աշխարհին ցույց տալն է, որ, ի դեմս Թուրքիայի և Ադրբեջանի, գործ ունի ահաբեկչական պետությունների հետ։
-Մենք պետք է ահաբեկչության հետ կապված հարցը մեծ պլանով դնենք աշխարհի առաջ,- ասում է քաղաքագետը,- Թուրքիան և Ադրբեջանը ահաբեկչությունը պետականորեն որդեգրած պետություններ են։
-Աշխարհն այդ փաստը ընկալու՞մ է։
-Այս պահին նույնիսկ դա նշանակություն չունի։ Անկախ հանգամանքից` կհաջողվի՞ Ադրբեջանից հանել ահաբեկիչներին, թե՞ ոչ, ահաբեկչության թեման այս պատերազմում արծարծելուց դուրս չի կարող գալ։ Ադրբեջանը ահաբեկչությունը, այդ գաղափարախոսությունը որդեգրած պետություն է։ Պատահական չէ, որ հարյուրավոր ադրբեջանցիներ են ուղարկվում Սիրիա՝ այդ խմբավորումներում ընդգրկվելու համար։ Պատահական չէ, որ Ադրբեջանը խոչընդոտում ու թույլ չի տալիս, որ օտարերկրյա լրագրողները լուսաբանեն այս պատերազմը։ Ավելին, թիրախավորում է դրսից եկած ու Արցախում աշխատող լրագրողներին։ Սրանք ահաբեկչական հնարքներ են, որոնք նույնությամբ իրականացնում է նաև Թուրքիան իր արտաքին քաղաքականության մեջ։ Մտնում են այլ պետություններ, խառնվում են այդ երկրների գործերին և ահաբեկիչների գործի դնում։ Մեր խնդիրն այն է, որ հարցը հենց այս ասպեկտով աշխարհին ներկայացնենք։
-Մենք այս առումով դիվանագիտական ճիշտ կռվանների խնդի՞ր ունենք։
-Այսօր իմ նշած այս փաստարկը չի օգտագործվում։ Մենք ոչ միայն պիտի փաստենք, որ Արցախի դեմ վարձկաններ ու ահաբեկիչներ են կռվում, այլև այդ մարտավարությունը որդեգրած պետությունների մասին պիտի խոսենք։ Եթե նույնիսկ հրադադար կամ զինադադար լինի, կրկին թեման պիտի բարձրացնել, որպեսզի ներկայացնենք այդ երկրների էությունը։ Մյուս կողմից, էական հանգամանք է այն, որ այսօր Ժնևում սկսվում են բանակցություններ, որին պետք է պատրաստ գնանք։ Ոչ թե պետք է խոսենք սոսկ հրադադարի մասին, այլև այնտեղ տանենք հենց Արցախի տեսակետը։ Ադրբեջանն ու Թուրքիան ցանկանում են, որ Հայաստանը դառնա բանակցություններում անմիջական և գլխավոր կողմ։ Մենք սխալ թույլ տված կլինենք, եթե շարունակենք տուրք տալ այս մոտեցմանը ու չհասկանալ, թե այդ զույգն ինչ նպատակներ է հետապնդում, և բանակցային սեղանին չդնենք Ստեփանակերտի տեսակետը։ Եվ ԵԱՀԿ համանախագահներին, և Ադրբեջանին պիտի ասենք, որ տարածաշրջանում Ադրբեջանի գլխավոր ընդդիմախոսը, որին ինքը անմարդկային միջոցներով թիրախավորել է, Արցախի Հանրապետությունն է, թող գնա ու նրա հետ խոսի։
-Առաջարկում եք բանակցային ձևաչափի փոփոխությու՞ն։
-Միևնույն է, Արցախը բանակցություններին անմիջական ներկայություն չունի, ձևաչափը չի փոխվում։ Բայց Հայաստանն ասում է, որ սեղանին դնում է ոչ թե իր, այլ Արցախի դիրքորոշումը։ Արցախը ֆիզիկապես բանակցությունների սեղանի մոտ չի լինում, բայց նրա տեսակետն է ներկայացվում։ Սրանք տեխնոլոգիաներ են, որոնց մենք պիտի տիրապետենք։
-Դուք նկատեցիք, որ պետք է Ժնևի քննարկումներին պատրաստ գնանք. այս առնչությամբ մտահոգությու՞ն ունեք։
-Իմ մտահոգությունն այն է, որ այս մասին լրատվամիջոցներով բազմիցս նշում եմ, սակայն կամ չեն կարդում, կամ չեն հասկանում, կամ ուշադրություն չեն դարձնում ու մտածում են, թե ամեն ինչ գիտեն։ Այլ խոսքով կա վերլուծաբանների մի համայնք, որը խնդրի մեջ խորացած է և գիտի բոլոր քաղաքական, պատմական նրբերանգները, սակայն նրանց կարծիքը ոչ ոք հաշվի չի առնում։
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ