Ցանկացած պետության կայունության երաշխիքը համակարգն ու կադրերն են, և ցանկացած հեղափոխությունից հետո այս երկու հարցերը սրվում են, ինչի շուրջ էլ ավելի մանրամասն զրուցեցինք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ ՍՈՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ։
-Սպասում ենք ռազմավարական օրենքների փաթեթի` կրթության, գիտության, առողջապահության ոլորտներում,- ասաց պատգամավորը։- Կարծում եմ` խորհրդարանի հիմնական աշխատանքներից մեկը պետք է լինի ռազմավարության մշակումը ըստ ոլորտների։ Օրինակ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը լուրջ փոփոխություններ է արել կենսաթոշակի ուղղությամբ։ Որպես խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ իմ հիմնական նպատակն է ռազմավարությունների ճշգրտումը` սկսած ամենափոքր հարցերից, վերջացրած մեծերով։ Վերջապես, ցանկացած գործ առաջին հերթին պահանջում է ռազմավարության հաստատում, ինչը նպաստում է այն համակարգված դարձնելուն։
-Ձեզ հետ այս հարցում դժվար է չհամաձայնել, սակայն քանի որ ռազմավարությունն ու համակարգի ստեղծումն առաջնային եք համարում, կարծում եմ, որ այդ մոտեցումը շատ կարևոր է կադրային քաղաքականությունում։ Սեպտեմբերյան հարցազրույցներից մեկում նշել էիք, որ պետք է վերանայվի կադրային քաղաքականությունը։ Ի՞նչ նկատի ունեք։
-Այո, կադրային քաղաքականությունում ևս պետք է մշակվի հստակ ռազմավարություն, և դա չի նշանակում, որ ես ասում եմ, թե ներկաները լավն են կամ վատն են։ Ասելիքս հետևյալն է. այստեղ ևս պետք է այնպիսի ռազմավարություն մշակվի, որ կադրային քաղաքականությունը լինի խիստ։ Կարծում եմ, որ կադրերը պետք է անցնեն վերապատրաստում, ինչու չէ, որոշ պարագաներում մենք կարող ենք աշխատանքի հրավիրել նաև մեր սփյուռքի հայրենակիցներին։ Բացի դա, մի կարևոր բան ևս ուզում եմ նշել։ Նախկին համակարգի ժամանակ օրենսդրությունը հնարավորություն չէր տալիս կադրեր գտնելու նեղ շրջանակներից դուրս։ Օրինակ, հաշվեքննիչ պալատի անդամ լինելու համար պահանջվում է կամ 10 տարվա աուդիտորական փորձ, կամ ավելի քիչ տարիների փորձ, եթե կադրն աշխատել է այդ պալատում։ Նման մոտեցումը ակնհայտորեն առավելություն է տալիս այդ համակարգից եկած մարդկանց։
-Հիմա աշխատանքային փորձը պարտադիր չէ՞ կադրեր ընտրելիս։
-Աշխատանքային փորձը կարևոր է, բայց դրա հետ մեկտեղ պետք է հասկանալ, թե տվյալ կադրը, օրինակ, 10 տարվա փորձ ունենալով ինչով է զբաղվել. քիչ չեն դեպքերը, երբ տվյալ կադրը ավելի շատ զբաղված է եղել սուրճ խմելով։
-Նախարարություններում վերջին մեկուկես տարում կադրերի մեծ կրճատում է եղել, Ձեր ասած սուրճ խմողներից պետությունն ազատվել է։ Հիմա եթե եղած կադրերը լավն են, պետք է որ կադրերի որակը բարձր լինի և աշխատանքն արդյունավետ։ Սակայն, ինչպես Դուք, այնպես էլ Ձեր խմբակցությունից շատերը նշում են, որ կադրային խնդիր, այնուամենայնիվ, կա։
-Այո, կադրային խնդիր միշտ կա։ Հիմա ես պատրաստվում եմ օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու, ըստ որի, թափուր պաշտոնների համար հայտարարությունը չի կարող ծանուցում համարվել, եթե այն տեղադրված է տվյալ հիմնարկի կայքում և «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում։ Հայտարարությունը պետք է տեղադրված լինի ընթերցողների մեծ շրջանակ ունեցող լրատվամիջոցներում։
-Կադրային հարցում Ձեր այս տրամաբանությունը կիսու՞մ է «Իմ քայլի» վերնախավը։
-Հարցը ներկայացրել եմ, կարող եմ ասել, որ այն հասկացվել է, ճիշտ է, «այո» կամ «ոչ» չի ասվել, սակայն այդ օրինագիծը ԱԺ-ի տիրույթում է։ Ձեզ մի պարզ օրինակ բերեմ. եթե խորհրդարանում աշխատելու հայտարարության համար հիմք է հանդիսանում խորհրդարանի կայքը, իսկ կրթության, գիտության ոլորտում նախարարության կայքը և «Կրթություն» թերթը, և այսպես շարունակ, պարզ չէ՞, որ տվյալ հայտարարությունը հասանելի է լինելու այդ հիմնարկի ներկա կամ նախկին աշխատողների համար։
-Այո, «կադրերն են որոշում ամեն ինչ» խորհրդային ժամանակների կարգախոսն արդիական է բոլոր ժամանակներում։ Եվ իհարկե, այստեղ կարևորվում է նաև փորձը, որը յուրօրինակ դպրոց է ձևավորում նոր կադրերի համար։ Ի՞նչ եք կարծում, նախկին իշխանության ժամանակ նախարարություններում, գերատեսչություններում աշխատող լավ կադրերի փորձը ուսանելի չէ՞ր լինի այսօրվա կադրերի համար։ Խոսքս նախարարների մասին չէ, հասկանալի է, որ առաջին դեմքերը քաղաքական պաշտոններ են։ Այսօր շատ գիտակ կադրեր կան, որ, այո, եղել են ՀՀԿ անդամ, բայց անդամագրվել են կուսակցությանը ինչպես խորհրդային ժամանակներում` պահանջից ելնելով։ Ի վերջո, այդ նույն ՀՀԿ-ականներից շատերը նախկին ՀՀՇ-ականներ էին։ Այսինքն, ժամանակը պահանջել է, որ առաջ գնալու համար կուսակցական լինեն։ Բայց նրանց աշխատանքային փորձը և պատրաստվածությունը շատ օգտակար կարող են լինել, ինչը, ցավոք, չի օգտագործվում։
-Հեղափոխությունից հետո մենք հստակ հայտարարել ենք, որ կադրերի ջարդ չի լինելու, փոխել ենք միայն քաղաքական և հայեցողական պաշտոնները։ Ինչ վերաբերում է մյուս կադրերին, ապա որևէ խնդիր չի կարող լինել, եթե այդ կադրը համաձայն է այսօր տարվող քաղաքական կուրսին։ Սակայն մեկ անգամ ևս կրկնում եմ. մենք կադրային բազան պետք է լավ ուսումնասիրենք և առանձնակի ուշադրություն դարձնենք մեր սփյուռքի հայրենակիցներին` կադրերին։
-Հայաստանի դաշտն արդեն ուսումնասիրել եք և պարզել, որ կադրեր չկա՞ն։
-Ամբողջությամբ չենք ուսումնասիրել։
-Այդ դեպքում ինչու՞ եք շեշտը դնում սփյուռքի կադրային ներուժի վրա։ Իսկ եթե պարզվի, որ մենք շատ լավ կադրեր ունենք և նրանք այդ մոտեցման պատճառով մնում են խաղից դու՞րս։
-Մեր կադրերը դուրս կմնան, թե ոչ. պետությունը չպետք է լուծի աշխատանքային հարց։
-Պետությունը պետք է աշխատատեղերի պայմաններ ձևավորի։
-Եթե պետությունը հարկերը նվազեցնում է, ճանապարհներ է կառուցում և նման շատ այլ հարցեր է լուծում, դրանով իսկ ինքնին նպաստում է աշխատատեղերի ստեղծմանը. սա է պետության խնդիրը։ Եվ երբ ես շեշտը դնում եմ սփյուռքի ներուժի վրա, դա չի նշանակում, որ դիտարկում ենք միայն այդ հնարավորությունը։ Մենք պետք է վերանայենք և գնահատենք մեր եղած կադրային պոտենցիալը։ Մենք ունենք քաղաքական թիմ, հստակ քաղաքականություն, մյուս կողմից, իհարկե, վտանգավոր է այն տրամաբանությունը, ըստ որի մարդն աշխատել է նախկին իշխանության օրոք, հետևաբար նրանից պետք է ձերբազատվել։ Սա ծայրահեղություն կլինի։ Կարծում եմ, այս վերջին դեպքում ուշադրություն պետք է դարձվի հայտարարագրերին, եթե մարդն աշխատել է բաժնի պետ, ստացել է 150 հազար դրամ աշխատավարձ և հայտարարագրել է 100 հազար դոլարի գումար, նա չպետք է աշխատի, ավելին, նրանով պետք է զբաղվեն հատուկ ծառայությունները։
Զրուցեց
Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ