«Ձիթենու ճյուղը որքան էլ բորենու բերանին դնես, խաղաղության աղավնի չի դառնա»
20.01.2020 | 15:00
Հայաստանի և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված համատեղ հատուկ նիստի ավարտին հայկական երկու պետությունների խորհրդարանականները հատուկ հայտարարությամբ հանդես եկան՝ դատապարտելով երեսուն տարի առաջ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հայերի նկատմամբ իրականացված դաժան սպանդը: Մարդկության դեմ հանցագործությունները, ասվում է հայտարարության մեջ, չունեն վաղեմության ժամկետ, անցյալում կատարված հանցագործությունների դատապարտումը նոր հանցագործությունների կանխարգելման կարևորագույն գրավականն է: Հայաստանի ու Արցախի օրենսդիրները աշխարհի խորհրդարաններին և խորհրդարանական վեհաժողովներին, միջազգային կազմակերպություններին, իրավապաշտպան կառույցներին կոչ են անում դատապարտել Սումգայիթի, Կիրովաբադի (Գանձակ), Բաքվի հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ոճրագործությունները, և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները, որոնք սպառնալիք են ոչ միայն հայ ժողովրդի, այլև ամբողջ տարածաշրջանի անվտանգության, կայունության և զարգացման համար, գործուն քայլեր ձեռնարկել դրանց կանխարգելման ուղղությամբ: Հայաստանի և Արցախի Հանրապետությունները, լինելով հայ ժողովրդի խաղաղ կենսագործունեության երաշխավորները, պահանջատեր են հայերի նկատմամբ տեղի ունեցած ոճրագործությունների դատապարտման և դրանց զոհերին ու իրավահաջորդներին արդարացի հատուցում տրամադրելու համար:
«Այն, ինչ տեղի է ունեցել 1990-ի հունվարին Բաքվում, հանցագործություն է մարդկության դեմ՝ կազմակերպված և իրագործված հարևան պետության իշխանությունների կողմից: Մեկ շաբաթ շարունակ Բաքվի հայությունն իրենց բնակարաններում, աշխատանքի վայրում, կրթական և այլ հաստատություններում ենթարկվել է նվաստացման, խոշտանգումների և ջարդի, ինչի հետևանքով հարյուրավոր մարդիկ զոհվել են, հազարավորները՝ տեղահանվել և արտաքսվել: Այն, որ տեղի ունեցածը կոծկվելու էր հարևան երկրի իշխանությունների կողմից, պարզ էր հենց ամենասկզբից: Այդ գործողությունները մաս էին կազմում 1988-ի ազատության համար պայքարի ելած Արցախի հայությանը ճնշելու ամբողջական քաղաքականության, որը դրսևորվել է 1988-ի փետրվարին՝ Սումգայիթում, նոյեմբերին` Գանձակում (Կիրովաբադում), 1990 թվականին՝ Բաքվում: Ցավալի է, որ երեսուն տարի անց էլ Ադրբեջանը շարունակում է իր անցյալի հանդեպ պատասխանատվությունից խուսափելու վարքագիծը՝ հունվարյան դաժան օրերի սլաքներն այլ ուղղությամբ տանելու և իրեն որպես զոհ ներկայացնելու միջոցով»,- ասում է Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Նա վստահ է՝ հայատյացությունը շարունակում է մնալ Ադրբեջանի պետական քաղաքականության գերակայությունը՝ արտահայտվելով անգամ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի բնագավառներում: Վերջին օրերին, հիշեցնում է նա, ականատես եղանք դրա հերթական դրսևորմանը, երբ ադրբեջանցի երգիչը հրաժարվեց նույն բեմ դուրս գալուց հայ երգչուհու հետ: Արցախի Աժ նախագահը հարց է բարձրացնում՝ ինչպե՞ս կարող էր նույն ժողովուրդը երեք անգամ ջարդի ենթարկվել մի քաղաքում, որի հիմնաքարերն իր ձեռքով է դրել: Պատասխանը մեկն է՝ ստեղծագործ և արարող հայը չի սպանել իր մեջ մարդասիրությունը, չի լքել իր ժառանգությունը՝ ամեն անգամ հաղթահարելով իրեն հասցված ցավը:
Արցախի գործընկերոջ խոսքը երկրորդում է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը: «Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերը, այդ ջարդերի պարբերական բնույթը, կրկնությունը մեկ դարի ընթացքում մի քանի անգամ, դրանց նախորդած և հաջորդած հակահայ քաղաքականության մյուս դրսևորումները անհնար են դարձնում Արցախի հայության ֆիզիկական անվտանգ գոյությունը Ադրբեջանի սուվերենության ներքո: Հետևաբար՝ Արցախի հայության գոյության միակ հնարավոր ճանապարհը Արցախի ինքնորոշումն է, և այդ իրավունքի երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է»,- ընդգծում է նա:
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ադրբեջանում հայատյացությունը համարում է այդ պետության քաղաքականության մի մասը: Բարձաձայնում՝ փաստական բոլոր հիմքերն ապացուցում են՝ առանձնակի դաժանությամբ սպանությունները պայմանավորված են եղել էթնիկ ու ազգային հիմքով: Իսկ հայատյացությունը, ընդգծում է օմբուդսմենը, այդ ժամանակներից ի վեր ոչ միայն չի պակասել, այլև գնալով ահագնացող բնույթ է ստացել, վերածվել պետական աջակցություն ունեցող ատելության, որ խրախուսվում է երկրի բարձրաստիճան ղեկավարության կողմից ու կազմում է պետության քաղաքականության մասը. «Այսօր էլ ադրբեջանցու ատելությունն ուղղված է հայի ու հայության դեմ: Ատելությամբ է թիրախավորվում ցանկացած երևույթ, որ առնչություն ունի հայկականության հետ: Բուդապեշտում 2004-ին ոճրագործ արարքով, կացնով դաժանաբար սպանվեց հայ սպա Գուրգեն Մարգարյանը: Այս առիթը հերթական անգամ օգտագործվեց Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարության կողմից՝ խրախուսելու ատելությունն ու հայասպանությունը»:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի, ինչպես նաև տարբեր փորձագետների հետազոտություններն ու գնահատականն էլ ցույց են տալիս, որ ադրբեջանահայության կոտորածներն ու բռնագաղթը համապատասխանում են ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայով ցեղասպանության հանցագործության սահմանմանը. «Այդ պատճառով մենք հանգիստ կարող ենք ասել, որ ցեղասպանական գործողություններ են տեղի ունեցել: Բազմաթիվ ապացույցներ կան, որ հարևան երկրի իշխանություններն աջակցել են կազմակերպիչներին՝ Ադրբեջանի ժողովրդական ճակատին, և՛ ակտիվ կազմակերպչական գործողություններով, և՛ իրավապահ ու առողջապահական համակարգերի անգործությամբ: ԽՍՀՄ իշխանություններն էլ իրենց պատասխանատվության բաժինն ունեն մի քանի օրվա անգործության կամ թողտվության պատճառով, այլապես Բաքվի ջարդերն այդ մասշտաբները չէին ունենա»:
Հարևան պետության հետ «հարաբերվելու» ամենադիպուկ բնորոշումը թերևս Արցախի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն է տալիս. Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արզիկ Մխիթարյանի խոսքով՝ ավելի քան 30 տարի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերով բանակցությունների մեջ ենք, սակայն փորձը ցույց է տվեց, որ այդ բանակցություններն անպտուղ են. «Մենք մինչև 2016 թվականն այն կարծիքին էինք, որ պետք է խաղաղ գոյակցենք, հակամարտություն չլինի, բայց ականատես եղանք, որ 2016 թվականի ապրիլին ադրբեջանցին դիրքում գլխատեց հայ զինվորին։ Սա նշանակում է, որ նրանց քաղաքականությունը նույնն է, այն ցեղասպանական քաղաքականության ձեռագիրն է: Ձիթենու ճյուղը որքան էլ բորենու բերանին դնես, խաղաղության աղավնի չի դառնա: Նույնն էլ Ադրբեջանի դեպքում է։ Մենք պետք է միշտ հիշենք, որ մեր հարևան էթնոսն ունի ագրեսիվ ու հայատյաց քաղաքականություն, և օր ու գիշեր զգաստ լինենք»:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ