ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Կարապետյան եղբայրների շահարկած ռուսական գործոնն ու վարչապետի պաշտոնը

Կարապետյան եղբայրների շահարկած  ռուսական գործոնն ու վարչապետի պաշտոնը
15.06.2012 | 01:28

Այն հանգամանքը, որ Ռուսաստանում հարստացած և Հայաստանում քաղաքական իշխանության ձգտող հաջողակ խոպանչիները լուրջ մասնակցություն ունեն հայաստանյան գործընթացներում, վաղուց գաղտնիք չէ: Միևնույն ժամանակ պարզ է, որ այս մարդիկ ունեն ոչ այնքան քաղաքական հավակնություններ և երկիրը զարգացնելու ձևավորված տեսլական, որքան Երևանի փողոցներում լավ զգալու, շքեղ մեքենաներ ցուցադրելու և Հայաստանի տարբեր մասերում ունեցած բարեկամներին հարմար պետական աշխատանքով ապահովելու ցանկություն: Ռուսաստանում կուտակած կապիտալը Հայաստանի ներդրումային ոլորտում այնքան էլ ներկայացված չէ, քանզի ռուսահայ գործարարները մեր երկիրը չեն դիտարկում որպես սեփական փողերը պտտելու համար լավ միջավայր, և նրանց մոտ Հայաստանը նույնականացվում է ամառանոցի հետ, որտեղ ցանկանում են հարմարավետ պայմաններում վայելել իրենց հանգիստը:

Ճիշտ է, Ռուսաստանում հարստացած հայերը շատ են, սակայն Հայաստանում ամենալուրջ քաղաքական հաջողություններ գրանցածները Սամվել և Կարեն Կարապետյաններն են, որոնց հաջողվեց լուրջ դիրքեր զբաղեցնել ՀՀԿ-ի շարքերում, այնուհետև Կարեն Կարապետյանին բաժին հասավ նախագահի աշխատակազմի ղեկավարի լրջագույն քաղաքական պաշտոնը: Հիշենք, որ մեկ այլ մեծահարուստ` Արա Աբրահամյանը, Հայաստանում քաղաքական կշիռ ունենալու ցանկություն ուներ, սակայն բավարարվեց միայն եղբայրներին տարբեր կուսակցությունների համամասնական ցուցակներով պատգամավորներ դարձնելով և առանձնապես լուրջ քաղաքական հավակնություններ չներկայացրեց: Կարապետյան եղբայրների պարագան, սակայն, այլ է. 2008-ի նախագահական ընտրություններից հետո Կարեն Կարապետյանը նշանակվեց նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում, սակայն, չբավարարվելով ունեցածով և հույսը դնելով եղբայր Սամվելի ֆինանսական հնարավորությունների և Ռուսաստանում ունեցած կապերի վրա, միացավ վարչապետ Տիգրան Սարգսյանի դեմ ուղղված արշավին` իր առջև խնդիր դնելով տապալել Տիգրան Սարգսյանին և նշանակվել վարչապետի պաշտոնում: Արդյունքում Կարեն Կարապետյանը զրկվեց նաև նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, մի քանի ամիս շարունակ նեղացածի կարգավիճակով մանևրեց քաղաքական դաշտում, այնուհետև, ՀՀԿ-ԲՀԿ լարի վրա խաղալով, մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավոր ընտրվեց Լոռվա մարզի Տաշիրի տարածաշրջանից:
Նշենք, որ ներկայումս Կարեն Կարապետյանի քաղաքական ապագան անորոշ է: Անհայտ է, թե նա ինչպես կդրսևորի իրեն 2013-ի նախագահական ընտրությունների շրջանում: Մի բան պարզ է, որ, ի տարբերություն Արա Աբրահամյանի, Կարապետյան եղբայրների ախորժակը ոչ մի կերպ չի հագենում, և Կարեն Կարապետյանը պատեհ ու անպատեհ առիթներով իր մասին հիշել է տալիս: Դրա վառ ապացույցն է այն հանգամանքը, որ վերջին օրերին աննախադեպ ակտիվացել են Կարեն Կարապետյանի գրասենյակն ու «Տաշիր» բարեգործական հիմնադրամը: Գագիկ Ծառուկյանի օրինակով Կարեն Կարապետյանը փորձում է ուշադրություն գրավել բարեգործական գործունեությամբ: Ի դեպ, Կարապետյանների հետ քավոր-սանիկական հարաբերություններ ունեցող ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կարողացավ ապացուցել, որ Հայաստանում «բարեգործական» գործունեությունը հնարավոր է վերածել քաղաքական կապիտալի, ինչը և ոգևորել է Կարեն Կարապետյանին: ՈՒշագրավ է այն փաստը, որ մի քանի օր առաջ Կարեն Կարապետյանը ֆինանսավորեց այն գիտնականներին, որոնք ամիսներ առաջ «բունտային» տրամադրություններով հանդիպում ունեցան նախագահ Սերժ Սարգսյանի հետ, սակայն այդպես էլ իրենց հարցերի լուծումը չգտան, և հիմա Կարեն Կարապետյանը փորձում է Բաղրամյան 26-ի «օբիժնիկներին» ցույց տալ, որ ինքն ի զորու է դրական լուծումներ տալու նրանց խնդիրներին:
Ինչևէ, Կարեն Կարապետյանի ակտիվացող բարեգործական գործունեությունից զատ, վերջին շրջանում ցցուն է դառնում նաև մեկ այլ կարևոր գործոն, որը շահարկվում է Կարապետյան եղբայրների կողմից: Խնդիրն այն է, որ Կարապետյան եղբայրները Հայաստանում և Ռուսաստանում լուրեր են տարածում, թե ռուսական իշխանությունների աջակցությամբ շուտով Հայաստանի վարչապետ է նշանակվելու Կարեն Կարապետյանը, և դա լինելու է այն նախապայմանը, որի դեպքում միայն Կրեմլը 2013-ի նախագահական ընտրություններում կաջակցի Սերժ Սարգսյանին: Այլ կերպ ասած` Կարապետյան եղբայրները, Ռուսաստանում ունենալով հսկայական ֆինանսական հնարավորություններ և կապեր, փորձում են շահարկել ռուսական «գործոնը»` հույս ունենալով ազատվել Տիգրան Սարգսյանից և վարչապետի բաղձալի պաշտոնում նշանակել տալ Կարեն Կարապետյանին: ՈՒշագրավ է, որ մամուլում պտտվող այն «մեկնաբանությունները», թե Տիգրան Սարգսյանը Կրեմլի համար անընդունելի գործիչ է, որովհետև սերտ հարաբերություններ ունի եվրոպական շրջանակների հետ, ըստ որոշ տեղեկությունների, մեծ մասամբ Կարապետյան եղբայրների կողմից է շրջանառվում:
Ի դեպ, այս «տեսակետի» լրջությունը քննարկելն անգամ անլրջություն է, քանզի հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների և ոչ մի դրվագում Տիգրան Սարգսյանը խոչընդոտ հանդիսանալ չի կարող, ճիշտ հակառակը` այդ հարաբերությունների որոշ մակարդակներում նա հայկական կողմի գլխավոր ներկայացուցիչն է, ինչի վառ ապացույցն է հունիսի 12-ին հրապարակված ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի շնորհավորական ուղերձը Տիգրան Սարգսյանին, որում մասնավորապես նշված է. «Համոզված եմ, որ ռուս-հայկական համագործակցության ողջ համալիրի ընդլայնումը և համատեղ տնտեսական ու ներդրումային նախագծերի առաջմղումը համապատասխանում են մեր երկրների ժողովուրդների արմատական շահերին: ՈՒրախ էի հանդիպելու Ձեզ Աշգաբադում: Կարևոր է ապահովել երկկողմ փոխգործակցության ոլորտում առկա գործնական հարցերի շուրջ պայմանավորվածությունների հստակ իրականացումը»: Այս տողերն ապացուցում են, որ ռուսական բարձրագույն իշխանությունը Տիգրան Սարգսյանին դիտարկում է որպես Հայաստանում իր առաջնային գործընկեր, ով պետք է շարունակի ձեռք բերված ֆինանսատնտեսական և ներդրումային ծրագրերի իրականացումը: Հակառակ պարագան պատկերացնելն անընդունելի է. Ռուսաստանն այն երկիրը չէ, որը Հայաստանի հետ հարաբերություններում դիվանագիտական նրբություններ պահպանի և պաշտոնական նամակագրության տողերում արարողակարգային բառեր շարադրի: Երևի թե ժամանակն է, որ Հայաստանում ռուսական գործոնի շահարկումները դադարեցվեն, քանզի այդ քայլին գնացողներն արդեն իսկ հայտնվել են ծիծաղելի իրավիճակում:
Իսկ թե Կարապետյան եղբայրներին ինչո՞վ է հրապուրել վարչապետի պաշտոնը, կներկայացնենք առաջիկայում:


Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

Հ. Գ.- Բազմակարծությունը պահպանելու առողջ միտումով «Իրատես de facto»-ն պատրաստ է տպագրելու նաև հակառակ կողմի տեսակետը` հոդվածում շոշափվող թեմաների առնչությամբ։

Դիտվել է՝ 2879

Մեկնաբանություններ