Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կրեատիվ, այլընտրանքային, սոցիալական բիզնեսի մուտքը Հայաստանի մարզեր

Կրեատիվ, այլընտրանքային, սոցիալական բիզնեսի մուտքը Հայաստանի մարզեր
09.01.2018 | 09:33

«Համայնքի զարգացումը ձեռնարկատիրության միջոցով» ծրագրի շրջանակում ՀՀ 7 մարզում գործարկվել է 10 սոցիալական ձեռնարկություն: Ծրագրով նախատեսված դասընթացներին մասնակցել են ընտրված 26 շահառուներ` սոցիալական ձեռնարկատիրության ու ընդհանուր բիզնես կառավարման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկացվածություն ձեռք բերելու, իրենց գաղափարներն իրականացնելու համար: «Իրատեսի» զրուցակիցը Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի խորհրդի անդամ, «Համայնքի զարգացումը ձեռնարկատիրության միջոցով» կրթական բաղադրիչի ղեկավար ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ է:

-Սոցիալական ձեռնարկատիրությունն ի՞նչ խնդիրներ է լուծում և ի՞նչ հեռանկար ունի Հայաստանում։
-Սոցիալական ձեռնարկատիրությունը բիզնեսի այլընտրանքային տարբերակ է, որի ստեղծման պահին բիզնես մոդելում դրվում է սոցիալական խնդիր լուծելու տեսլականը: Սոցիալական ձեռնարկատերն իր շահույթից որոշակի հատված ծառայեցնում է համայնքի սոցիալ-տնտեսական տարաբնույթ խնդիրների լուծմանը: Դրսևորման ձևերը տարբեր են, կարող են ձեռնարկատիրական գործունեության մեջ ընդգրկել սոցիալապես ծայրահեղ խոցելի խմբեր, ինչը ևս կհամարվի համայնքային կյանքը բարելավելու միջոց:
-Ովքե՞ր են մասնակցում դասընթացներին:
-Մասնակցում են հասարակական կազմակերպություններ, խմբեր, անհատներ, որոնք հետաքրքրված են սոցիալական ձեռներեցությամբ: Հազվադեպ է ավանդական բիզնես մտածողություն ունեցող մարդը ներգրավվում այս ամենի մեջ, որովհետև սոցիալական բիզնեսը բավականին լուրջ ռիսկեր ու խնդիրներ է ենթադրում: Ավանդական բիզնես մտածողություն ունեցողներից շատերը չեն ցանկանում շահույթը կիսել կամ իրենց բիզնեսի մեջ ներգավել սոցիալապես անապահով մարդկանց, ի վերջո, չեն ցանկանում, որ իրենց գործունեությունն ասոցացվի «սոցիալական» բառի հետ: Այս ամենը դասական բիզնես մտածողություն ունեցողի համար, կարելի է ասել, հավելյալ անհարմարություն է:
-Տեսանելի, առարկայական արդյունք գրանցվո՞ւմ է, ստացած գիտելիքն ի՞նչ կիրառություն է գտնում գործնականում:
-Տարեվերջին ավարտեցինք «Համայնքային զարգացում սոցիալական ձեռնարկատիրության միջոցով» ծրագրի հիմնական մասը, եզրափակիչ համաժողովի ընթացքում ներկայացրինք մեր հիմնական 10 նախագծերի արդյունքները: Մոտ 70 տոկոս արդյունք է գրանցվել, ինչը նշանակում է, որ ծրագրում ընդգրկված խմբերը սկսել են գործնական քայլեր անել, արդեն գեներացնում են շահույթը և դրա մի մասն աստիճանաբար ուղղում սոցիալական խնդիրների լուծմանը: Ծրագրի մասնակիցներից մեկն էլ Արտուշ Խաչատրյանն է, որն այս տարի արժանացավ ՀՀ նախագահի մրցանակի: Նրա նախաձեռնած «Սարերի բարիք» սոցիալական ձեռնարկության ծրագրում ներգրավվել և գումար վաստակելու հնարավորություն է ստացել Վարդենիկ գյուղի մոտ 70 ընտանիք:
- Ծրագիրն ի՞նչ շարունակություն է ունենալու:
-Աջակցման ծրագիրն ավարտվել է, բայց մասնակիցները շարունակում են իրենց գործունեությունը, և Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիան, որպես այդ ձեռնարկությունները համախմբող, համակարգող կառույց, շարունակելու է աջակցման ծրագրեր իրականացնել այդ և այլ ձեռնարկությունների համար:
-Սոցիալական ձեռներեցն ի՞նչ խնդիրների, խոչընդոտների է հանդիպում իր ճանապարհին:
-Առաջինը՝ բախվում է իրականության հետ, որտեղ նրան, բնականաբար, չեն հասկանում, քանի որ սոցիալական ձեռներեցությունը նոր երևույթ է Հայաստանում: Հասարակական ընկալման խնդիր կա՝ սոցիալական հարաբերությունների համատեքստում: Բացի այդ, պետական մակարդակով, իրավական տեսակետից որևէ կարգավորում չկա, որ, այսպես ասած, գնահատվի այն մարդու աշխատանքը, որը համայնքի զարգացման գործառույթ է իրականացնում, սոցիալական խնդիրներ է լուծում, զբաղվածություն ապահովում, աջակցում, ուղղորդում է տվյալ համայնքի բնակիչներին և այլն:
-Համայնքի զարգացումը, սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, ենթադրու՞մ է նաև մշակութային խնդիրների վերհանում, մշակութային կյանքի աշխուժացում:
-Եթե գլոբալ նայենք՝ առանցքում մշակութային, բնապահպանական և այլ խնդիրներ են: Որովհետև, եթե բիզնեսի պարագայում ուշադրություն է դարձվում շատ արագ շահույթ գեներացնելուն, ապա սոցիալական ձեռներեցության պարագայում ոչ պակաս կարևոր են արտադրանքի, մատուցվող ծառայության էկոլոգիական, դաստիարակչական, մշակութային բաղադրիչները: Եթե գումարներն ուղղվում են սոցիալական խնդիրների լուծմանը, բայց արտադրանքը կարող է բացասական ազդեցություն ունենալ մարդու, սոցիալական որևէ խմբի կամ ոլորտի վրա, մենք դա չենք դիտարկում որպես սոցիալական ձեռնարկատիրություն: Այսպես, օրինակ, «Սարերի բարիք» նախագծի շրջանակում սարերից, դաշտերից խոտաբույսեր են հավաքում, հավաքելու տարբեր եղանակներ կան, մարդիկ կարող են արագ պոկել բույսն արմատից ու առաջ անցնել, որովհետև ժամանակ չունեն, շահույթ պետք է գեներացնեն: Մենք ուշադրություն ենք դարձնում տեխնոլոգիային՝ ինչպես հավաքել խոտաբույսերը, որ տարածքը վաղը, մյուս օրը չանապատանա:
-Կա՞ որոշակի վերահսկում, թե՞ պետք է ապավինենք ձեռներեցների բարեխղճությանը:
-Վերահսկման կատարյալ մեխանիզմներ, որքան էլ ուզենք, չենք կարող մշակել: Միակ բանը, որ կարող ենք անել, նրանց «փորձության» ենթարկելն է, դիմացկունությունը, պատասխանատվության զգացումը ստուգելը: Հաշվի ենք առնում կենսագրությունը, անցած ճանապարհը, խառնվածքը, ինչ գործունեություն է իրականացրել, ինչ է անում այդ պահին, արդյո՞ք այդ մարդն իր բնույթով, խառնվածքով սոցիալական կերպար է և այլ գործոններ: Որովհետև մենք գիտենք, եթե մարդը այդպիսին է, նա այդպիսին է ի սկզբանե: Եթե մոտեցումը փոխում է հաշվի առնելով արտաքին գործոնները՝ սոցիալական բիզնեսի մոդայիկ լինելը, գումար վաստակելու հնարավորությունը, տվյալ անձնավորությանը չենք դիտարկում իբրև սոցիալական ձեռներեց:
-Ժամանակակից մարդն իր հանգիստը փնտրում է գյուղական միջավայրում, վայրի բնության գրկում: Սոցիալական ծրագրերն իրականացնելիս հաշվի առնու՞մ են գյուղական կյանքի առանձնահատկությունները կամ, ճիշտ կլինի ասել, առավելությունները:
-2014-ին Համաշխարհային բանկը մի հետազոտություն անցկացրեց՝ առանձնացնելով ժամանակակից աշխարհի տնտեսության զարգացման հիմնական ուղղությունները (գյուղատնտեսություն, զբոսաշրջություն և ՏՏ/բարձրինժեներային ոլորտներ): Տողատակերում խոսվում էր սոցիալական բաղադրիչի մասին: Սոցիալական ձեռնարկատիրությունը մեզ համար է նոր, աշխարհում 15-20 տարի է` գործարկվում է: Եթե ուշադրություն դարձնեք` մեր իրականության մեջ նույնպես այդ երեք ոլորտներն են ակտիվացել՝ պետական, միջազգային և այլ ներդրումների արդյունքում:
-Բիզնեսի և մշակույթի կապի մասին ի՞նչ կասեք:
-Սոցիալական ձեռնարկատիրության պարագայում, երբ մարդը, իրենից բացի, մտածում է մեկ ուրիշի մասին, և այդ մեկ ուրիշը տեսնում է, որ իր մասին մտածում են մարդիկ, որոնք իր հետ կապ չունեն, ինքն էլ իր հերթին սկսում է ակտիվորեն ներգրավվել սոցիալական գործընթացում, մտածել շրջապատող մարդկանց, սոցիալական փոխհարաբերությունների, տարածքը մաքուր պահելու, մշակութային, պատմական արժեքները պահպանելու մասին: Սոցիալական դրսևորումներից մեկը հենց մշակութային բաղադրիչն է, երբ մարդը կարող է մտածել պատմական հուշարձանը վերականգնելու մասին, կառուցել կամ վերագործարկել մշակութային օջախները, մշակութային կրթությամբ ապահովել համայնքի երեխաներին, որպեսզի համայնքը ներգրավվի մշակութային զարգացման գործընթացում:
-Ձեր պրակտիկայում նկատե՞լ եք՝ ինչ են կարդում գործարարները:
-Հետաքրքիր հարց է, կարելի է շրջանառության մեջ դնել և առանձին ուսումնասիրություն անել: Կարծում եմ՝ ոչ ստանդարտ գրականություն և ֆիլմեր են նախընտրում: Ինքս ֆանտաստիկ ժանրի գրականություն եմ կարդում, որը կրեատիվություն, նորարարական մտածելակերպ է զարգացնում:
-Դասընթացների ժամանակ ներկայացնում եք դրսի՞, թե՞ հայաստանյան փորձը:
-Միջազգային, ավելի ստույգ, արևմտաեվրոպական երկրների փորձն ուսումնասիրել եմ 2003-2004 թվականներին: Սոցիալական բիզնեսի գործընթացներում նրանք 15-20 տարի առաջ են անցել, նույնիսկ որոշ երկրներում սոցիալական ձեռնարկատիրության մասին օրենք կա ընդունված: Այն, ինչ տեղի է ունենում այդ երկրներում հիմա, չի կարող կիրառվել մեր իրականության մեջ: Մենք դեռ որոշակի ճանապարհ ունենք անցնելու:
Ամեն ինչ պետք է իր բնականոն հունով ընթանա, այդ պատճառով էլ հենվում ենք ոչ թե միջազգային, այլ հայաստանյան վերջին տարիների փորձի վրա:
-Ի՞նչ կասեք վերջում:
-Զբաղվեք սոցիալական ձեռնարկատիրությամբ:

Զրույցը՝
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 105437

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ