2020 թ. համար առաջադրված 4,9 % տոկոս տնտեսական ցուցանիշը հեղափոխական չի կարող համարվել, քանի որ պլանավորված է այն նույն մակարդակի վրա, որը նպատակադրված էր ընթացիկ տարվա բյուջեում։ «Իրատեսի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ, տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ: Նրա խոսքով` նախորդ տարիներին, ավելի բարձր ցուցանիշներ էլ են արձանագրվել, իսկ հեղափոխական ցուցանիշ կարող էր համարվել երկնիշ տնտեսական աճի նպատակադրումը՝ 10 և ավելի տոկոս։
-Նախատեսված 4,9 % տնտեսական աճին հիմնականում նպաստելու են ծառայությունների ոլորտը՝ 3,1 %-ով, արդյունաբերությունը՝ 0,9 %-ով, շինարարությունը՝ 0,3 %-ով, անուղղակի հարկերը՝ 0,6 %-ով, գյուղատնտեսությունը՝ 0,1 %-ով,- ասում է տնտեսագետը։- Բայց այդպիսի աճը ներառական չի կարող համարվել, քանի որ նշված ոլորտների դինամիկան սպեկուլյատիվ ու ժամանակավոր է և բավարար չէ առաջիկա տարիների տնտեսական աճի գեներացման համար:
-Տնտեսական հեղափոխության մասին Փաշինյանը հայտարարել էր դեռևս այս տարվա փետրվարին: Նշել էր, թե այն իրականացնելու են այն նույն գործիքակազմով, ինչ` քաղաքական հեղափոխությունը: Իրականում նկատելի եղե՞լ են տնտեսական հեղափոխության տարրեր, քայլեր արվե՞լ են: Եթե՝ այո, ապա ի՞նչ գործիքակազմով:
-«Հեղափոխություն» եզրույթի կիրառումն այդքան էլ ճիշտ չեմ համարում տնտեսական համակարգի դեպքում, պարզապես կարելի է խոսել առաջանցիկ և կայուն տնտեսական զարգացման մասին։ Առհասարակ, տնտեսական համակարգի վրա, մասնավորապես՝ հարկաբյուջետային, դրամավարկային, ներդրումային և այլ ոլորտներում, պետությունն ազդեցության հստակ գործիքակազմ ունի, ուստի նոր գործիքների ներմուծման կարիք չկա, անհրաժեշտ է առկա գործիքակազմն առավելագույն արդյունավետությամբ օգտագործել հանրապետության առջև ծառացած սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման համար:
-Վարչապետի՝ վերջերս արած հայտարարություններից մեկն այն մասին էր, որ 2019-ի բյուջեի կատարողականը կարող է 7 տոկոս լինել: Իրատեսակա՞ն թիվ է:
-Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2019 թ. առաջին կիսամյակում ՀՆԱ-ի իրական աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 6,8 %, կարծում եմ՝ իրատեսական է: Բայց այստեղ ոչ թե աճի բացարձակ մեծությունն է էական, այլ դրա որակը կամ ներառականությունը։ Նշված աճին հիմնականում նպաստել է ծառայությունների ոլորտի 9,3 % աճը` 5,4 տոկոսային կետով։ Մնացած ոլորտների ազդեցությունը համեմատաբար ցածր է:
-2020-ի բյուջեի նախագիծն արդեն խորհրդարանին է ներկայացվել, որքանով որ ծանոթ եք՝ ինչո՞վ է այն տարբերվում նախորդներից: Մարդիկ, պարզ ասած, լավ ապրելու հույսեր կարո՞ղ են ունենալ:
-Բավական մանրակրկիտ ուսումնասիրել եմ նախագիծը՝ վերլուծելով դրա հիմնական առանցքային ցուցանիշները։ Բնականաբար, ընթացիկ տարվա համեմատ, մի շարք ցուցանիշների գծով առկա է դրական դինամիկա, մասնավորապես՝ պետական բյուջեի եկամուտները, ընթացիկ տարվա համեմատ, աճելու են 13 %-ով, պետական բյուջեի ծախսերը՝ 14 %-ով: Այս թվերին զուգահեռ՝ մի շարք ոլորտներում, օրինակ՝ պաշտպանություն, զբոսաշրջության, որոնց տրամադրվող բյուջեն կրճատվել է, բացասական դինամիկա կգրանցվի: Ընդհանուր առմամբ, կարող ենք ասել, որ հաջորդ տարվա բյուջեում արտառոց բան չի նկատվում և անցած տարիների բյուջեներից այն գրեթե չի տարբերվելու։
-Կոնկրետ ոլորտների բյուջետային ծախսերի կրճատման մասին ինքներդ էլ նշեցինք: Օրինակ՝ ռազմական պաշտպանության ծախսերը այսօրվա 18,2 %-ից նախատեսվում է նվազեցնել 16,1 %-ի՝ այն պարագայում, երբ նախընտրական խոստումների ժամանակ այլ բան էր ասվում:
-Պաշտպանության ոլորտի ծախսերը կենսական նշանակություն ունեն պետության անվտանգության համար՝ հաշվի առնելով Արցախյան հակամարտությունը և տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակը։ Հետևաբար, միանգամայն տրամաբանական կլիներ, որ այդ ոլորտի ծախսերը, կրճատվելու փոխարեն, ավելացվեին, օրինակ՝ ի հաշիվ պետական ապարատի պահպանման ծախսերի:
-Վարչապետը գրառում է կատարել նաև գործազուրկների թվի կտրուկ նվազման մասին: Իրո՞ք ուրախացնող փաստի հետ գործ ունենք, թե՞ ընդամենը չգրանցված աշխատողներն են ստվերից դուրս եկել:
-Վարչապետը Ձեր նշած գրառման մեջ անդրադարձել է 2019 թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թվին: Այդ վերլուծությունը տրամադրել է Ազգային վիճակագրական ծառայությունը, բայց այստեղ հետաքրքրականն այն է, որ պաշտոնապես գրանցված գործազուրկ են համարվում այն քաղաքացիները, որոնք, աշխատանք չունենալու դեպքում, գրանցվում են պետական զբաղվածության կենտրոններում, հետևաբար՝ հնարավոր է, որ ԱՎԾ-ի տրամադրած տվյալները չարտացոլեն երկրում բնակվող գործազուրկների ամբողջական պատկերը։
-Վերջին շրջանում հատկապես շատ են խոսակցությունները, որ Հայաստանում խոշոր ներդրումներ գրեթե չեն լինում. եթե այդպես է, ապա ինչու՞, ո՞րն է դրա մասնագիտական բացատրությունը:
-2018 թ. ապրիլյան «թավշյա հեղափոխությունից» հետո առաջին մի քանի ամիսներին Հայաստանում կարծիք էր ձևավորվել, որ օտարերկրյա ներդրումների բուռն ներհոսք կլինի Հայաստան, սակայն դա տեղի չունեցավ։ Հեղափոխությունն ինքնին հիմք կամ նախապայման չի կարող լինել ներդրումների մեծ ներհոսք ապահովելու համար: Ներդրումների լավագույն երաշխիքներ կարող են լինել ինստիտուցիոնալ ու օրենսդրական բարեփոխումները, երկրի քաղաքական և տնտեսական կայունությունը: Ներդրումները, առհասարակ, չափազանց զգայուն թեմա են ու անվտանգ միջավայր են ենթադրում: Տնտեսական աճ ապահովելու համար ներդրումների մասնաբաժինը ՀՆԱ-ում պետք է կազմի առնվազն 30-35 %, մինչդեռ այս ցուցանիշը շուրջ 23 % է: 2019 թ. առաջին կիսամյակի կտրվածքով՝ տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կրճատվել են շուրջ 4,8 անգամ: Խոշորածավալ ներդրումների չիրականացումը, բնականաբար, կապված է հանրապետության ներդրումային միջավայրի ոչ այդքան բարենպաստ ու գրավիչ լինելու հանգամանքի հետ։ Դրա մասին է վկայում նաև Համաշխարհային բանկի կողմից հրապարակվող Doing Business ամենամյա վարկանիշը, որում Հայաստանը, 2019 թ. նախորդ տարվա համեմատ, հետընթաց է ունեցել վեց նիշով և աշխարհի 190 երկրների շարքում զբաղեցնում է 47-րդ հորիզոնականը։
Տնտեսության մեջ ներդրումային գործընթացի ակտիվացումը, նախ և առաջ, պայմանավորված է ներդրումային միջավայրի բարելավմամբ և ներդրումային ռիսկերի կառավարելիությամբ: Թե՛ ներկա, թե՛ նախկին իշխանությունները ներդրումների ներգրավման ուղղությամբ իրականացրել են որոշակի քայլեր, որոնք, սակայն, համակարգային բնույթ չեն կրել ու թելադրված են եղել իրավիճակային լուծումներով: Սա է հիմնական պատճառը, որ տնտեսության մեջ ներդրումների ծավալները կայուն աճ արձանագրելու փոխարեն տարիների ընթացքում անկանոն դինամիկա են ունեցել՝ հիմնականում նվազման միտումով:
Ներկայումս, ինչպես օտարերկրյա, այնպես էլ տեղական ներդրողների տեսանկյունից, մեր հանրապետության տնտեսությունում դեռևս առկա են բարձր ներդրումային ռիսկեր, որոնք պայմանավորված են մի շարք խնդիրներով: Օրինակ՝ ներդրումային գործունեությունը և տնտեսական հարաբերությունները կանոնակարգող օրենսդրությունն անկատար ու անկայուն է, դատական ատյանների կողմից քննվող գործերի արդյունավետությունը ցածր է, և այսպես շարունակ:
Զրույցը` Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ