«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

ԲՀԿ-ն արտահերթ նիստում ներկայացրել է 7 առաջարկ

ԲՀԿ-ն արտահերթ նիստում ներկայացրել է 7 առաջարկ
29.03.2020 | 23:20

Մարտի 29-ին տեղի է ունեցել ԲՀԿ խմբակցության արտահերթ նիստը, որտեղ, ի լրումն 25.03.2020թ. խմբակցության նիստում ընդունված և ՀՀ կառավարությանը ներկայացված 27 առաջարկությունների, ներկայացվել է 7 առաջարկ:


«Մեր ժողովրդի և Կառավարության ուշադրությանն է ներկայացվում ստեղծված իրավիճակով պայմանավորված ամենահրատապ լուծում պահանջող հետևյալ 7 առաջարկները.
1. Ինչպես և շաբաթներ առաջ ԲՀԿ-ն նշել էր, այսօր էլ վերահաստատում ենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար հրատապ կարգով հանրապետության բոլոր սահմանային կետերում և օդանավակայաններում պետք է գործեն արագ թեստավորման համակարգեր, որի հետևանքով այն անձինք, ում թեստի արդյունքները կլինեն դրական, օպերատիվ կմեկուսացվեն։ Հանրապետության բոլոր հիմնական բժշկական կենտրոններում և պոլիկլինիկաներում նույնպես պետք է արագ գործարկվեն թեստավորման կետեր։ Սա՜ է համավարակի տարածումը կանխարգելելու առաջին և հիմնական ճանապարհը։
2. Ներկայումս ՀՀ-ում կա 1 650 000 վարկառու։ Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ նրանց ճնշող մեծամասնությունն ի վիճակի չէ կատարել իր վարկային պարտավորությունները։ Ուստի մենք առաջարկում ենք առնվազն երեք ամսով իրականացնել վարկային տոկոսների համաներում՝ պետության սուբսիդավորմամբ։ Բանկերը նույնպես պետք է ստեղծված իրավիճակում ժամանակավոր վերագնահատեն իրենց շահույթների ծավալներն՝ հօգուտ ժողովրդի։ Հակաճգնաժամային միջոցառումների ընթացքը հետագայում ցույց կտա գործընթացի շարունակականության անհրաժեշտությունը։


Հաշվի առնելով, որ հանրապետությունում կան շուրջ 560 000 սպառողական վարկառուներ, իսկ օրավարձով և ՓՄՁ-ներում աշխատողների մեծ մասը, եթե ոչ բոլորը, ունեն սպառողական վարկեր, այսօր պետք է վերացնել այսպես կոչված «սև ցուցակներ» հասկացությունը, քանի որ խնդիրը պարզ գոյատևմանն է վերաբերում։ Սա բոլորս պետք է սառնասրտորեն գիտակցենք։ Հիմա կարգապահ և ոչ կարգապահ վարկառուների քննարկման ժամանակը չէ։
3. ՀՀ-ում կան շուրջ 200 000 օրավարձով աշխատող քաղաքացիներ, որոնց օրական եկամուտը կազմում էր 5-7 000 դրամ։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ այդ 200 000 ընտանիքներն ունեն լրջագույն սոցիալական՝ նվազագույն կենսապահովման խնդիր։ Այդ ընտանիքներին ամսական պետք է հատկացնել 70 000 դրամ։ Այդ գումարները տրամադրել պետական բյուջեի հաշվից՝ ըստ Կառավարության կողմից նախատեսված հակաճգնաժամային ծրագրի։
4. Հայաստանում գործում են 67 000 փոքր և միջին ձեռնարկություններ։ Ներկայումս հակաճգնաժամային հիմնական խնդիրը պետք է լինի աշխատատեղերի պահպանումը և այդտեղ աշխատողների կենսաապահովումը։ ԲՀԿ-ն առաջարկում է, որ ոչ թե յուրաքանչուր փոքր կամ միջին ձեռնարկությունն անհատական կարգով հանդիպի բանկային աշխատողների հետ և քննարկի իր խնդիրը, այլ միասնական և արդար մոտեցմամբ, այն է՝ յուրաքանչյուր ձեռնարկության աշխատողների թվաքանակից ելնելով, յուրաքանչյուր աշխատողին հատկացնել ամսական 70000 դրամ ՝ պետության սուբսիդավորմամբ, մինչև իրավիճակի կարգավորումը։ Հարցը պետք է լուծվի գլոբալ, այլ ոչ թե անհատական անարդյունավետ քննարկումներով։
5. Պետությունը հրատապ պետք է հոգ տանի նաև անապահով ծերերի, հաշմանդամների, անօթևանների, բազմազավակ ընտանիքների և այլ անապահովների մասին՝ տրամադրելով այնքան միջոցներ, որպեսզի ապահովվի նվազագույն կենսաապահովման զամբյուղը։ Բոլորս հասկանում ենք, որ ներկայումս այլ օժանդակություն և օգնության միջոցներ մեր վերոնշյալ անապահով քաղաքացիները չունեն։
6. Տնտեսության այն ոլորտները, որոնք ամենամեծ հարվածն են ստացել կորոնավիրուսից և չեն գործում՝ պայմանավորված արտակարգ դրությամբ, պետք է ստանան հարկային արձակուրդներ։ Սա նաև ձեռնարկություններն ու աշխատատեղերը փրկելու միջոց է։ Հարկային արձակուրդների շրջանակները և իրականացման ձևերը պետք է համակողմանի քննարկել։
7. Առաջին 6 կետերի իրականացմանը զուգահեռ պետք է արագ ձեռնամուխ լինել տնտեսության մեջ հասցեական և մեծածավալ ֆինանսական հոսքերի ներարկմանը, որպեսզի վերականգնենք արտադրության, գյուղատնտեսության և ծառայությունների հաջորդական շղթան։ Դրա համար անհրաժեշտ է արդյունավետ օգտագործել պետական բյուջեի միջոցները, խնայողությունները և 2.8 մլրդ ԱՄՆ դոլար կազմող պահուստները։
Մենք համոզված ենք, որ մեր կողմից առաջադրված այս 7 ամենաառաջնային քայլերը կփրկեն իրավիճակը։ Մեր առաջադրած քայլերի իրականացումը իրատեսական է նաև, քանի որ դրանց իրականացումը տեղավորվում է բացառապես պետական բյուջեի ծախսերի և պետական միջոցների գնահատված արժեքի շրջանակներում։ ԲՀԿ 7 քայլերի իրականացումը հիմնավորող հարցերի շուրջ պատրաստ ենք 24-ժամյա ռեժիմով քննարկումների»։

Դիտվել է՝ 747

Մեկնաբանություններ