ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքն իշխանության գործելաոճի իրական պատկերն էր
12.05.2020 | 00:35
Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ 7-րդ գումարման Ազգային ժողովը պատմության մեջ կմնա որպես «ծափահարողների» խորհրդարան: Քայլելով իշխանության եկածները, շարունակելով բրեժնևյան ժամանակների լավագույն ավանդույթները, առաջնորդի ամեն մի բոցավառ ելույթից հետո շռնդալից ծափահարությամբ վերահաստատում են՝ «շեֆի» ասածն օրենք է: Խորհրդարանի պատերը ծափերով դղրդացնելը սակայն 7-րդ գումարման ԱԺ-ի պատգամավորներին չի բավարարում: Նրանք անում են հնարավորն ու անհնարը պատմության մեջ մի քանի դրվագներով անմահանալու համար: Երբեմն թվում է, թե մերօրյա հերոստրատներ են խորհրդարանում, որ անկախ հանգամանքից, թե պետությանն ինչ օգուտ են տալիս, կամ հասարակությունն ինչ է շահում իրենց վարքից ու գործունեությունից, կաշվից դուրս են գալիս, չլսված սցենարներ մշակում ու իրագործում, միայն թե մնան պատմության էջերում: Մեկ անգամ չէ նաև, որ երկրի առաջին դեմքի մակարդակով ասվել է, թե այս գումարման օրենսդիրը որակական բոլորովին այլ հատկանիշներ ունի: «Հեղափոխական» իշխանության համար նոր որակը երևի հավատարմության երդմանը հավասարազոր ծափերը, ցինիզմի հասնող բառապաշարը, հայհոյանքն ու ծեծկռտուքն են: Օրեր առաջ խորհրդարանում տեղի ունեցած տուրուդմփոցը ոչ այլ ինչ էր, եթե ոչ իշխանափոխությունից հետո գեներացված ատելության խոսքի ու անհանդուրժողականության մթնոլորտի դուրսհորդում: Վարչապետի «թաթիկները կկտրեմ», «վզներից կբռնենք», «ասֆալտին կպառկցնենք» արտահայտություններից հետո, բնական է, իր իսկ թիմում ոգևորվելու էին ու մտածելու՝ եթե առաջնորդն է ասում, ուրեմն իրենց էլ կարելի է: Մայիսի 8-ին խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքն իշխանության գործելաոճի իրական պատկերն էր՝ կուզեն կխփեն, կուզեն՝ կհարձակվեն, միևնույն է՝ ժողովուրդը հավատալու է, որ մեղավորը ոչ թե իրենք, այլ «հակահեղափոխականներն» են: Դեպքից անմիջապես հետո ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չդատապարտեց տեղի ունեցածը, այլև արդարացավ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը սադրել է, իրենք էլ ստիպված բռունցքներով են պատասխանել: Մարդիկ, որ հիմականում դեռևս հավատում են իշխանությանն ասածներին ու արդարացումներին, սիրահոժար լսում են Փաշինյանին ու հավելում՝ իմքայլականները լավ են արել, դեռ մի բան էլ քիչ են արել: Մենք, իհարկե, լավ ենք հասկանում, թե ամենաթողությունն ու «սամասուդի» քաղաքականությունն ուր կարող են տանել, բայց հուսով ենք՝ իշխանությունը րոպե առաջ կլիցքաթափվի ու կթոթափի անհանդուրժողականության գերլարված մթնոլորտը: Բոլորը բոլորի հանդեպ թույն են շնչում, մաղձոտ հայացքների պակաս չկա, «նիկոլականներ» ու «հակահեղափոխականներ» բաժանումը տներ է քանդում, իսկ քայլած կառավարիչները համառորեն պնդում են, թե սիրո ու հանդուրժողականության մթնոլորտ է Հայաստանում:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Ինչու՞ և ինչպե՞ս
- Աղոթք
- «Հունվարին պարենային մի շարք ապրանքատեսակների գծով երկնիշ գնաճ է գրանցվել»
- Իշխանությունը պայքարում է իր իսկ ծնած երևույթի դեմ
- Բուհի ռեկտոր ընտրողը նախարարն է լինելու
- Աղջիկներս Շուշիում տուն են կորցրել, բայց ամենամեծ կսկիծն այնտեղ մնացած մյուս դստերս շիրիմն է
- Երազել ու թռչել, այո, պետք է, բայց ձեր իշխանությունը բոլորին է թևաթափ անում
- Պատերազմի պատրաստվելը դպրոցական հանդես չէ, որ չհասցնեիք
- Արծրուն Հովհաննիսյանը մեկ բառ պետք է ասեր՝ ներողություն
- «Հայաստանի ու Ադրբեջանի մասով Իրանը փոխել է հռետորաբանությունը»
- Իշխանությունն արտահերթ ընտրության թեման 2-րդ պլան է մղում
- Փաշինյանն ու Ալիևն Շուշիի մասին նույն բանն են ասում
- Լենա Նազարյանին գործուղեք Մառնեուլի
- Ինքնաթագադրված «թաղապետը»
- Դավիթ Տոնոյան՝ մեծ-մեծ «փրթողը»
- Փաշինյանի որևէ նշանակում ո՛չ հուզում, ո՛չ անհանգստացնում է ինձ
- Կոդ Բ-Դ-Խ, վարձով է տրվում 3 հարկանի գոմ Մոնումենտում
- Իշխանությունը Ջհանգիրյանին, աներկբայորեն, ԲԴԽ անդամ կընտրի
- Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստին իշխանությունից որևէ ներկայացուցիչ չէր եկել
- Գժվելու բան է՝ իշխանությանն ազգովին 2 օր է համոզում ենք, որ Շուշին հայկական է
Մեկնաբանություններ