Սիրտդ վարչապետ Փաշինյան չկանչի, իսկ միտքդ՝ ընդդիմադիր Նիկոլ
02.06.2020 | 00:21
Երեկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձավ 45 տարեկան։ Նախ շնորհավորում ենք, իսկ մաղթանքներն ավելի ուշ։ Փաշինյանը ծննդյան օրով ստացավ յուրահատուկ «անակնկալ», որն առավոտ կանուխ բավական գոհ ու զվարթ ինքն իրեն «մատուցեց»՝ ավետելով, թե ինքը և իր ընտանիքի բոլոր անդամները վարակված են կորոնավիրուսով։ Տեսնու՞մ եք, ինչ ապիկար վիրուս է, անգամ մարդուն ծննդյան օրով հանգիստ չի թողնում, անկոչ ներխուժել է Փաշինյանների ընտանիք, տնավորվել։ Գուցե 45-ամյակի առաջին տասնօրյակը հենց այնպես չէ, որ Փաշինյանը մեկուսացած պիտի անցկացնի, մտորելու, անցածը վերլուծելու, արածն ու չարածը կշռադատելու, ինքն իր հետ մնալու ճիշտ ժամանակն է։ Խոսքը մասնավորապես վերջին 2 տարվա մասին է, երբ Փաշինյանն ի պաշտոնե նաև երկիր է ներկայացնում ու պատասխանատու է ոչ միայն իր համար։ Շատ հետաքրքիր է, եթե ընդդիմադիր Փաշինյանը կողքից դիտեր վարչապետ Փաշինյանին, ի՞նչ կասեր ու 45-ամյա հեռվից ի՞նչ կմաղթեր նրան։ Գործը թեթևացնենք ու փորձենք օգնել ընդդիմադիր Փաշինյանին։
-Երկու տարի առաջ մարդկանց ասացի, որ կգամ իշխանության, բոլորդ կապրեք ուրիշ Հայաստանում, որտեղ բոլորը լինելու են երջանիկ, հպարտ, հանդուրժող։
-Բայց դու ընդամենը երկու տարում ի՞նչ դարձրիր այս մի բուռ երկիրը։ Սևեր-սպիտակներ, հներ-նորեր, նախկիններ-ներկաներ, հեղափոխականներ-հակահեղափոխականներ։ Հիմա անգամ քո թիմն է հակահեղափոխական դարձել, որ ճիշտն ասեմ, դու ինքդ քեզ էլ ես «սև» դարձրել։
-Ասացի, որ Բաղրամյան 26 ճամպրուկներով գումարներ են տարել, նախկինները թալանչի են, ժողովրդից գողացածը մինչև վերջին կոպեկը հետ եմ բերելու։
-Բայց վարչապետի «մունդիրը» հագար դատական թույլ փաստերով, շինծու գործեր հարուցեցիր, ոչ մի փաստ մինչ օրս դատարանով չհաստատեցիր, ու բոլոր դատավարությունների հետևում հասարակությունը սկսեց տեսնել վրեժխնդրություն։
-Ասացի` կոռուպցիա չի լինելու, բանակից գողացողը պիտի հանրային արգահատանքի արժանանա։
-Բայց եկար իշխանության՝ սեփական թիմակիցներդ անմիջապես կոռուպցիայի վրա բռնեցին, իսկ սեփական ընտանիքիդ վերաբերող խայտառակ կոռուպցիոն փաստերի մասին բարձրաձայնումներին այդպես էլ չկարողացար հակափաստարկներ ներկայացնել։ Միակ զենքդ կրկին կիրառեցիր՝ մեղադրանքին մեղադրանքներով պատասխանեցիր։ Որպես վկա, ամեն անգամ կանչեցիր իրավապահ համակարգին ու հայտարարեցիր, թե քննվում են աշխարհացունց գործեր։
-Ազգային արժեքները հարթակից կարևորեցի։
-Բայց իշխանությանը մոտ եկար, թե չէ, անձնական երաշխավորության տակ վերցրիր սեռական ոչ ավանդական կողմնորոշում ունեցող անձանց, եկեղեցու դեմ արշավը սովորական բնույթ կրեց, բռնության քարոզը, ատելության խոսքը հասավ անպատկերացնելի չափերի, պետական ինստիտուտներն արժեզրկեցիր։ Շա՜տ կարմիր գծեր խախտեցիր։
-ԱԺ ամբիոնից անընդհատ խոսում էի ԽԾԲ-ներին պետական համակարգ չտանելու մասին։
-Բայց իշխանության եկած-չեկած՝ պետական համակարգը լցրիր ազգականներով, ընկերներով՝ աներձագ, եղբորորդի պատգամավորներ, ընկեր, քավոր քաղաքապետեր։ Քավոր-ընկերոջ ընկերության ատկատն անցյալում հանցագործություն էր, այսօր՝ անտեսանելի մի բան։
-Ապրիլյան պատերազմին հաջորդող օրերին (ավելի ստույգ՝ մայիսին) ընդամենը մի քանի օր գնացի դիրքեր, չծառայած վերցրի զենքը ու հագա կամուֆլյաժ։
-Բայց դու շատ առաջ գնացիր, ստեղծեցիր ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով, արցախյան պատերազմով անցած բոլոր հրամանատարներին վարկաբեկեցիր, բանակի կարգավիճակը իջեցրիր «տրուսիկ-մայկայի» մակարդակի, հիմա էլ ասում են, թե զենք ես վաճառում։ Լռում ես, չգիտենք՝ էլ ինչ մտածել։ Էլ չեմ ասում, թե ինչ արեցիր արտաքին հարաբերությունների հետ։
-Անընդհատ գոռում էի, թե ՀՀ-ն ԵԱՏՄ-ում անելիք չունի, և ԵԱՏՄ անդամակցությունը լրջագույն սպառնալիքներ է ստեղծել Հայաստանի տնտեսության, ռազմաքաղաքական և քաղաքական ուղղությունների համար, իսկ ապրիլյան պատերազմն էլ հրահրված ու պայմանավորված էր Ռուսաստանի հետ։
-Վարչապետ դարձար, լրիվ մոռացար, թե ինչ էիր ասել, մեկ էլ, թե ԵԱՏՄ-ն է, որ կա, իսկ Ռուսաստանի հետ էլ փայլուն հարաբերություններ ունենք։ Դու էլ գիտես, որ քո խոսքերի լրջությանն այնտեղ չեն հավատալու։ Միլիոնավոր դրամներ ծախսեցիր, հասար ԱՄՆ, միջին կարգի մի պաշտոնյայի ընդունելությանն էլ չարժանացար։
-Բայց այս մի հարցում ես կես բառ չեմ ասել, բայց զգում եմ, որ էլ տեղ չունենք առաջ գնալու։
-Վիրուսը բանի տեղ չդրեցիր, ու հիմա ողջ հասարակությունը, դու էլ հետը վարակվել եք։
-Այստեղ իմ մատը խառը չէ։
-Ինչ ասել ու արել ես, միակ մեղքը քոնն է, բայց հասկանում եմ, որ քաղաքական հակառակորդներից ամենաուժեղը սա է։ Շուտ ապաքինվիր, զգում եմ, որ, ըստ էության, դարձ ի շրջանս յուր։
-Վերջում, ականջդ բեր, մի բան ասեմ, իրականում ոչ ես, ոչ էլ դու երբեք անկեղծ չենք եղել մարդկանց ու նաև ինքներս մեր առաջ, որովհետև հանրությանն ասել ենք մի բան, բայց իրականում մտածել ու գործել լրիվ այլ տրամաբանությամբ։ ՈՒստի երկուսիս էլ մի մաղթանք ունեմ. կարողանանք, ի վերջո, հաշտ ու ներդաշնակ ապրել մեր ներքին «ես»-ի հետ, սիրտդ վարչապետ Փաշինյան չկանչի, իսկ միտքդ՝ ընդդիմադիր Նիկոլ։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ