Բանակը` ինչպես որ կա
11.10.2019 | 01:32
«Շատ լավն ա, առաջ ուզած-չուզած մի տեսակի ճաշ էր ու վերջ, ուրիշ չկար, ստիպված պետք է ուտեիր։ Հիմա ընտրություն կա՝ փլավներն էլ են երկու տեսակ, ապուրներն էլ, սալաթներն էլ, դաժը հյութերը»,- այսպես մեզ հետ զրույցում, մեկը մյուսին ընդհատելով, ժամկետային զինծառայողները որակեցին զինվորական ճաշարանում կատարված փոփոխությունները։
Վերջին 4 ամսում շատ է խոսվում բանակի ճաշարաններում կատարված փոփոխությունների մասին, ինչին որոշեցինք ծանոթանալ տեղում։ Ինչ խոսք, որակյալ և համեղ խոհանոցը բանակի համար ոչ պակաս կարևոր ռազմավարական նշանակություն ունի։ Իջևանի զորամասում ժամը 14։00-ին ստորաբաժանումները մեկը մյուսի հետևից խրոխտ երգով մոտեցան ճաշարանին։ Այս ինքնատիպ «ճաշարանային» երթը իրականացվում է օրը 3 անգամ։ Մեր այցելած օրը ճաշացանկում մակարոնով և հնդկաձավարով փլավներ էին, հավի կոտլետներ և հավի լանգետներ, իսկ առաջինը՝ լոբով ապուր և բորշչ։ Հյութերի ընտրություն ևս կար՝ տոմատի, բալի և խնձորի։ Մեզ հաջողվեց մի պահ «զինվոր» զգալ և ճաշել նրանց հետ միասին։ Խորտիկները համեղ էին, բայց մեր զինվորների հետ ճաշելու հաճույքն ու հպարտության զգացումը ավելի մեծ էին։ Սակայն, քանի որ ժամկետային զինծառայողների օրը չի սկսվում և ավարտվում զորամասային ճաշարաններում, մենք որոշեցինք հասկանալ` ինչո՞վ է զբաղվում զինվորը պարապմունքներից դուրս։
Նախ` դա հասկանալու համար ուսումնասիրեցինք զորանոցները։ Այստեղ տիրում էր կարգուկանոն և կարգապահական մաքրություն` զինվորների պահարաններից, մինչև մահճակալների հարդարանք։ Զորանոցներում «Հավերժ զինվոր» խորագրով հերոսի անկյունը մի առանձնակի խորհուրդ ուներ։ Զորամասի ձեռքբերումների և խնդիրների մասին պատմող ամսաթերթը փակցված էր յուրաքանչյուր զորանոցում։ Այստեղ կարգավորված էին նաև կենցաղային հարցերը՝ ժամկետային զինծառայողը չի կարող ծնողին բողոքել, որ լվացք անելու, չորացնելու հնարավորություն չունի։ Մենք խնդրեցինք աշխատեցնել լվացքի մեքենաները, իսկ չորանոցներում զինծառայողների ձեռքով լվացած և փռած շորերը ինքնին փաստ էին։ Մի խոսքով Իջևանի զորամասում ստեղծված են արժանապատիվ ծառայության բոլոր պայմանները։ Սակայն այս զորամասի էսթետիկական տեսքը գցում է քաղաքային ճանապարհը, որը մոտենում է զորամասին։ Տարօրինակ է, բայց տեղի իշխանությունները մի քանի տարի է չեն մտահոգվել ճանապարհը կարգի բերելու հարցով։ Ինչու՞ ենք վստահաբար ասում` չեն մտահոգվել, որովհետև մի քանի տարի է այս ճանապարհի պատկերը նույնն է։ Ինչևէ, մեր խնդիրն այսօր բացահայտելն էր, թե ինչպես է ծառայում ժամկետային զինծառայողը. ինչպես ասում են, իրավիճակը ճիշտ հասկանալու համար պետք է խոսել հենց իրենց՝ զինվորների հետ։ Բնականաբար, մեզ հետաքրքրեց, թե, ըստ իրենց, ո՞րն է ամենամեծ խնդիրը։
«Ազատություն չկա»,- նշեցին ժամկետային զինծառայողները։ Մենք փորձեցինք հասկանալ` ի՞նչ նկատի ունեն։ «Դե, մենք սովորել ենք որ ժամին ուզենք վեր կենանք, իսկ այստեղ ամեն ինչ պիտի անենք իրանց ուզած ժամին, բան կա, որ չես էլ ուզում անես, բայց պետք ա անես»,- պարզաբանեցին նրանք։ Իհարկե մի կողմից լավ է, որ զինվորը բողոքում է այս տիպի ազատության բացակայությունից, ուրեմն ամեն ինչ այդքան էլ վատ չէ, մյուս կողմից մտահոգվելու տեղիք է տալիս։ Համաձայնեք, որ 18 տարեկան երիտասարդների մեջ դեռ մանկուց պետք է սերմանվեր, որ բանակը իր կանոններն ունի։ Գուցե այս հարցում գործ ունեն անելու ոչ միայն դպրոցները, այլև կարևոր է ընտանիքի դաստիարակությունը։ Որքան բարձր լինի այդ գիտակցությունը, այնքան ապահով կլինի զինվորի ծառայությունը։
Ի դեպ, զինվորի անվտանգ ծառայությունը մեծապես պայմանավորված է հրամանատարական ինստիտուտի նկատմամբ վստահությամբ։ Դրա համար մենք խնդրեցինք, որպեսզի ժամկետային զինծառայողները 10-բալանոց սանդղակով գնահատեն իրենց վստահության աստիճանը հրամանատարության նկատմամբ, նրանք տվեցին 7-9 բալ։ Մենք զինվորների հետ զրուցեցինք առանց հրամանատարության ներկայության, և մեր նկատառմանը, թե` կարող եք ազատ խոսել, անուն-ազգանուն չենք նշելու, նրանք ասացին. «Մենք ինչ մտածում ենք, ասում ենք, վախենալու բան չունենք։ Ուղղակի լավ կլինի, որ մի քանի օրենքներ փոխվեն, օրինակ, միայն ծնողի, հարազատ քրոջ, եղբոր, տատիկի և պապիկի մահվան կամ ծանր հիվանդության դեպքում է, որ թույլ են տալիս մեզ գնալ տուն, իսկ, ասենք քեռու, մորաքրոջ ծանր հիվանդության կամ մահվան դեպքերում թույլ չեն տալիս։ Բա տենց ո՞նց կլինի»։
«ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՐԱԾ ՀԱՐՑԸ ՄԵԶ ԵՎՍ ՄՏԱՀՈԳՈՒՄ Է»
Մեր ժամկետային զինծառայողները լուրջ խնդիր բարձրացրին, ինչը մենք չէինք կարող անտեսել, հատկապես նկատի ունենալով մեր ազգային մտածողությունը։ Սրանից ելնելով այս և այլ հարցերի շուրջ մեր գործուղման ավարտին զրուցեցինք բարոյահոգեբանական ապահովման գծով զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ ՆՎԵՐ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆԻ հետ։
-Պարոն փոխգնդապետ, պարզ է, որ Դուք առաջնորդվում եք հաստատված կրթական ծրագրերով և գործող օրենքներով, սակայն մի տեղում հավաքված հարյուրավոր զինվորների սոցիալական շերտերը, հոգեբանությունը տարբեր են լինում։ Դուք, որպես բարոյահոգեբանական ապահովման գծով հրամանատարի տեղակալ, հնարավորություն ունե՞ք ոչ ստանդարտ մոտեցումներ կիրառելու` փորձելով հասկանալ զինվորին։ Օրինակ, զինվորները ճիշտ չեն համարում, որ գործող օրենքի համաձայն, իրենք իրավունք չունեն ներկա գտնվելու իրենց շատ մտերիմ ազգականի մահվան արարողությանը, ինչը նրանց համար հոգեբանական խնդիր է։
-Այո, ճիշտ նկատեցիք։ Բանակը տարբեր սոցիալական շերտեր ներկայացնող, տարբեր մտածողություն ունեցող երիտասարդների հավաքատեղի է, և մենք պարտավոր ենք հաշվի նստել դրա հետ։ Մեր զինվորիների բարձրացրած հարցը մեզ ևս մտահոգում է, մենք հասկանում ենք նրանց հոգեվիճակը։ Միևնույն ժամանակ չպետք է մոռանալ, որ բանակը ունի իր օրենքները, և այսօր դրանք այդպիսին են։ Սա գիտակցելու հետ մեկտեղ, նման դեպքերում մենք հատուկ աշխատանք ենք տանում զինվորի հետ, որ խելքին փչածը չանի, չընկնի քրեական պատմության մեջ։ Լինում են դեպքեր, որ անմիջապես կապվում և հրավիրում ենք ծնողներին, փորձում միասին լուծել խնդիրը։ Լինում են դեպքեր, երբ զինվորին ազատում ենք դիրքեր գնալու պարտականությունից` տեսնելով նրա նյարդահոգեկան անկայուն վիճակը։ Բանակում շատ կարևոր են սպա-զինվոր փոխհարաբերությունները, գլխավորը փոխադարձ վստահությունն է։ Երբ այդ վստահությունը ձևավորված է, բարձր է լինում նաև զինվորական կոլեկտիվի կարգապահությունը։
-Ընդհանուր առմամբ, զինվորների քանի՞ տոկոսն է կարգապահ։
- Կարող եմ ասել, որ 80-90 %-ը կարգապահ է։ Սակայն ինչպես ասում են, վատ օրինակը վարակիչ է, և այդ վատ օրինակները կանխելու համար մենք անընդհատ անհատական աշխատանք ենք տանում յուրաքանչյուր զինվորի հետ, փորձում նախապես կանխել չմտածված քայլերը։ Կան զինվորներ, որ դժվար են հարմարվում զինվորական կարգուկանոնին, այդ դեպքերում մենք զրուցում ենք նրանց հետ, բացատրում, փորձում հասկացնել, որ իրենք երկու տարի այս իրականության մեջ պետք է ապրեն։ Վերջապես, նրանք նաև մեր երեխաներն են և երբ առաջին անգամ մտնում են զորամաս, մենք փորձում ենք ջերմորեն նրանց ընդունել։ Ասեմ, որ զորամաս առաջին անգամ ոտք դրած զինվորին ձեռքով ողջունում է դիմավորման խմբի սպան՝ ներկայացնելով զորամասը, իսկ հրամանատարը անձամբ զանգում է ծնողին և տեղեկացնում, որ իր որդին ապահով տեղ է հասել։ Գիտե՞ք, զինծառայության դաստիարակությունը, ըստ իս, պետք է լավ հիմքերի վրա դրվի դեռ մանկապարտեզից, դպրոցից, և բոլորովին պատահական չէ մեր համագործակցությունը զորամասին կցագրված տարածաշրջանի կրթօջախների հետ։ Մեր գործում կարևոր է մարդուն չմոտենալ որպես առարկայի, մենք փորձում ենք հասկանալ զինվորի գիտակցությունը, զգացական աշխարհը, կամքը, մտածողությունը, պարզել նրա ունակությունները և նպատակաուղղված ու համակարգված աշխատանք տանել, նրա մեջ ձևավորել բարոյահոգեբանական, մարտական ու մասնագիտական հատկանիշներ, ըստ դրա հնարավորինս բարձրացնել նրա օգտակարության գործակիցը` ներգրավելով տարբեր ծրագրերում։
-Բացի զինվորական դասերից, ի՞նչ ծրագրեր են իրականացվում զորամասում։
-Մեզ համար առաջնայինը ռազմական տարբեր ծրագրերն են, որոնք բարձրացնում են մեր զինվորների մարտական հնարավորություններն ու գիտելիքները։ Ինչ վերաբերում է այլ ծրագրերին, Դուք նկատեցիք, որ զորամասում գործում է մեծ մարզադաշտ։ Այստեղ պարբերաբար իրականացվում են տարբեր սպորտային մրցույթներ։ Մեր զորամասը ակտիվ մասնակցություն ունի նաև մշակութաժամանցային և ստեղծագործական ծրագրերում, արժանացել ենք բարձր գնահատականների։ Օրինակ, այս տարի նկարիչ-քանդակագործների համաբանակային մրցույթի ժամանակ մեր զինվորները «Քանդակ» անվանակարգում զբաղեցրել են՝ 1-ին, իսկ «Կտավ» անվանակարգում՝ 3-րդ մրցանակային տեղերը։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ
Լուսանկարներ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ