Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
30.10.2019 | 11:49

Պատմական քվեարկություն` պատմական արդյունքներով՝ ցեղասպանությունից 103 տարի անց՝ երեքշաբթի օրը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճանաչեց մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում: Օրենսդիր մարմնի երկու ճամբարների` հանրապետականների և դեմոկրատների թիվ 296 բանաձևն ընդունվեց 405 կողմ, 11 դեմ. 3 ձեռնպահ ձայներով: Փաստաթուղթը, որ օրենքի պարտադիր ուժ չունի, արձանագրում է` ԱՄՆ կառավարությունը պետք է պաշտոնապես ճանաչի և ոգեկոչի Հայոց ցեղասպանությունը, չմասնակցի այդ փաստի ժխտմանը և խրախուսի Հայոց ցեղասպանության հանրային ըմբռնմանը:


«Սա մի քվեարկություն է, որին տասնյակ հազարավոր ամերիկահայեր տասնամյակներով են սպասել», քննարկմանը հայտարարեց Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ադամ Շիֆը: Կալիֆորնիայից ընտրված կոնգրեսմենը, որ 10 տարի է` փորձում էր Ներկայացուցիչների պալատի րակարգ բերել այս հարցը, ելույթի ընթացքում չկարողացավ հուզմունքը զսպել. «Մենք չենք կարող ընտրողաբար որոշել, թե մարդկության դեմ ո՞ր հանցագործություններն են քննարկման համար նպատակահարմար, որոնք` ոչ: Մենք չենք կարող մարդու իրավունքների պաշտպանությունը քողարկել մեղմասացության տակ և չպետք է լռենք` օտար պետության վախից,- հայտարարեց նա: - 1915-ը վերապրածների և նրանց սերունդների համար «ցեղասպանություն» բառը սուրբ է, քանի որ նշանակում է` աշխարհը չի մոռացել և չի մոռանա: Ցեղասպանության ժխտումը, մյուս կողմից, սրբապղծություն է, ինչպես Էլի Վիզելն էր ասել` կրկնակի սպանություն»:


Ավելի քան մեկ ժամ շարունակված ելույթների ընթացքում կոնգրեսականներից որևէ մեկը, ըստ էության, ցեղասպանության փաստը կասկածի տակ չդրեց: Հանրապետական Մայքլ Բերջեսը միայն հարց բարձրացրեց` ինչու՞ է Ներկայացուցիչների տունը ժամանակ ծախսում մեկ դար առաջ տեղի ունեցած վայրագությունների վերաբերյալ բանաձևի վրա, այն դեպքում, երբ տարեվերջին հաշվված օրեր են մնացել, և բազմաթիվ չլուծված հարցեր մնում են օդում կախված: «Անհասկանալի է` ինչու ենք մենք հրատապությամբ քննարկում օրենքի ուժ չունեցող այս բանաձևը», տարակուսում էր Տեխասից ընտրված կոնգրեսականը:
Նրա կուսակից Գաս Բիլիրակիսի արձագանքը չուշացավ. «Ցեղասպանությունը` երբ և որտեղ էլ պատահի, չի կարող անտեսվել», հայտարարեց հանրապետականը, ընդգծելով․ «Այսօր մենք վերջ ենք դնում հարյուրամյա լռությանը, որպեսզի զանգվածային կոտորածների և սպանությունների նկատմամբ միջազգային անտարբերության ևս մեկ շրջափուլ չսկսվի»:
«Երբ ասում եք «այլևս երբեք», պետք է գիտակցեք, թե ինչ է դա նշանակում», - հավելեց Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն ունեցող դեմոկրատների առաջնորդ Սթենի Հոյերը, արձանագրելով` հայերի հետ տեղի ունեցած ոճրագործությունից ավելի քան հարյուր տարի անց` այսօր էլ քրդերն են Սիրիայի հյուսիսում հարկադրված թողնում սեփական բնակավայրերը` թուրքական հարձակումից պաշտպանվելու համար:


«Թուրքիային սիրաշահելու ժամանակներն այլևս ավարտվել են»՝ փաստեց դեմոկրատ Բրեդ Շերմանը, արձանագրելով` Ամերիկան վաղուց պետք է ճանաչած լիներ Հայոց ցեղասպանությունը, սակայն շատերն էին հորդորում խուսափել այդ քայլից` Անկարայի հետ դաշնակցային հարաբերություններ պահպանելու համար:
«Մեր զորքը ետ քաշվեց Սիրիայից, մենք լքեցինք այդ տարածքը թուրքական ռմբակոծության ու սպառնալիքների պատճառով: Մի՞թե սա է իրական դաշնակցային հարաբերությունը», - հայտարարեց Շերմանը, որ բանաձևի ընդունումից հետո Թվիթերում շնորհակալություն էր հայտնել ոչ միայն փաստաթղթի հեղինակներին, այլև` Թուրքիայի նախագահին: «Առանց ձեզ, պարոն Էրդողան, մենք այս հանգրվանին չէինք հասնի»՝ գրել էր Շերմանը:


Թուրքիայի քաղաքականությունը դատապարտելուց բացի կոնգրեսականները նաև սեփական կառավարությանն էին դիմում` կոչ անելով հետևել իրենց օրինակին և պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Ամեն տարի մենք հավաքվում ենք` սգալու ցեղասպանության զոհերի հիշատակը: Այսօր, սակայն, մենք կարող ենք ուժ և համարձակություն գտնել` դատապարտելու ատելությունը, բռնությունը, անհանդուրժողականությունը, այսօր մենք կարող ենք հավատով, հույսով ու խաղաղությամբ լի ապագա կառուցել մարդկության համար: Չէ որ հենց այդ ենք մենք`ամերիկացիներս», հայտարարեց Ներկայացուցիչների պալատի խոսնակ, դեմոկրատ Նենսի Փելոսին:
«Մենք պարտավոր ենք, հարգելով պատմությունը, անկեղծորեն հայտարարել, որ 1,5 միլիոն հայերի սպանդը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր»՝ պնդեց Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի համանախագահ, բանաձևի համահեղինակ Ֆրանկ Փալոնը, ընդունելով` փաստաթուղթը չի կարող մեղմել այն սարսափը, որ ապրել են ցեղասպանության ականատեսները, չի կարող մոռացնել այն ցավը, որ կրում են նրանց սերունդները, բայց կարող է հավատ ներշնչել ապագայի հանդեպ: «ԱՄՆ-ը մշտապես պետք է դատապարտի մարդկության դեմ ուղղված հանցագործությունները և պետք է անի ամեն հնարավորը՝ կանխելու և դադարեցնելու վայրագությունները»՝ հայտարարեց Փալոնը:


Ամերիկյան լրատվամիջոցները փաստում են, որ օրենքի պարտադիր ուժ չունեցող փաստաթուղթը միաժամանակ խորհրդանշական մեծ նշանակություն ունի և կարող է ավելի սրել թուրք֊ամերիկյան` առանց այդ էլ լարված հարաբերությունները:
Վերջին անգամ Ներկայացուցիչների տունը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ավելի քան երեք տասնամյակ առաջ` 1984-ին էր ընդունել. նախաձեռնությունը, սակայն, օրենքի ուժ չէր ստացել, քանի որ չէր արժանացել Սենատի հավանությանը:

Դիտվել է՝ 3044

Մեկնաբանություններ