Իսկ դուք ասում եք, թե փաստաթուղթ չկա
31.01.2020 | 11:23
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները երկու օր բանակցել են։ Երկու օր։ Բայց Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե սեղանին չկա փաստաթուղթ։ Այդ դեպքում երկու պաշտոնյաներն այդքան ժամանակ ի՞նչ էին անում նույն սենյակում, ինչի՞ց էին զրուցում։ Բայց արի ու տես, որ այս երկու օրվա ընթացքում Հայաստանում ով հիշեց, թե ինչ է կատարվում Արցախի շուրջ։ Հայաստանի քաղաքական օրակարգում կարծես այդպիսի հարց ընդհանրապես չկար։ Թեմայից Հայաստանի քաղաքացուն շատ հաջող շեղել են։ Որքան երկար էին բանակցում, այնքան մեծանում էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ աղմուկը։ Եթե մի քանի օր էլ տևեին բանակցությունները, Հրայր Թովմասյանին արդեն ձեռնաշղթաներ կհագցնեին։ Մարդկանց ՍԴ-ի շուրջ ստեղծված խնդրով փորձում են խլացնել, որպեսզի երկրի վարչապետից չհարցնեն, թե ինչի մասին է քո արտգործնախարարը զրուցում, ինչ ցուցումով ես այնտեղ նրան ուղարկել, ինչ ես դրել թևի տակ, եթե կտրականապես հերքում ես, որ սեղանին որևէ փաստաթուղթ կա։ Չլինի՞ էլի Սերժ Սարգսյանի թողած փաստաթուղթն է Զոհրապ Մնացականյանը տարել, որի մասին Արցախի նախագահի թեկնածուների կարծիքն էր Փաշինյանը հարցնում։ Կարող է մի բան էլ համանախագահներն ու Մահմեդյարովն ասեն։
Իրականում այս հարթությունում շատ նուրբ քաղաքականություն է ընթանում, որն ամեն անգամ ներքին մի ինտրիգով փորձում են ծածկել։ Բանից պարզվում է, որ Հրայր Թովմասյանից շուտափույթ ազատվելն ուղղակիորեն կապ ունի ղարաբաղյան հիմնախնդրի հետ։ Ընդ որում, իր տան խուզարկության ժամանակ Թովմասյանն ակնարկեց նաև այդ մասին՝ հայտարարելով, թե ինչու է իշխանությանը երկու ամիս ժամանակ տվել ՍԴ դատավորներին, ինչո՞վ է պայմանավորված այդ հապշտապությունը։ Ժամանակագրությունը դիտարկենք. երկու ամիս հետո ավարտվելու են նաև Արցախի նախագահական ընտրությունները։ Ասել է՝ Հայաստանում ունենում ենք իշխանության քիմքով ձևավորված ՍԴ, իսկ Արցախում էլ նոր նախագահ։ Ամենևին պատահական չէ, որ Փաշինյանը մեծ ջանքեր է գործադրում, որ Արցախում էլ ունենա վստահելի, իրեն չհակառակվող նախագահ։ ՈՒնենալով շատ լավ հիմք, նա փորձելու է հակամարտության լուծման սեփական տեսլականը անխոչընդոտ կյանքի կոչել։ Չնայած այդպես էլ հասարակությունը չիմացավ, ի վերջո, որն է նրա մոտեցումն այս հարցում, ինչ ասել է՝ երեք կողմին ձեռնտու տարբերակ։ Երկու ամիս անց, փաստորեն, քաղելու ենք արտգործնախարարների օրեր տևած բանակցությունների արդյունքը։
Որոշ իրազեկ շրջանակներ փաստում են, թե Արցախի նախագահի ընտրությունից հետո հայկական կողմի առաջ արդեն դրվելու է հստակ ձևակերպված փաստաթուղթ, որի համար Փաշինյանը նախնական համաձայնություն արդեն տվել է։ Այսօր դետալների շուրջ են քննարկումներն ընթանում։ Ամենևին էլ պատահական չէր, որ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում հրապարակայնացրեց մադրիդյան փաստաթղթից որոշ դրվագներ։ Նա, այսպես ասած, հանրության և Արցախի տրամադրություններն էր փորձում շոշափել, իհարկե, ինչպես միշտ ուրիշների ձեռքով կրակից շագանակներ հանելու փորձված մեթոդով։ Իզուր չէր նաև նրա այն հայտարարությունը, թե ինքը պատրաստ է այն կյանքի կոչելու, եթե հանրությունը դրան համաձայնություն տա։ Իսկ 2 տարվա ընթացքում բոլորս էլ տեսանք, թե ինչպես է «հանրային պահանջը» ձևակերպվում, ինչպես է հնարավոր «ժողովրդի ձայն» դառնալ մի խումբ մարդկանց ջանքերով։ Այսօր անգամ «հանրային պահանջով» մարդ են ձերբակալում, մի փաստաթուղթն ի՞նչ է, որ «ժողովրդի պահանջով» չվավերացնեն։
Սակայն այս հարցում մի փոքրիկ նրբություն իշխանությունը հաշվի չի առել. Արցախի հիմնախնդիրն այն միակ հարցն է, որը հասարակության միջև բաժանարար գծերը վերացնում է ու արթնացնում հայրենիքի հանդեպ պարտքի զգացումը։ Այլապես իրենից շատ առաջ ավելի խելացի բանակցող կար, բայց տարածքների հանձնման միտքն անգամ նրան չներվեց։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ