Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ալմազբեկ Ատամբաևը դատապարտվեց 11 տարվա ազատազրկման

Ալմազբեկ Ատամբաևը դատապարտվեց 11 տարվա ազատազրկման
24.06.2020 | 14:11

Բիշկեկի դատարանը Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևին դատապարտեց 11 տարի, 2 ամիս ազատազրկման կոռուպցիայի գործով:
«Դատարանը Ալմազբեկ Ատամբաևին մեղավոր ճանաչեց կոռուպցիայի կազմակերպման մեջ և պատիժ նշանակեց 11 տարի, 2 ամիս ազատազրկում, զրկելով պետական պարգևներից ու բռնագանձելով ունեցվածքը»՝ հայտարարեց Բիշկեկի Պերվոմայսկի դատարանի դատավոր Էմիլբեկ Կաիպովը: Պետական մեղադրողը պահանջել էր 15 տարվա ազատազրկում: Ատամբաևը կալանավորվել էր 2019-ի օգոստոսին՝ զինված դիմակայությունից հետո: Նախկին նախագահի կողմնակիցները կարողացել էին հետ մղել ուժայինների առաջին հարձակումը, հաջորդ օրը Ատամբաևը հանձնվեց: Նրան մեղադրեցին, որ կրակել է իրավապահների վրա: Մինչ այդ Ատամբաևն ուներ վկայի կարգավիճակ, բայց հրաժարվում էր հարցաքննության գնալ: Նախկին նախագահի գործը կապված է, հետաքննության կարծիքով, քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևի անօրինական ազատ արձակման հետ, որ երկար տարիներ բանտարկված էր և 2013-ին ազատ արձակվեց՝ առողջական վիճակի պատճառով և հեռացավ Չեչնիա: Բատուկաևի ազատ արձակման փաստով ստեղծված խորհրդարանական հանձնաժողովը 2013-ին պարզեց, որ Բատուկաևի հեռանալուն նպաստել են կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ: Հետաքննությունը չավարտվեց, բայց 2019-ին ՆԳՆ-ն հայտարարեց վերսկսման մասին: Կալանավորվեցին նախկին փոխվարչապետ Շամիլ Ատախանովը, առողջապահության նախարար Դինարա Սագինբաևան և առողջապահության նախարարության աշխատակիցները, որ հետաքննության վարկածով՝ Բատուկաևին ծանր հիվանդություն են ախտորոշել կանխամտածված: Ղրղզստանի ներկա նախագահ Սորոնբայ Ժենբեկովը իշխանության եկավ 2017-ին իբրև Ատամբաևի ժողովրդականորեն ընտրված իրավահաջորդ և նրա քաղաքականության շարունակող:
BBC


Հ.Գ. Նախկին ու ներկա նախագահների դիմակայությունը, փորձագետների գնահատականով, սկսվել է անձնական կոնֆլիկտից և վերաճել բացահայտ պայքարի, երբ Ատամբաևի թիմից մի քանիսը քրեական գործերով կալանավորվեցին: Սորոնբայ Ժենբեկովը օրենք ստորագրեց, որով նախկին նախագահները զրկվում էին անձեռնմխելիությունից և կարող էին քրեական պատասխանատվության ենթարկվել: Ատամբաևին կոռուպցիայի մեղադրանք ներկայացվեց և խորհրդարանի որոշումով նա զրկվեց անձեռնմխելիությունից: Ալմազբեկ Ատամբաևը քրեական հետապնդումը որակում էր քաղաքական հալածանք և հրաժարվում էր հարցաքննության ներկայանալ: Այդ ընթացքում նա հասցրեց նույնիսկ Մոսկվա գնալ, բայց վերադարձավ՝ հիանալի իմանալով ինչ է իրեն սպասում իր երկրում: Ակներևաբար՝ Կրեմլը չցանկացավ հարաբերությունները փչացնել գործող նախագահի հետ և Կենտրոնական Ասիայի այդ պետությունը իր ազդեցության գոտուց դուրս թողնելով՝ մղել դեպի ԱՄՆ: 2019-ի փետրվարի 2-ին ՌԴ-ում Ղրղզստանի նոր դեսպան Ալիկբեկ Ջեքշենկուլովը չէր բացառում, որ Ղրղզստանի տարածքում կհայտնվի ևս մեկ ռուսական ռազմաբազա: Նրա խոսքով՝ «Կանտ» ավիաբազան կարևոր կայունացնող գործոն է ամբողջ Կենտրոնական Ասիայի համար, հենց այդ պատճառով էլ Բիշկեկն աջակցում է ամրապնդման առաջարկին և նոր ավիաբազայի տեղակայումը նույնպես բացառված չէ: Իսկ մարտին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Բիշկեկ պաշտոնական այցի ժամանակ ստորագրվեց միավորված ռուսական ռազմաբազայի համաձայնագիր: Ռուսաստանը 60 հեկտարով մեծացրեց ռազմաբազաի մակերեսը, սահմանվեցին անօդաչուների կիրառման նոր կանոններ, բարձրացավ բազայի տարածքի վարձակալման գինը: 2020-ի փետրվարի 12-ին ՌԴ Դաշնային խորհուրդը հաստատեց Ղրղզստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման պայմանների փոփոխության մասին փաստաթուղթը։ Ըստ նոր փաստաթղթի՝ Ռուսաստանը ամեն տարի տարածքի վարձակալության համար կվճարի 4.79 մլն դոլար՝ նախկին 4.5–ի փոխարեն։
Ղրղզստանում կա ռուսական 4 ռազմաբազա.
• Մայրաքաղաք Բիշկեկից 20 կմ հեռավորության վրա «Կանտ» ավիաբազա։ Ավիաբազան տեղակայված է 2003-ից և զինված է Սու-25ՍՄ կործանիչներով ու Մի-8 ՄՏԲ ուղղաթիռներով։ Բազան օգտագործվում է նաև ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի կողմից։
• Չալդովար քաղաքի մոտ տեղակայված 338–րդ կապի հանգույցը
• Մայլուու-Սուու քաղաքում 17-րդ ավտոնոմ ռադիոսեյսմիկ կայան
• ՌԴ ԶՈւ ռազմածովային ուժերի փորձարարական 954–րդ բազան Կարակոլ քաղաքում՝ Իսիկ–Կուլ լճի մոտ


Ռազմաբազաներից ամենամեծը «Կանտն» է, որը սկսեց համալրվել մարդկային ուժով և զինտեխնիկայով, երբ Ղրղզստանի պահանջով ԱՄՆ–ը 2014-ին դուրս բերեց իր զինուժը: 2011-ին Ղրղզստանը հայտարարեց, որ Ռուսաստանն արդեն 4 տարի չի վճարել ռազմաբազաների վարձը։ Միայն դրանից հետո ՌԴ ՊՆ-ն վճարեց 15,5 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ պարտքը։ 2012-ին երկու երկրները ձեռք են բերում համաձայնություն, որ Ռուսաստանը տրամադրելու է մոտ 1 մլրդ դոլարի անհատույց ռազմական օգնություն։ Ռուսաստանը պարբերաբար ռազմական տեխնիկա է փոխանցում Ղրղզստանին՝ զրահապատ մեքենաներ, հրետանային համալիրներ, պահեստամասեր, զինամթերք կապի միջոցներ, ինքնաթիռներ։ Վերջին ռազմական օժանդակությունը 2019-ին էր, երբ ռուսական կողմը նվիրեց 2 Մի–8ՄՏ ուղղաթիռ և 9 ԲՐԴՄ–2Մ զրահամեքենա։


2016-ի դեկտեմբերին Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը հայտարարեց, որ Ռուսաստանը պետք է դուրս բերի իր ռազմաբազաները երկրից և, ՌԴ նախագահի հետ ձեռք բերած համաձայնությամբ՝ բազաները կմնան ոչ թե 45, այլ՝ 15 տարով և դուրս կբերվեն։ Այդ տարի լրանում էր ռազմաբազաների տեղակայման համաձայնագրի նախնական ժամկետը, որից հետո տեղակայումը պետք է երկրաձգվեր 49 տարով։ 2017-ի փետրվարին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է դուրս բերել բազաները, եթե Ղրղզստանը հայտարարի, որ բավականաչափ ուժեղ է և չունի ռուսական ռազմական ներկայության կարիք։ 2017-ի հունիսին երկու երկրների նախագահների հանդիպման արդյունքում Ռուսաստանը ներեց Ղրղզստանի պ 240 մլն դոլարի պետական պարտքը, իսկ բազաները մնացին Ղրղզստանում։


Փաստացի՝ իր պաշտոնավարման շրջանում Ալմազբեկ Ատամբաևը Մոսկվայի հետ վատ հարաբերություններ չի ունեցել՝ չհաշված ռազմաբազաների հարցը: Ընդհանրապես նա շատ բուռն կյանքով է ապրել: Երգիչ, երաժիշտ, լրագրող, խմբագիր, Գրողների միության նախագահ, 6 երեխաների հայր՝ Ալմազբեկ Ատամբաևը քաղաքականություն է մտել 1995-ին ընտրվելով երկրորդ գումարման Ժոգորկու Կենեշի պատգամավոր: 2000-ին նախագահի ընտրություններում երրորդն է եղել: Կակաչների հեղափոխությունից հետո՝2005-2006-ը՝ արդյունաբերության, առևտրի ու զբոսաշրջության նախարարը, 2007-ին վարչապետ: Նախագահության հատկապես վերջին տարիները ուղեկցվել են սկանդալներով ու դատավարություններով: Նա սկանդալով էլ իշխանության է եկել 2010-ի ապրիլյան հեղափոխությունից հետո, որ պաշտոնանկեց նախագահ Կուրմանբեկ Բակիևին, իսկ մեկուկես տարի հետո նախագահ ընտրվեց Ատամբաևը. 2016-ին նա Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե անցկացրեց, որ քաղհասարակությունը, իրավապաշտպանները, լրագրողները, ընդդիմադիրներն անվանել են իշխանության ուզուրպացման փորձ:
Հետխորհրդային տարածքում նոր ոչինչ չկա, փաստորեն, եթե չհաշվենք, որ նույն գործողությունների համար ոմանց վճարում են, ոմանց՝ ոչ: Ոմանք զինտեխնիկա գնում են, ոմանք նվեր են ստանում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 12695

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ