Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Լև Տոլստոյի երկրորդ հոգեհանգիստը կատարողը եղել է հայ պատմաբանը

Լև Տոլստոյի երկրորդ հոգեհանգիստը  կատարողը եղել է հայ պատմաբանը
01.11.2013 | 11:11

Ղարսեցի տատիկս` Սաթենիկ Ղազարյանը, մեզ շատ էր պատմում Կարսի, Կաղզվանի, գաղթի, իր հարազատների մասին: Եվ հաճախ էր հիշատակում եղբոր` Մկրտիչ Ղազարյանի անունը: «Դոկտոր փիլիսոփայության, լեզվագիտության,- ասում էր տատիկս ու շարունակում,- Գերմանիայում էր սովորել, 21 լեզու գիտեր: Տիֆից մահացավ»:

Վերջերս արվեստի թանգարանից հետաքրքրվեցին Մկրտիչ Ղազարյանով, և ես էլ որոշեցի ուսումնասիրել ազգականիս կենսագրությունը:
1919 թվականին «Տարազ» ամսագրում տպագրվել է Մկրտիչ Ղազարյանի մահախոսականը, ուր նշված է, որ նա ծնվել է 1867 թ. Կարսում: Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, բարձրագույն կրթությունն ստացել է Գերմանիայում: Լայն է եղել Մկրտիչ Ղազարյանի հետաքրքրությունների շրջանակը, փիլիսոփա, պատմաբան, հրապարակախոս, թարգմանիչ, եկեղեցական գործիչ, մանկավարժ: Հայագիտության մեջ Մկրտիչ Ղազարյանը հայտնի է որպես Հայաստանի արաբական տիրապետության շրջանի պատմության առաջին ուսումնասիրող:
1903 թ. Մկրտիչ Ղազարյանը պաշտպանել է «Հայաստանը արաբական տիրապետության ներքո» դիսերտացիան և ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան: Նրա աշխատությունները տպագրվել են Մարբուրգի «Հանդես հայագիտության»-ում: Հանդեսի ներածականում գրված է. «Հետաքրքրական է իբրև մեր պատմության նյութ Մկրտիչ Ղազարյանի հոդվածը հայերի մասին արաբական իշխանության ներքո, որը կազմելիս հեղինակն օգտվել է նաև արաբական աղբյուրներից»: ՈՒսումնասիրել է արևելյան լեզուները (տիրապետել է պարսկերենին, արաբերենին, ասորերենին) և արևելյան ժողովուրդների պատմությունը:
1909 թ. Մկրտիչ Ղազարյանը ձեռնամուխ է եղել «Պատմական կենսագրություններ» շարքը հրատարակելուն, որի նպատակն էր «դյուրամատչելի պատմողական ձևով ներկայացնել նշանավոր պատմական անձերի և դեպքերի նկարագիրը»: Ազգային գրադարանում պահպանվել են «Արշակ Երկրորդ», «Մամիկոնյան իշխաններ Մուշեղ և Մանուել» գրքերը:
«Մուրճ» ամսագրում կարդացի նրա հրապարակախոսական հոդվածները, իմացա, որ առաջին անգամ Մկրտիչ Ղազարյանն է հայերեն թարգմանել Ն. Գոգոլի «Մեռած հոգիներ»-ից հատված և Ն. Սալտիկով-Շչեդրինի մի քանի պատմվածք («Մոռացկոտ ոչխար», «Զատկի գիշեր», «Ազատամիտ», «Իդեալիստ ծածան», «Իմաստուն ծանծաղուկ», «Խիղճը կորավ»): «Մուրճի» քննադատը գրել էր. «Ինչ վերաբերում է թարգմանական լեզվին, լեզուն բավականին լավ է, չնայելով այն դժվարություններին, որ ներկայացնում է Շչեդրինի թարգմանությունը»:
Մկրտիչ Ղազարյանը եղել է Շամախու թիմի տեսուչ: Պետրոգրադի հայ գաղութի ընտրությամբ քահանա է ձեռնադրվել Սուրբ Կատարինե հայկական եկեղեցում (Նևսկի պողոտա):
1978 թ. «Գրական թերթի» թիվ 38-ից տեղեկանում ենք, որ Սուրեն Ղազարյանը 1910 թ. Սուրբ Կատարինեում կատարել է եկեղեցուց բանադրված Լև Տոլստոյի հոգեհանգիստը: Նյութի հեղինակը («Լ. Տոլստոյի հոգեհանգիստը Պետերբուրգի Հայոց եկեղեցում») այդ մասին կարդացել է «Նովոյե վրեմյա» թերթում (10 նոյեմբերի 1910 թ.), նրան պատմել էր նաև լենինգրադաբնակ Իզաբելա Ղազարյանը` Մկրտիչ Ղազարյանի դուստրը: Վերոհիշյալ թերթը այսպես է նկարագրում հոգեհանգստի արարողությունը.
«Կոմս Լ. Ն. Տոլստոյի վախճանման մասին:
Նևսկու վրայի Հայկական եկեղեցում առավոտյան սովորական ժամասացությունից հետո, ծխականները դիմեցին իրենց քահանաներից մեկին` խնդրելով հոգեհանգիստ կատարել Լև Նիկոլաևիչի համար: Հոգեհանգիստը կատարվեց: Տասներկուսն անց կեսին, երբ հոգեհանգիստը վերջացել էր, նույն խնդրանքով Հայոց եկեղեցու ծխական մի ուրիշ քահանայի դիմեցին ուսանողներ, որոնք այդ ժամանակ լցրել էին եկեղեցին: Երկրորդ հոգեհանգստի վերջավորությանը բազմությունը` մոտավորապես 700 մարդ, բաղկացած բացառապես սովորող երիտասարդությունից, դուրս գալով եկեղեցուց, բռնեց Նևսկու այս կողմը և սկսեց երգել «Հավերժ հիշատակը»: Ձիավոր և հետիոտն ոստիկանության շտապ կանչված կարգախմբերը երգողներին անջատեցին Նևսկու վրա հավաքված մնացած հասարակությունից, աշխատեցին առանձին խմբերի բաժանել և հետ մղեցին դեպի մերձակա փողոցները»:
Այսպիսով, Լ. Տոլստոյի հիշատակին մեկ օրում կատարվում է երկու հոգեհանգիստ: Մեկը հայերի (այդ եկեղեցու ծխականների) ցանկությամբ, իսկ երկրորդը` ցուցարար ուսանողության խնդրանքով:
Հետաքրքրական է նշել, որ երկրորդ հոգեհանգիստը կատարողը եղել է հայ պատմաբան Մկրտիչ Ղազարյանը:
1912 թ. Մկրտիչ Ղազարյանը թողել է եկեղեցական ասպարեզը և զբաղվել մանկավարժական գործունեությամբ: Զբաղեցրել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանի տեսչի օգնականի պաշտոնը, որպես ուսուցիչ աշխատել է Բաքվում, Շուշիում: 1917-18 թթ. ուսումնական տարում նա Ալեքսանդրապոլի Արղության օրիորդաց միջնակարգ դպրոցի վերատեսուչն է եղել: Թուրքերի կողմից Ալեքսանդրապոլը նվաճելուց հետո նա հայրենասիրական գործունեություն է ծավալել: 1919 թ. Մկրտիչ Ղազարյանը վարակվել է բծավոր տիֆով և վախճանվել 52 տարեկանում:


Գարիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2313

Մեկնաբանություններ