«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

«Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն»

«Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն»
01.11.2013 | 11:16

Եդեմի պարտեզի կամ դրախտի աստվածաշնչային սկզբնական նկարագրությունից Աստվածաշնչի հեղինակները շատ խորհրդանիշեր և կերպարներ են վերցրել: Մեր ասածի օրինակ կարող է ծառայել Եսայի մարգարեի` արդարների վերադարձը նկարագրող դրվագը. «Որովհետև Տերը պիտի մխիթարի Սիոնին, պիտի մխիթարի նրա բոլոր ավերակները, նրա անապատը դրախտի նման պիտի շինի, նրա ամայի տեղը` Տիրոջ պարտեզի պես. ցնծություն և բերկրություն պիտի գտնվի նրանում, գովերգություն և օրհներգության ձայն» (Ես. 51.3):
Հովել մարգարեն իր հրապարակավ ապաշխարելու հորդորում Աստծո խոստմունք-օրհնությունը ևս կապում է Եդեմի պարտեզի հետ, «Եդեմի դրախտի պես կլինի երկիրը նրա առաջին, իսկ նրա հետևից՝ ամայի անապատի պես» (Հովել 2.3): Բերված հատվածներում, ինչպես նաև շատ ուրիշ դրվագներում Եդեմը կամ Աստծո պարտեզը պատկերվում է որպես հաճության, խաղաղության խորհրդանիշ: Այսպես, օրինակ՝ Եզեկիել մարգարեն ասում է, որ Տյուրոսի թագավորը Եդեմում՝ Աստծո պարտեզում է ապրել (Եզեկ. 28.13), այսինքն` ապրել է հաճության, խաղաղության մեջ:
Եդեմի պարտեզի գտնվելու տեղի մասին շատ կարծիքներ կան, և յուրաքանչյուր կարծիք հայտնող փորձում է հաստատել իր ասածը, բայց դրանք զուր ջանքեր են, քանի որ հիշատակված չորս գետերից միայն երկուսն են հայտնի` Տիգրիսն ու Եփրատը, մյուս երկուսը` Փիսոնն ու Գեհոնը, դժվար է որոշել, թե որ գետերն են եղել: Ըստ Աստվածաշնչի` Գեհոնը անցնում է Քուշով (այս անվանումը մյուս տեղերում նույնանում է Եթովպիայի հետ), և կարծում են, թե դա Նեղոս գետն է: Փիսոն գետը, որը, մյուս մեկնիչների կարծիքով, պետք է գտնվեր Պարսկաստանի և Հնդկաստանի մերձակայքում, ենթադրվում է, որ Գանգես գետն է: Այս նախանշաններով Եդեմը փնտրում էին նաև Պարսից ծոցի տարածքում: Այսպես էին կարծում հրեա պատմիչ-փիլիսոփա Հովսեփոս Փլավիոսն ու եկեղեցու հայրերը: Մյուսներն էլ կարծում էին, որ Գեհոնը Արաքս գետն է:
Գիտնականները (ոչ միայն հայ) կարծում են, որ Եդեմի պարտեզը կամ դրախտը գտնվել է Հայաստանի տարածքում: Որպեսզի հասկանալի դառնա այս ենթադրության մեկնությունը, նախ դիմենք Ծննդոց 2.8-15-ում բերված նկարագրությանը. «Եվ Տեր Աստվածը արևելքի կողմը Եդեմի մեջ մի պարտեզ տնկեց… և մի գետ էր դուրս գալիս Եդեմից` պարտեզը ջրելու համար, և այնտեղից բաժանվում ու չորս ճյուղի էր բաժանվում: Մեկի անունը Փիսոն է, երկրորդինը` Գեհոն, երրորդինը` Տիգրիս, չորրորդինը` Եփրատ»:
Որքան էլ զարմանալի թվա, նշված չորս գետերն էլ սկիզբ են առնում Հայկական բարձրավանդակից: Փիսոնը, որի պատմական անունը Ճորոխ է` Ճորոխի լեռներից, Գեհոնը` Արաքսը, որի պատմական անունը Երասխ է՝ բյուրակնյան լեռնազանգվածի աղբյուրներից, Տիգրիսն իր երկու բազուկներով (Արևմտյան Տիգրիս և Արևելյան Տիգրիս)` Հայկական Տավրոսի արևմտյան և արևելյան ծայրամասերի լանջերից, իսկ Եփրատը հայերն անվանել են Արածանի` սրբազան մի գետ, որի ջրերում Ամենայն հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը փրկչական 301 թվականին մկրտեց հայոց թագավորին (Տրդատ III), ժողովրդին և բանակը:
Այս էքսկուրսի` քննարկման ենթակա նյութից շեղվելու կամ, որ նույնն է, շեղահետախուզելու նպատակը «Արևելքի եդեմներ» բառակապակցության բացահայտումն է: Պարզվում է՝ բանաստեղծը ծանոթ է Եդեմի տեղաբաշխման բոլոր վարկածներին և ասես դեմ չէ դրանցից և ոչ մեկին: Կարևորն այն է, որ այդ տարածքը արևելյան տարածք է, ավելի ճիշտ՝ Միջագետքն է` Տիգրիս և Եփրատ գետերի միջև եղած տարածքը, իսկ թե այդ գետերն ինչ գետերով և վտակներով են հատվել վեց հազար տարի առաջ, և քանիսն են այդ հատումներից առաջացած եդեմական տարածքները, Աստված գիտի: Աստծո միտքն ունեցող պոետի համար փույթ չէ, թե թվարկված տարածքներից ո՛րն է եդեմականը:
Կարևորն այն է, որ դրանք արևելյան պատկանելություն ունեցող հոգևոր տարածքներ են՝ Արևելքի եդեմներ, որոնց վրա իջնող երեկոն բնութագրական է ոչ թե իր լուսազրկությամբ, այլ մթնշաղի պայծառությամբ.
Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն,
Հեքիաթական պալատներում սպասում են իմ հոգուն,
Ի՜նչ եմ շինում էս ցեխերում, աղմուկի մեջ վայրենի…
Ա՜խ, թե նորից գտնեմ ճամփան դեպի էնտե՜ղ, դեպի տո՜ւն…

Դեպի Երկնային Արքայություն շտապող պոետը գիտի, որ ինքը այդ Թագավորության քաղաքացին է և ժառանգորդը: ՈՒստի չի կասկածում, որ այդ Թագավորության հեքիաթական պալատներում սպասում են իր հոգուն. «Իմ Հոր տանը շատ բնակարաններ կան…» (Հովհ. 14.2):
Հոր տունը Երկինքն է: Շատ բնակարանները հավատացյալների հանգստի վայրերն են, «հեքիաթական պալատները»: Երկինքը Աստծո բնակության վայրն է, Երկնքի հրեշտակների և հարուցյալ սրբերի: Վերջիններս, դրանց թվում նաև` Թումանյանը, Երկնքում ոչ թե սոսկ Աստծո հետ են գոյատևելու, այլ մեծ խնդությամբ են ապրելու: Աստված սրբելու է նրանց աչքերի բոլոր արցունքները: Այնտեղ չեն լինելու ոչ սուգ, ոչ հիվանդություն, ոչ էլ ցավ, հետևաբար չեն լինելու նաև մեղք ու մահ (Հայտն. 21.3,4):
Թումանյանի հոգին, անօրենների անառակ վարմունքներից ձանձրացած, Ղովտի հոգու նման (Բ Պետր. 2.7-8), տառապում է «էս ցեխերում, աղմուկի մեջ վայրենի»՝ տեսնելով անհավատ և ամբարիշտ մարդկանց գործած անմաքուր և պիղծ գործերը, անիրավ ստախոսների խաբեություններն ու կատարած զրկանքները: «Տերը գիտի աստվածապաշտներին փրկել փորձությունից, իսկ անիրավներին պահել դատաստանի համար» (Բ Պետր. 2.9):
Այս աշխարհի վրա Տիրոջ փառքը գովերգող և Նրա Խոսքի համն առած երգիչը գիտի, թե ինչ հաճույք և երջանկություն են լինելու Երկնքում Աստծուն փառաբանելն ու ծառայություն մատուցելը` առանց փորձությունների ու անկումների, առանց տկարությունների ու հոգնության:
Ա՜խ, թե նորից գտնեմ ճամփան դեպի էնտե՜ղ, դեպի տո՜ւն…
Իսկ ո՞րն է «դեպի էնտեղ, դեպի տուն» տանող ճանապարհը:
Երբ աշակերտներն ասացին, որ իրենք չգիտեն դեպի տուն տանող ճանապարհը, Հիսուսն ասաց. «Ես եմ Ճանապարհը»: Այո՛, Նա է Ճանապարհը, որովհետև Նրանով են Երկինք մտնում: Նրա մահով է, որ մեր մեղքերը ներվել են, և մենք Աստծո աչքին արդար ենք համարվում:
Ահա թե ինչ ճանապարհ է փնտրում Թումանյանը: Նա հարստություն չի փնտրում, առողջություն չի փնտրում, այլ տուն տանող «ճամփան» է փնտրում, այսինքն` Աստծո ներկայությունն է փնտրում` հաստատ իմանալով, որ Աստծո ներկայության մեջ են և՛ առողջությունը, և՛ խաղաղությունը, և՛ արդարությունը, և՛ հաղթությունը:

Արտակ ՈՍԿԱՆՅԱՆ
Գրող, հրատարակիչ

Դիտվել է՝ 4821

Մեկնաբանություններ