«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«Դա չպետք է կրկնվի»-ն հուշարձան է միլիոնավոր զոհերի հիշատակին

«Դա չպետք է կրկնվի»-ն հուշարձան է  միլիոնավոր զոհերի հիշատակին
08.11.2013 | 11:11

ՍՈՒՐԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԸ ծնվել է Կարսում: Կարսեցու ազնվությունն ու սկզբունքայնությունն ուներ, բարությունը ու նուրբ հումորը:
Կարսի ուսումնարանն ավարտելուց հետո որոշ ժամանակ աշխատել է, ապա տեղափոխվել Ալեքսանդրապոլ, ուր նա մասնակցել է բոլշևիկյան ընդհատակյա կազմակերպության աշխատանքներին: Խորհրդային կարգերի հաստատումից հետո մինչև ձերբակալվելը աշխատել է Հայաստանի, Վրաստանի, Անդրկովկասի հատուկ հանձնաժողովում, գլխավոր քաղաքական վարչությունում, ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատում, զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ:
1937 թ. Սուրեն Ղազարյանին ձերբակալել են որպես «ժողովրդի թշնամու», և նա 10 տարի անցկացրել է բանտերում ու ճամբարներում: 1947 թվականին՝ ազատվելուց հետո վերադարձել է Թբիլիսի, բայց թույլ չեն տվել ապրել մայրաքաղաքում, և Սուրեն Ղազարյանը տեղավորվել է Ռուսթավիում` երիտասարդ արդյունաբերական քաղաքում: Արդարացումից հետո՝ 1957 թվականին, Սուրեն Ղազարյանը տեղափոխվել է Մոսկվա, որտեղ ապրել է մինչև կյանքի վերջը` 1982 թվականը: Աճյունը տեղափոխվել է Երևան (թաղված է քաղաքային պանթեոնում):
Սուրեն Ղազարյանը տատիկիս եղբորորդին է: Մանկությանս լավագույն հիշողությունները կապված են բարեկիրթ, բազմագիտակ, շքեղ արտաքինով մարդու հետ: Բազում տառապանքներ տեսած մարդը հոգով երեխա էր: Մեզ համար տոն էր, երբ նա Մոսկվայից հյուր էր գալիս: Ժամանակի մեծ մասն անցկացնում էր մեզ հետ: Մենք չէինք զգում նրա տարիքը. Սուրեն «դյադյան» ընդունում էր մեզ որպես հավասարը հավասարի:
Յուրաքանչյուր տոնի գեղեցիկ շնորհավորական բացիկներ էր ուղարկում: Մինչև կյանքի վերջը մենք նամակագրական կապի մեջ էինք: Հետաքրքիր, խելացի խորհուրդներով նամակներ էր գրում:
Լսել էինք, որ 10 տարի բանտում է եղել: Հետո կարդացինք նրա գիրքը` «Դա չպետք է կրկնվի»: Պետք է լույս տեսներ, սակայն խրուշչովյան «ձնհալն» անցել Էր:
«Новый мир»-ի (այս ամսագրում պետք է տպագրվեր) գլխավոր խմբագիրը` ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Տվարդովսկին, 1967 թվականին գրել է Սուրեն Ղազարյանին. «...շատ հուշեր եմ կարդացել մեր հասարակարգի համար զարհուրելի այն ժամանակաշրջանի մասին, որ մենք կոչում ենք 37 թվական (Դուք իրավացի եք. այդ հասկացությունը մի տարով չի սահմանափակվում), բայց ես կդժվարանայի նախկինում կարդացածներիցս որևէ մեկը համեմատել Ձեր նոթերի հետ:
...Դուք հոգեկան բացառիկ ուժի տեր մարդ եք` ընդունակ կրելու զարհուրելի խոշտանգումներ, բայց անընդունակ նույնիսկ հարկադրյալ անազնվության...
Ձեր այս օրագիրը, չնայած իր պարունակած դաժան ու երբեմն սահմռկեցուցիչ պատմություններին, չի հուսահատեցնում, անելանելիությամբ չի ճնշում, ընդհակառակը, զինում է հոգեկան ուժով, կամքով, վեհացնում է: Այո, դա չպետք Է կրկնվի, քանի որ այդ «ձևերն» ու «մեթոդները», այդ միջոցներն ամբողջապես վերացնում են նպատակը, հարվածի տակ դնում կոմունիզմի գաղափարը, և նա, ով մարտնչում է հանուն մոռացության, հանուն «վերքերը չբանալու», - այդպիսիք կան մեր մեջ,- կամա թե ակամա նեղ օրվա համար պահում է այդ «ձևերն» ու «մեթոդները»:
Ձեր գիրքը պարտքի հատուցում է, վաստակ, յուրահատուկ սխրանք...»։
Մինչ այդ էլ լույս էին տեսել Սուրեն Ղազարյանի «Հանդիպում մանկության հետ», «Դժվարին ուղիներով» (նվիրված հանրաճանաչ չեկիստ Սուրեն Արշակունու կյանքին ու գործունեությանը) գրքերը: Բայց «Դա չպետք է կրկնվի»-ն հուշարձան է միլիոնավոր զոհերի հիշատակին։
Սուրեն Ղազարյանը նամակագրական կապ ուներ հայ մեծ բանաստեղծ Պարույր Սևակի հետ (այդ նամակները գտնվում են Մոսկվայում): Նամակագրական կապ էր հաստատված և Պարույր Սևակի առաջին կնոջ` ճանաչված լեզվաբան Մայա Ավագյանի հետ: Մահից առաջ Մայա Ավագյանն այդ նամակները հանձնեց ինձ: Իսկ ես նվիրեցի Պարույր Սևակի թանգարանին:
1968 թվականին Պարույր Սևակը գրեց Սուրեն Ղազարյանին. «Ի՞նչ ասեմ, սիրելի և քաջ մարդ: Իբրև մարդ, իբրև բանաստեղծ և, ի վերջո, իբրև սովետական քաղաքացի-հայրենասեր, ես խորին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ` Ձեր սքանչելի գրքի համար:
...Փառք Աստծո, որ Դուք կաք և ոչ միայն կաք, այլև Ձեր գրքով պիտի անմահանաք գալիք սերունդների աչքին: Հավատացած եղեք, թանկագին մարդ, որ Ձեր գիրքը հարյուր սուտ ու ճիշտ, վատ ու լավ վեպ արժի: Կեցցեք Դուք, որ ոչ միայն քաջություն ունեցաք դիմանալու բանտերում ու ճամբարներում, այլև կրկնակի քաջություն ունեցաք պատմելու մեզ այն ամեն ահռելի ահավորը, առանց որի իմացության «ֆաշիզմ» հասկացությունը թերի պիտի մնար: Լավ գիրք եք գրել, եզակի արժեք ունեցող գիրք: Սուր, կրքոտ, առնական ոճ ունեք, զարմանալի հիշողություն, նուրբ դիտողականություն, ազնիվ մարդուն հատուկ անկեղծություն:
Թույլ տվեք, սիրելի Սուրեն Հովհաննեսովիչ, հեռվից հեռու ամուր գրկել ու համբուրել Ձեզ` իբրև նշան խորին շնորհակալության այն մեծ գործի, որ կատարել եք Դուք:
Խորին հարգանքներով՝ միշտ Ձեր Պ. Սևակ»:


Գարիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2286

Մեկնաբանություններ