Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Առաջին վագոնավարի միակ նամակը

Առաջին վագոնավարի  միակ նամակը
12.11.2013 | 11:12

1921 թվականին Կաղզվան քաղաքից Երևան գաղթեց դեռևս 20 տարին չբոլորած ՆԱԶԱՐ ՄԵՍՐՈՊԻ ՂԱԶԱՐՅԱՆԸ:
Հաճախեց բանֆակ, աշխատանքի անցավ էլեկտրագնացքների երթուղիների շինարարությունում: Կարճ ժամանակում աչքի ընկավ իր եռանդուն, նվիրված աշխատանքով, և այդ էր պատճառը, որ էլեկտրագնացքների վարչությունը վագոնավարների կադրեր պատրաստելու նպատակով Նազարին, մի խումբ երիտասարդների հետ, գործուղեց Կրասնոդար` վագոնավարի մասնագիտություն ձեռք բերելու:
Վեց ամիս անց վարչության պետն ուրախությամբ ընդունեց իր առաջին վագոնավարներից մեկին:
1933 թվականին առաջին տրամվայները սուրացին մայրաքաղաքի փողոցներով:
Ինը տարի նա վարեց էլեկտրագնացքները Երևանի՝ մեկը մյուսի հետևից կառուցվող փողոցներով, պողոտաներով:
1942 թվականին, երբ Նազարն արդեն իր համեստ աշխատանքի վարպետն էր, երբ նրան գնահատում, ճանաչում ու սիրում էին արդեն, հայկական հրաձգային դիվիզիաներից մեկի կազմում մեկնեց ռազմաճակատ` պաշտպանելու հայրենիքը: Երբ շոգեքարշը մեկնելու ազդանշան տվեց, մայրը, սրբելով արցունքոտ աչքերը, կրծքին սեղմեց որդուն և ասաց.
- Գնա, բալես, ջախջախիր թշնամուն, ես կաղոթեմ քեզ ու բոլորիդ համար։
Մեկ ամիս անց սպիտակահեր փոստատարը թակեց Սաթենիկ մայրիկի դուռը և եռանկյունի ծալած մի ծրար հանձնեց նրան.
- Վերցրու, մայրիկ, ուրախացիր, տղայիցդ է:
Անհուն հրճվանք ապրեց արդեն 66-ամյա կինը, դողդոդացող ձեռքերով բացեց նամակը և ուրախության արցունքն աչքերին կարդաց.
«ԲԱՐԵՎ, ՍԻՐԵԼԻՆԵՐ
... Այժմ արդեն վերջին կայարանում ենք, որտեղից այսօր պետք է շոգենավով մեկնենք դեպի Կերչ:
Ես գնում եմ ճակատ` ընկերներիս հետ միասին պաշտպանելու իմ հայրենիքը և ոտնատակ անելու այն գազաններին, որոնք նենգաբար հարձակվել են մեզ վրա: Եթե հարկ լինի, կյանքս էլ կտամ:
Ձեր Նազար
3 ԱՊՐԻԼԻ 1942 Թ.»:
Սակայն նրան վիճակված չէր այլևս գրել: Դա նրա միակ նամակն էր ռազմաճակատից: Կերչում հայրենիքի փրկության համար 1942 թ. գարնանը ծավալված թեժ մարտերը հարյուրավոր հայրենասերների կյանքի թել կտրեցին: Նրանց թվում էր և անվանի վագոնավար Նազար Ղազարյանը:
Այլևս մայրը նամակ չստացավ սիրասուն որդուց: Հերոս քաղաք Կերչի գեղատեսիլ մի անկյունում բարձրանում է մի հսկա ու շքեղ կոթող` թեժ մարտերում հերոսաբար ընկած հայրենասերների հիշատակին, բազմազգ ժողովուրդների զավակների հիշատակին, որոնց հետ էր և Նազար Ղազարյանը` մայրաքաղաքի տրամվայների առաջին վագոնավարը:


Գարիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1518

Մեկնաբանություններ