Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մի՛ տանիր փորձության

Մի՛ տանիր փորձության
18.12.2018 | 01:07

Նորից ու նորից ծառանում է նույն հարցը. այս ահարկու քաոսից տեղյակները միայն դրսի՞ մոդերատորներն են, թե՞ ներսում էլ կան այդպիսիք։ Էլ առավել՝ երկրի, եկեղեցու, Արցախի, ներքաղաքական-արտքաղաքական կյանքի, իրավապահ մարմինների, բանակի, խորհրդարանի, կառավարության, տնտեսության, «ասֆալտին փռելու», ԱԱԾ կանչելու բոլոր գործընթացները միայնակ իրականացնող Նիկոլ Փաշինյանը և՞ս տեղյակ է, թե ինչ է անում, «ումով» և, որ ամենակարևորն է, ինչու։


Այլապես այսպիսի տոտալ կազմաքանդումը, որևէ կերպ պարապը չլցնելու այս քայլերը մերթ ընդ մերթ տենդի ու մոլուցքի տպավորություն են թողնում։ Եվ եթե անգամ մտածենք, որ մոդերատորները վերջում այս ամենը կարողանալու են շարել դարակներում, ապա հաստատապես հայաստանյան պետականության դարակներում դասավորելու առնվազն ոչինչ մնացած չի լինելու։
Ռուսաստանի (և ոչ միայն, ներկա պահին, բացի Մերկելից ու Թրյուդոյից, ոչ մի երկրի ղեկավար հարկ չի համարել շնորհավորել Փաշինյանի «ջախջախիչ» հաղթանակը ընտրություններում) իշխանությունները վարկած են նետել սոցցանցեր, թե կընտրվի վարչապետ, կշնորհավորեն։ Իհարկե պիտի շնորհավորեն, այլապես դա կնշանակի, որ պատերազմ են հայտարարում Հայաստանին՝ ողջ աշխարհով մեկ։ Ռուսաստանի հետ ակնհայտորեն վատթարացող հարաբերություններին զուգընթաց տեղի ունեցան Ղարաբաղյան խնդրին առնչվող երկու կարևորագույն հանդիպումներ, մեկը՝ Միլանում՝ հակամարտող երկրների ԱԳ նախարարների միջև, որից հետո Լավրովը շտապեց Բաքու, ձևով՝ մասնակցելու Սևծովյան երկրների սամմիթին, բովանդակությամբ՝ քննարկելու Ալիևի հետ ԱԳ նախարարների հանդիպման արդյունքները։


Ինչ ունենք արդյունքում։
ա) Ընդունվեց միլանյան հայտարարություն՝ ԵԱՀԿ համանախագահների մասնակցությամբ, ուր երկու կողմերն էլ` թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական, խիստ «ոգևորված» էին, որ ընդհանուր հայտարարի եկան։ Ողբերգությունն այլ տեղ էր։ Հայտարարության մեջ սևով սպիտակի վրա արձանագրված է` այդ հայտարարության համար հիմք է ընդունվել, Դուշանբեի հանդիպումը։ Ի՞նչ հանդիպում։ Մենք էլ չգիտենք։ Կարելի է հասկանալ սակայն՝ վերելակում տեղի ունեցած։
Փաստորեն, ոգևորությունը վերաբերում էր «այդ» հանդիպմանը։ Սա անշուշտ դիվանագիտական հարաբերություններում, էլ առավել Ղարաբաղյան բանակցային գործընթացում նոր խոսք է։ Եթե չասենք՝ «խոր ձեռքբերում»։
Իհարկե, կողմերը, մանավանդ հայկական կողմը ցայսօր համառորեն չեն ասում՝ Մադրիդյան սկզբունքները, Սանկտ Պետերբուրգ-ժնևյան պայմանավորվածությունները սույն «վերելակով» ոչ և՞ս են լինում, կամ արդեն եղե՞լ են։ Կեսբերան ասվել էր՝ իբր դրանք կարծես կան, կարծես չկան։ Սակայն հետաքրքիրը օրերս ՀՀ ԱԱԽ քարտուղարի բարձրաձայնումն էր՝ չկան դրանք։ Աշխարհաքաղաքական «դիվանագետ», Ղարաբաղյան խնդրի մեծ գիտակ Արմեն Գրիգորյանը առաջ գնալով հայտնաբերել էր` դրանք ոչ ևս են եղել դեռ «Սերժի վախտ», այն է՝ նախորդ իշխանությունների ժամանակ։ Ինչպես ասում են՝ հասանք, իջեք։
Նախ՝ որևէ մեկը երբեք լուրջ չի վերաբերվել այդ ոլորտի հետ որևէ կապ չունեցող հայտնի «քայլողի» Ղարաբաղյան խնդրի «դիագնոստիկային» ընդհանրապես։ Ավելին՝ վերջին շրջանում համառ բնույթ են ստանում լուրերը, որ սույն «դիվանագետն» ազատվել է զբաղեցրած պաշտոնից, սակայն որևէ հաստատում չկա, հեռախոսազանգերին էլ նա չի պատասխանում։
Թողնենք վերջինիս իր բազմազբաղ «օրակարգի» հետ, հիշեցնելով` հենց նա էր, որ գնացել էր Արցախ՝ Սասուն Միքայելյանի հայտնի հայտարարության «տաք» հետքերով, հանդիպել տեղի իսթեբլիշմենտի հետ, այդ թվում՝ ամեն բան երեսին ասող Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանին (Օգանովսկի Սամո), հետ վերադարձել։

Ինչ եղավ` տեսանք բոլորս։


բ) Բաքվի հանդիպում. այնտեղ Լավրովի տեսությանն արժանացած ադրբեջանական «առաջնորդը» ասաց, որ խիստ բարենպաստ պայմաններ են ստեղծվել Ղարաբաղի հարցի լուծման համար։ Լավրովն էլ պակաս լավատեսը չէր, դիվանագիտական մի ողջ բառակույտ պտույտի մեջ դրեց (մոտեցումները նոր չեն, բայց համ էլ նոր են)։ Ընդ որում, այդ ամենը խիստ «դրական» էր հայոց կողմի համար այնքանով, որ այդ «բարենպաստությունն» ընթանում էր՝ Ռուսաստանի կողմից Նիկոլ Փաշինյանի ընտրությունները չշնորհավորելու համատեքստում։


գ) Եվ վերջապես` Լուկաշենկոյի «անկեղծացումը». վերջինս իրեն թույլ տվեց դիվանագիտական աններելի պահվածք՝ Նիկոլին առնչվող, դրանից առաջ էլ ասել էր՝ ես երկու անգամ Սերժ Սարգսյանին ասացի՝ Սերժ, այդ հինգ շրջանները բնակեցված չեն, վերադարձրու դրանք Ադրբեջանին, անդամակցեք երկու երկրներդ էլ ԵԱՏՄ-ին, ՀԱՊԿ-ին, Սերժն ասաց՝ ո՛չ։
Արժե՞ շարունակել «նույնականացումը» և կետայնացնել այն, ինչ տեղի է ունենում «Նիկոլի թվին» Ղարաբաղյան խնդրի շուրջ, թե՞ ամեն ինչ առանց այդ էլ պարզ ու հասկանալի է։ Պարզ ու հասկանալին էլ դասական ձևակերպում է ստացել Ղարաբաղյան խնդրով զբաղվող կլասիկ գործիչ Դավիթ Շահնազարյանի կողմից։
Իշխանություն՝ Ղարաբաղի դիմաց։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4483

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ