ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հարցազրույց է տվել «Արցախպրես» լրատվական գործակալությանը եւ «Ազատ Արցախ» թերթին.
-Պարոն նախագահ, այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ նախորդ իշխանությունների ժամանակ Արցախի ղեկավարությունը տեղյակ չի եղել բանակցային գործընթացի մանրամասներին: Արդյո՞ք պաշտոնական Ստեփանակերտը տեղյակ չէր այդ մանրամասներին:
– Գիտեք, երբ Նիկոլ Փաշինյանն ստանձնեց ՀՀ վարչապետի պաշտոնը, բանակցային գործընթացն այն առաջնային հարցերից էր, որոնց շուրջ քննարկումներ են եղել մեր միջեւ: Դրանք ես կարող եմ որակել որպես ազնիվ եւ սկզբունքային, ինչի մասին բազմիցս հրապարակայնորեն հայտարարել եմ: Վերջերս ՀՀ վարչապետը տրամադրել է մեզ որոշ փաստաթղթեր բանակցային գործընթացի մասին: Մենք էլ մեր հերթին ՀՀ վարչապետին ենք փոխանցել բանակցային գործընթացին առնչվող մեզ մոտ առկա փաստաթղթերի փաթեթը: Առհասարակ, եւ հիմա, եւ նախկինում Ադրբեջանի հետ բանակցություններից առաջ եւ դրանցից հետո ՀՀ իշխանությունները տեղյակ էին պահում Արցախի ղեկավարությանը քննարկվող հարցերի եւ վերջին զարգացումների մասին: Ընդհանրապես, ուզում եմ ընդգծել, որ շահարկումներ թույլ չտալու լավագույն եւ գուցե միակ հնարավորությունը բանակցությունների լիարժեք ձեւաչափի վերականգնումն է՝ Արցախի անմիջական մասնակցությամբ:
– Վարչապետ Փաշինյանը նաեւ հայտարարել է, որ կան որոշ դավադիրներ եւ Արցախի իշխանության ներկայացուցիչներ, որոնք իրենց օգնականներին հորդորում են ֆեյսբուքում գրառումներ կատարել, թե Փաշինյանը հողեր է ծախում: Ի՞նչ կասեք սրա մասին:
-Նմանատիպ հարցեր ինձ արդեն ուղղել են, մասնավորապես՝ մայիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամների ու լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ես ասել եմ, որ եթե կան դավադիրներ, նրանք պատժվելու են, եւ եթե որեւէ մեկին հայտնի են կոնկրետ անձինք եւ նրանց դավադրության ապացուցված փաստեր, թող մեզ տեղեկացնեն, եւ մենք համապատասխան քայլեր կձեռնարկենք: Մեր ամենակարեւոր ձեռքբերումներից մեկը մեր միասնականությունն է, եւ անթույլատրելի եմ համարում այն խարխլելուն ուղղված ցանկացած քայլ՝ լինի Արցախում, Հայաստանում, թե Սփյուռքում: Անընդունելի եմ համարում դավադրական պահելաձեւն առհասարակ: Եթե կան կասկածներ, անվստահություն այս կամ այն երեւույթի, անձի կամ պաշտոնյայի նկատմամբ, կարեւոր եմ համարում այդ բոլոր հարցերի շուրջ փոխադարձ հարգանքի մթնոլորտում քննարկումների եւ ընդհանուր հայտարարի գալու անհրաժեշտությունը: Մենք ունենք մեկ հայրենիք, եւ բոլորիս պարտքն է անել ամեն ինչ նրա միասնականությունը պահպանելու համար: